Շաբաթ, 25 նոյեմբերի

Լարված իրավիճակ՝ նիստերի դահլիճում ու դատարանի դիմաց. ՊՊԾ գնդի գրավման գործի քննությունը դարձյալ ձախողվեց



ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստն այսօր րոպեներ տևեց: Դատական նիստերի դահլիճ մուտք գործելով` դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ դատավարության մասնակիցներից շատերը բացակայում են նիստից, ուստի այն ենթակա է հետաձգման:

Նիստին, ի սկզբանե չներակայացված ամբաստանյալներ ու փաստաբաններ, իհարկե, կային, սակայն նրանց մի մասը դահլիճում չէր ոչ թե չներկայանալու, այլ դատարանում ու դրա դիմաց ստեղծված լարված իրավիճակի պատճառով:

Այդ գործով դատարանում վերահսկողություն իրականացնող կարգադրիչները, դահլիճում ու դատարանի դիմաց վերահսկողություն իրականացնող ոստիկաները, վկայակոչելով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու իրենց պարտականությունը, ավելի խիստ «հսկողություն» են իրականացնում, քան այլ, այսպես կոչված «շարքային» գործերի դեպքում: Կարգադրիչների և ոստիկանների գործողությունները սակայն, առանց այն էլ լարված իրավիճակն էլ ավելի են թեժացնում:

Ինչպես նախորդ դատական նիստին, այսօր ևս կարգադրիչները փաստաբաններից ոմանց չթույլատրեցին նիստերի դահլիճ մուտք գործել, քանի որ վերջիններս հրաժարեցին բացել իրենց պայուսակներն ու ցույց տալ, թե դրանցում ինչ կա, ըստ որում` կարգադրիչներն այս հարցում երկակի ստանդարտներ էին կիրառում:

Օրինակ` փաստաբան Երվանդ Վարոսյանի պայուսակը մետաղորսիչով անցկացնելիս դրա ազդանշանը միացել էր, և կարգադրիները նրանից հետաքրքրվել էին, թե ինչ մետաղական իր կա պայուսակի մեջ: Վարոսյանը պատասխանել էր, թե ոչ մի անթույլատրելի իր չկա, որից հետո նրան թույլատրել էին ներս: Փաստաբան Լուսինե Սահակյանի պայուսակը մետաղորսիչով անցկացնելիս նույնպես ազդանշան էր միացել, սակայն Սահակյանի դեպքում կարգադրիչները պահանջում էին բացել պայուսակը:

Մեկ այլ փաստաբանից` Արա Զաքարյանից էլ կարգադրիչները պահանջում էին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, և վերջինս հրաժարվեց ներկայացնել՝ նշելով, որ դռնբաց դատական նիստին ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ ինքը կարող է մասնակցել, իսկ անձը հավաստող փաստաթուղթ ինքը կներակայացնի միայն դատավորին:

Կարգադրիչների պահանջները չկատարելու հետևանքով փաստաբաններ Լուսինե Սահակյանին, Արա Զաքարյանին, Արայիկ Պապիկյանին, Ինեսսա Պետրոսյանին Մուշեղ Շուշանյանին այդպես էլ չթույլատրվեց մուտք գործել նիստերի դահլիճ:

Մինչ փաստաբաներն ու կարգադրիչները վիճում էին միմյանց հետ, դատական  նիստերի դահլիճում բախում տեղի ունեցավ ոստիկանների և ամբաստանյալներից ոմանց միջև: Ապակիներից այս կողմ գտնվող քաղաքացիներն ու լրագրողները միայն տեսան, թե ինչպես են ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին, Սմբատ Բարսեղյանին ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ դուրս տանում նիստերի դահլիճից:

Ապակիներից այս կողմ ոչինչ լսելի չէր, և այդ հանգամանքն էլ ավելի էր սրում իրավիճակը: Քաղաքացիները չէին հասկանում, թե ինչ է կատարվում ներսում, թե ինչից առաջացավ վիճաբանությունը, նրանցից ոմանք, մոտենալով ապակիներին, փորձում էին իրենց հարազատներին հորդորել հանգստություն պահպահնել, ոմանք ոստիկանների հասցեին կշտամբանքի խոսքեր էին ասում, ոմանք՝  կանգնել էին նստարանների վրա` հասկանալու համար, թե ինչ է կատարվում:

Րոպեներ անց, դահլիճից դուրս գալով` Արեգ Կյուրեղյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց,  որ Արեգը փորձել է իրեն թղթի վրա գրված գրություն փոխանցել, և ոստիկանները խլել են թուղթը` չնայած հանգամանքին, որ իր պաշտպանյալն իր հետ գրավոր և բանավոր հաղորդակցվելու իրավունք ունի:

Դահլիճում կրքերը նոր էին հանդարտվել, երբ վիճաբանություն սկսվեց դատարանի դիմաց գտնվող փաստաբանների և ոստիկանների միջև:

Փաստաբանները տեսել էին, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ բռնի ուժի կիրառմամբ և իրենց խոսքով` ծեծի ենթարկելու միջոցով բերման ենթարկում ինչ-որ քաղաքացու:

Վերջիններս փորձել էին քաղաքացուն օգնության շտապել, ոստիկաններին հայտնել, որ իրենք գնում են` այդ քաղաքացու շահերը ներկայացնելու, սակայն վերջիններս արգելում էին մոտենալ բերման ենթարկվածին, ով, ինչպես ավելի ուշ պարզվեց, ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի եղբայրն էր:

Ոստիկանները խումբ-խումբ շրջափակման մեջ էին վերցրել փաստաբաններին` այսպիսով խոչընդոտելով նրանց ազատ տեղաշարժման իրավունքն ու պնդում էին, որ եթե ցանկանում են բերման ենթարկված քաղաքացուն իրավական օգնություն ցույց տալ, ապա գնան Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ոստիկանության բաժանմունք:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ բախումը հրահրել են ոստիկանները:

Վերջինս նկատեց, որ այս դատական նիստին գալիս են միայն ամբաստանյալների՝ սակավաթիվ հարազատներ ու լրագրողներ, սակայն դահլիճում և դատարանի տարածքում իրականացվում է նմանատիպ ուժեղ վերահսկողություն:

«Տպավորություն է, որ ոստիկանական ամբողջ ուժերը կենտրոնացրել են այստեղ»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ կարծես այսօր հրահանգված էր դատարանում նմանատիպ լարված մթնոլորտ ստեղծելը:

Փաստաբանն, անդրադառնալով դահլիճում տեղի ունեցած բախմանը, նշեց, որ իր տպավորությամբ՝ կարծես ոստիկաններին հրահանգված էր կոնֆլիկտ հրահրել և մարդկանց դատարանի դահլիճից հեռացնել:

«Անհասկանալի էր առհասարակ այսօրվա ամբողջ պրոցեսը՝ սկսած մուտքի մոտից, երբ փաստաբաններից ոմանց խուզարկելու հրահանգ էր տրվում, մեկ այլ անձի` ոչ: Անհասկանալի իրավիճակ էր տիրում նաև նիստերի դահլիճում. ուղեկցող գումարտակի ոստիկանները կարծես հատուկ կոպտություն էին ցուցաբերում, ամբաստանյալների հետ լեզվակռվի մեջ մտնում, գոռում, ցուցումներ տալիս»,- ասաց Երվանդ Վարոսյանը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Robert Davidian 05:45 - 29 հունիսի, 2017
Also, POLICE BRUTALITY AT THE COURT: Lawyers report that violence was committed in the cellar of the RA Court of Justice today. Areg, Gagik, Mkhitar and Gill were severely beaten there. 50 police officers attacked boys Everyone has been hit by 100 to 150 strikes. After the beating and slaughter of the corridor, they entered the cell where the Wolves, Areg and Mkhitar were, and 15 people under the command of their lieutenant colonel continued the atrocities. The rest of the dogs were in turn to enter the cell, at least once to hit the boys.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ