HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մանկական և շշալցված ջրեր՝ նորմայից ցածր միկրոտարրերով և ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակով

Չափահաս մարդու օրգանիզմի 60-70%-ը  բաղկացած է ջրից, երեխայինը՝ 80%-ը: Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ մեր օգտագործած ջուրը լինի անվտանգ և օգտակար։

Մենք լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 6 տեսակի ջուր, որից՝ 4-ը մանկական և 2-ը՝ սովորական շշալցված ջուր և պարզել, որ դրանցից միայն 2 են համապատասխանում սահմանված նորմերին: Ավելին՝ նմուշներից երկուսում եղել է ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, իսկ մեկում՝ պսևդոմոնաս աէրոգինոզա մանրէ:

 

Մանկական ջրեր՝ առանց պարտադիր պետական գրանցման

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս երեխայի ծննդյան առաջին օրերից կերակրել բացառապես կրծքի կաթով՝ առնվազն 6 ամիս։ Մաքուր ջուրը սկսում են երեխային տալ այդ ժամանակահատվածից հետո։

Եթե ինչ-ինչ պատճառներով ծնողները չեն կարողանում երեխային ապահովել մայրական կաթով, դիմում են մանկական կերերի օգնությանը։ Իսկ դրանց պատրաստման համար գնում հատուկ՝ մանկական ջուր։

2015-2016թթ. «Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն» զեկույցի մեջ նշված է, որ Հայաստանում մինչև 6 ամսական երեխաներին բացառապես կրծքով կերակրելու ցուցանիշը կազմում է 45%, այսինքն՝ մնացած 55%-ը այս կամ այն կերպ օգտվում է մանկական կերերից, հետևաբար նաև՝ ջրերից:

Մանկական ջրերը սովորական շշալցված ջրերի համեմատ ավելի թանկ են: Դրանք վաճառվում են ինչպես սովորական խանութներում, այնպես էլ՝ դեղատներում:

Այդ ջրերն օգտագործում են ոչ միայն մանկական կերերի, այլեւ մանկական հյութերի, թեյերի պատրաստման համար, ինչպես նաև՝ պարզապես երեխաների խմելու։

Մանկական ջրի վերաբերյալ կան հատուկ պահանջներ. դրանք սահմանված են ինչպես ազգային իրավական ակտերով, այնպես էլ՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով:

Մասնավորապես՝ այն պետք է ունենա հավասարակշռված մանրէաբանական բաղադրություն և լինի բարձր կարգի։ Մանկական ջուր գնելիս և ավելորդ գումար ծախսելիս մարդիկ պետք է համոզված լինեն, որ այն միանգամայն անվտանգ է իրենց երեխաների համար և պարունակում է այն միկրոտարրերը, որոնք նշված են շշվի վրա:

Բացի այդ, «Սննդային արտադրանքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգի 24-րդ հոդվածը սահմանում է, որ մասնագիտացված սննդային ապրանքը պետք է ունենա պարտադիր պետական գրանցում: Մանկական սնունդը, ինչպես նաև՝ մանկական ջուրը համարվում են մասնագիտացված սնունդ, հետևաբար՝ ենթակա են պարտադիր պետական գրանցման:

Փորձաքննության ներկայացված 6 նմուշից 4-ը մանկական ջրեր են, սակայն դրանց պետական գրանցման մասին ԵԱՏՄ ապրանքների պետական գրանցման միասնական ռեեստրում որևէ գրառում չկարողացանք գտնել:

 

Լաբորատոր փորձաքննությունից առաջ 6 նմուշների պիտակները փակվել և համարակալվել են:

Ջրերը  փորձաքննվել են ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերի չափանիշներով և 299 որոշմամբ:

Տարաները չեն վնասվել, եղել են ժամկետի մեջ:

 

 

ՆՄՈՒՇ N 1

Համար 1 նմուշի տակ փորձաքննության է ներկայացվել «Բյուրեղ» մանկական, 0,5լ ջուրը: Այն արտադրում է «Ջերմուկ գրուպ» ՖԲԸ-ն:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ միկրոտարրերի ցուցանիշներով այն չի համապատասխանում մանկական ջրերին ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ ալյումինի քանակը նորմայից ավելի է 0,15 մգ/դմ3 -ով, իսկ մագնեզիումի, կալիումի, կալցիումի ցուցանիշները սահմանված նորմաներից քիչ են, համապատասխանաբար՝   

* Մագնեզիում ՝ 5-50 անգամ   

* Կալիում՝ 1-20 անգամ  

* Կալցիում՝ 12,5-36 անգամ

 

ՆՄՈՒՇ N 2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Նոյ» մանկական 0,5լ ջուրը: Այն արտադրում է «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ ջուրը համապատասխանում է սահմանված պահանջներին և պիտանի է օգտագործման համար:

 

ՆՄՈՒՇ N 3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Մաքուր ջուր» 0,5լ շշալցված ջուրը՝ «ՄԳԱ Վոթըր» ՍՊԸ-ի արտադրության:

Այս ջուրը թեև մանկական չէ, սակայն ընտրվել է փորձաքննության համար մի քանի պատճառով:

Նախ՝ «Մաքուր ջուր» ընկերության արտադրանքը ներկայացվում է որպես մեր «ընտանիքի առողջ ապագա», ինչը նշանակում է, որ այն ընտանիքի բոլոր անդամների համար անվտանգ և առողջ պետք է լինի:

Բացի այդ, մակնշման վրա առկա էր Unicef-ի նշանը, որով արտադրողն ասում է, որ, «գնելով «Մաքուր ջուր», դուք օգնում եք երեխաներին»՝ հավանաբար այս ջրերից ստացած հասույթի մի մասը փոխանցելով է Unicef հիմնադրամին:

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Մաքուր ջուր»-ն ամենևին էլ մաքուր չէ. դրանում առկա է նորմայից ավելի ՄԱՖԱՄ  (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ). 22° C-ում դրանց քանակը գերազանցում է 2,7 անգամ, իսկ 37° C –ում՝ 3,65 անգամ

ՄԱՖԱՄ-ի առկայությունը ջրի մեջ վկայում է այն մասին, որ աղբյուրը, որից վերցված է ջուրը, աղտոտված է, կամ խախտված է շշալցման տեխնոլոգիան: ՄԱՖԱՄ-ի քանակը կարող է բարձր լինել նաև ջրի երկարատև պահման դեպքում:

Այսպիսով, նմուշ N 3-ը չի համապատասխանում  սահմանված նորմերին:

 

 

ՆՄՈՒՇ N 4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Baby Well» 1լ մանկական ջուրը: Այս ջուրն արտադրում է «Արարատ գրուպ» ՍՊԸ-ն:

Մակնշման վրա նշված է, որ այն խորհուրդ է տրվում ծննդյան առաջին իսկ օրվանից, վաճառվում է դեղատներում:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ այս ջուրը համապատասխանում է սահմանված նորմերին բոլոր անհրաժեշտ ցուցանիշներով և պիտանի է օգտագործման համար:

 

ՆՄՈՒՇ N 5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Մեդիկալ հորիզոն» դեղագործական ընկերության կողմից արտադրվող «Pure Water» 1լ դեիոնիզացված մանկական ջուրը: Արտադրողն այն համարում է «Իդեալական ջուր մանկական կաթնափոշիներ և կաթնախառնուրդներ բացելու համար»:

Ըստ մակնշման՝ այն պետք է պարունակի.

 * Նիտրատներ  1,1 մգ/դմ3

 * Քլորիդներ   3,0 մգ/դմ3

 * Սուլֆատներ  2,0 մգ/դմ3

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ միկրոտարրերի ցուցանիշներով ջուրը չի համապատասխանում սահմանված նորմերին:

Մասնավորապես՝ բորի քանակը նորմայից մոտ 3 անգամ ավելի է, իսկ մագնեզիում, նատրիում, կալիում և կալցիում այս ջրում գրեթե չկան. ստացված ցուցանիշները նորմայից ցածր են համապատասխանաբար՝ 5-80 անգամ:

Ավելին, բաղադրության մեջ նշված 3,0 մգ/դմ3 քլորիդներն իրականում 4,2 մգ/դմեն, սուլֆատներն էլ (մագնեզիում, նատրիում, կալիում և կալցիում) 2,0 մգ/դմ3-ից ոչ թե ցածր են, այլ բացակայում են:

Սա կարող է վկայել այն մասին, որ ջուրը չափից ավելի է ֆիլտրվել, արդյունքում ստացվել է թեև անվտանգ, բայց պահանջված միկրոտարրերը չպարունակող ջուր:

 

ՆՄՈՒՇ N 6

Վերջին՝ վեցերորդ համարի տակ ներկայացվել է «Գառնի» 0,5լ շշալցված ջուրը, որն արտադրում է  «Ռոքարմ» ՍՊԸ-ն:

Այս ջուրն ընտրվել էր մանկական ջրերի հետ այն պատճառով, քանի որ շիշն ունի ծծակ և կարող է օգտագործվել երեխային տալու համար:

Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Գառնի» շշալցված աղբյուրի ջրի մեջ առկա է ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ. 22° C-ում դրանց թիվը գերազանցում է 3 անգամ, իսկ 37° C –ում՝ 7 անգամ: 

Ավելին, միայն այս նմուշում հայտնաբերվել է պսևդոմոնաս աէրոգինոզա (синегойная палочка) միկրոբը, որն առաջացնում է հյուսվածքների տարբեր տեսակի թարախային ախտահարումներ:

Ջրի միջոցով ներթափանցելով օրգանիզմ՝ այն կարող է սուր աղիքային ինֆեկցիաների (փորլուծություն, փսխում) պատճառ դառնալ:

Իսկ ջրի մեջ կարող է հայտնվել ինչպես բույսերից, հողից, ստորգետնյա ջրերից, այնպես էլ ջրի աղբյուրի՝ կենցաղային կեղտաջրերով աղտոտման դեպքում:

Այս ջուրը չի համապատասխանում սահմանված նորմերին և վտանգավոր է նույնիսկ մեծահասակների համար:

 

Այսպիսով...

Փորձաքննության ներկայացված 4 մանկական ջրերից միայն 2-ն էին համապատասխանում սահմանված նորմերին՝ «Նոյ»-ը և «Baby Well» մանկական ջրերը:

Մնացած երկուսում՝ «Բյուրեղ» և «Pure Water» մանկական ջրերում կար խախտում՝ միկրոտարրերի պարունակության առումով:

Թեև սա վտանգավոր չէ երեխաների առողջության համար, սակայն ստացվում է, որ արտադրողի ներկայացրած միկրոտարրերը ջրում կա՛մ չկան, կա՛մ որոշ դեպքերում նորմայից ավելի են:

Այսինքն՝ եթե մանկական ջուրն իր միկրոտարրերով երեխայի օրգանիզիմի վրա պետք է ինչ-որ ազդեցություն ունենա, ապա այս դեպքում այն նվազեցված է կամ գրեթե բացակայում է:

Հարց է առաջանում՝ ինչու վճարել «մանկական» մակնշված այս ջրերի համար, եթե դրանք սահմանված նորմերին չեն համապատասխանում:

Այստեղից հետեւում է մեկ այլ եզրակացություն՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը խախտվում է, քանի որ նշված ապրանքները չեն համապատասխանում մակնշմանը, ըստ այդմ` համարվում են կեղծ:

 

Լաբորատոր փորձաքննության ամբողջական արձանագրությունը տես՝ այստեղ:

Մեկնաբանություններ (4)

Armen
Thanks, this was really helpful!
ani
thank you for these precious informations ! serious work !
Հայկ
Բարև ձեզ, կառաջարկեի ստուգել ՀՀ տարբեր քաղաքներում և գյուղերում ծորակից հոսող ջուրը:
Gabriel Armas-Cardona
Props to Hetq for doing this simple but important investigative reporting.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter