HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հյուրանոցներն ու հանգստյան տները հայտնվել են սոցիալական փաթեթի ծուղակում

««Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց» ՍՊԸ-ն Կառավարության տրամադրած սոցիալական փաթեթի շրջանակում էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությունն սկսել է 2013 թ·-ից: «Մուշ-Է» ՍՊԸ-ի եւ նախարարության միջեւ 02.05.2013 թ·-ին կնքվել է պայմանագիր, համաձայն որի` լիցենզավորված զբոսաշրջային օպերատորը պարտավորվել է մատուցել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն: Հիշեցնենք, որ այս փաթեթից օգտվում են պետական հիմնարկների աշխատողները` զբոսաշրջային օպերատորների միջնորդությամբ: Պայմանագրերի համաձայն` հանգստի մեկնողների սոցվճարներից զբոսաշրջային օպերատոր «Մուշ-Է» ՍՊԸ-ի միջնորդավճարի միջինացված չափը կազմել է 10%։

2013 թ.-ից սկսած ընկերությունը թվով 62 հյուրանոցների եւ հանգստյան տների հետ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության պայմանագիր է կնքել, սակայն ինչպես պարզվել է հետագայում, նրանց մատուցած ծառայությունների դիմաց վճարումը կամ՝ մասնակի է կատարել, կամ` չի կատարել:

«ՄՈՒՇ-Է» տուրիստական ցանց ՍՊԸ-ի նկատմամբ դատական գործընթացներն սկսվել են 2015 թ.-ից: Datalex.am կայքում ծանոթացել ենք 12 ընկերությունների հայցադիմումներին, որոնց ներկայացրած գումարային պահանջները հիմնավորված են պայմանագրով ստանձնած երկկողմ պարտավորություններով եւ մատուցված ծառայությունների դիմաց դուրս գրված հաշիվ ապրանքագրերով: Դատարանները բավարարել են բոլոր հայցապահանջները եւ բավարարված գումարի չափով արգելանք են դրել ընկերության գույքի վրա:

Հետագայում պարզվել է, որ 2015 թ.-ի օգոսոտոսի 5-ին ընկերությունում բաժնետիրոջ փոփոխություն է տեղի ունեցել: «Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց ՍՊԸ-ն, որը 2007 թ.-ին հիմնադրել է Կոտայքի մարզի Նոր գյուղի բնակիչ Էմին Մուրադյանը, վաճառել է Քիշմիշ Տաշչյանին (ընկերության 100% բաժնեմասի կանոնադրական կապիտալը կազմում է 50 000 դրամ): Նոր բաժնետերը` Քիշմիշ Տաշչյանը հայտնել է, որ տեղյակ չի եղել սոցիալական փաթեթի շրջանակում մի շարք իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ ընկերության ունեցած ֆինանսական պարտավորությունների մասին:

Վերահսկիչ պալատը 2016 թ.-ին ստուգում է իրականացրել ««Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց» ՍՊԸ-ում, որի ժամանակ տեղեկացրել են, որ ընկերությունը մարել է մի շարք հյուրանոցային տնտեսությունների պարտքեր, սակայն բավարար միջոցներ չի ունեցել մարելու ընկերության ողջ պարտքը: Համաձայն ընկերության նոր սեփականատիրոջ գրության` թվով 62 հյուրանոցներին եւ հանգստյան տներին նրանց մատուցած հյուրանոցային ծառայությունների դիմաց ընկերության պարտքը կազմում է 34 մլն 851.4 հազար դրամ: Վերջիններիս հայցի բավարարման նպատակով ընկերության պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա ԴԱՀԿ-ի կողմից արգելանք է դրվել»,- հայտնել է նա:

Ընկերության ներկայացուցիչը 11.05.2016 թ.-ին գրությամբ դիմել է Վերահսկիչ պալատին՝  խնդրելով կասեցնել կատարվող ստուգումը, քանի որ Ընկերությունը ձեռք բերելուց հետո նոր սեփականատերը սահմանված կարգով նախկին սեփականատիրոջ հետ հանձնման-ընդունման աշխատանքներ չեն կազմակերպվել, որի արդյունքում ընկերության գործունեության հետ կապված մինչեւ 2015թ. օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածին վերաբերող փաստաթղթերը նոր սեփականատիրոջը չեն հանձնվել: Ընկերության նախկին հաշվապահից ստացված բանավոր տեղեկությունների համաձայն` ընկերությունում նախկինում տեղի ունեցած ստուգումների շրջանակներում, իրավապահ մարմինների կողմից առգրավվել են որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ ընկերության գործունեության վերաբերյալ էլեկտրոնային տեղեկություններ պարունակող համակարգիչ: 

«Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց ՍՊԸ-ի ունեցած պարտքերն` ըստ մեր ուսումնասիրած 12 դատական գործերի:

ընկերության անվանումը

գումարի չափը /դրամ/

փաստաբանական վճար

պետական տուրք

«Դիլիջան Առողջարան»

3 685 040

 

73 700

«Արզնի Ռեզորթ» ՍՊԸ

964.000

 

 

«Կեչառիս Հոթել» ՍՊԸ

951,400

 

19 030

«Հոթել Ալվա» ՍՊԸ

775.000

 

15 500

«Դրիմ Ռեսթ»ՍՊԸ

2,432,620

100 000

48 652.40

«Մակտուբ» ՍՊԸ

481 525

 

9700

«Ծաղկահովիտ» ՍՊ Ը

608.598

 

12 180

«Արարատ» մոր եւ մանկան առողջարան ՓԲԸ

1.410.588

75 000

26 188

«ՅՈԻՊԻՏԵՐ ՀՈԹԵԼ» ՍՊԸ

307712

80 000

6160

«Գուանկո» ՍՊԸ

295.500

 

5 910

«Հոթել Աղվերան» ՓԲԸ

1.901.710

50 000

38 034

Թամարա Աստվածատրյան ա/ձ

504.000

70 000

10 800

Ընդամենը

14 317 693

375 000

238 966

 

Նշված`14 մլն 931 659 դրամից բացի, բոլոր դատական գործերով հայցվորների պահանջի հիման վրա դատարանները կիրառել են նաեւ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասը. «Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ։ Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրր ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների»։

Վճարվելիք տոկոսներից հաշվեգրվող տոկոսների գումարի 2%-ը նույնպես պետք է բռնագանձվի որպես պետական տուրքի գումար:

Դատական նիստերից ոչ մեկին ընկերության ներկայացուցիչը չի մասնակցել, բոլոր գործերում նշվում է, որ դատարանը պատշաճ ծանուցումն ապահովել է, սակայն պատասխանողը ո'չ գրավոր առարկություն է ներկայացրել, ո'չ հակընդդեմ հայցապահանջ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ի («Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոց) հայցադիմումը քննող դատավորի ծանուցմանը ՍՊԸ-ի  հաշվառման վայրից` Կոտայքի մարզի Նոր Գյուղի համայնքապետարանից հայտնել են, որ ծանուցումը չի հանձնվել «ՄՈՒՇ-Է» տուրիստական ցանց ՍՊԸ-ին, քանի որ ընկերության տնօրենը գտնվում է հանրապետությունից դուրս»:

««Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց» ՍՊԸ-ի նոր սեփականատեր Ք. Տաշչյանը 2016 թ. հունվարին դատական հայց է ներկայացրել ընկերության նախկին տնօրեն Էմին Մուրադյանի դեմ՝ պահանջելով նրանից վերադարձնել ընկերությունից յուրացրած գումարները եւ պատասխանատվություն կրել ընկերության կողմից նախկինում չկատարած ֆինանսական պարտավորություների համար, ինչպես նաեւ սոցիալական փաթեթի շրջանակում ծառայություն չմատուցած մի շարք ֆիզիկական անձանց նկատմամբ:

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ ««Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Էմին Մուրադյանը 2014 թ.-ի հուլիսի 19-ին ընկերության` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գտնվող բանկային հաշվից կանխիկացրել է 1 000 000 դրամ, որը սակայն հետագայում ընկերություն չի վերադարձրել, եւ գումարն անհիմն պահել է իր մոտ:

Դրա հետ մեկտեղ Էմին Մուրադյանի քույրը` Իվետտա Մուրադյանը, գործելով ընկերության անունից, նախկին տնօրեն Էմին Մուրադյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա, ընկերության` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գտնվող բանկային հաշվից 19.04.2014 թ. ապրիլի 19-ին կանխիկ ստացել է 500 000 դրամ, որը սակայն լիազորողին չի հանձնել, գումարն ապօրինի պահելով իր մոտ: 

Սա միակ դեպքն է, երբ իր դեմ ներկայացված դատական հայցին պատասխանողն արձագանքել է: Էմին Մուրադյանի եւ նրա քրոջ` Իվետտա Մուրադյանի անունից առարկություններ են ներկայացվել հայցը քննող Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 

Դատարանը մերժել է ««Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց» ՍՊԸ-ի նախկին սեփականատիրոջից 1 մլն 500 000 դրամ բռնագաձելու հայցապահանջը:

Զբոսաշրջային ընկերությունը ներկայումս սնանկացման գործընթացում է, ինչը նշանակում է, որ պարտատերերը դատարանի վճիռներով բավարարված գումարներն անգամ ստանալու ակնկալիք  չեն կարող ունենալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter