HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանը Աֆրիկա չէ. գեղ կանգնի, գերան կկոտրի»

Հայտնի բնապահպան Կարինե Դանիելյանի հայտարարությունը, թե Հրազդանի երկաթահանքի շահագործումը աշխարհում այժմ շատ տարածված նեոգաղութացման ձև է (հանքահումքային կամ էկո գաղութացում), աֆրիկաներում հանքեր շահագործելու փորձ ունեցող Fortune Resources-ի ալեհեր տնօրենը  Ջ. Գորմանը չհերքեց: Սակայն ի հեճուկս իրենց իսկ հրավիրած իրավախորհրդատուի, որը փորձելով  Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ, անհիմն, բայց համառ պնդում էր, որ այս պահին իրենց ունեցած փաստաթղթերը արտոնում են հանքը շահագործելու, հայտարարեց, որ կազմվում է հանքի շահագործման նոր նախագիծ, որը պետք է անցնի ՀՀ օրենքներով նախատեսված բոլոր ընթացակարգերը (հասարակական լսումներ, հողատեսքերի փոփոխություն, բնական միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, շինարարության մեկնարկի թույլտվություն և այլն), ինչն էլ նախարարն ամրագրեց ամփոփիչ ելույթով:

Մենք` բնապահպաններս, սա համարեցինք մեր փոքրիկ, բայց, այնուամենայնիվ, հաղթանակը, քանզի միլիոնավոր դոլարների գործարքի պարագայում ապացուցել, որ մածունը սպիտակ է, եթե ոչ անլուծելի, գոնե բարդ խնդիր է:

Խորհրդակցության ընթացքում կարևորվեցին մեր կողմից նախօրոք բարձրացված  բոլոր մտահոգությունները.

Հանրային խորհուրդի կողմից Վազգեն Սաֆարյանը մտահոգություն հայտնեց  շահագործող ընկերության հեղինակության ու լրջության առնչությամբ:

Հակոբ Սանասարյանը բացատրեց բերվածքային ապարների ու թունավոր թափոնների տեղադրման նիշի վտանգավորությունը Արարատյան դաշտի ոռոգման հիմնական համակարգը կարգավորող Ծովինար լճի և Հրազդան-Արզական խորքային ջրագոյացման համակարգերի նիշերի համեմատ` այն համեմատելով մաղի հետ, որից թափոնների մեջ եղած ծանր, թունավոր մետաղները կներծծվեն` խառնվելով ավելի ցածր մակարդակում գտնվող ջրերին:

«Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ղարաբաղցյանը փաստեց, որ աշխարհում գույություն չունի հանքարդյունահանման այնպիսի տեխնոլոգիա, որը կպաշտպանի մոտակայքում ձևավորվող խմելու ջրերի որակական հատկությունները թունավորումներից և չի խաթարի ջրագոյացման բնականոն համակարգը:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն, ի  թիվս այլ հարցերի, անդրադարձան նաև այն իրողությանը, որ տուրիզմի զարգացման առաջնահերթության  կառավարական հայեցակարգը լռելյայն անցում է կատարում հանքահումքային արդյունաբերության զարգացման ուղեգծին: Կոնկրետ դեպքում այն կհանգեցնի Ծաղկաձորում և Հանքավանի ձորում միլիոնավոր դոլարների ներդրումների կրճատմանն ու հարյուրավոր աշխատատեղերի փակմանը:

Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող «Նախաձեռնող խմբի» անդամ Ժորա Առաքելյանը, ի պատասխան Fortune Resources-ի հայտարարության, թե հանքավայրում հողեր ունեցող քաղաքացիներին գումար են վճարել և նրանք չեն բողոքում, պարզաբանեց. «Ունենք հողատերերից մի քանիսի բողոքի ակցիայի տեսաժապավենը»:

Խմբի անդամների կողմից հնչեց առաջարկ թափանցիկ աշխատելաոճ ընտրելու և հանրությանը իրազեկելու գործողությունների մասին, քանզի անիրազեկության պայմաններում անվստահության ալիքը հանրության մեջ կրքեր է բորբոքում:

Վերջում ավելացնենք, որ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, թե մենք ամեն գնով, անգամ եթե անհրաժեշտ լինի, ձեռնամարտով կպայքարենք հանքի շահագործումը կասեցնելու համար, բավականին զվարճացրեց նախարարին, սակայն հանքը շահագործելու կոչվածները մնացին անդրդվելի` վստահ իրենց բարձր քաշային կարգի ընձեռած հնարավորություններին: Իսկ մենք մեր համեստ դիրքերից արձանագրում ենք, որ Հայաստանը, այնուամենայնիվ. Աֆրիկա չէ, և որ «Գեղ կանգնի, գերան կկոտրի»:

Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող նախաձեռնող խումբ

 

 

Մեկնաբանություններ (1)

KK
Miangamic mijamtelov asem vor Bnapahpanneri virjin sharjumnery kapvac chen voreve hangamanqic, inchpisiq en Karavarutiun, Azgain Joxov kam tekuz ev Hanrain Xorhurd, verjinners kapvac en mek telov irakanacnelov mek xmbi mijic tarber mardkanc cankutiunnery. Norahayt bnapahpannery voronc mec masy eritasardner en zgacvum e vor iroq arajnordvum ev payqarum en aranc shahaditakan nkatarumneri.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter