HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Unicef-ն արդեն 2 տարի է չի համագործակցում «Մաքուր ջուր» ապրանքանիշի հետ

Օրերս «Հետք»-ը հոդված է հրապարակել, որտեղ ներկայացված են մանկական և շշալցված ջրերի լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ որի՝  6 նմուշներից միայն 2-ն էին համապատասխանել պահանջված նորմերին, իսկ նմուշներից երկուսում եղել է ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, մեկում՝ պսևդոմոնաս աէրոգինոզա մանրէ:

ՄԱՖԱՄ պարունակող նմուշներից էր երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացված «Մաքուր ջուր» 0,5լ շշալցված ջուրը՝ «ՄԳԱ Վոթըր» ՍՊԸ-ի արտադրության: Այն թեև մանկական չէր, սովորական շշալված ջուր էր, սակայն ընտրվել էր մի քանի պատճառներով, որոնցից մեկը Unicef-ի նշանի առկայությունն էր. արտադրողն ասում է, որ, «գնելով «Մաքուր ջուր», դուք օգնում եք երեխաներին»՝ և այս ջրերից ստացած հասույթի մի մասը փոխանցվում  է այս հիմնադրամին:

Այսօր Unicef-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը «Հետք»-ին հայտնեց, որ արդեն 2 տարի է, ինչ իրենք չեն համագործակցում «ՄԳԱ Վոթըր» ՍՊԸ-ի հետ և նույնիսկ ԱԳՆ դիմում են ներկայացրել՝ իրենց նշանը հեռացնելու համար:

Թեև դրանից հետո ընկերությունը խոստացել էր վերացնել նշանը և հայտնել էր, որ չի օգտագործի, սակայն այս ջրի շշի և բեռնատարների վրա այն մինչ օրս պահպանվել է: 

«2015թ. գարնանը լրացել է մեր պայմանավորվածությունը: Դա եղել է գործընկերության պայմանագիրը, որը Unicef-ը բոլոր երկրերում 2 տարի ժամկետով է կնքում: 2015թ. հետո մենք իրենց հայտնել ենք, որ չենք ցանկանում շարունակել գործընկերությունը մի շարք պատճառներով, բայց իրենք շարունակել են օգտագործել»,- ասաց Զ. Սարգսյանը:

Ըստ նրա՝ համագործակցության տարիներին՝ 2013-2015թթ., «ՄԳԱ Վոթըր»-ն իրենց հիմնադրամին փոխանցել է ընդհանուր առմամբ 5,3 մլն դրամ, որից՝ 4 մլն 2014թ., 1,3մլն՝  2015թ., իսկ 2013թ. գումարային փոխանցում չի եղել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter