HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քերականի սխալներ. Ավագ Եփրեմյան

ՔԵՐԱԿԱՆԻ ՍԽԱԼՆԵՐ

Ահա բացված օրը
վերջին գրքից հետո գրվող գիր է:

Եւ ահա աչքերդ՝ լիով երկնակալած,
բայց դու դեռ այստեղ ես՝ արարումի
ճիգին չդիմացած մարդաբղետ մաղձում:

Ափսոսանքից մինչեւ սփոփանքը տեւող
այս վիհերում քանի՜
գուրզ կա անմիտ թալած…
Եւ խղճվում ես, որպես քերականը՝
Լեզվի՝ իր Տեր Աստծուն:

Պարտքը՝ պարտվել: Այստեղ, ամենուրեք
մանվան անճառագայթ լույսն է բարդվել,
եւ կյանքի ճառագը՝ առանց լույսի,

պատճառներ են վխտում՝ հանգած հուրեր,
պատկերներ են գվվում՝ անկոչ հյուրեր,
եւ երկնային թաքուն կարիքներ հոգացող
համրեր, խուլեր, հաշմեր, խոնջեր, կույրեր.

հսկա ներկապնակ, ցնծուն տարակույսի
մի ողջ՝ քերականի կալվածք, որտեղ պիտի
ի՛նքը, սեփական իր մահվան բերմամբ,
կյանքի մնացյալը երկրին ընդելուզի:

Սեր է թե դաշնադիր հաշվի հարդարք՝
միշտ էլ մարդու անբառ սիրտն է մաշվել,
դեռ քո կալվածքում ես, դառնաս՝ քեզ էլ հաշվես.
թվես՝ հայրապատիր, խազես՝ մայրապաղատ,
եւ քարերին փորես՝ եղբայրագար…
որ ո՞ւմ գոհացընես,
հազիվ մի ինքնություն եւս գոյացընես,
բառեր, մի ընկրկում եւս խոյացընես,
բառեր, որբությամբդ…

…Երեւի մթնում է: Քեզ գտնում են
լույսեր, որոնք այստեղ չէին մտնում,
փոխադարձել դրանք ի զորու չէ արդեն
անդարձ ջրերի մեջ
պղտորացած յամբը:

…Գրքից առաջ, հետո անանդրադարձ
գիրը կյանք ու մահվան՝ արարումի
ցնծապատճենը չէր, չարչարանակիրն է,
մեկուսի երկիրը քերականի. բառեր:

Փառք Քեզ, որ ամեն ինչ հոսում է, որ
ամեն ինչ հոսել է, բառն՝ առավել,
եւ որ՝ գետի նման, չէ՞ գետերով…

Ամեն ինչ հոսել է մինչեւ Ծովը
Ցավի, որ անփարատ, որ քառավեր
քո գրքերը՝ փակում, իր օրերն է բացում՝
չավարտելով վերջը,
եւ սկիզբ չավետելով:


ՄԻ ՄԱՐԴ

Ինչքա՜ն լուսահատ,

որ մարդը՝ միայն
մարդու ամայքում թափառող քամի,
որ քամու սիրտը երազող երակ,
որի զարկերը լսում են – երբեք –
այստեղ չբացվող եղած վարդերը:

Հուսարար լեզու,
ի՜նչ շռայլություն,

լեզվաբեկորներն ինչպե՞ս է,
որ մունջ բեմազարդեր են,
տեւ-անհետեւանք՝
երկրի օրերում՝ հետեւում են, թե
ինչպես է մարդը օր օրի կորչում.

ինչպե՞ս անլեզու բախտեր գոյացան,
ի՞նչ կերպ են նրանց տեղավորելու,
ո՞ր շահանինջով, ո՞ւմ սեւխոր ոճում:
Էլ ի՜նչ արգելանք, Ժամանակն ահա
վրա է թափվում, ինչպես անձրեւը
ծակված տանիքից,

եւ անպաշպանդ՝ սարսռում ես, թե
կյանքի ամբողջը երկու մեծ մեղք է.
մեկը՝ այդպես էլ որ քեզ չներվեց,
եւ մյուսը, որ՝ քո չներածը:

Ինչքա՜ն հուսավեր,
ի՜նչ բան ակնկալ.

կյանքն ու սխալը անդառնալի նախշ
թե անկառավար նրբերանգներ են,
նրբերանգի պես անհուն տանուլ տուր
պատճառաշնորհ ողջն ու մեռածը:

Որովհետեւ՝ թե,
ամենահետին
հույսդ էլ չհատնի,
ո՞վ կհավատա, սիրուդ,
Կորչող Մարդ՝ Այստեղ եւ Այնտեղ:

Ինչքա՜ն լռահույս,
չարտասա՜ն շուրթեր.

Այստեղ թե Այնտեղ
միայն չբացված
վարդը կարող է
չդառնալ մոխիր,
ինչքա՜ն առավել`
մոխրացիր
անթեղ:


ԹՂԹԻ ԿՏՈՐ

Ի՞նչ հույզ է ակնկալում այսպիսի գրության
ավանդույթը հեղինակից, եթե գիտի՝
հույզը միշտ նույնն է, մեկն է՝ գոյության –
այդ հանճարեղ հտպիտի –

արցունքը՝ իր իշխանից թաքցրած՝
հեռավոր կյանքում, որտեղ հսկա
ինչ-որ կամարներ են, մի նեղանձուկ սրահ,
մարդիկ՝ սրտերի քարի տակ սսկված:

Չգոյությունից մինչեւ,- խոսում է,- անձնազոհ
գոհությունը,- ասում է,- արտասվում ես, ուրեմն՝ կաս,
արցունքը,- հուշում է,- չորացնում են վառող երազով,
երազը նվիրում են,- հիշում է,- արցունքատեր մարդկանց:

Հարատեւ,- համոզում է ինքն իրեն,- հարատեւ…
չէ՞ որ թեւիկներին,- քրթմնջում է,- թիթեռների…

Այսքանը: Մանավանդ՝ հարկավոր է ընդհատել
ձեռագիրը, քանի չի դարձել անընթեռնելի:

Մեկնաբանություններ (1)

Վահագն Աթաբեկյան
Փառահեղորեն ճշգրիտ են սխաները Քերականի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter