HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Բաբլոյանը հանդիպել է Ղազախստանի Մաջիլիսի նախագահին

Ազգային ժողովը տեղեկացնում է, որ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 25-ին Սեուլում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաջիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:

Արա Բաբլոյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է հանդիպել Մաջիլիսի նախագահի հետ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-ղազախական հարաբերությունների համաչափ զարգացումը տարբեր բնագավառներում եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու նաեւ Հայաստան-Ղազախստան միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանը՝ ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության դերն այդ հարցում:

ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ երկկողմ այցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման գործում:

Այս համատեքստում Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել «Աստանա էքսպո-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որի բացմանը ներկա է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

ԱԺ նախագահը շնորհավորել է Ղազախստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ոչ մշտական անդամի կարգավիճակում անդամակցելու առթիվ եւ հույս հայտնել, որ երկու երկրները կշարունակեն կառուցողական համագործակցությունն ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային տարբեր կառույցներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ակնկալում է ղազախական կողմի հավասարակշռված եւ զուսպ մոտեցումն այդ հարցի շուրջ՝ համահունչ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը:

ԱԺ նախագահը Նուրլան Նիգմատուլինին  հրավիրել է Հայաստան:

Ղազախստանի Մաջիլիսի նախագահը  շնորհավորել է Արա Բաբլոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փաստել, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ խորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակում: Նուրլան Նիգմատուլինը նկատել է, որ անհրաժեշտություն կա առավել ակտիվացնելու նաեւ համագործակցությունը մշակութային, տնտեսական ու կրթական բնագավառներում. դրա համար առկա են բոլոր նախադրյալները:

Ղազախստանի Մաջիլիսի խոսնակը նշել է, որ իրենց երկրում վերջերս տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման ոլորտում երկու երկրներն ունեն ակնհայտ ընդհանրություններ: Պարոն Նիգմատուլինը փաստել է, որ Ղազախստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո օրենքները նոր սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել. այդ հարցում հայ-ղազախական համագործակցության շնորհիվ հնարավոր է փորձի փոխանակում կատարել՝ օգտվելով Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական փոփոխություններից:

Ղազախստանի Մաջիլիսի ղեկավարը ԱԺ նախագահին հրավիրել է Ղազախստան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter