HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իգնատի Առաքելյանը Շիրակի մարզում ներկայացրել է ոլորտի առաջիկա ծրագրերը և նոր ներդրումային ծրագիր առաջարկել

Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, որտեղ  Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի և գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:

Քննարկվել են գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնավորապես ներկայացրել է կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի, ինտենսիվ այգիների ներդրման, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման փորձնական ծրագրերի հիմնադրույթները՝ ընդգծելով, որ արդեն մեկնարկել է գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը:

Նախարարը հավելել է, որ հուլիս ամսից կմեկնարկի գյուղատնտեսական դեզագրեգացված տվյալների աշխարհագրական թվայնացման համակարգի պիլոտային ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել տիեզերական պատկերների, հեռավար զոնդավորման, սպեկտրալ անալիզի վերլուծություն, վնասների գնահատում, գյուղատնտեսության ոլորտում առկա ամբողջ տվյալների հավաքագրում, ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ և ճշգրիտ գնահատել վնասները:

Խոսելով գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման անհրաժեշտության մասին՝ նախարարը նշել է. «Գյուղատնտեսական ապահովագրությունը, որի պիլոտային ծրագիրը նախատեսվում է սկսել 2018 թվականին, մեր կարծիքով, ոլորտի զարգացման ամենաարդյունավետ մեխանիզմն է, քանի որ ծախսերն ապահովագրելու դեպքում գյուղացին վստահ կլինի, որ դրանց շուրջ 90 տոկոսը փոխհատուցվելու է, և այլևս չի տնտեսի իր աշխատանքների մեջ, ինչը հնարավորություն կտա ապահովել տնտեսական աճ»:

Անդրադառնալով սերմնաբուծության զարգացման ծրագրին` նախարարը համոզմունք է հայտնել, որ հանրապետությունում առկա են բավարար պայմաններ այս ուղղությունը զարգացնելու համար: Իգնատի Առաքելյանը նշել է, որ տեղական սերմերի իրացումը երաշխավորելու  պարագայում տեղական արտադրողն  ինքը կավելացնի սերմարտադրության ծավալները:

«Ես համոզված եմ, որ մենք ունենք այդ հզորությունը՝ բավարարելու հանրապետությունում առկա սերմերի պահանջարկը և բարձրորակ սերմերի արտադրության շնորհիվ ապահովելու բերքատվության աճ: Կփորձենք առավել արդյունավետ դարձնել սերմնաբուծությունը: Համոզված եղեք, որ սերմնաբուծության զարգացման ծրագիրը հենց այդ նպատակին է ուղղված»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Այս համատեքստում նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել մարզում սերմարտադրությամբ զբաղվող բոլոր մասնագիտացված տնտեսությունների հետ:

Անդրադառնալով տեղական սերմերի գներին` նախարարը հավաստիացրել է, որ դրանք առավել մատչելի են:

Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը կարևոր է համարել նաև միջոցներ ձեռնարկել տոհմաբուծության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում`  Իրանի Իսլամանական Հանրապետության հետ համատեղ ոչխարաբուծության զարգացման ծրագրի մշակման և իրականացման, մասնագիտացած տոհմաբուծարանների ստեղծման միջոցով, ինչը թույլ կտա ավելացնել արտահանման ծավալները հատկապես դեպի Իրան, որտեղ ոչխարի մսի մեծ պահանջարկ կա:

Գյուղատնտեսության նախարարության պատվիրակության հետ Շիրակի մարզ էր այցելել նաև  ռուսական «General International Trade» (GIT) ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, ով հանդես եկավ ներդրումային ծրագիր իրականացնելու առաջարկով: Հայազգի գործարարը մասնավորապես նշել է, որ իրենք պատրաստ են փորձնական ծրագիր իրականացնել և  ֆինանսավորել (0 % տոկոսադրույքով) 3000 հեկտար ընդհանուր տարածքի մշակության աշխատանքները, խթանել դաշտավարության զարգացումը: Ընկերությունը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի արտահանմամբ Ռուսաստանից դեպի Կենտրոնական և Միջին Ասիայի ու Մերձավոր Արևելքի երկրներ, հիմնական գործընկերը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Վլադիմիր Պողոսյանի խոսքով` նման ծրագիր իրենք արդեն իրականացնում են Ղազախստանում: Այս առաջարկի շնորհիվ կներդրվեն նոր կառավարման համակարգեր, կվերանա գյուղացու կախվածությունը բանկային համակարգից, և գյուղացին կդառնա գործընկեր: «Մեզ անհրաժեշտ է, որ մարդիկ հարստանան, երկիրը հզորանա»,- նշել է նա:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հավելել է, որ փորձնական ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կվերահսկի գործարքի բոլոր փուլերը, որպեսզի և գյուղացու, և ներդրողի շահերն առավելագույնս պաշտպանված լինեն, ինչպես նաև կհոգա արտադրանքի իրացման հարցերը:  

Այնուհետև Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել մարզի անտառտնտեսության պետերի և աշխատակիցների հետ, քննարկել ոլորտի խնդիրներն ու անելիքները:  Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը:

Հանդիպումից հետո գյուղատնտեսության նախարարն այցելել է մարզի Կառնուտ գյուղի խոշոր ֆերմերային տնտեսություն, ծանոթացել կատարվող աշխատանքներին, ինչպես նաև եղել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում, որտեղ զբաղվում են  հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան, գարնանացան ցորենների, գարու), բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան), բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, գազար, սեղանի ճակնդեղ), հատիկաընդեղենների (լոբի, ոսպ, սիսեռ) և այլ դաշտային մշակաբույսերի սելեկցիայով և առաջնային սերմնաբուծությամբ:

«Գյումրիի սելեկցիոն կայանի»  սելեկցիայի և սերմնաբուծության բաժնի վարիչ Ռիմա Մուրադյանի խոսքով`  այստեղ լավ բերք են ակնկալում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter