HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՊԾ-ի գործով նիստի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնության փորձ գործադրելու առնչությամբ նյութեր են նախապատրաստվում

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ընթացքում դատարանի դիմացից բերման ենթարկված Դավիթ Եղիազարյանը քիչ առաջ ազատ է արձակվել, սակայն ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ Եղիազարյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնության փորձ կատարելու առնչությամբ:

Այս մասին «Հետք»-ին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանն, ով, ինչպես նաև այլ փաստաբաններ ականատես են եղել, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Եղիազարյանին ու գնացել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ նրան իրավական աջակցություն ցույց տալու:

Եղիազարյանը ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի եղբայրն է, նրան բռնի ուժի կիրառմամբ դուրս էին բերել դատարանից այն ժամանակ, երբ նիստերի դահլիճում լարված իրավիճակ էր ստեղծվել,  և իրավիճակը լարվել էր նաև ապակիներից այս կողմ, որտեղ գտնվում են լրագրողներն ու ամբաստանյալների հարազատները:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ կոնֆլիկտը հրահրել են ոստիկանները, որոնք, ըստ փաստաբանի՝  սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ինչպես Դավիթ Եղիազարյանի, այնպես էլ այլ քաղաքացիների հասցեին, ապա բիրտ ուժի կիրառմամբ Եղիազարյանին բերման ենթարկել:

«Նրա գլուխը գրեթե գետնին կպած՝ տանում էին»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ նշելով նաև, որ Դավիթ Եղիազարյանին բերման ենթարկելու ընթացքում նրա ձեռնաշղթաներն այնքան ամուր են կապել, որ ձեռքերը վնասվել են:

Նշենք, որ Եղիազարյանին բերման ենթարկելուց հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, թե Եղիազարյանը բերման է ենթարկել ոստիկանի նկատմամբ բռնության փորձ կատարելու, ինչպես նաև ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, սակայն  չի մանրամասնել, թե ինչ օրինական պահանջի մասին է խոսքը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter