HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարկվող Քարաբերդը

Գայանե Սարգսյան

Տաքսի ծառայություն մատուցող մեքենաների վարորդները հիմնականում մերժում են Քարաբերդ գնալու առաջարկները: Ու սա է պատճառը, որ մեզ տանող տաքսու մեքենայի վարորդին քարաբերդցիներից մի քանիսը զարմանքով հարցրին. «Էս ո՞նց ա եկել եք, մենք, որ զանգում ենք, մեքենա չեն ուղարկում»:

Լոռու մարզկենտրոն Վանաձորից ընդամենը 15 կմ հեռավորության վրա գտնվող Քարաբերդ գյուղ հասնելու առաջին խոչընդոտը տաքսու վարորդ գտնելն է: Պատճառը Վանաձոր-Ալավերդի միջպետական մայրուղուց դեպի գյուղ տանող 5-6 կմ երկարությամբ ճանապարհն է։ Նեղլիկ, քարքարոտ ճանապարհով երթևեկելիս մշտապես առկա է ճամփեզրի խոր ձորերն ընկելու վտանգը:

Ու վտանգն ավելի է մեծանում ձմռանը, երբ վարորդը, տեղացի չլինելով, տեղյակ չէ ճանապարհի «նրբություններին»: Ասում են, մի քանի տարի առաջ ճանապարհը մաքրող «Ճանշին»-ի վարորդը հենց վերը նշված հանգամանքների պատճառով հայտնվել է ձորում:

Գյուղամիջով դեպի վեր բարձրացող ճամփի երկայնքով հատուկենտ տներ են, գրեթե բոլորը հին ու կիսավեր տանիքներով: Հատուկենտ գրավիչ առանձնատներ կան, որոնք, գյուղապետի խոսքով, գնվել են որպես ամառանոցներ ու հիմնականում բնակեցված չեն:

Ի տարբերություն Լոռու բազմաթիվ գյուղերի, Քարաբերդը, որպես այդպիսին, գյուղամեջ չունի: Գյուղամիջի փնտրտուքով նկատում ենք ճամփեզրին գտնվող հին, կապույտ գույնով ներկված տնակը՝ տանիքին ծածանվող եռագույնով գյուղապետարանն է:

Միակ հավաքատեղին գյուղապետարանի տնակի հարևանությամբ գտնվող աղբյուրի մոտ է, որտեղ գյուղում մնացած երիտասարդների ուժերով փոքրիկ տաղավար է կառուցվել:

Գյուղապետ Յուրիկ Շավելյանի խոսքով` գյուղում ներկայումս 52 տնտեսություն կա՝ 141 բնակչով: Փաստացի հաշվառվածները 90-ն են:

Ըստ պատմական աղբյուրների գյուղը հիմնադրվել է 1820-1840-ական թվականներին: Այստեղ հիմնականում հաստատվել են Շուշիից եկածները:

«Մինչև 1974 թվականը գյուղը եղել է որպես առանձին միավոր: 1974-ին նախկին համակարգի կողմից ստիպողաբար լքվել է գյուղը: Պետականորեն Վանաձորում շենքը սարքել էին տվել, գործկոմից միլիցիա էին ուղարկում, որ գան հանեն ժողովրդին, ուղարկեն քաղաք ապրելու: Բայց ծերերը, չհաշտվելով քաղաքի հետ, չեն կտրվել գյուղից: Ովքեր բնակարան էլ էին ստացել, նրանք էլ էստեղից չէին կտրվում»,- պատմում է համայնքապետը:

Վերջինս գյուղը ստիպողաբար ազատելու պատճառների թվում  մատնանշում է խնդիրներից այդ ձևով ձերբազատվելու հանգամանքը.

«Պատճառը դպրոցի, ակումբի, ճանապարհի կառուցման հարցն էր: Վերևից էլ` սարերից, քարեր էին թափվում անընդհատ, պետք է այդ հարցով էլ զբաղվեին: Ավելի ձեռնտու էր, որ մի շենք սարքեն, բոլոր խնդիրներից պրծնեն»:

Գյուղը կրկին վերակազմավորվել է 1990 թ.-ին, երբ գյուղացիները քննարկել ու Յուրիկ Շավելյանին լիազորել են այդ խնդիրը բարձրաձայնել գործկոմում:

«Այն ժամանակ շատ էին բնակվողները. մոտ 120 տնտեսություն մշտական էր բնակվում, մոտ 260-ն էլ ամառանոց  ուներ: Գործկոմին դիմեցի որպես գյուղի բնակիչ, գործկոմը հավանություն տվեց գյուղի վերականգնման հարցին, ու ինձ լիազոր ներկայացուցիչ նշանակեցին»,- հիշում է Շավելյանը:

Ավելի ուշ՝ 1992թ.-ին, Քարաբերդն ընդգրկվել է  ՀՀ համայնքների ցանկում, Յուրիկ Շավելյանն էլ ընտրվել գյուղապետ ու մինչ օրս պաշտոնավարում է:

Գյուղը ժամանակին ունեցել է դպրոց: Համայնքապետի խոսքով՝ այն, սակայն, դադարել է գործել դեռևս 1970-ականներին: Հաշվի առնելով մոտ 30 մանկահասակ երեխաներ ունեցող գյուղացիների գյուղում դպրոց բացելու պահանջը, 1994թ.-ին դիմել են պատկան ատյաններին:

Դպրոց, սակայն, ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չի բացվել, ինչի պատճառով գյուղացիները մեկը մյուսի հետևից սկսել են հեռանալ: Սրան գումարվել է նաև համայնքային տրանսպորտի գործունեության դադարեցումը: 1992-ից աշխատող համայնքային ավոտբուսը դադարել է գործել 2008թ.-ից: Պատճառներից մեկն էլ եղել է արտագաղթի հետևանքով  ուղևորների թվի կտրուկ նվազումը: Այժմ գյուղում դպրոցահասակ երեխա ունեցող մեկ ընտանիք է մնացել:

«Դպրոցը մեծ նշանակություն ուներ էս գյուղի համար: Եթե դպրոցը բացվեր, շատերը կմնային, որովհետև անասնապահության համար էս գյուղի նման բարենպաստ աշխարհագրական դիրք ունեցող գյուղ մեր շրջանում չկա»,- ասում է գյուղապետն ու ցույց տալիս լայնածավալ խոտհարքները:

Քարաբերդի բյուջեն 5 մլն 588 հզր դրամ է կազմում, որից 3,5 մլն-ը պետության կողմից տրամադրվող դոտացիան է, մոտ 2 մլն էլ կազմում են սեփական եկամուտները:

Համայնքապետարանը 4 հիմնական ու 1 սեզոնային աշխատող ունի: Աշխատակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմում է 4 մլն 807 հզր դրամ (համայնքային բյուջեի 86,5 տոկոսը):

Բյուջեի մնացած մոտ 800.000 դրամով համայնքում որևէ ծրագիր հնարավոր չի լինում իրականացնել: Որպես կատարված վերջին աշխատանք` համայնքապետը նշում է գյուղ տանող ճանապարհի բարեկարգումը, որի համար ծախսել է մի քանի տարում խնայված մոտ 2 մլն դրամը:

Համայնքի 2017-2022թթ. զարգացման ծրագրում աշխատակազմը նախատեսած բարեփոխումների թվում մատնանշել է. բարեփոխումներ կատարելու միջոցով բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները, զարգացնել բուսաբուծությունն ու անասնաբուծությունը, նվազեցնել աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թիվը, սեփական եկամուտներն ավելացնել 20 տոկոսով, համայնքն ապահովել խմելու ջրով:

Հարցին` նախատեսված ծրագրերը որքանո՞վ են իրատեսական, համայնքապետն անկեղծորեն պատասխանում է. «Որ ուզում եք ճիշտը խոսանք, դրանք շաբլոնացած բաներ են: Գրել ենք, բայց եթե մեկը ինձ հարց տա, ասի՝ էս խմելու ջրի գումարը որտեղի՞ց եք հայթայթելու, էդ բարելավումը ո՞նց ես անելու, պատասխան չունենք: Բա կըլնի՞, որ գրեմ ոչ մի բան չեմ անելու: Չի լինի: Մի բան գրում են: Էդ ո՞ր գյուղի ծրագրերն է իրատեսական»:

Հնգամյա ծրագրի հեռանկարային ուղղությունների թվում համայնքապետը նշել է նաև գյուղապետարանի ու հավաքատեղիի համար  շենք-շինության ձեռքբերումը:

«Գյուղապետարանի համար էս  շենքն էինք ուզում ձեռք բերենք:  Թանկ ա ուզում, ասում էինք բարիշենք, վերցնենք, սարքենք»,- ասում է  համայնքապետն ու ցույց տալիս պատուհանից երևացող երկհարկանի կիսակառույցը:

Այս հարցում էլ, սակայն, որոշել են չշտապել: Լսել են, որ գյուղը կարող է 2018թ.-ին ընդգրկվել խոշորացման ծրագրում:

«Էս դոմիկից բռնացրած սաղ իմ սեփականն է, էս տարի ուզում էի գույք առնեմ, դնեմ: Էն էլ, որ գյուղերի միացումն ա, մտածեցի, որ նպատակահարմար չի: Որ գյուղերը միացնեն, էդ գույքը ես ո՞ւր եմ տանելու»,- նշում է համայնքապետը:

Խոշորացման հարցում  համայնքապետն ապավինում է մասնագետների կարծիքին. «Դրա համար մտածող համապատասխան մասնագետներ կան, եթե մեր հայ ազգի խելացի մարդիկ նստած մտածում են, որ ճիշտ ա, ուրեմն ճիշտ ա: Որպես գյուղապետ` ոչ մեկն էլ չի ուզի, որ իրա գյուղապետարանը թողա, բայց պիտի ճիշտն ասենք, չէ: Մեր գյուղի նման փոքր գյուղերը, որ միացնեն մի ուրիշ գյուղի, դա սխալ չի: Ճիշտը նա է, որ համայնքների խոշորացում լինի, եթե երկրորդ տարում չանեն, գոնե հինգերորդ տարում մեր համայնքի ճանապարհը սարքվի»:

Տարիներ շարունակ գյուղում  պետական կամ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ որևէ ծրագիր չի իրականացվել:

«Ժամանակին երեք անգամ ուզեցել եմ մտցնեմ տարբեր ծրագերի մեջ: Բլանկներ էին տալիս, ասում էին՝ լրացրու, տուր: Լրացնում էի՝ բնակչությունն էսքան, դպրոց չկա, մանկապարտեզ չկա... Մենակ էդքանը հերիք էր էղնում, որ դենը գցեին թուղթը»,- ասում է  գյուղապետը:

Գյուղը չունի նաև բուժկետ: Առողջական խնդիրների դեպքում ահազանգում են շտապ օգնություն, որը, հատկապես ձնառատ օրերին, ոչ միշտ է կարողանում հասնել գյուղ:

Գազաֆիկացման անհրաժեշտության մասին բարձրաձայնում են մեզ հանդիպած բոլոր քարաբերդցիներն՝ անկախ տարիքից: Գյուղում չկա նաև խանութ:

«Էն չինգաչուկները որ կան, մեր գյուղն էդ վիճակում ա: Մեր վարչապետն էլ խաբեց, ասավ՝ որ գյուղերը տրանսպորտ չունեն, գրեք ցանկը, որ դոտացիա տանք, տրանսպորտ ունենան: Ասեց, բայց չտվեց: Գյուղն ամեն ինչով լավն ա, բայց էս ժողովրդին ոչ մի հարցով չեն օգնում, ոնց որ մոռացած էղնեն: 6 կիլոմետրն ի՞նչ ա: Որ շինեն, բոլորն էլ կգան-կգնան: Եթե ճանապարհ էղնի, տրասնպորտ էղնի, մարդիկ էլ կշատանան»,- ասում է Զոհրապ Ջուլհակյանը։ Նա գյուղում մնում է հատկապես ամռան ամիսներին:

80-ամյա Սոնյա Հակոբյանը գյուղի հնաբնակներից է: Համաձայնվել է քաղաք տեղափոխվել միայն երկու տարի առաջ՝ ամուսնու մահից հետո:

«Առաջ լավ էր, ժողովուրդը շատ էր, լիքն էին: Տեսան, որ հնարավորություն չկա, սաղ փախան: Մենք մնացինք, վերջըմ տեսանք, որ մարդ չկա, պառավել ենք, էլ չենք կարում... »,- հիշում է Սոնյա Հակոբյանը:

Հիմա իր ու ամուսնու փոխարեն անասնապահությամբ են զբաղվում երկու ամուսանացած թոռները։ Նրանց կանայք երեխաների հետ բնակվում են Վանաձորում։

«Կուզեմ, որ առաջվա նման գան, աշխատեն, ապրեն: Ռուսաստանում ի՞նչ կա, բալա ջան,-ասում է Սոնյա տատն ու ինքն էլ պատասխանում,- ինչ կա, էլի ստեղ կա»:

«Գյուղի 82 ընտրողից 31-ը երկրում չէ: Մի մասը ժամանակ առ ժամանակ վերադառնում է, մի մասը  քանի տարի է` մեկնել են անվերադարձ»,- ասում է  գյուղապետարանի  աշխատակազմի քարտուղար Գառնիկ Գրիգորյանը:

30-ամյա Արսեն Թունյանը գյուղում մնացած եզակի երիտասարդներից է: Ծնողների հետ միասին  զբաղվում է անասնապահությամբ:

«Քաղաք անելու բան էլ չկա, որ գնանք քաղաք: Էն, ինչը ես էստեղ կարում եմ անեմ, քաղաք չեմ կարա: Ստեղ դու կարում ես քոնը ստեղծես: Ստեղ գիտես, որ շատ արեցիր` շատ կունենաս, քիչ արեցիր` քիչ կունենաս: Իսկ քաղաք, պատերի տակ տես մաշվիլ, ես քաղաքը չեմ սիրում: Ես սիրում եմ գյուղում աշխատել, ոչ թե ուրիշի վրա հույս դնել»,- ասում է Արսենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter