HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի» օդանավակայանում նշվել է զինված ուժերի ավիացիայի կազմավորման տարեդարձը

Հունիսի 26-ին հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 25-րդ տարեդարձը: Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տարածքում կազմակերպվել են ավիացիոն տեխնիկայի ցուցադրություն և անհատական ու խմբակային ցուցադրական թռիչքներ ուսումնամարտական ինքնաթիռներով, ուղղաթիռներով և ՄիԳ-29 կործանիչներով: Հայ ռազմական օդաչուները ցուցադրել են բարձրագույն պիլոտաժի բարդ հնարքներ:

Շնորհավորելով զինանձնակազմին ռազմաօդային ուժերի օրվա առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ռազմական ավիացիան հպարտության ու ոգևորության աղբյուր է հայկական զինուժի համար, ինչպես նաև երկրի սահմանների պաշտպանության, բանակի մարտունակության ու հզորության խորհրդանիշ: «Նմանօրինակ յուրաքանչյուր տոն առիթ է հետադարձ հայացք ձգելու ու վերագնահատելու պատերազմի դժվարին օրերին ստեղծված հայկական ավիացիայի անցած ճանապարհը, արժևորելու առկա ձեռքբերումներն ու սահմանելու նոր նշաձող առավել ակնառու հաջողությունների հասնելու համար: Այս օրը նաև հասարակության ուշադրությունը հրավիրում է այն մարդկանց վրա, ում ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կազմավորվել ու կայացել է հայկական ռազմական ավիացիան»,- նշել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեավարը:

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն էլ վստահեցրել է, որ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ու ապագայում հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց ծանրակշիռ ներդրումն ունենալ երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:

Ավիացիոն զորատեսակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված հանիսավոր միջոցառման ընթացքում Պաշտպանության նախարարը նաև պարգևատրել է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների:

Տոնական միջոցառումը եզրափակվել է ռազմաօդային ուժերի զինանձնակազմի հանդիսավոր քայլերթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter