HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի համայնքների խոշորացման դասերը

Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների ադյունքում ամենամեծ թվով համայնքներ խոշորացվել են Սյունիքում. 2015-16թթ. նախկին 42 համայնքից, որտեղ բնակվում է մարզի բնակչության մոտ 37 տոկոսը, ձևավորվել է հինգ բազմաբնակավայր համայնք` Տաթև, Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք:

Ակնկալվում է, որ տնտեսական զարգացման հնարավորության, հանրային ծառայությունների մատչելիության, հաղորդակցության միջոցների հասանելիության, մասնագիտական ռեսուրսների ներգրավման, ՏԻՄ ինքնուրույնության ապահովման ակնկալիքներով կատարված վարչատարածքային փոփոխություններն էականորեն կփոխեն մարդկանց կյանքը:

Անցել է արդեն 1-1,5 տարի, ինչ արդյունքներ են արձանագրվել վարչատարածքային բարեփոխումների արդյունքում և ինչպիսի մարտահրավերներ են նկատվում համայնքների խոշորացման գործընթացում. այս հարցերին պատասխանելու համար իրականացված հանրային հետազոտության արդյունքները ներկայացվում է լրագրողական հոդվածաշարում:

Որոշ համայնքներում տեղական բյուջեի ծախսերի մեծ մասը շարունակվում է ուղղվել աշխատավարձի վճարմանը

Բազմաբնակավայր Գորիս համայնքի ձևավորումից հետո 2016թ. սեպտեմբերի 18-ին ընտրված ավագանու արտահերթ նիստի` «Գորիս համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» որոշմամբ, նորաստեղծ համայնքային իշխանության աշխատակազմում հաստատվել է 27 նոր հաստիք, որոնք նախատեսված էին համայնքի կազմի մեջ մտնող 13 բնակավայրում համայնքի գործառույթներն ապահովելու համար:

Ձևավորված 70 հաստիք ունեցող աշխատակազմի աշխատավարձի ֆոնդը կազմում էր համայնքի բյուջեի մոտ 13 տոկոսը:

Ամիսներ անց, փետրվարի 28-ին տեղի ունեցած ավագանու որոշմամբ համայնքապետարանի աշխատակազմը ավելացել է ևս 24 հաստիքով, ինչպես նաև 50-60 տոկոսով ավելացել են համայնքի ղեկավարի, համայնքի վարչական ինը ներկայացուցիչների աշխատավարձերը: Համայնքապետարանի աշխատակազմը համալրվել է 4 ակումբավարի, 2 գործավարի, 6-ական հանդապահի և հավաքարարի, 5 օժանդակ բանվորի, մամուլի խոսնակի հաստիքներով: Այսպիսով, համայնքի տարեկան բյուջեում աշխատավարձի ֆոնդն ավելացել է 7 տոկոսով:

Դրույքաչափերի բարձրացումն, ի դեպ, չի տարածվում համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վրա:

Գորիսի բնակավայրերի վարչական ներկայացուցիչների աշխատավարձերի բարձրացումը, ըստ ավագանու նիստի առաջարկության, կապված է այն խնդրի հետ, որ որոշ ծախսեր, ինչպես, օրինակ, թղթի, գրենական պիտույքների, և գրասենյակային այլ ծախսերի համար բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում:

Համեմատության համար նշենք, որ Մեղրի համայնքի ղեկավարի աշխատավարձն ավելի ցածր է, քան, օրինակ, Գորիս համայնքի կազմում ընդգրկված 135 բնակիչ ունեցող Բարձրավանի վարչական ներկայացուցչինը:

Գորիս համայնքի բյուջեի մոտ 40 տոկոսն ուղղվում է համայնքային ենթակայության կրթական նաև նախադպրոցական, իսկ 1 տոկոսը՝ մշակութային հիմնարկների աշխատակիցների աշխատավարձի վճարմանը:

Համայնքների խոշորացման հիմնական գրավականը համարվում էր տեղական բյուջեի խնայողությունը, ակնկալվող արդյունքների թվում ենթադրվում էր, որ համայնքային իշխանությունների աշխատակազմերի ուռճացված աշխատավարձերի կրճատումը կարող էր լինել, և խնայված միջոցները կուղղվեին համայնքային խնդիրների լուծմանը:

Սակայն, որոշ բազմաբնակավայր համայնքներում տեղական բյուջեի ծախսերի մեծ մասը շարունակվում է ուղղվել աշխատավարձի վճարմանը, ինչպես օրինակ, Տեղ համայնքի (որի կազմում ընդգրկված են տարածաշրջանի Տեղ, Կորնիձոր, Խնածախ, Արավուս, Վաղատուր, Քարաշեն, Խոզնավար բնակավայրերը) բյուջեի մոտ 48 տոկոսը նախատեսված է որպես համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձ:

Բյուջեի 22 տոկոսը նախատեսվում է 190 երեխայի հաճախելիություն ունեցող 4 մանկապարտեզի գործունեության ապահովման համար (նշված գումարում ընդգրկված չէ երեխաների վարձավճարների գումարը. համայնքի ավագանու որոշմամբ յուրաքանչյուր երեխայի վարձավճարը կազմում է ամսական 3000 դրամ): 4 միլիոն 250 հազար դրամ նախատեսվում է մշակութային հիմնարկներին:

Վերոնշյալ հոդվածներով Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձի համար նախատեսվել է բյուջեի 51 տոկոսը, մոտ 200 սան ունեցող 5 մանկապարտեզի և երաժշտական դպրոցի համար՝ տարեկան հատկացվում է մոտ 42 միլիոն դրամ կամ վարչական բյուջեի 24.5 տոկոսը:

Գորայքի (Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք, Գորայք) համայնքապետարանի աշխատակազմի համար տարեկան նախատեսվում է տեղական բյուջեի 31 տոկոսը: Կրթության, մշակույթի համար 2017թ բյուջեով նախատեսվել է մոտ 8.5 միլիոն դրամ:

Ամենացածր ցուցանիշը Մեղրի համայնքում է` համայնքապետարանի աշխատակազմի 59 հաստիքի համար նախատեված է տարեկան բյուջեի 12 տոկոսը:
Բազմաբնակավայր Մեղրիի համայնքային ենթակայության տակ գտնվող կրթական, մշակութային հիմնարկների համար տրամադրվել է տեղական վարչական բյուջեի մոտ 35 տոկոսը:

Ի դեպ, խոշորացումից առաջ, մասնավորապես, փոքր համայնքներում համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձի վճարմանն ուղղվում էր տեղական բյուջեի 80-85 տոկոսը:

Տաթև համայնքի աշխատակազմի քարտուղար Մարատ Գերասիմյանի խոսքով` բազմաբնակավայր համայնքային իշխանության աշխատակազմի աշխատավարձը աղքատի հոգեբանությամբ ապրող մարդու նպաստ է այն առումով, որ առանց այն էլ, մասնավորապես, գյուղական համայնքներում, համայնքային խնդիրների լուծման, համայնքային կյանքն ակտիվացնելու, համայնքի կառավարման գործում հանրության մասնակցությունն ապահովելու մոտիվացիան ցածր է, որպեսզի 70-80 հազար դրամ ստացող երիտասարդը ներգրավվի համայնքի կառավարման գործում:

Տեղ համայնքի Վաղատուրի վարչական ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով համայնքների խոշորացման և հաստիքների կրճատման արդյունքում խնայված միջոցներով ևս հնարավոր չէ համայնքային խնդիրները լուծել, եթե այլ ներդրումներ չկատարվեն: «Ընդամենը 8 ամիս է անցել Տեղի բազմաբնակավայր համայնքի ձևավորումից, թերևս վաղ է արդյունքները գնահատել, սակայն, օրինակ, այն հանգամանքը, որ կրճատվել է ակումբավարի հաստիքը, դրանով դրական առումով որևէ բան չի փոխվել Վաղատուրում, ավելին, մինչև այդ, գոնե գյուղի 30-40 երիտասարդներն իրենց ազատ ժամանակն ակումբում էին անցկացնում, հիմա ես և´ վարչական ներկայացուցիչ եմ, և´ ակումբի դուռ բացող, բայց դե գոնե սպասարկող անձնակազմ պետք է չէ, որ թե´ ակումբի, թե´ վարչական ներկայացուցչության տարածքը մաքրվի»,-ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter