HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոճամբարի հիմնադիրը Կապանը համարում է Մետաքսի ճանապարհի մայրաքաղաք

«Կապանը պետք է նայել արբանյակից»,- գետի ափով քաղաքի Բաղաբուրջ թաղամաս բարձրանալիս ասում է կապանցի Արմեն Ղազարյանը: Արդեն 1 տարի է՝ նա Բաղաբուրջում էկոճամբար է հիմնադրել: Այստեղ գալիս են աշխարհի տարբեր կետերից՝ հեծանվորդներ, լեռնագնացներ, ճամփորդողներ: Ավելի քան 300 զբոսաշրջիկի են ընդունել: «Եվ դա առանց գովազդի ենք արել»,- ավելացնում է Արմենը, ով օրվա ընթացքում կարող է 4-5 անգամ բարձրանալ ճամբար, որը Կապանի կենտրոնից 1,5 կմ հեռավորության վրա է:

-Քանի՞ տարեկան կտաք,- ճանապարհին հարցնում է մեզ Արմենը:

-Դե մինչև 40, 38...,- պատասխանում ենք:

-Ուրեմն, լավ եմ պահպանվել,- ժպտում է:

Արմենը 48 տարեկան է: 4, հետո ավելացնում է՝ չէ, 5 մասնագիտություն ունի: Ինքը թվարկում է, ես հաշվում եմ մատների վրա՝ 1985-ին Կապանից գնացել է Մոսկվա, սովորել է Մոսկվայի պետական համալասարանում, մասնագիտությամբ տնտեսագետ է: Դա համարում է հինգերորդ մասնագիտությունը, թեև աշխատել է գերմանական բանկում:

«Առաջինը՝ մասաժիստ-ֆիթնես մարզիչ, երկրորդը՝ էկոտուրիզմի կազմակերպիչ, երրորդը՝ օրգանական ֆերմեր, չորրորդը՝ լրագրող: Սոչիում ամենապոպուլյար ֆիթնես-լրագրողն էի, ակումբում էի աշխատում, հազարավոր մարդկանց հետ էի շփվում»,- պատմում է Արմենը: Մինչև 2007 թ. բնակվել է Մոսկվայում, ապա տեղափոխվել Սոչի, 2013-ին էլ վերադարձել Կապան:

Կապանը՝ Մետաքսի ճանապարհի մայրաքաղաք

Դեպի Բաղաբուրջ ճանապարհը վերընթաց է, շրջադարձերին երևում է քաղաքը՝ ձորի մեջ շենքեր, լանջերին՝ բազմագույն տանիքներով տներ:

Արմենն ասում է՝ Սոչիի «մեղրով» կյանքը թողեց, եկավ, քանի որ ավելի խորը իմաստ էր փնտրում, բացի դրանից, կոմֆորմիստ չէ: Այդ իմաստը գտնելու համար նրան է միացել կինը՝ գյումրեցի Սիրանուշ Վարդանյանը:

-Ո՞նց խաչվեցին ձեր ճանապարհները,- հարցնում եմ նրան:

-Սերը,- պատասխանում է ու ժպտում:

Ծանոթացել են համացանցում, հանդիպել Երևանում: Այսօր երկուսով ընտանեկան ձեռնարկության հիմնադիրներ են: 2013-ին հիմնել են «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ն  (գրանցել են ավելի ուշ՝ 2015-ին), 2016-ին էլ ստեղծել են «ԱՐԿ» ՍՊԸ-ն, որպեսզի առևտրային գործունեություն ծավալեն: «Ամբողջ Հայաստանում 200 ՀԿ-ների մեջ մեր «ԱՐԿ» ճամբարների սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրն առաջին տեղը զբաղեցրեց, դրան գումարած՝ ընթացիկ ծախսերի համար մի փոքրիկ գրանտ ԱՄՆ-ից ստացանք»,- ասում է Արմենը:

Իսկ ձեռնարկը ծնվել է մի զրույցից, որն այսօր էլ նա ժպիտով է հիշում: «Երբ Սոչիից գալիս էինք, կնոջս քույրը Գյումրուց զանգեց, ասաց՝ Սիրան, Կապանն ասֆալտապա՞տ ա: Դա ինձ շատ կպավ, մտածեցի, որ Հայաստանում այնքան չգիտեն Կապանի մասին, որ չեն պատկերացնում՝ Կապանը գյո՞ւղ է, թե՞ քաղաք, ասֆա՞լտ է, թե՞ հող: Մտադրվեցի, որ Կապանը պիտի բրենդինգ արվի: 2014-ին կլոր սեղան կազմակերպեցի, արդեն նախաձեռնող խումբ կար, սկսեցինք խոսել: Մինչ այդ բրենդի մասին ոչ մեկ չէր մտածում, պրոցեսն ինքնահոս էր»,- պատմում է Արմենն ու նշում, որ երբ մարդիկ սկսում են խոսել բրենդի մասին, առաջինը մտածում են՝ միլիոններ բերեն, հյուրանոց կառուցեն, բայց չեն մտածում, որ զբոսաշրջիկներին գրավելու համար քաղաքը նախ պիտի ապրանքանիշ ունենա, որն էլ չպիտի արհեստական լինի:

Ասում է՝ 28 տարի անց Կապան վերադառնալով՝ ուզում էր հասկանալ քաղաքի ինքնագիտակցությունը, քանի որ մինչ այդ Կապանն իր մանկության հուշերով էր պատկերացնում: «Մի տարի ծախսեցի, որ վերանայեմ պատմական, աշխարհագրական ինֆորմացիան, հանդիպեմ մարդկանց, տեսնեմ՝ ի՞նչ են մտածում այդ մասին: Տեսա, որ մարդիկ մեզ շատ լոկալ են նայում, այսինքն՝ խոսում են, օրինակ, Նժդեհի և այլնի մասին, բայց չեն պատկերացնում, թե Կապանն ինչով կարող է հետաքրքրել աշխարհին: Իրենք արբանյակից չեն նայում Կապանին»,- ասում է Արմենը:

Հենց արբանյակից նայելու կետից էլ սկսել է բրենդինգը: Շեշտում է, որ Կապանը, Սյունիքի մարզկենտրոնը լինելով, նաև եվրոպական, քրիստոնեական քաղաքակրթության հարավարևելյան եզրն է: Հաջորդ առավելությունն այն է, որ Հայաստանի ամենամեծ անտառային տարածքները Սյունիքում են: Այստեղ է բարձր և ցածր կետերի ամենամեծ տարբերությունը Հայաստանում: «Եթե Արագածը Կապուտջուղից բարձր է, ապա Արագածի ստորոտից մինչև գագաթ ավելի քիչ տեղ է, քան այստեղ՝ Ներքին Հանդից մինչև Կապուտջուղի գագաթը: Երբ այդ տարբերությունը մեծ է, նաև լանդշաֆտի, ֆլորայի, ֆաունայի, կլիմայի բազմազանություն կա: Աշխարհում դժվար է գտնել այնպիսի տեղ, որտեղ այսքան փոքր տարածքում 7 կլիմայական գոտի լինի»,- նկատում է զրուցակիցս:

Ասում է՝ եթե մի քվեարկություն լիներ, Կապանը կհռչակեր Մետաքսի ճանապարհի մայրաքաղաք, քանի որ եթե այդ ճանապարհը սկսվում է Չինաստանից՝ վերջանալով Վենետիկում, ապա Կապանը ճանապարհի կենտրոնում է ու կիսում է այն:

Էկոճամբարն, ըստ Արմենի, Կապանի բրենդինգի մի մասն է: «Մենք հիմքն ենք դրել, բայց մեր շուրջը մեր ընկերներն են եղել, «քրաուդֆանդինգ» (հանրային դրամահավաք հարթակի միջոցով- հեղ.) ենք արել: Սյունիքում առաջինն էինք, որ նման բան արեցինք: Ճամբարի առաջին էտապն են սարքել այդ գումարով: Ապա հնարավորություն ստեղծվեց արտասահմանցի կամավորներ հրավիրել, ովքեր մասնակցեցին համայնքի և ճամբարի աշխատանքներին»,- պատմում է Արմենը: Առաջին կամավորները նորզելանդացիներ, ավստրալացիներ ու ամերիկացիներ էին: Որպես առաջին քայլ սկսել են քարտեզագրել Կապանի զբոսաշրջային արահետները: Զրուցակիցս հիշում է, որ մինչ այդ պարզապես կետեր էին ու մեքենայի ճանապարհ, հիմա արդեն 22 զբոսաշրջային արահետ կա, որոնցից 6-ը կահավորված են նշաններով, մյուսներինն էլ առաջիկայում է տեղադրվելու:

Կամավորների հետ քննարկել են նաև Կապանի բրենդինգի հարցը, ապա տարբեր հարթակներում սկսել տեղեկատվություն տարածել անտառների, քաղաքի, Մետաքսի ճանապարհի կենտրոն ու եվրոպական քաղաքակրթության եզր լինելու մասին: Անվան ընտրությունը նույնպես քննարկվել է կամավորների հետ: «Արկ» անգլերեն նշանակում է տապան, Արմենն ասում է, որ «Նոյան տապան» չէին ուզում դնել, քանի որ այդ անունը շատ է օգտագործվում, առանձին «տապանն» էլ ասոցացվում է տապանաքարի հետ, արդյունքում որոշել են «ԱՐԿ» դնել թե տապան իմաստով, թե որպես Armen Kazaryan-ի հապավում: Մյուս կողմից՝ Կապանի բարբառում կիրառվում է «արք» բառը, որը նշանակում է հարգանք, պատիվ:  

Ուրբանիզացիայից հոգնած մարդիկ բնություն են փնտրում

Արմենն ասում է, որ նախապես էկոճամբար հիմնելու նպատակ չուներ: Հողամասը գնելուց հետո մտադիր էր մերսման սենյակ պատրաստել ու օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվել: Նշում է, որ «կաբինետային մասաժ» չէր անի, որովհետև մերսումը պիտի լինի բնության մեջ, մաքուր վայրում: Ասում է՝ երբ մերսում եմ մարդուն, հետո կարող եմ մի գիրք գրել նրա կյանքի մասին:

Էկոճամբարի մի հատվածում վրաններ են դրված խոտերի մեջ: Զբոսաշրջիկներ կան, ովքեր նախընտրում են մնալ դրանց մեջ: Պատահում է, որ իրենց վրաններով են գալիս: Ճամբարի այցելուները վայրի բնության մեջ մնալ ցանկացողներն են:

Արմենն էլ վայրի բնության կանոններով է մշակում այգին: Բազմազան սերմեր է ցանել՝ նախապես չիմանալով, թե որ մեկը կաճի: Ասում է՝ որին հարմար է, իրեն լավ է զգում այդտեղ, դա էլ դուրս է գալիս, ինչպես լինում է վայրի բնության մեջ: Օրինակ՝ լոբու մարգերի մեջ ծիրանենի է աճել, ըստ Արմենի, ծիրանենու արմատներն օգնում են խորքից ջուր հանել, իսկ լոբու արմատներն ազոտ են արտադրում ու տալիս ծիրանենուն:

«Մարգերն էնպես են արված, որ անձրև գալու ժամանակ հողամասից մի կտոր անձրև դուրս չգա: Ստեղծված են ջրի հոսքի դիմաց, քարե պատնեշներն էլ քամուց են պաշտպանում: Հողի վրա խոտ կա, անտառային տերևաթափի իմիտացիան է, դրա համար հողը չի չորանում, ասենք, կարող եմ գնալ սարեր ու չվախենալ, որ հողը չորանալու է»,- բացատրում է ճամբարի հիմնադիրը:

Զբոսաշրջիկների աշխարագրությունը բազմազան է՝ աշխարհի տարբեր կետերից են գալիս: Պատմում է՝ տուրիստների հետ զրուցելիս հասկանում ես, որ մարդիկ հոգնել են ուրբանիզացիայից, բնություն են փնտրում:

Ճամբարով շրջելիս ուշադիր դիտում ենք փայտյա երկհարկանի տնակները, բացօթյա խոհանոցը, բաղնիք-զուգարանները:

Բացի այս էկոճամբարից՝ մի ամառանոց-հյուրատուն էլ ունեն Կապանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Առաջաձոր գյուղում, որը կոչել են «Դաչա»: Արմենն ասում է, որ ամեն տեսակի դժվարության հանդիպում են, սակայն որևէ դժգոհություն չունի, բոլոր խոչընդոտներն էլ հաղթահարում են: 

Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter