HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դատախազությունը մերժեց Անդրիաս Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը

Գլխավոր դատախազությունը մերժել է Անդրիաս Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը: Մեկ շաբաթ առաջ նման միջնորդություն ներկայացրել էին «Ելք» դաշինքի պատգամավորները:

Այս մասին «Հետք»-ին հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

Դատախազությունը միջնորդությունը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ դատական ակտերում արձանագրվել է կալանավորելու հիմքերի առկայությունը, այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիությունը:

Մասնավորապես ասվում է. «Անդրիաս Ղուկասյանին կալանավորելու, նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդյունքում կայացված դատական ակտերում իրավացիորեն արձանագրվել են կալանավորման կիրառման պայմանների և հիմքերի առկայությունը, վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի քննության պատշաճ ընթացքն ապահովելու հանգամանքը, ինչպես նաև կիրառված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու անթույլատրելիությունը՝ հաշվի առնելով գործի քննության ընթացքում մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու բարձր հավանականությունը»:

Դատախազությունը նաև փաստել է, որ մինչդատական վարույթի ընթացքում ձեռք են բերվել բավարար տվյալներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցի կիրառումը բավարար չէ վարույթի ընթացքում մեղադրյալի հավանական ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու համար:

Այդ իսկ պատճառով, դատախազության հաղորդմամբ՝ բացակայում է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու հիմքերը:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին «Ելք»-ը դիմում-նամակ էր ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ միջնորդելով կալանքից ազատ արձակել «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին։ Որպես երաշխավորություն` գրությունը ստորագրել էր դաշինքի 7 պատգամավոր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter