HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ОВИР: Կողմնակի անձանց ելքն արգելվում է (Մաս 3)

սկիզբը

ОВИР մարդիկ դիմում էին նաեւ ճամփորդելու նպատակով։ Ուզում էին գնալ, սեփական աչքով տեսնել «առասպելական» այդ արտասահմանը, որի մասին Խորհրդային քարոզչությունը միայն վատն էր ասում, իսկ որպես հյուր Հայաստան այցելող բարեկամներն ու ծանոթները՝ միայն լավը։ Բայց կապիտալիստական երկրներում ճամփորդելու արտոնություն ստանալու համար տրված դիմումները նույնպես հաճախ մերժվում էին։ Նախկին հայրենադարձներից շատերն են հարցազրույցներում ասում, որ ճամփորդական վիզայի մերժումից անմիջապես հետո դիմել են մշտական գնալու համար։

Եգիպտոսից հայրենադարձված, այժմ Գլենդելում ապրող երաժիշտ Արմեն Աճեմյանն, ում թույլ չէին տվել գնալ անգամ սոցիալիստական Չեխոսլովակիա՝ ջազ փառատոնի մասնակցելու, ծիծաղելով խոսում է ОВИР-ական պարադոքսի մասին։ «Եթե ժամանակավոր տուրիստ գնալը մերժում էին, ասում էիր՝ այ մարդ, էս ինչ երկիր ա, որ մարդկանց դավերիա չի անում, պետք ա գնալ ստեղից։ Երբ որ տուրիստ թողում էին, մարդը գնում էր, տեսնում էր ընդեղի կյանքն ու մտածում էր՝ չէ, Սովետն ապրելու տեղ չի։»

Նախկին հայրենադարձներից շատերի վկայությամբ՝ արտագաղթելու ցանկությունը մեծանում էր հենց միայն ОВИР-ի հետ շփվելիս։ Գործը ձգձգելու նախատրամադրվածությունը, մերժման անհամոզիչ փաստարկները, պաշտոնյաների, մեղմ ասած՝ ոչ բարեսիրտ վերաբերմունքը դիմողներին հաճախ հանում էին հունից։

Ֆրանսիայից ներգաղթած, այժմ Փարիզում ապրող Սյուզան Ֆիլյանը հիշում է. «Հայրիկս, ուրեմն, իրեն (ОВИР-ի պետին) թափ տվավ, ըսավ՝ վրանիս բենզին պիտի թափեմ, պիտի պատուհանեն նետվինք ըսավ, հերիք եղավ, բոլ եղավ, թուղթերնիս տվեք, որ մենք երթանք։ Հայրս, որ Ֆրանսա կոմունիստ եղած էր ու սովետական շատ զինվորներու փրկած էր գերութենե»։

Նախկին հայրենադարձները հաճախ խոսում են կաշառքի մասին, թեեւ նրանցից ոչ մեկը չի խոստովանում, որ ինքն անձամբ է կաշառք տվել։ ՀԽՍՀ ОВИР-ի նախկին  բարձրաստիճան մի պաշտոնյա, որ չցանկացավ հրապարակել անունը, ժխտում է կոռուպցիոն մեխանիզմի առկայությունը, ասելով թե՝ փողը, կաշառքը ելքի վիզա տալու վրա ոչ մի ազդեցություն չէր կարող ունենալ։ Միայն կարող էր օգնել գործն առաջ գցելու, բյուրոկրատական քաշքշուքը նվազեցնելու հարցերում։ «Որոշումն ուրիշ տեղ էր կայացվում». ասում է նա՝ չնշելով ուրիշ այդ տեղը։

Կոռուպցիայի տպավորությունը կարող էր ստեղծվել այլ պատճառով։ ОВИР-ի շուրջը գործում էր անլեգալ միջնորդների ցանց։ Որոշ ճարպիկ մարդիկ, իմանալով, որ դիմողները բազմաթիվ դժվարություններ ունեն եւ անընդհատ մերժվում են, առաջարկում էին «վճարովի ծառայություններ»։ Երաշխիքը, որ համապատասխան վճարի դիմաց արտագաղթել ցանկացողը կստանա այդքան երազված ելքի վիզան, գրեթե զրոյական էր։

«Հա, կային էդ տեսակ խարդախ, աֆերիստ մարդիկ, ո՞նց կարող էին չլինել։ Փողը վերցնում էին, եթե ստացվեց, ասում էին՝ մենք արեցինք, եթե չստացվեց, անհետանում էին։ Դիմողն էլ հո չէ՞ր կարող բողոքել։ Կաշառք տալու, մութ գործարքի մասնակցելու համար իրեն էլ կբռնեին եւ դատվածությունը նոր դարդ կլիներ». ասում է ОВИР-ի նախկին պաշտոնյան։

Իսկ Հունաստանից ներգաղթած, այժմ Գլենդելում ապրող Հարություն Պողոսյանը հիշում է բարեխիղճ միջնորդներին։ «Ասեց՝ ես կարող եմ դասավորել, եթե ամեն մեկի համար 5000 (ռուբլի) տաք։ Էտի եղավ 80 թվին։ Գնում էինք օվիր՝ մերժում էին, փողը տալիս էինք, մարդը ոչինչ չէր կարողանում, փողը հետ էր բերում։ Խղճով մարդ էր երեւի»։

Մեր հարցին՝ կա՞ր ելքի արտոնություն տալու սահմանված տարեկան քանակ, չափաբաժին, կամ, ինչպես ասում են՝ քվոտա, նախկին պաշտոնյան բավարարող պատասխան չտվեց։ «Նման բան չգիտեմ։ Դա գործընթաց էր, որի դրական կամ բացասական արդյունքը կապված էր մի շարք հարցերի եւ մի քանի գերատեսչությունների հետ։ Ասել՝ էս տարի 10-ին թողեք, մյուս տարի 20-ին, տրամաբանական էլ չի։ Բայց քաղաքական մեծ ինչ-ինչ փոփոխությունների պատճառով թիվը կարող էր ավելանալ կամ պակասել։ Ինչքան գիտեմ նման բան կար հրեաների համար, բայց դա ոչ թե հանրապետության վրա էր դրված, այլ՝ կոնկրետ էդ ազգի»։   

Հայտնի փաստ է, սակայն, որ ԽՍՀՄ-ից հեռանալ փափագող որոշ հայրենադարձներ՝ Հայաստանում տուն ու տեղը վաճառելով, տեղափոխվում էին Խորհրդային Միության այլ հանրապետություններ, գրանցվում օտար քաղաքներում, որպեսզի այնտեղ ավելի հեշտ կարողանան ելք գտնել։

1947-ին ներգաղթած, այժմ Փարիզում ապրող Ռոբերտ Անանիկյանն օրինակ է բերում իր եղբոր դեպքը։ «Գնաց Լատվիա, Ռիգա ու այնտեղից շատ արագ կարողացավ տեղափոխվել Ֆրանսիա։ Մենք դրանից հետո դեռ երկար չարչարվում էինք»։

ОВИР-ի նախկին պաշտոնյան սա բացատրում է ոչ թե քվոտավորմամբ, այլ ԽՄ մյուս հանրապետություններում արտագաղթի դիմումների քիչ լինելով կամ որոշ դեպքերում ընդհանրապես չլինելով։ «Շատերը տեղափոխվում էին Բաքու կամ Միջին Ասիայի քաղաքներ։ Էնտեղ քիչ էին դիմում, դրա համար արագ էր ստացվում։ Քչի դեպքում, ավելի շատ նայում են, որ թղթերը նորմալ լինի, օրենքը պահպանվի։ Մեզ մոտ որ շատ էր, ինքնաբերաբար առաջանում էին դեմն առնելու մեխանիզմներ, ու շատ ժամանակ չէիր իմանում՝ ում մերժեցիր, ում թողեցիր»։

ОВИР-ից մերժվածներն իրենց դիմումների բավարարումը գտնելու համար «ուխտագնացություններ» էին անում դեպի Մոսկվա, այցելում կենտրոնական պետական հիմնարկներ՝ փորձելով ընկալելի դարձնել իրենց խնդիրները։ Մոսկվա գնալը, հանդիպումները կամ երկրի բարձր ղեկավարությանը գրված նամակները մեծ հաշվով հարց չէին լուծում։ Հատուկենտ դեպքերում էր Մոսկվայի ուղղակի հրամանով ելքի արտոնություն տրամադրվում, ավելի հաճախ «ուխտագնացությունը» ՀԽՍՀ ОВИР-ին հոգեբանորեն ճնշելու ձեւ էր։

Նախկին պաշտոնյան, սակայն, չհամաձայնեց, որ դա հոգեբանական ճնշում էր։ «Հակառակը, մարդը երբ որ Մոսկվայի ինստանցիաներն (ատյաններ) էր հասնում, մեզ մոտ գործը հեշտանում էր։ Մոսկվան երբեք ոչ մի լուծում չէր պարտադրում, մաքսիմում կարող ա մի հատ թուղթ ուղարկեին, որ էս մարդու, կամ էս-էս մարդկանց գործերը նորից նայեք։ Ու եթե բարդ բաներ չկային՝ КГБ-ի հետ հարցեր, դոպուսկով (գաղտնի) հիմնարկում աշխատել եւ այլն, ավելի հեշտ էինք թողնում, որտեւ արդեն գիտեին էդ մարդկանց ու չէին ասի՝ ինչի՞ թողեցիք»։

Մեր անհայտ զրուցակիցը գտնում է, որ ОВИР-ը նորմալ, սովորական հիմնարկություն է եղել եւ որ Բոբոյի (վախենալու, ահարկու) կերպարը ստեղծել են արտագաղթողները՝ Հայրենիքից իրենց հեռանալն արդարացնելու համար։ «Չեմ ասում մարդասեր էինք, պետական ո՞ր հիմնարկն ա մարդ սիրում։ Երկրի օրենքների ու կարգերի համապատասխան աշխատում էինք։ Հիմա մարդիկ կան՝ իմ մոտով անցած, արտասահման գնացած, մի տեղ որ հանդիպում ենք ախպոր պես փաթաթվում են՝ …յան ջան, …յան ջան ասելով»։

Մեր վերջին հարցին՝ ճի՞շտ է, որ ОВИР-ի գրեթե բոլոր նախկին պետերն իրենք էլ մշտական բնակություն են հաստատել Միացյալ Նահանգներում, չբացահայտված պաշտոնյան ժպտալով դրական պատասխան է տալիս. «Մարդ են, իրանք էլ իրավունքներ ունեն, իրանք էլ կարան որոշեն՝ որտեղ են ուզում ապրել»։

«Դարձ ի շրջանս յուր» նախագծի առաջին հարցազրույցն անելիս՝ Լիբանանից ներգաղթած, այժմ Գլենդելում բնակվող Մարտիրոս Վարդանյանը խորհուրդ տվեց «խոսեցնել» ОВИР-ի նախկին պետերին. »Ալեքսանյանն էլ, Կնյազչյանն էլ, որ հայրենադարձների կյանքն էին ուտում, հիմա Լոսում են, իրանց գտեք»։ Փորձեցինք, չստացվեց։ Երկուսն էլ արդեն հրաժեշտ էին տվել երկրային կյանքին։

…………………………………………..

Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter