Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Արեգ Կյուրեղյանի քթի, ճակատի հատվածում արյունազեղումներ կան, իսկ մարմնին 100-ից ավելի հարված է ստացել. ահազանգում է փաստաբանը



ՊՊԾ գնդի  գրավման գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին ոստիկաններն այսօր դատարանում ծեծի են ենթարկել: Այս մասին «Հետք»-ին ասաց Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն, ով քիչ առաջ տեսակցել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալին:

«Արեգի քթի, ճակատի հատվածում վնասվածքի հետքեր՝ արյունազեղումներ կային, ու ըստ իր խոսքերի՝ ամբողջ մարմնի վրա, այսինքն՝ կրծքավանդակի, որովայնի, մեջքի, ոտքերի շրջանում ինքը բազմաթիվ՝ 100-ից ավել հարվածներ է ստացել, և այդ ամենն արձանագրվել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բժշկի կողմից, սակայն Արեգն արձանագրությունը չի ստորագրել»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Շուշանյանի խոսքով՝  Արեգին ծեծի ենթարկելու համար ոստիկաններին ընդամենն առիթ է պետք եղել և, նրանք «գտել են» այդ առիթը:

Հիշեցնենք, որ Արեգ Կյուրեղյանի և ոստիկանների միջև միջադեպն այսօր դատարանում սկսվել է այն բանից, երբ Կյուրեղյանը փորձել է գրություն փոխանցել իր փաստաբանին:

Վերջինս փաստաբանի հետ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հաղորդակցվելու իրավունք ունի, սակայն ոստիկանները որոշել են խոչընդոտել նրա այդ իրավունքի իրացմանն ու վերցրել թուղթը: Շուշանյանի խոսքով՝ Արեգ Կյուրեղյանը պահանջել է, որպեսզի թուղթը վերադարձնեն, սակայն ոստիկաները չեն վերադարձրել:

«Ասել են՝ չենք վերադարձնում, լավ ենք անում, ապա Արեգը պահանջել է կամ վերադարձնել թուղթը, կամ իրեն դահլիճից հանել, հետո իրեն դահլիճից հանել են ու անմիջապես սկսել հարվածել»,- պատմեց Մուշեղ Շուշանյանը:

Փաստաբանի խոսքով՝ ոստիկաններն Արեգին հայհոյել են, և վերջինս պատասխանել է հայհոյանքներով: Ըստ Շուշանյանի՝ ոստիկանների նպատակը եղել է, այսպես ասած, Արեգին «կոտրելը»:

«Երբ տևական ժամանակ բռնություն գործադրելուց հետո հասկացել են, որ այդ մարդը «կոտրվող» չէ, հասկացել են, որ իրենց նպատակին չեն հասնի: Երևի հասկացել են, որ կամ մնում է սպանելը, կամ մարդուն հանգիստ թողնելը»,- ասաց Շուշանյանը՝ հավատացնելով որ Արեգի տրամադրությունն այս պահին բարձր է:

Շուշանյանն, անդրադառնալով այսօր դատարանում ոստիկանների վարքագծին, նշեց, որ դատարանում ներկաներն ականատես եղան ոստիկանական «սպեցօպերացիայի» թե՛ դատարանի շենքում՝ տղաների նկատմամբ,  թե՛ դատարանի շենքի առջև հավաքված հարազատների, համակիրների նկատմամբ:

«Սա ոստիկանության կողմից պատժիչ գործողություն էր, ուժի ցուցադրում, համոզված եմ, որ սա չէր կարող կատարվել առանց Բաղրամյան 26-ում բազմած անձի ուղղակի կարգադրությամբ»,- ասաց Շուշանյանը:

Ըստ փաստաբանի՝ իշխանությունը «սարսափում է» հրապարակային դատավարությունից:

«Հրապարակային դատաքննության դեպքում դա լինելու է ոչ թե  Սասնա ծռերի դատավարություն, այլ ռեժիմի դատավարություն: Բայց այս դատավարությունն ինչ-որ ձևով պիտի անեն, և իրենց նախատեսած սցենարով չի ստացվում, որովհետև տղաներն արտահայտվում են, հայտարարություններ  ու կոչեր անում, ուստի ընտրվել է այսպես ասած, բազմապրոֆիլ ճնշման տարբերակը. ֆիզիկական, հոգեբանական  ճնշումների են ենթարկվում տղաները, նրանց փաստաբանները և այլն»,- ասաց Շուշանյանը՝  ևս մեկ անգամ պնդելով իր տեսակետը, որ դատարանում այսօր տեղի ունեցած իրադարձությունների նպատակը ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող անձանց լռեցնելն է:

«Դա չի ստացվում: Իսկ այսօրվա գործողություններն ահաբեկչական գործողություններ էին: Ոստիկանությունն ահաբեկչական մարմին է, որն այսօր իրականացրեց ահաբեկչական գործողություն»,- խոսքը եզրափակեց Մուշեղ Շուշանյանը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (2)
1. Նախագահ12:53 - 29 հունիսի, 2017
Սրա պատասխանը պետք է լինի այդ մենթերի ինքնադատաստանը: Դրանց պետք է պատժել նույն կերպ՝ իրենց պադեզդում: Բոլորի բնակության վայրերն էլ հայտնի են:
2. Մարտիրոսյան Նաթելա05:32 - 30 հունիսի, 2017
Ես, որպես ՀՀ քաղաքացի, խիստ զայրացած եմ,. Հայաստանում ոստիկանների կողմից մարդու իրավունքների խախտման, դատապարտյաշի հանդեպ բռնություններ կիրառելու վրա։ Պահանջում եմ անհապաղ պատասխանատվության ենթարկել Արայիկ Խանդոյանին ու նրա ընկերներին ծեծի ենթարկող ոստիկաններին։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ