HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշտանգողները Հայաստանում անպատժելի են

Խոշտանգողները Հայաստանում գրեթե միշտ անպատիժ են մնում: Այդ մասին վկայում են վիճակագրական թվերը: Ճիշտ է, ՀՔԾ-ում քրեական գործեր են հարուցվում, բայց, որպես կանոն, կարճվում են նախաքննական փուլում, հիմնականում՝ հանցակազմի բացակայության հիմքով: Վերջին 3 տարիներին խոշտանգումների մասով հարուցվել են հարյուրավոր քրեական գործեր, սակայն դրանցից 2-ն են հասել դատարան:

Այսօր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից: Օրը պատահական ընտրված չէ. 30 տարի առաջ՝ 1987 թ.-ի հունիսի 26-ին է ուժի մեջ մտել ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիան: Հայաստանն այն վավերացրել է 1993-ին:

Մոտ 20 տարի հայաստանյան քաղաքացիական հասարակությունն ավանդաբար նշում է այս օրը՝ բարձրաձայնելով խոշտանգումներից զերծ լինելու և մնալու բացարձակ իրավունքի մասին: Այսօր ևս տարբեր իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բարձրաձայնեցին ուժային կառույցներում և այլ պետական մարմիններում քաղաքացիների նկատմամբ խոշտանգման անթույլատրելիության մասին:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության հիմնադիր, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ առաջին անգամ է, որ պետական կառույցների ներկայացուցիչները, թեպետ հրավիրվել են, սակայն ամբողջ կազմով ներկայացված չեն: Ներկա էին միայն գլխավոր դատախազության և ՔԿ ծառայության ներկայացուցիչները: Ոստիկանության, նախաքննական մարմինների ներկայացուցիչներ չկային, ինչը Լարիսա Ալավերդյանը գնահատեց որպես հետընթաց: Նա պատմեց, որ իրենց կազմակերպությունը խոշտանգվածների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Նկատեց մի օրինաչափություն, որ Ադրբեջանում խոշտանգվածներն ավելի արագ են վերականգնվում, քան յուրայինների կողմից վատ վերաբերմունքի արժանացածները: 

Վարդգես Գասպարի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ևս հետընթաց է արձանագրում՝ 2008 և 2016 թվականները համեմատելով: Ասում է, որ լավ կլիներ նման քննարկում կազմակերպել հենց բանտում կամ ոստիկանությունում՝ «թե չէ՝ մենք-մերոնցով էլի կխոսենք, կանցնի-կգնա»:

Խոշտանգողները Հայաստանում գրեթե միշտ անպատիժ են մնում: Այդ մասին վկայում են վիճակագրական թվերը: Ճիշտ է, ՀՔԾ-ում քրեական գործեր են հարուցվում, բայց, որպես կանոն, կարճվում են նախաքննական փուլում, հիմնականում՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ինչո՟ւ են իրավապահ կառույցներում դիմում խոշտանգումների օգնությանը: Պատասխանը պարզ է՝ սովորաբար ֆիզիկական ու հոգեկան ցավի միջոցով իրենց ցանկալի ինֆորմացիան ստանալու համար: Սովորաբար դա լինում է ինքնախոստովանական ցուցմունք կորզելու, մարդուն ճնշելու նպատակով: Խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի գործունակության համար ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը կարևորեց փաստաբանական համայնքի հետ աշխատանքը՝ տեղեկացնելով, որ օրենսդրական փոփոխության առաջարկ են մշակել. Դրանով, ըստ նրա, կզպվեն փաստաբանական գործունեության արհեստական արգելքները:

Կոնվենցիայով սահմանված է խոշտանգում եզրույթը, ըստ որի` դա այն գործողությունն է, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ (ընդգծումը՝ Զ.Մ.-ի)։

Թեպետ խոշտանգումից զերծ լինելու իրավունքը բացարձակ, այսինքն՝ որևէ կերպ չսահմանափակվող իրավունք է, մեր Սահմանադրության հոդված 26-ում արձանագրված է՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, 24 տարի առաջ է մեր պետությունը միացել Կոնվենցիային, այդուհանդերձ քրեական օրենսգրքում (ՔՕ 309.1 հոդված) խոշտանգում եզրույթն ընդամենը 2 տարի առաջ է համապատասխանեցվել Կոնվենցիայի ձևակերպմանը: Ըստ այդմ՝ խոշտանգողի համար նախատեսված է 4-8 և որոշ ծանր հետևանքների դեպքերում՝ 7-12 տարվա ազատազրկում, որոշակի իրավունքներից զրկում, իսկ խոշտանգվողը, Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան փոփոխությամբ, պետությունից կարող է ստանալ 3 մլն դրամի բարոյական վնասի փոխհատուցում:

Այդուհանդերձ, վերջին 3 տարիներին հարուցված 75-110 քրեական գործերից ընդամենը 1-2 գործ է հասել դատարան: Սա այն դեպքում, երբ, ըստ փաստաբան Արա Ղարագյոզյանի, 2015-2016թթ. ամռան ամիսներին մամուլը, համացանցը լի է եղել քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված վատ վերաբերմունքի մասին վկայություններով:

Արա Ղարագյոզյան

Այն, որ խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերը 99 տոկոս դեպքերում չեն հասնում դատարաններ, գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանի դիտարկմամբ, առավելապես պայմանավորված է խոշտանգման փաստի առկայությունն ապացուցելու դժվարությամբ:

Ըստ գլխավոր դատախազության հրապարակած տեղեկատվության, 2014թ.-ի ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվել է 78 քրեական գործ, որոնցից ընդամենը 1 քրեական գործ է ուղարկվել դատարան: 44 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 42-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

2015թ.-ին ՀՔԾ-ում քննվել է 106 քրեական գործ, որոնցից դարձյալ 1 քրեական գործ է հասել դատարան: 68 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 66-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ 2016թ.-ին ՀՔԾ-ում քննվել է խոշտանգումների  վերաբերյալ 104 քրեական գործ:

Թվերը վկայում են, որ խոշտանգումների մասին բողոքները առավել շատ ստացվում են ոստիկանության դեմ, ապա Քրեակատարողական հիմնարկների: Երրորդ տեղում քննչական մարմիններն են: Այսպես՝ 2014-ին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացված 103 հաղորդումներից 99-ը ոստիկանության, 4-ը՝ ՔԿ աշխատակիցների վերաբերյալ են: Իսկ 2015թ.-ին՝ ստացվել է 108 բողոք, որոնցից՝ 97-ը ոստիկանության, 3-ը՝ քննչական կոմիտեի, 8-ը՝ ՔԿ վարչության աշխատակիցների վերաբերյալ են եղել:

Նինա Կարապետյանց և Արայիկ Պապիկյան

Քրեակատարողական հիմնարկներում կալանավորների ու դատապարտյալների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գերբնակեցման, սննդի ու բուժսպասարկման վատ որակի մասին պատմեցին «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Նինա Կարապետյանցն ու փաստաբան Արայիկ Պապիկյանը:   

Նինա Իսկանդարյան

Հետազոտող Նինա Իսկանդարյանը ներկայացրեց իրենց պիլոտային հետազոտությունը՝ քրեակատարողական հիմնարկներում ոչ ֆորմալ իրավահարաբերությունների մասին՝ գողական ենթամշակույթի, «օբշակի»  գումարների, «պալաժենիի»  ու նայողների մասին: Հետազոտությունը կատարվել է սոցիոլոգիայի նկարագրական մեթոդով: Հարցազրույց է վարվել վերջին 5 տարիներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնված, ապա ազատված 5 նախկին կալանավորների հետ, որոնք պատմել են ոչ ֆորմալ հարաբերությունների, վարչակազմի և գողական ենթամշակույթ կրողների միջև համագործակցության մասին: Հարցվածներից մեկը հայտնել է, որ մի քանի տարվա մեջ 5000 դոլար է ծախսել օբշակի գումարների և խուցը վերանորոգելու համար:


Իրինա Ասրյան

ՔԿՎ սոցիալ, հոգեբանական, իրավական աջակցության բաժնի ներկայացուցիչ Իրինա Ասրյանը նշեց, որ «Նուբարաշենում» շուրջ 1500 դատապարտյալին ու կալանավորին մեկ-երկու հոգեբան է սպասարկում. «Իսկ սա անմարդկային վերաբերմունք չէ՟ հոգեբանի համար»:


Զարուհի Հովհաննիսյան

«Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի անդամ Զարուհի Հովհաննիսյանն էլ ներկայացրեց կանաց հանդեպ ընտանեկան բռնության զոհերի դեպքերը՝ նկատելով, որ հաճախ բռնարար տղամարդիկ մեղմ պատիժներ են ստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter