HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժային կառույցներում 20 տարի աշխատած գնդապետը դիմել է Սերժ Սարգսյանին

Արմեն Գալստյանը 20 տարի աշխատել է ուժային կառույցներում, գնդապետ է։ Նա նամակ եւ փաստաթղթերի փաթեթ է ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին։  Ա․Գալստյանը «Հետքի» խմբագրությանն է տրամադրել փաստաթղթերի նույն փաթեթը, ինչպես նաեւ ձայնագրություններ, որոնք Արմեն Գալստյանը կատարել է իրավապահ մարմինների զանազան աշխատակիցների հետ իր հանդիպումների ընթացքում։ Փաստաթղթերում կան նաեւ Պաշտպանության նախարարության վառելաքսուկային ապրանքների մրցույթների, գործող կոռուպցիոն մեխանիզմի մասին նյութեր։

Ներկայացնում ենք Սերժ Սարգսյանին գրված նամակը եւ հատվածներ տարբեր փաստաթղթերի փաթեթում եղած տարբեր նյութերից․    

«Մեծարգո նախագահ,

Ես ստիպված բաց նամակով եմ դիմում Ձեզ, քանի որ վստահ եմ իմ գործի մանրամասների վերաբերյալ դուք տեղյակ չեք։

Ես 20 տարի աշխատել են ուժային կառույցներում (Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն), գնդապետ եմ։ Եւ այն, ինչ այսօր տեղի է ունենում իրավապահ եւ դատական մարմիններում երեւակայել նույնիսկ հնարավոր չէ։

Բոլոր ասածներիս ապացույցները կան, նաև որոշ փաստեր ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, բայց ոչ մի արձագանք չեմ ստացել: Խնդրում եմ Ձեզ, հանձնարարել այս ամենը ստուգել և գնահատական տալ, որովհետև այդ հանցավոր խարդախների խմբի պատճառով, բացի նրանից, որ կորցրել եմ ողջ ունեցվածքս, երեխաներս մնացել են առանց տուն, անունս և արժանապատվությունս ոտնահարվել են, ես նաև շատ լուրջ առողջական խնդիրներ ունեմ, որոնք չեմ կարող լուծել այդ մարդկանց  պատճառով:

 Տարբեր ամբիոներից հայտարարվում է, որ երկրում պայքարում են կաշառակերության դեմ։ Բավական է ծանոթանալ իմ քրեական գործի նյութերին հասկանալու համար, որ անհնար է այդ աշխատակիցներով որեւ բանի դեմ պայքարել։ Իմ հետ կատարվածը  տիպական է և ի ցույց է դնում մեր իրավապահ համակարգի իրական դեմքը:

Ձեզ եմ դիմում կրկին խնդրելով` ծանոթանալ իմ գործին եւ անել համապատասխան եզրակցություններ։ Այդ քննիչները պետք է պատժվեն, ոչ թե ամեն օր շանտաժի միջոցով թալանեն եւ ապօրինի որոշումներ կայացնեն։

Կից ներկայացնում եմ իմ գործի փաստաթղթերը։  Կանխավ շնորհակալություն։

Արմեն Գալստյան»

Հատվածներ իրավապահ մարմիններին գրված նամակներից

2015 թվականի դեկտեմբերի 23-ին, թիվ 83159711 քրեական գործով իմ նկատմամբ անհիմն և ապօրինի մեղադրանք է առաջադրվել, խարդախություն կատարելու համար:

 Հիմա ուզում եմ հայտնել Ձեզ, թե իրականում ովքեր են խարդախները։ Քննչական կոմիտեի քննիչներ Ա.Գրիգորյան (բաժնի պետ), Ա.Մկրտչյան (բաժնի պետի տեղակալ, 2014 թ. քննչական խմբի ղեկավար), Բ. Ադամյան ՀԿԳ քննիչ (2015 թ. քննչական խմբի ղեկավար), նրա բարեկամ և իմ փաստաբան Հ. Ավետյանը կազմակերպված հանցագործների խումբ են, որոնք 2014 թվականի հունիսից ինձ պահում են շանտաժի և ահաբեկման մթնոլորտում՝ Կարեն  Հովհաննիսյանի և Վ. Մանգասարյանի ակնհայտ սուտ ցուցմունքների հիման վրա:

2014 թ. Ա.Գրիգորյանը և Ա.Մկրտչյանը, մեղադրյալ Վ. Մանգասարյանի հետ միասին խարդախ սխեմա են գծել: Վ. Մանգասարյանը իր ծանոթ Կ. Հովհաննիսյանի (գործի մեջ մանրամասն ներկայացված) հետ, ակնհայտ սուտ ցուցմունքներ հորինելով, ինձ կանչում են քննչական վարչություն և սկսում իրենց սև գործը՝ ինձ շանտաժի ենթարկելով իմ երեխաներով: 2014թ. սեպտեմբերի 10-ին կազմակերպված հանցագործ խումբը հասավ իր զրպարտության և խարդախության գագաթնակետին, կազմակերպելով առերես հարցաքննություն՝ Կարեն Հովհաննիսյանի հետ, որտեղ վերջինս իրականությանը չհամապատախանող ցուցմունք տվեց, իբր ինքն անձամբ ներկա է եղել և տեսել է, թե ինչպես է Լևոն Սեդրակյանը 2008թ. սեպտեմբերի  25-ին տղայիս տալիս 50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար, և հետո (2008թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին) ևս ԱՄՆ-ից Լևոնը ուղարկել է 100.000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլար, և որ ինքը նոր հասկացավ, որ խարդախը որդիս է` Կառլենը (այդ բոլորը մանրամասն նշված է քրեական գործի նյութերում):

2014թ.  սեպտեմբերի 10-ին, ցուցմունք տալու օրը, Ա. Գրիգորյանը և Ա. Մկրտչյանը դուրս են հանում իմ փաստաբան Հ. Ավետյանին և երկուսով սկսում են շանտաժի ենթարկել ինձ, ասելով, որ ինձ և տղայիս կկալանավորեն, որ իրենց դեմը խաղ չկա և նրանք ինչ ուզեն այդպես կանեն, և Գրիգորյանը անձամբ  ինձանից պահանջեց կոնկրետ գումար, որ տղայիս և ինձ չկալանավորեն: Ես ասացի, որ չունեմ այդքան գումար, իմ ունեցածը իմ հայրական տան վաճառքից ստացված գումարն է, և դա այն ամենն է ինչ ես ունեմ և ուրիշ բան չեմ կարող մտածել: Նրանք սպառնացին, որ լավ մտածեմ և շատ արագ՝ երկու օրվա մեջ պատասխանեմ, այլապես նրանք կկալանավորեն տղայիս:

2014թ.-ի սեպտեմբերի 12-ին ես զանգեցի Արա Մկրտչյանին և ասացի, որ ուզում եմ հանդիպել: Նա ասաց, որ ինքն կզանգի և կասի ուր գնամ: Հետո նա զանգահարեց և հայտնեց ինձ իրենց տան հասցեն և ասաց որ մոտենամ  իրենց տուն:

2014 թ.-ի սեպտեմբերի 12-ին, ժամը 16:40 ին, ես գնացի նրա տուն (հասցեն 2րդ Նորքի զանգված, Մոլդովական 50/4 բն. 27), որտեղ հանձնեցի  գումարը, ինչքան ունեի, որ ստացել էի ծնողներիս տան վաճառքից: Ա. Մկրտչյանին նաև զգուշացրեցի, որ իմ ընտանիքի հետ գործ չունենան և ինձ այլևս շանտաժի չենթարկեն: Նա ասաց, որ չանհանգստանամ, որ ամեն ինչ լավ կլինի, ուղղակի պետք է արվեն երկու գործողություններ և վերջ: Ես, իրենց տան մեջ նաև զգուշացրեցի, որ խարդախ Կ. Հովհաննիսյանի հեռախոսի մեջ կա իմ գրած ստացականը, որի մասին ես հայտնել եմ իմ ցուցմունքներում և նա ասաց, որ դա պրոբլեմ չի (մանրամասները ք.գ.-ի մեջ կան):

2014թ. հոկտեմբերի 3-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 23-ը՝ ուղիղ մեկ տարի և երեք ամիս, իրենց հանցավոր անգործության պատճառով, ինձ ոչ մի անգամ չեն կանչել և այդ դրվագով ոչ մի քննչական գործողություններ չեն կատարել, գոնե ճշմարտությունը պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Ուղղակի պետք է լավ ծանոթանային 30 հատոր քրեական գործերի քննությանը, որը բարեխիղջ կատարել էր ՊԵԿ-ի քննչականը և որ իրենք փաստացի այդ քննությունը օգտագործել են իրենց շահերի համար, այլ ոչ թե մեղավորներին պատժելու համար, որը ակնհայտ երևում է իրենց կատարած քննության 20 հատորների մեջ:

2015թ. դեկտեմբերի 15-ին աղջիկս տունը գրավադրել է և 35.000 ԱՄՆ դոլար ստացել, որ ես գնամ ԱՄՆ բուժման: Գումարը ստացել ենք դեկտեմբերի 16-ին և նույն օրը ինքնաթիռի տոմս եմ գնել` դեկտեմբերի  26-ի համար:

Բայց դու մի ասա , որ խարդախների ոհմակը քնած չի և բավարարված չի իրենց կատարած շորթումով և նրանք դեկտեմբերի 18-ին շատ արագ տեմպերով կանչում են իրենց սուտասան, խարդախ գործակալ Կարեն Հովհաննիսյանին և նույն սուտ ցուցմունքը վերցնում չորրորդ անգամ, ավելացնելով այն, որ ինքն կոնտուզիա չի ստացել և ոչ մի պրոբլեմ չունի հիշողության հետ կապված, նաև 2008թ. օգոստոսի 6-ի ստացականի պատճենը, որը իրենից առ ոչինչ է ներկայացնում (քր.գ.-ում մանրամասն գրել եմ), լիազորագրի շինծու պատճեններ՝ խարդախ  ու տարբեր անհասկանալի ստորագրություններով, որոնք քննիչ Ադամյանը դրել է մեղադրանքի հիմքում, և իր գրած մեղադրականը, որում ոչինչ չի համապատասխանում քրեական գործում եղած փաստերին և փաստաթղթերին, որից գլուխ չեն կարողանում հանել Հայաստանի Հանրապետության մի շարք առաջատար իրավաբաններ: Բ. Ադամյանը և իր ղեկավարությունը շփոթում են իրավաբանությունը խարդախության հետ որը կատարել են իրենց քննության ընթացքում տարբեր մարդկանց նկատմամբ:

Դեկտեմբերի 21-ի երեկոյան զանգահարում են ինձ և ասում, որպեսզի ամսի 23-ին ներկայանամ  քննչական վարչություն: Դեկտեմբերի 22-ին ոստիկանությունը ինձ հանձնում է ծանուցագիր, որում նույնպես գրված է, որպեսզի ես ներկայանամ քննչական մարմին և պետք է ներկայանամ, որպես վկա, հարցաքննվելու համար: Նույն օրը ես զանգահարում եմ փաստաբան Հրանտ Ավետյանին (որին 2014 թ-ին վճարել եմ 2000 ԱՄՆ դոլար, և չեմ ստացել ոչ մի պայմանագիր, և չեմ ստացել  առ այսօր) և նա ինձ հայտնում է , որ ինքը գիտի ամեն ինչի մասին, և որ ինձ ուզում են կալանավորեն, բայց ասում է, որ վաղը կգնանք և ինքը մի բան կանի, կպայմանավորվի, քանի որ քննիչը իր բարեկամն է:

Դեկտեմբերի 23-ի առավոտյան ես իմ ծանոթի միջոցով մտա Աղվան Հովսեփյանի մոտ և մանրամասն բացատրվեցի՝ ասելով, որ ես ոչ մի հանցագործություն չեմ արել, ինքն ինձ լավ ճանաչում է, և ես արդեն հոգնել եմ այդ բոլոր զրպարտանքներից, ես պետք է գնամ բուժման դեկտեմբերի 26-ին, որի համար նախօրոք շատ դժվարությամբ պայմանավորվել եմ, և որ այդ ամենը կապված է մեծ գումարների հետ, և ես այլևս չեմ կարող նորից տոմս գնել և նորից պայմանավորվածություն նշանակել՝ կապված իմ բուժման հետ և որ իմ բոլոր պայմանավորվածությունները հօդս կցնդեն: Նա ինձ ասաց, որ գնամ քննիչի մոտ:

Փաստաբանի հետ մտա քննիչ Բ. Ադամյանի մոտ, քննիչը 5 րոպեյով դուրս եկավ աշխատասենյակից, ապա վերադարձավ, մի քանի րոպե ինչ-որ թղթեր տպելուց հետո ասաց, որ ինձ մեղադրանք է առաջադրել ու առանց բացատրության ասաց, որ ես ստորագրեմ: Այդ ժամանակ սկսվեց մի բեմականացված տեսարան փաստաբանի և քննիչի միջև: Ինձ դուրս հրավիրեցին և շարունակեցին հայհոյանքներով իրենց թատրոնը, հետո ինձ ներս հրավիրեցին, դեմ տվեցին ինչ որ ստորագրելու փաստաթղթեր, ես ոչ մի բան չհասկացա, թե այդ պահին ինչ կատարվեց: Ես փաստաբանի հետ դուրս եկա, նա ինձ հայտնեց, որ քննիչն ինձ ուզում էր կալանավորել և ինքն հազիվ փրկեց կալանավորումից, և որ ես պետք է շնորհակալություն հայտնեմ քննիչին, և տամ «փրկագին»:  Ուրիշ ելք չունենալով և գտնվելով ցայտնոտի մեջ և չհասկանալով, թե ինչ է կատարվում, քանի որ Աղվան Հովսեփյանի խոսքը և իրենց կատարած գործողությունները իրարամերժ էին և անհասկանալի, այդ իսկ պատճառով ես համաձայնվեցի վճարել իրենց ուզած շորթման գինը , նաև մի քանի հազար դոլար պետք է տամ փաստաբանին՝ ըստ գործի ընթացքի, որ նա իմ շահերը պաշտպանի:

2016թ. հունվարի 16-ին ես դիմեցի Ձեզ, մեծարգո պարոն նախագահ, հանձնելով տեղեկանք, թե ինձ անհիմն և ապօրինի մեղադրանքներ են ներկայացրել, սակայն չունենալով բոլոր հիմքերը և փաստաթղթերը, թե ինչի հիման վրա են ինձ մեղադրանք առաջադրել, որովհետև քննիչը մեկ ամսից ավելի հետո նոր տրամադրեց քրեական գործի պատճենները և սկավառակը:  Իմ տեղեկանքը ուղարկվել էր քննչական կոմիտե, որի հիման վրա ինձ 29.01.2016թ. կանչեցին Ք.Կ անհասկանալի քննարկման (որի մասին մանրամասն գրել եմ և տեղյակ եմ պահել վերահսկող դատախազ պ-ն Պողոսյանին ): Քննարկումից առաջ Վահագ Հարությունյանը, Բ. Ադամյանը և փաստաբան Հ. Ավետյանը երրորդ անհասկանալի շոուն կազմակերպեցին: Դրանից հետո ես, Վահագ Հարությունյանը և Բագրատ Ադամյանը մտանք Աղվան Հովսեփյանի մոտ(մանրամասները ներկայացրել եմ դատախազ Վ. Պողոսյանին): Աղվան Հովսեփյանը շատ զարմացավ, որ իր ղեկավարած կառույցում 1 տարի 3 ամիս ոչ մի քննչական գործողություն չեն կատարել, բազմակողմանի և արդար քննության հետ կապված, այլ` հիմնվել են ինչ-որ մարդկանց խոսքերի վրա և հանձնարարեց, որ գործը վերսկսեն և իրեն զեկուցեն:

2016թ-ի փետրվարի 11-ին, քննիչի կողմից ստացել եմ որոշում այն մասին, որ գործը վերսկսել են: Եվ այդ օրվանից սկսվեց, Բ. Ադամյանի և իր բարեկամ Հ. Ավետյանի խարդախության, ժամավաճառության և խաբեբայության նոր փուլ, որը ցավոք հասկացա մարտի 24-ին, իրենց հետ զրույցի ժամանակ: Պարոն քննիչը իր բարեկամ`իմ փաստաբան Հ. Ավետյանի հետ մեծ խաղեր են սկսել, երևի դուրները եկել էր 2014 թ-ի սեպտեմբերի 12-ի և 2015թ-ի դեկտեմբերի 23-ի շորթումները, որ իմ երեխաներին առանց տուն էին թողել: Իմիջիայլոց 2015թ. դեկտեմբերի 23-ին երբ քննչական կոմիտեի մոտ տեսա  Արա Մկրտչյանին, նրան  ասացի, որ ինքն ու իր պետ Ա. Գրիգորյանը արդյոք հոգեկան հիվանդ չեն, նա ասաց, որ իրենից գործը վերցրել են, նա ոչինչ չի կարող անել և արագ մտավ շենք: Ես հասկացա որ գործ ունեմ հասարակ, անգրագետ խարդախների հետ, որոնք ունեն լավ հովանավորներ ու շատ ճիշտ են ասում, որ իրենց դեմը խաղ չկա և ես դրանում համոզվել եմ վեց ու կես ամիս ամեն օր շփվելով Բ. Ադամյանի և նրա բարեկամ Հ. Ավետյանի հետ, որոնք  զբաղված են ստախոսությամբ, ժամավաճառությամբ, խարդախությամբ և ամեն առիթ օգտագործում են փող շորթելու համար:

Բ. Ադամյանը վեց ու կես ամիս շարունակ, ինչ որ պատճառաբանություններ է գտնում, իբր հարցումներ է կատարում, որը պետք է անեին 2 տարի առաջ իմ ցուցմունքների հիման վրա, իբր դատախազությունն է ձգձգում, իրենք պետք է որոշեն : Իրենց հանցավոր անգործության պատճառով՝ ես մոտ յոթ ամիս է զրկվել եմ բուժման իրավունքից և ֆինանսական մեծ  կորուսներ պատճառելուց հետո էլ չէին ուզում հասկանալ, որ ես էլ փող չունեմ:

Փաստաբան Հ. Ավետյանը ոչ մի գործ չի անում, այլ անդադար փող է շորթում, պայամանագիր է տալիս ստորագրելու, որում գրված է 150.000 դրամ, այնինչ ես նրան տվել եմ մի քանի հազար ԱՄՆ դոլար, և երբ պահանջեցի գումարին համապատասխան պայմանագիր, նա պատասխանեց. «Չեմ տալիս,գնա որտեղ ուզում ես բողոքի», իսկ իմ այն ասածին, թե նա և իր բարեկամ Բ. Ադամյանը խափելով գումար են շորթել պատասխանեց. «Լավ ենք  արել»:

Բ. Ադամյանը, Արա Մկրտչյանր և մյուս քննիչները`իրենց բաժնի պետ Ա. Գրիգորյանի ղեկավարությամբ, որը անմիջական մասնակիցն էր 2014 թ.-ի սեպտեմբերի 12-ի, և լավ քաջատեղյակ էր 2015թ. դեկտեմբերի 23-ի կազմակերպած շորթումներից, բոլոր ցուցմունքները վերցրել են ուղղորդումով`ինչպես իրենց է հարմար:

Պարոն նախագահ, միգուցե ժամանակն է, որ այդ կազմակերպած խումբը պատասախանատվության ենթարկվի իր կատարած «աշխատանքի» համար, թե պետք է թողնել որ նրանք շարունակեն իրենց հանցագործ գործելաոճը, միլիոնավոր դոլարների վնաս տան պետությանը, մարդկանց, որոնց զրկել են իրենց ունեցվածքից`իհարկե քննչական կոմիտեի օգնությամբ:

Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության 3 տարվա արած գործը երևում է վերջին 20 հատորների մեջ`արգելանք դնել, հետո մարդկանց շանտաժի ենթարկել իրենց գործակալների միջոցով փողեր շորթել և արգելանքները հանել: Մարդիկ որոնք շատ հանգիստ ասում են որ մեկ և ավելի միլիոն դոլարներ են տվել (Ղալումյաններ, Ա. Վարսանյան(Մացակյաններ), Ռ. Հարությունյան,Կարեն Գրիգորյան  և այլն) մի հատ հարց չեն տալիս, թե որտեղից այդ փողը, որևէ փաստաթուղթ չեն պահանջում( փողերի ծագում, փախանցում), դրա փոխարեն քննիչ Բ. Ադամյանը ասում է  «դե ընկերն է տվել մեկ միլիոն դոլար Մոսկվայից Ա.Վարսանյանին»: Իսկ երբ ասում ես, որ դա ընկեր չի տվել, այլ Պաշտպանության նախարարությունից գողացված փողեր են, Ա.Վարսանյանը տասնյակ տարիներ մասնակցում է ՊՆ վառելաքսուկային ապրանքների տենդերներին, այլ երկրներում գրանցված կազմակերպություններով և մեկին մեկ ավելացված արժեքով ապրանքներ են վաճառում ՊՆ-ին , որ ասում ես քննիչ կոչեցյալին, որ պետությունից և մարդկանցից գողացվաց փողերը Մանգասարյանը և Վարսանյանը տարել են Քոչար-Վաղարշյան փողոցների վրա շենք կառուցել, նա շատ  «խելոք» հայացքով նայում է ու պատասխանում է որ գործերը ուղարկել է դատախազություն, կծանոթանան ու կվերադարձնեն։ Ուզում եմ հարց տալ քննչական կոմիտեի ղեկավարությանը՝ իսկ ավելի լավ չէր լինի իրականում գործով զբաղվեին երեք տարի, այլ ոչ թե` հանցավոր անգործությամբ  և մարդկանց ու պետության շահերը պաշտպանեին ինչի համար իրենք կոչված են, աշխատավարձ են ստանում պետությունից, բայց դրա փոխարեն ավելի հեշտ ճանապարհ են գտել հարստանալու՝ շանտաժով, խարդախությամբ, խաբեությամբ, ուրիշի տները և փողերը խլելով, ուրիշի երեխաների հաշվին իրենց երեխաներին բարեկեցիկ կյանք ապահովվելով, չգիտակցելով որ իրենք և իրենց երեխաները Աստծո կողմից անիծված կլինեն մինչև իրենց կյանքի վերջը: Եվ այդ գործով մեկ միլիոնից ավել վերցրած կաշառքները իրենց չի օգնի, որովհետև Աստված՝ ի տարբերություն իրենց, փող չի վերցնում:

Փողերը վերցնելու և իրական խարդախներին պատասխանատվության ենթարկելու և պետության ու մարդկանց պատճառած վնասները վերականգնելու փոխարեն, նրանք հապճեպ իրենց անձնական ֆինանսական հարցերն են լուծում և իրենց հիմարի տեղ են դնում ու գործ հարուցում մի մարդու դեմ, որ հիսուն հատոր քրեական գործում ունի բոլոր ապացույցները ՝ փաստաթղթերով հիմնավորված, այլ ոչ բացահայտ սուտ, առանց ոչ մի փաստաթղթի, միայն գյուլնազ տատի հեքիաթների վրա հիմնված խարդախների ցուցմունքներով(Վլադ Մանգասարյան, Էդուարդ Մանգասարյան, Հայկազ Սարգսյան, որոնք իրենց հանցավոր խարդախություններով միայն ինձանից հափշտակել են 140.000 ԱՄՆ դոլլար), Վ. Պետրոսյան, Ղ.Ղալումյան ՝ բուրգի ստեղծողը, որը անմիջական մասնակցություն է ունեցել պետության և մարդկանց թալանին, բայց իր ասելով, տալով գումար, դարձել է ազնիվ մարդ, Ա.Վարսանյան (Մացակյանների խումբ), Վ.Մանգասարյան և այլն:

Բոլոր ասածներիս ապացույցները կան, նաև որոշ փաստեր ներկայացրել եմ վերահսկող դատախազ Վ. Պողոսյանին, բայց ոչ մի արձագանք չեմ ստացել: Ուղղակի խնդրում եմ Ձեզ, հանձնարարել այս ամենը ստուգել և գնահատական տալ, որովհետև այդ հանցավոր խարդախների խմբի պատճառով, բացի նրանից, որ կորցրել եմ ողջ ունեցվածքս, երեխաներս մնացել են առանց տուն, անունս և արժանապատվությունս ոտնահարվել են, ես նաև շատ լուրջ առողջական խնդիրներ ունեմ, որոնք չեմ կարող լուծել այդ մարդկանց  պատճառով:

Մեկնաբանություններ (1)

Բնագետ
Շատ ցաւալի է, սակայն դիմել է որ ինչ անի? Նաեւ հետեւյալ հարցն է առաջանում. 20 տարի ճանաչելով իր ընկեր - կոլեգաներին, ինքը միայն նոր է հասկացել նրանց էությունը, երբ ուղտն արդեն իր դռանն է չոքել? Իսկ այստեղ տարօրինակ բան չկա, բնության օրենքն է - երբ կերը վերջանում է, ոհմակն սկսում է խժռել թույլերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter