HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Շամախյան․ զարգացող Դիլիջանի հակառակ կողմը

Դաշնակցականների կողմից սպանված բոլշեւիկ-հեղափոխական Եղիշե Շամախյանի անունը կրող թաղամասի բնակիչների կենսապայմաններում հեղափոխական ոչինչ չկա։   

Չնայած Շամախյան թաղամասում, ինչպեսեւ Դիլիջանի այլ հատվածներում, խոշոր ներդրումներ են իրականացնում միանգամից մի քանի հիմնադրամներ, սակայն շամախյանցու հոգսի բաժինը չի թեթեւացել, կենցաղային պայմաններն օրեցօր ավելի գորշ են դառնում։

Բազմաբնակարան շենքերում կենցաղային պայմանները սարսափելի են։ Շենքերը վթարային են։ Ճիշտ է՝ երկրորդ կարգի, որտեղ ապրելը պաշտոնապես վտանգավոր չի համարվում։

1ա եւ 1բ շենքերը, ինչպես բնակիչներից մեկն է բնութագրում, թեքվել ու երկու հարբած մարդու նման ճակատ ճակատի են տվել, ասես իրար են պահում։1987 թվականին շահագործման հանձնված այս երկու շենքերի միջեւ, սեյսմիկ անվտանգության նկատառումներով, եղել է մոտ մեկուկես մետր տարածություն։ Բնակիչները պատմում են, որ երեխաները հանգիստ անցնում էին շենքերի միջեւ հատուկ բաց տարածությունով։ Հիմա այդ տարածությունը չկա։ Շենքերը թեքվել ու կպել են իրար։

 

«Վերջին տարիներին քաղաքում իրականացվող մեծամասշտաբ ծրագրերի պայմաններում Դիլիջանը դարձել է մի մեծ շինհրապարակ: Օրերս այցելեցինք Շամախյան թաղամաս` տեղում ծանոթանալու այստեղ իրականացվող աշխատանքներին: Թաղամասը նորովի է ներկայանում այցելուներին` իր ժամանակակից քաղաքաշինական տեսքով` կանոնավոր կերպով բարեկարգված փողոցներով և մայթերով, ճարտարապետական ամբողջական լուծումներով կառուցված հատվածներով: Նախորդ 2 տարիներին այստեղ կառուցվել են 150 երկհարկանի գեղեցիկ քոթեջներ` փակ լողավազանով, սպորտային մասնաշենքով, սրճարաններով, հանրախանութով եւ այլ օժանդակ շինություններով»,-սա մի հատված է պաշտոնական հաղորդագրությունից:

Նշված ամեն ինչը ճիշտ է, բայց՝ փոփոխություններն անցնում են շամախյանցիների կողքով։ Բնակիչները դժգոհ են, որ քաղաքային իշխանությունների վերաբերմունքը կենտրոնի բնակիչների եւ իրենց նկատմամբ՝ տարբեր է։

Առաջին պլանում Շամախյան թաղամասի մոլդովական շենքերն են՝ նույնպես վթարային, երկրորդ պլանում՝ ԱՅԲ դպրոցի նոր մասնաշենքերը։

«Քաղաքը շրջեք, կենտրոնի բոլոր շենքերի մուտքերը վերանորոգած են, եվրոդռներ-պատուհաններ են տեղադրված, տանիքները վերանորոգած։ Իսկ Շամախյանի էս մի քանի շենքերը լրիվ բարձիթողի վիճակում են։ Քաղաքապետարանը պարզաբանում է, որ գումար չկա մեր շենքերի համար, գումարը վերջացել է։ Բայց ոչ ես, ոչ էլ մյուսները, էդքան միամիտ չենք ու հասկանում ենք, որ եթե քաղաքում այդ աշխատանքներն արվում են, ապա գումար պետք է հատկացվի նաեւ մեր շենքերի համար»,-ասում է 2ա շենքի բնակիչ Համլետ Բադալյանը։

Կոյուղաջրերն առվի նման ուղիղ թափվում են հենց շենքերի նկուղներ։ «Մեր շենքն արդեն նստվածք է տալիս, քանի որ կոյուղաջրերը լցվում են շենքի տակ։ Այս մասին ահազանգել ենք բոլոր քաղաքապետերին, բացարձակ ոչինչ չի արվել, բացարձակ»,-ասում է տաքսու վարորդ Համլետը։

2ա շենքի տակ հսկայական աղբավայր է ձեւավորվել։ «Սա համաճարակի բուն է։ Աստված չանի՝ համաճարակ բռնկվի, ծեր ու մանուկ դրա զոհն են դառնալու»,-ասում են բնակիչները։

Առկա պայմաններում Շամախյանի բնակարանները կորցրել են իրենց հույսը։ Մի քանի ընտանիքներ հեռացել են` իրենց բնակարանները թողնելով հարեւանների հսկողությանը։ Դռներն անգամ բանալիով չեն փակվել։ Հատկապես 9-րդ հարկի բնակարանները ոչ ոքի պետք չեն։ Տանիքն այնպիսի վիճակում է, որ հնարավոր չէ բնակվել ամենավերին հարկում։

Սարգիս Չիբուխչյանի բնակարանն է։ Պատերը հեռանում են իրարից։ Տան սեփականատերերը երբեւէ վերանորոգում չեն նախաձեռնել։ Անիմաստ է։

Վահագն Վարդանյանի բնակարանն է։ «Դիմել ենք Եղիշեին (քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետն է – հեղ․), ասում ա զանգի պատասխանատուին՝ Արայիկին։ Զանգում ենք Արայիկին, ամեն անգամ ասում ա՝ անձրեւները կկտրվեն, կգանք կնայենք։ Էդպես էլ չեն գալիս»։

Շքամուտքերում նույնպես՝ կոնստրուկցիաները հեռանում են իրարից։

Իշխանություններն այլ կարծիքի են 

«Մեզ համար տարբերություն չկա՝ Շամախյան, կենտրոն, Կամո փողոց եւ այլն։ Շամախյան թաղամասի համար շատ-շատ բան է արվել՝ ճանապարհներն է վերանորոգվել, տանիքներ է վերանորոգվել։ Մենք ունենք 106-107 բազմաբնակարան շենք։ Հերթով բարեկարգելով գնում ենք»,-մեզ հետ զրույցում ասաց Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանը։

- Շամախյանի շենքերի հերթը ե՞րբ է լինելու։

- Հիմա ֆինանսական միջոցների բացակայության պատճառով բարեկարգումները դադարեցվել են։ Խոշորացումից հետո մի քիչ խնդիրներ են առաջացել, կկարգավորվեն, կշարունակենք ծրագրերը։

- Բայց դա մեկ տարվա խնդիր չէ։ Կոյուղաջրերը շենքի տակ են հոսում։

-  Ձեզ ուրիշ բան ասեմ։ Տվյալ շենքերի բնակիչները համարվում են սեփականատեր, եւ քաղաքապետարանը, էսպես ասած, որպես պարտականություն, որպես իրավահաջորդ՝ բազմաբնակարան շենքերի համար պատասխանատվություն չունի։ Մենք տարիներ առաջ փորձեցինք ստեղծել համատիրություններ։ Գիտեք, որ Երեւանում դրանք աշխատում են։ Բնակիչները պետք է վճարներ կատարեն, համայնքն էլ իր ներդրումն անի, եւ կատարվեն աշխատանքներ։ Բայց մեզ մոտ դա չաշխատեց։

Մեր բնակիչները մինչեւ էսօր շարունակում են մտածել ինչպես խորհրդային տարիներին, կարծում են, թե քաղաքապետարանը պարտավոր է շենքը սպասարկել։ Չնայած դրան, մենք էլի ինչ որ աշխատանքներ անում ենք։

Ավելի վատ շենքեր ունենք՝ Թախտա թաղամասում, Կաղնի խաչում ունենք վթարային երրորդ կարգի շենքեր։

- Էլի ծայրամասերը տարբերվում են կենտրոնից։

- Դա գալիս է բնակչից։ Շենքեր կան, որ մենք ներդրումներ չենք արել, բայց բնակիչներն իրենց ուժերով բարեկարգել են։

- Շենքերի տակ աղբավայրեր են ձեւավորվել։ Քաղաքապետարանն էստեղ անելիք չունի՞։

- Էդ աղբը էլի բնակիչները չե՞ն թափում։ Դուք էդ բնակիչներին հարցրե՞լ եք՝ իրենք քանի տոկոսով են վճարում աղբահանության վճարները։

Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Եթե շինությունների սեփականատերերի կամ շինության կառավարման մարմնի կողմից պարտադիր նորմերը չկատարելու հետեւանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա համապատասխան համայնքի ղեկավարն ստուգման կամ ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է համայնքի միջոցներով վերացնել այդ վտանգը` նախօրոք այդ մասին ծանուցելով շինության սեփականատերերին եւ շենքի կառավարման մարմնին:

 Շենքում պարտադիր նորմերի պահպանման ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է տվյալ համայնքի ղեկավարը:

Ինչ վերաբերում է Շամախյանի բազմաբնակարան շենքերին, ապա, ըստ փոխքաղաքապետ Արմեն Մակարյանի, դրանք 2-րդ կարգի վթարային շենքեր են, հետեւաբար վտանգավոր չեն ապրելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter