HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական 3 ստարտափ. արձակուրդը հեշտ ու հետաքրքիր կազմակերպելու գործիքներ՝ Localz, TripPlannera, Movie Trip

Մանե Գևորգյան

Եթե արդեն որոշել եք, թե որտեղ եք անցկացնելու հանգիստը, ապա հայկական ստարտափներն էլ կօգնեն որոշել՝ ինչպես կազմակերպել այն։ Հայկական երեք ստարտափ՝ տարբերվող, հետաքրքիր և յուրահատուկ առաջարկներով։ Localz-ն առցանց հարթակ է, որը միջնորդ է  զբոսաշրջիկների ու տեղացի զբոսավարների միջև, TripPlannera-ն ճամփորդությունն արագ և արդյունավետ պլանավորելու առցանց գործիք է, իսկ Movie Trip-ն օգնում  է այցելած երկրում գտնել այն վայրերը, որտեղ նկարահանվել են դրվագներ՝ հայտնի ֆիլմերից։

 

Localz

Ճամփորդելու դասական մոտեցումն ու փորձառությունը նորով փոխարինելու յուրահատուկ տարբերակ է առաջարկում Localz-ը ։ Այն առցանց հարթակ է, որի միջոցով կարելի է նախքան ճամփորդելը գտնել տեղացի զբոսավարի, միասին նախագծել հնարավոր արշավներն ու կազմակերպել ժամանցը։

Ստարտափի համահիմնադիր, ղեկավար Արտավազդ Սոխիկյանն ասում է. «Localz-ն առաջինն է, որ առաջարկում է տուրիստական երթուղիներ՝ ըստ զբոսաշրջիկի պահանջի։ Այսինքն՝ զբոսարջիկներին սովորաբար ներկայացնում են հնարավոր երթուղիները կամ հիմնական, դասական անելիքները, որոնք նախատեսված են գրեթե բոլորի համար, իսկ մենք հակառակ կողմից ենք սկսում։ 

Մեզ մոտ ցանկացած մարդ կարող է գրանցվել և առաջարկել զբոսավարի իր ծառայությունները։ Զբոսաշրջիկն այցելում է մեր կայք կամ ներբեռնում հավելվածը,  նշում երկիրը, քաղաքը, որը պատրաստվում է այցելել և ընտրում այնտեղ մնալու ժամանակահատվածը։ Դրանից հետո նա ունենում է հնարավորություն գրառում կատարելու՝ նշելով, թե ինչ է սիրում, ինչ է ցանկանում անել, ում հետ է պատրաստվում ճամփորդել, նրանց հնարավոր պահանջներն ու ցանկությունները։ Նշում է նաև այն լեզուն, որին պետք է տիրապետի զբոսավարը։ Ըստ նշված առանձնահատկությունների ու պահանջների՝ համակարգն ընտրում և առաջարկում է համապատասխան զբոսավարների։ Զբոսաշրջիկն ընտրում է նրանցից մեկին, բացվում է հաղորդագրություններ գրելու պատուհանն ու սկսվում է հաղորդակցման գործընթացը։ Հիմք ընդունելով զբոսաշրջիկի ցանկությունները՝ զբոսավարը կազմում է անհատական զբոսաշրջային երթուղի»։

 Localz-ի հիմնական առավելությունը հետևյալն է՝ այն թույլ է տալիս շրջանցել դասական երթուղիներն ու տեղացիների փորձառության շնորհիվ լինել տվյալ քաղաքի, գյուղի ամենագողտրիկ, երբեմն նույնիսկ շատերին անհայտ, բայց շատ կոլորիտային անկյուններում։ Արտավազդն ավելացնում է. «Վերջին շրջանում նոր տենդենց ենք նկատել՝ շատ տուրիստներ նախընտրում են ոչ պրոֆեսիոնալ զբոսավարների, որովհետև տեղացիները կարողանում են նույն «դասական» Գառնի-Գեղարդ երթուղիի մեջ էլ փոփոխություններ ու հետաքրքրություններ մտցնել։ Մեզ մոտ հետաքրքիր համադրություն է ստացվել՝ առաջարկվող երթուղիները ոչ շատ ստանդարտ են, ոչ շատ լոկալ»: 

Զբոսավարներին գրանցվելու համար որակավորման պահանջներ չկան, բայց զբոսաշրջիկները վերջում զբոսավարին առցանց գնահատելու և մեկնաբանություններ գրելու հնարավորություն ունեն, ինչի հիման վրա էլ մյուսները կարող են ընտրել իրենց հարմար զբոսավարին։ Առողջ մրցակցության շնորհիվ խելամիտ են դառնում նաև առաջարկվող գները։ Համաձայն արդեն իսկ ունեցած վիճակագրության՝ Localz-ի միջոցով կազմակերպված շրջագայությունները տուրիստական ընկերությունների առաջարկածների համեմատ 25%-ով ավելի էժան են ստացվում։ Չնայած Localz-ը պարզապես միջնորդ-հարթակ է, սակայն զբոսաշրջիկների հիմնավորված դժգոհություների դեպքում` հիմնադիրները պատրաստ են գումարն ամբողջությամբ վերադարձնել։

Localz-ն այժմ հասանելի է 7 երկրում՝ Հայաստան, Վրաստան, Շրի Լանկա, Իտալիա, Եգիպտոս, Չեխիա, Ավստրիա։

Ապագայում նոր գործառույթներ են սպասվում. կավելանա տեսազանգի հնարավորություն, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ժամանակ խնայել ու երթուղին պլանավորել մի քանի րոպեի ընթացքում, ինչպես նաև ավելի լավ ճանաչել ապագա զբոսավարին ու հասկանալ՝ արդյոք նրա՝ տվյալ լեզվի իմացությունը բավարա՞ր է, թե՞ ոչ։ Առաջիկայում կավելանա նաև ֆեյսբուքի միջոցով հավաքագրած տեղեկության հիման վրա ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում զբոսավար և զբոսաշրջիկ առաջարկելու սկզբունքը։ Ընդհանուր հետաքրքրությունները թույլ կտան ավելի ճիշտ կազմակերպել ժամանցն ու մեծ ուշադրություն դարձնել նաև թվացյալ մանրուքներին։

 

TripPlannera

 «Ճամփորդությունը պլանավորելու համար մարդիկ միջինում ծախսում են երեք շաբաթ, իսկ TripPlannera-ի միջոցով այն կարելի է կազմակերպել ընդամենը մի քանի ժամում». ասում է ստարտափի համահիմնադիր, ղեկավար Հմայակ Տիգրանյանը և ավելացնում. «Մեր ունեցած տվյալների մի մասը հավաքագրված է տարբեր հարթակներից՝ համագործակցության սկզբունքով, իսկ մի մասը մենք ենք ավելացրել՝ հիմնվելով մեր իսկ ճամփորդական փորձառության վրա։ Այսինքն՝ մենք ունենք տվյալների շատ մեծ բազա։ Բացի դրանից մենք առաջինն ենք, որ առաջարկում ենք մի հարթակ, որտեղ ինտեգրված են ոչ միայն տեսարժան վայրերը, այլև ռեստորանները, կարևոր միջոցառումները, հնարավոր զբոսաշրջային երթուղիները և այլն։ Կան այլ հարթակներ, որոնք խորհուրդ են տալիս՝ ուր կարելի է գնալ, բայց չեն օգնում պլանավորել երթուղին»։

TripPlannera-ն միակ հարթակն է, որտեղ կարող ես նշել քո նախընտրած քաղաքը, ճամփորդության օրերը, իսկ այն կստեղծի մոնտաժային ծրագիր հիշեցնող մի հարթակ, որտեղ առանձին գույներով նշված կլինեն տեսարժան վայրերը, սննդի կետերը և այն ամենը, ինչն անհրաժեշտ է ճամփորդությունը պլանավորելու համար։

Մարդիկ կարող են ցուցակից ընտրել իրենց համար ցանկալի վայրերը, տեսնել դրանց մինչև եղած հեռավորությունը, դասավորել իրար կողքի, նշել՝ ամեն տեղ քանի ժամ են պատրաստվում մնալ ու պատկերացնել՝ մեկ օրում քանի տեղ կարող են այցելել։ Համակարգը թույլ է տալիս նաև տեսնել՝ երբ են բաց, օրինակ, թանգարանները, թատրոնները, ինչպես նաև միանգամից անցնել հղումով և առցանց տոմսեր պատվիրել։ «Մերն առաջին հարթակն է, որը ներառում է տեղական կարևոր իրադարձությունները։ Մյուս առցանց հարթակների դեպքում մարդ ստիպված է թուղթ ու գրիչով պլանավորել ճամփորդությունը, տարբեր աղբյուրներ դիտարկել՝ միջոցառումների մասին ինչ-որ բան գտնելու համար։ Արդյունքում՝ պարզապես ժամանակ է կորցնում։ Մարդիկ շատ հաճախ իրենց ամբողջ ուղևորությունը կառուցում են որևէ համերգի կամ այլ միջոցառումների շուրջ, հետևաբար դրանց ընդգրկումն այս հարթակում շատ կարևոր է»։

Այս ամենին զուգահեռ TripPlannera-ն առաջարկում է նաև արդեն պատրաստի զբոսաշրջային երթուղիներ՝ մշակված պրոֆեսիոնալ զբոսավարների կողմից։ Կարևորն այն է, որ զբոսաշրջիկներն իրենք էլ կարող են իրենց գծագրած երթուղիները պահպանել համակարգում ու կիսել մյուսների հետ. չէ՞ որ շատ հաճախ քեզ հետաքրքրում է ոչ թե պրոֆեսիոնալ, դասական մոտեցումը, այլև մյուսների իրական փորձառությունը՝ իր բոլոր թերություններով ու առավելություններով։

Կայքի դիզայնը պարզ է և հասկանալի, ինչն էլ օգնում է արագ համակարգել ու պլանավորել ճամփորդությունը։ TripPlannera-ն ունի նաև կարծիքներ ու մեկնաբանություններ գրելու հնարավորություն։ Եթե ինչ-որ սրճարան չեք հավանել, կարող եք այնտեղ նշել մյուսների պլանավորումն ավելի հեշտացնելու համար։ Առաջիկայում կավելանա անձնավորված խորհուրդներ տալու հնարավորություն։ Զբոսաշրջիկը կնշի՝ միայնակ է, ընտանիքի հետ, ինչ նախասիրություններ ունի կամ, օրինակ, դանդաղ, թե արագ է քայլում, ու երթուղիներ կառաջարկվեն` հաշվի առնելով անհատական նախասիրություններն ու սովորությունները։

Համակարգում կավելանա նաև ծանուցումներ ուղարկելու հնարավորությունը։ Օրինակ, եթե դուք պլանավորում եք ժամը յոթին գնալ թանգարան (դա նշում եք պլանավորման հարթակի վրա), իսկ այն այդ ժամին փակ է, դուք միանգամից ծանուցում կստանաք։ Ծանուցում կստանաք նաև այն դեպքում, երբ նախատեսում եք այցելել մի վայր, որը նախորդ պլանավորած վայրից հեռու է։

Եթե նախատեսում եք ճամփորդել ընկերների կամ հարազատների հետ, ապա ևս մեկ լավ լուր՝ կարող եք TripPlannera-ի ձեր պլանը կիսել մյուսների հետ ու միաժամանակ փոփոխություններ անել և վերադասավորել՝ հաշվի առնելով ընդհանուր հետաքրքրությունները։

Movie Trip

«Մարդիկ շատ հաճախ կարծում են, որ ֆիլմերը մեկ այլ աշխարհ են, ու այնտեղ ամեն ինչ ավելի հաճելի է, ավելի գեղեցիկ, քան իրականում։ Հիմա նրանք հնարավորություն ունեն լինել այն վայրերում, որտեղ նկարահանվել են այդ ֆիլմերը ու համոզվել, որ դրանք սովորական տեղեր են, որտեղ ինքդ էլ կարող ես նստել ու, օրինակ, սուրճ խմել». ասում է Movie Trip ստարտափի համահիմնադիր Արտավազդ  Եղիազարյանը։

 Արտավազդը շատ է սիրում ֆիլմեր դիտել ու ճամփորդել։ Մի քանի տարի առաջ, երբ ՏՏ ոլորտում շատանում էին ստարտափներն և նոր ու թարմ մտքերը իրականություն էին դառնում, Արտավազդն ընկերների հետ միասին  որոշեց ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա մարդկանց գտնել, օրինակ, Ամելիի սրճարանը, Վուդի Ալլենի ֆիլմերից ցանկացած անկյուն, նկարվել ու կիսել ընկերների հետ։ «Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ առաջինը չեմ, ում այդ միտքը հետաքրքրել է, բայց մի լիարժեք հարթակ, որտեղ այդ ամենը հավաքված կլիներ՝ չկար։ Կան շատ բլոգեր, որտեղ պարզապես տեղեկություն է կոնկրետ քաղաքներում նկարահանված ֆիլմերի մասին։ Օրինակ՝ ներկայացված են միայն Նյու Յորքում կամ Փարիզում նկարահանված ֆիլմերը։ Կան նաև տուրիստական ընկերություններ, որոնք զբոսաշրջային երթուղիներ են կազմակերպում` ըստ ֆիլմերի։ Հաշվի առնելով այս ամենը՝ մեր խնդիրը դարձավ ստեղծել մի գործիք, որի միջոցով մարդ հեշտորեն կգտնի այն ամենը, ինչը կապված է տվյալ ֆիլմի հետ։Դիտարկելով մարդկանց փորձը՝ հասկացանք, որ շատ հաճախ մարդ նախապես շատ բան չի պլանավորում։ Հասնում է Փարիզ ու գիտի, որ Էյֆելյան աշտարակը պետք է տեսնի, բայց օրվա ընթացքում որոշում է նաև գտնել Ամելիի սրճարանը։ Այդ ժամանակ մենք կօգնենք այն շատ հեշտ գտնել. պետք է ուղղակի հեռախոսի մեջ ներբեռնել Movie Trip հավելվածը (հավելվածի հղումը  )»,-ասում է Արտավազդը։

Movie Trip-ի հիմնական առավելությունը հետևյալն է՝ եթե ինչ-որ տարածքում ես, բայց չգիտես՝ ինչ ֆիլմ է մոտակայքում նկարահանվել, կարող ես պարզապես նշել քո գտնվելու վայրն ու համակարգը կգտնի և ցույց կտա ֆիլմերի այն կադրերը, որոնք նկարահանվել են տվյալ տարածքում։ Հավելվածն ունի նաև «Check in»-ի հնարավորություն՝ կարող ես նկարվել այն վայրում, որտեղ ինչ-որ ֆիլմ է նկարահանվել և տարածել այն. սոցիալական ցանցերում լուսանկարը կհայտնվի համապատասխան նկարագրությամբ ու պատմությամբ։

 Այս ամենից բացի,  Movie Trip-ն առաջարկում է նաև զբոսաշրջային երթուղիներ՝ հիմնականում նախատեսված քայլարշավի համար։ Հավելվածում այժմ կա 3076 նկարահանման վայր,  603 ֆիլմ ու 5937 տեսարան։ Նկարահանման վայրերից ամենատարածվածները կամուրջներն են, իսկ այս ցանկն անընդհատ թարմացվում է։ «Նախապես ունեինք ֆիլմերի ցուցակ։ Որոշակի տվյալներ ինչ-որ բլոգերից ենք հավաքագրել, բայց հիմնականում մենք ենք դիտել ֆիլմերն ու առանձնացրել հետաքրքիր տեսարանները։ Կար մի պահ, որ արդեն ֆիլմը դիտում էի ոչ թե պարզապես դիտելու, այլ հենց ինչ-որ տեսարաններ գտնելու համար։ Մեր ամբողջ թիմով անընդհատ նայում ենք մեր նախատեսած ֆիլմերն ու ավելացնում ցանկը։ Դա է պատճառը, որ մեր ունեցած բազան ավելի ամբողջական է։ Յուրաքանչյուր տեսարան հավելվածում ունի նաև իր նկարագրությունը։ Ֆիլմերի մեծամասնությունն ամերիկյան է։ Ներառված են նաև մեր հայկական ֆիլմերը։ Շատ լավ է ստացվել հատկապես «Տղամարդիկ» ֆիլմը»,- ներկայացնում է Արտավազդը: Խոսում է նաև այն նրբությունների մասին, որոնցով հավելվածը տարբերվում է մյուսներից. «Մյուս հարթակներում սովորաբար տեղանքը ներառում են ցանկի մեջ նույնիսկ այն դեպքում, երբ ֆիլմի մեջ այն մեկ այլ տեղանքի դեր է կատարում։ Օրինակ, համաձայն սցենարի, Հարրի Փոթերի «Հոգվարթս» մոգության և հմայության դպրոցն իրականում գոյություն չունի, մարդիկ չեն կարող տեսնել, բայց նկարահանումները կոնկրետ ամրոցի մեջ են տեղի ունեցել։ Քանի որ, ըստ սցենարի, այդ դպրոցը գոյություն չունի, ամրոցը մեր ցանկում ներառված չէ։ Նմանատիպ տարածքների համար մտածում ենք առանձին խորագիր ավելացնել՝ «fantasy locations»։ Դրան հակառակ` շատ ֆիլմեր ստուդիաներում են նկարահանված ու ներառված չեն ցուցակներում, իսկ մենք դրանք նշում ենք մեր քարտեզի վրա։ Ժամանակ առ ժամանակ թարմացնում ենք տվյալները՝ կան շատ սրճարաններ, որոնք արդեն փակվել են, պատմական վայրեր, որոնք չկան հիմա, բայց բոլոր հնարավոր տեղերը ներառված են տեսարանների մեր ցանկում»։

Շուտով նկարահանման վայրերը հնարավոր կլինի գտնել ոչ միայն ըստ ֆիլմերի, այլև ըստ քաղաքների։ Հիմնադիրները մտածում են այնպես անել, որ հավելվածը հնարավոր լինի օգտագործել նաև ինտերնետի բացակայության ժամանակ։

Մեկնաբանություններ (1)

Arsen
Localz - ինչպիսի «հիասքանչ» ստարտափ ընդհամենը 100 ներբեռնումով ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter