HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսահայ համայնքի կրկնակի աղետը

Հովիկ Փիրանյան

Եկող տողերում կփորձեմ շարադրել Ֆրանսիայի հայկական համայնքում տիրող ներկա իրավիճակը:

Սա անհատական նախաձեռնում է և հիմնված է նյութի պրակտիկ ճանաչողության վրա: Դրդապատճառն է առկա մասնագիտական հանրամատչելի աշխատությունների բացը, ծառացած խնդիրների սրությունն ու ակտուալությունը և դրանց պատասխան-առաջարկների ոչ արդյունավետ իրականությունը:

Ֆրանսիայում հայկական սփյուռքը համահունչ է իր ընդհանրությամբ և ունի իր առանձնահատկությունները: Պետք է նշել, որ առկա են բազմաթիվ շերտեր` պայմանավորված ներգաղթի ժամանակաշրջանից, ներգաղթող երկրից և ներգաղթի սկզբնական դրդապատճառից:

Ֆրանսիան դեմոկրատական և հարուստ պատմությամբ երկիր է, որը պաշտոնապես որդեգրել է ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքները: Առկա են կայացած ժողովրդավարական մոտեցումներ, և սոցիալական զարգացած համակարգը նպաստում է անհատի արտահայտմանն ու ձևավորմանը որպես անկախ միավոր: Կանանց շահերը բավականին պաշտպանված են, ու չնայած պետություն-եկեղեցի տարանջատմանը` առկա է հուդա-քրիստոնեական ազդեցությունը: Ավելորդ չէ հիշեցնել, որ Ֆրանսիայում առկա է բավականին կայացած քաղաքացիական հասարակություն, երկիրն աշխարհիկ է, գործում է կրոնի ազատությունը: Հավասար հնարավորության և պատասխանատվության սկզբունքն առկա  է հասարակության և պետական մակարդակում: Այս ամենին զուգահեռ Ֆրանսիան կատարյալ չէ, և կան բացեր, սակայն անհատի առաջընթացն ու զարգացումը, ի համեմատ ներգաղթող հայության նախնական երկրների, անհամեմատելի են: Ի տարբերություն, օրինակ, ԱՄՆ-ի` աշխատանքի սև շուկան անհամեմատելի սահմանափակ է, սակայն առկա է սոցիալական օժանդակման համակարգ, որը գնալով սահմանափակվում է  ոչ օրինական ներգաղթյալների համար:

Ֆրանսիայում բնակվում են 70-ից ավելի երկրներից արտագաղթածներ: Որպես ահաբեկչության ռիսկի հետևանք Ֆրանսիան այսօր գտնվում է արտակարգ դրության պայմաններում:

Չնայած ներկայիս խնդիրներին, ֆրանսիացիները մնում են իրատես և որպես հետևանք մեծամասամբ չեն տրվում ամբոխավարությանն ու անջատողականությանը, որը հաստատվեց 2017-ի նախագահական ընտրություններում ազգայնականների պարտությամբ: Պետք է նշել, որ հայ լինելը  ֆրանսիացիների շրջանում  հիմնականում առաջացնում է դրական արձագանք:

Ֆրանսահայը  հայ արմատներով,  այս կամ այն չափով ինտեգրված, հիմնականում ֆրանսիական քաղաքացիությամբ անձն է: Ֆրանսերենով ֆրանսահայ տերմինը հենց ուղիղ թարգմանումն է` franco arménien, այսինքն` առաջնահերթ նշվում է ֆրանսիացի, հետո նոր` հայ լինելու հանգամանքը:

Ֆրանսահայ համայնքը զուգահեռ իր վաղեմությանը կորցնում է հայերենի գործածումն ու իմացությունը, առկա են խառը ամուսնություններ, չնայած այս փաստին` ՀՀ և Արցախում իրականացվող ծրագրերի մեծամասնությունը բաժին է ընկնում հենց վաղ ներգաղթած հայերի ժառանգներին:

Հայկական գաղութի ակտիվ կորիզը կազմում են հին ներգաղթյալները, որոնք Եղեռնից մազապուրծների ժառանգներն են: Նրանց է հասնում գաղութի ֆինանսական, քաղաքական և մշակութային ներուժի մեծ մասը: Նրանք հիմնականում տարեց, սակայն ակտիվ անհատներ են, որոնց գլխավոր խնդիրը Եղեռնի հարցի Արդարության հաղթանակն է:

Համեմատաբար հին սփյուռքը ներառում է նաև լիբանանահայերին, պարսկահայերին, ավելի ուշ ներգաղթած Թուրքիայի հայերին, որոնք ևս ունեն ստրուկտուրացված, սակայն և ներպարփակ համայնք:

Առկա է նաև Սովետական Հայաստանից համեմատաբար վաղ ներգաղթյալների մի հոծ խումբ:

Ակտիվ անհատներից շատերի կարծիքով` հայկական պետությունների կենսունակությունը կախված է ՌԴ-ից, որը համարում են պատշար թուրքական հնարավոր ագրեսիայի դեմ:

Ավանդական կուսակցություններից օրինակ ՀՅԴ-ն ունի իր կայուն տեղը գաղութի քաղաքական և հասարակական կյանքում: Կուսակցություններն ունեն իրենց «ոչ քաղաքական» արբանյակները`կազմակերպությունների և ֆոնդերի տեսքով:

Սրանցից ամենաակտիվ ՀՅԴ-ն փաստացի մեծ ազդեցություն ունի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Հաձնաժողովի վրա և, սերտ կապի մեջ լինելով հայաստանյան թևի հետ, վարում է հայաստանյան իշխանամետ քաղաքականություն և մեծամասամբ տիրապետում է տեղեկատվական դաշտին: ՀՅԴ-ի ընդվզումն արտահայտվեց 2009-ի հոկտեմբերին Փարիզում` հայ-թուրքական մերձեցմանը հրապարակավ ընդդիմանալով:

ՀՀ դրոշը Էյֆելի ֆոնին, Հայոց Ցեղասպանության 100 ամյակ, Փարիզ 2015

Քաղաքական և քաղաքացիական առումով ակտիվության ջահակիրներից մեկը Իլ Դը Ֆրանս համայնքն է իր հայաշատ քաղաքներով` Ալֆորվիլ, Իսի Դը Մուլինո և այլն:

Համայնքում առկա այլ կրոնական ուղղությունների համեմատ` Հայ Առաքելական Եկեղեցին առաջատարն է իր հետևորդների քանակով և իր ռեսուրսներով:

Հայ համայնքի կյանքում Եղեռնի գործոնը ունի կենտրոնական և համախմբող դեր և հանդիսանում է հայության շարժիչը, հաճախ` ինքնության արտահայտման առիթն ու միջոցը:

Հայկական սփյուռքը մեծամասամբ իր ապագան չի պատկերացնում ներկայիս հայկական առկա երկու պետություններում, իսկ պապական հողերի վերադարձին ուղղված գործունեությունը վաղուց արդեն մարել է, և այդ պահանջի հետևորդ սակավաթիվ անհատներն ընկալվում են որպես մերօրյա դոնքիշոթներ: Սա մեծամասամբ կիրառելի է նաև ֆրանսահայի դեպքում:

Նրանցից շատերը ՀՀ անկախության սկզբնական շրջանում բուռն գործունեություն են ծավալել և հաճախ արտահայտում են հիասթափված և ընդհանրացված կարծիքներ:

Սփյուռքում  ամենաակտուալ խնդիրից մեկը հայկական մշակույթի պահպանման և այն աշխարհին բացահայտելն է, որը, նրանց կարծիքով, կօգնի ճանաչելի դարձնել իրենց իսկ և կօժանդակի Արդարության հաստատմանը: Այս, համարյա կրոնական դարձած, ոչ նյութական Արդարության հաստատման հույսն ու նպատակը վեր է ածվել մի ապահով շրջանակի, որում լող է տալիս հայկական ջախջախված նավի վերջին մեկդարյա բեկորը:

Ցավոք, ո´չ Հայ Դատի հարցում պահանջատիրական գործունեության հետևանքով որոշակի հաջողության արգասիքները և ո´չ էլ Արցախյան Հերոսամարտի հաղթանակն այդպես էլ չվերածվեցին որպես հոգեբանական հեղաշրջման հենակետի, որը կօգներ հոգեբանորեն հյուծված և զոհի դաջվածքը պահած անհատին  ուղղել ողնաշարը և լծվել հայոց պետականաշինության գործին:

Հայաստանյան իրականությունը նույնպես չնպաստեց նման մթնոլորտի առաջացմանը: Ընդհակառակը, հայաստանյան իշխանությունները սկզբում հարմարվելով սփյուռքյան պահանջին, իսկ հետո նաև փոխհամագործակցելով նրա հետ և որդեգրելով նրան հաճոյանալու ու առավելագույնս օգտվելու մոտեցումը` գնաց մի գործարքի, որն օր-օրի մխրճում է հայոց ոգին զոհի կաղապարի մեջ:

 Ներկայիս հայաստանյան իշխանությունը որդեգրել է սելեկտիվ մի մոտեցում և իր պրոպագանդայի միջոցով նպաստում է «անվնաս սփյուռքահայի» ձևավորմանը: Սա հայի մի տեսակ է, որն ապրում է «հայեցի», այսինքն` մասնակցում է իշխանության կողմից ներդրված, խրախուսվող կամ վերահսկվող ծրագրերին և միջոցառումներին` կլինի դա հայկական պետություններում, թե արտասահմանում: Նա ժամանակ առ ժամանակ սնվում է հայկական կերակուրներով, հայաստանյան պաշտոնյաների գովեստներով, մրցանակներով և շքանշաններով և կարևորը` աչք փակելով հայկական ներկայի տխուր իրականության վրա (անկախության խարխափում, արտագաղթ, աղքատություն, տարածքների կորուստ Հայաստանում և լեզվի կորստի ու միաձուլման ռիսկի աճ սփյուռքի շատ համայնքներում), կենտրոնանում է Ցեղասպանության Արդարության վերահաստատման հարցի վրա: Հենց նման մոտեցումն է խրախուսվում և տիրում այսօր ֆրանսահայ համայնքում:

Իրականությունն այն է, որ մինչ օրս ֆրանսահայ համայնքի կազմակերպված հիմնական ուժերը պաշտոնապես չեն որդեգրել նյութական փոխհատուցման և տարածքների վերադարձի պահանջը: Այս պահանջները ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում են բացօթյա հավաքույթ-ցույցերի ընթացքում և ամենայն հավանականությամբ ուղղված են ներքին լսարանի կասկածները ցրելուն և ոգևորելուն:

Մյուս կողմից` խիստ անհավանական է, որ ֆրանսիական քաղաքացիություն ունեցող անհատը, Ֆրանսիայի պրեֆեկտուրայում գրանցված կազմակերպությունը կամ կուսակցությունը տարածքային պահանջ ներկայացնի մերօրյա Թուրքիայի նման պետությանը և ավելին` պահանջի բավարարման դեպքում գնալ և հաստատվել այնտեղ:

Հիշեցնեմ, որ 2001 թվականին Ֆրանսիայի Ազգային Ժողովը ընդունեց օրենք ըստ որի` «Ֆրանսիան հանրայնորեն ճանաչում է 1915-ի հայկական ցեղասպանությունը»: Ֆրանսիայում  Հայոց Ցեղասպանության մերժումը  քրեականորեն դատապարտելի չէ: 

Ֆրանսիան համարվում է Եվրոպայում ավանդական հայամետ դիրքորոշում ունեցող երկիր, Մինսկի խմբի երեք երկրներից մեկն է, սակայն առկա է նաև համագործակցություն Ադրբեջանի հետ տեխնիկական հագեցվածության ոլորտում (սատելիտների տեխնիկական հագեցում և սպասարկում), որի առնչությամբ այդպես էլ բացահայտ քննադատորեն չեն արտահայտվել Ֆրանսիայում հայկական ավանդական կուսակցությունները:

Առկա է նաև Հայաստանից  (ՀՀ և Արցախ) ներգաղթյալների մեծաքանակ մի բանակ, որը, դժգոհ լինելով նախկին կամ /և առկա հայաստանյան իշխանավորներից, գերադասում է իր դժգոհությունն արտահայտել ներընտանեկան-խոհանոցային մակարդակով:

Ներգաղթյալների շարքերում են սոցիալական և առողջապահական ավելի լավ պայմաններ փնտրողները, շատերը ունեն եվրոպական մի այլ երկրում ապաստան հայցելու և մերժված լինելու պատմություն:

Ապաստան հայցելու հիմնական պաշտոնական պատճառը, ամենայն հավանականությամբ, քաղաքական է, առկա են կրոնական և ազգային խտրականության հողի վրա «հանձնվողներ» (Ֆրասիայում ապաստան հայցողի ինքնաբնութագրումը):

Այս խումբն անցնում է բավական բարդ մի ճանապարհ և հիմնականում երկար տարիներ բացառվում է նրանց` նույնիսկ որպես զբոսաշրջիկ Հայաստան վերադարձի հնարավորությունը:

Իմ կարծիքով, նրանց նախնական հասարակական և քաղաքական պասիվությունը հայաստանյան իրադարձություններին կապված է նրանց «հանձնվելու» (դեպքերը հաճախ մտացածին են) պատճառի, Հայաստանից հիասթափության, հոգեբանորեն ճնշված լինելու և Ֆրանսիայում օրինական կարգավիճակ ստանալու (սեփական բնութագրմամբ` «թուղթ ստանալու») հետ:

Կա նաև Հայաստանից մեկնածին «դավաճանի» պիտակավորման ռիսկն ու վախը, որն արտահայտվում է «լքել ես, լռիր» մոտեցմամբ:

Նրանցից ամենաճարպիկները, հաճախ ընդունելով տեղի հայության կանոնները, ներգրավված են հայկական կուսակցություններում և օգտվում են առկա աշխատանքային կամ բիզնես շուկայից:

Հայ: Հետնապակի, Ալֆորտվիլ 2016

Ֆրանսահայ գաղթօջախում ճանաչելի դառնալու հիմնական այլընտրանքային միջոցը մնում է հայաստանյան իշխանությունների կողմից ընդունելի լինելը: Սա մի երկկողմանի շահավետ գործարք է, որն արտահայտվում է հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությանը և մոտեցմանը հնարավորինս օժանդակ լինելու վարքագծով: Ոչ կամ սակավ քաղաքականացված կազմակերպությունների հայաստանյան իշխանամետությունը կամ լավագույն դեպքում լոյալությունը պայմանավորված է նույնիսկ բացառապես սեփական ուժերով և ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացմանը հայաստանյան իշխանությունների կողմից  չխոչընդոտելու զգուշացմամբ:

Առկա իրավիճակը ստեղծել է մի իրադրություն, երբ և´ գայլերն են կուշտ և´ հոտն է ապահով: Այսինքն` սփյուռքը մեծամասամբ «գիտի իր տեղը» և աչք է փակում հայաստանյան խնդրիների, այդ թվում` Հայաստանից սաստկացող արտագաղթի վրա` կարծելով, թե  ՀՀ ապահովությունը կախված է հիմնականում ՌԴ-ից, և ներկա իշխանությունը, ինչքան էլ շատ-շատերի կարծիքով անտաղանդ, կաշառակեր և օրինախախտ` սակայն ապահովում է ռուսակենտրոն քաղաքականություն, այսինքն` թուրքական ագրեսիայից ապահով Հայաստան: 

Այսպիսով, առաջացել է շատերի համար շահեկան մի իրավիճակ. ինչպես նշեցի, նոր ներգաղթյալները սկզբնական շրջանում հիմնականում անցնում են սփյուռքյան կազմակերպությունների միջով: Այսինքն` շատ գործատուներ, համայնքի առաջնորդներ, գործարարներ և կուսակցականներ (հաճախ այս ամենը մեկ մարդու կամ խմբի մեջ արտահայտված է) ունենում են հնարավորություն` ստանալ էժան և երբեմն որակյալ աշխատուժ, ներգաղթն ապահովում է կլիենտուրա, քանի որ հայկական սփյուռքը բավականին փակ և ներհայկական, իսկ երբեմն` կլանային գործունեություն է ծավալում (հայկական մշակութային կենտրոն, խանութ կամ հաստատություն), որի հաճախորդների հիմնական կորիզը հենց հայությունն է:

Մեռնող հայկական կուսակցություններն ու կազմակերպությունները վերածնվում են նոր ներգաղթյալների հաշվին, որոնք այնտեղ հիմնականում ներգրավված են ոչ գաղափարական տեսակետներից ելնելով և հիմնականում չունեն նույնանուն կուսակցությունում ներգրավվածության հայաստանյան անցյալ:

Հայոց Ցեղասպանությունը ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կողմից մեծամասամբ արտահայտվում է génocide arémnien, այսինքն  հայկական ցեղասպանություն վտանգավոր  տերմինով:

Այսպիսով, ապրելով ժողովրդավար երկրում, հայկական համայնքը ինքնակարգավորվում է սեփական և հիմնականում ներքին ոչ ժողովրդավարական մոդելի պայմաններում: Առկա է ներգաղութային սելեկտիվ մոտեցում` կապված արթագաղթած երկրի հետ: Առկա են նախախնամություններ և նախապայմաններ, որոնք մեծ դեր են խաղում ներքին ինտեգրման ճանապարհին, և այս ամենն արվում է հայաստանյան իշխանություններ-սփյուռք առերևույթ թվացյալ և անհեռատես, փոխշահավետ համագործակցության ներքո: Տեսանելի է խիստ հարմարվողականության մոտեցումը և երեք փիլիսոփա կապիկների իմիտացիան` խնդիրների հիմնապատճառների նկատմամբ:

Սակայն, այս թվացյալ անխափան աշխատող մեխանիզմի անկարողության ցուցանիշը հենց իսկ դրա շարժիչն է: Հենց Մեծ Եղեռնի խնդրի լուծման հարցում միացյալ իմպոտենցիան, գումարած ներկայացուցիչ երկրի վերաբերմունքը հայկական պետությունների հանդեպ կարող է բերել այս երկարատև աչքակապության և վերջին քսանամյա ինքնախաբեության ավարտին:

Կփորձեմ համառոտ ձևով բացատրել ասածս:

Հայկական հարցի ճանաչումը, իմ կարծիքով, ներկա հայկական ռեսուրսների ու իներցիոն գործելաոճի պայմաններում հասել է իր գագաթնակետին: Հայկական սփյուռքը մանիպուլացվում է ընտրությունից-ընտրություն` հայաշատ համայնքներում ձայներ ապահովելու նպատակով: Առկա է գաղութի ներքին մանիպուլացման երևույթ ևս, որի բանալին հենց հայկական կազմակերպված հաստատությունների ձեռքում է:

 Այս ռեսուրսը կնվազի հարցի ակտուալության մեղմացմամբ (հենց սեփական կարգի և տեղի ապահովման կորստի վախով է նաև պայմանավորված հայկական կուսակցությունների կողմից Եղեռնի հարցի սրումը երիտասարդության շրջանում), հայաշատ համայնքներ ունեցող երկրներում Եղեռնի արդեն իսկ ճանաչման փաստով, հայերի ձուլմամբ, ընտրող հայերի քանակի սակավությամբ (նորեկ հայերը մեծամասամբ ընտրելու իրավունք չունեն, կա նաև «անտարբերների» մեծ բանակ) և հակակշիռ համայնքների ձևավորմամբ, որի հստակ արտահայտումը տեսանելի է Ֆրանսիայում, որտեղ մեծանում է հակակշիռ թուրքական համայնքը:

Ավելորդ չեմ համարում նշել, որ հայկական երկու պետություններն անկարող են ապահովել շարունակական երկարատև ներգաղթ առ սփյուռք:

Սփյուռքի ինքնասնուցման և նրա ղեկավարների երկդիմի գործունեությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ այս հսկա ներուժի էֆեկտիվությունը եսակենտրոն կուլիսային գործարքների ու ոչ ներկայացուցչական գործունեության պատճառով խիստ նվազում է: Խոսքս կհաստատեմ ՀՀ-ին ԱՄՆ ֆինանսական օժանդակության 70 տոկոս կրճատման օրինակով ու առկա մեծաքանակ սփյուռքի զսպման անկարողությանբ, ՌԴ-ում հայաստանյան կարևոր իրադարձությունների հանդեպ հայկական սփյուռքի պասիվ վերաբերմունքով, Ֆրանսիայում ցեղասպանության ժխտման օրենքի հարցում կրկնակի անհաջողությամբ և այլն:

Սակայն, հայաստանյան հարցերը թողնենք դեռևս առկա սակավաթիվ խիզախներին և վերանայենք սփյուռքի ներկան և ինչքան էլ տարօրինակ հնչի`ապագան:

Անձնական պայքարի ու դիմադրության մասին խոսելուց առաջ ավելորդ չի լինի անդրադառնալ Ցեղասպանության հարցի իրատեսական գնահատմանը և ընկալմանը, ավելի շուտ` դրա հնարավոր ժամանակավոր սառեցմանը և այդ հարցով այլևս ինքնախաբեության և, ինչու չէ, նաև դրանով համայնքը մանիպուլացնելու հնարավորության հիրավի բացառմանը:

Հաջորդ հրատապ խնդիրը ներհամայնքային կյանքում, մանավանդ կարևոր հարցերի շուրջ իրական ժողովրդավարական մոտեցման որդեգրումն է:

Եվ, վերջապես, համազգային և պետականակենտրոն մոտեցման որդեգրումն է, Հայաստանի ինքնիշխանության խթանումը, հեռահար ու հնարավորինս իրատես նպատակների մշակումը և, դրանից ելնելով, ֆոբիաներից ազատ ու գլխավորը` նպատակին հակասելու դեպքում ընդդիմադիր կեցվածքի ապահովումն է: Ցավոք, նման մոտեցման դեպքում հնարավոր են եղած մարդասիրական ծրագրերի ժամանակավոր կասեցման լուռ սպառնալիքներ և արհեստական խոչընդոտներ, սակայն, ի վերջո, պետք է գնահատել սահմանամերձ դպրոցի կառուցման կամ վերանորոգման արդյունավետությունը, որտեղ արտագաղթի և անարդյունավետ քաղաքականության հետևանքով բացակայում կամ խիստ նվազում են շահառուների քանակը: Որոշ դպրոցներ նույնիսկ փակման ռիսկի տակ են այսօր:

Շատ ծրագրերի բացը և կասեցումը անհրաժեշտ կլինի լուսաբանել առկա մեդիաներով` մատնացույց անելով իրական խոչընդոտները, որը կդառնա նաև արտաքին` ոչ հայաստանյան զսպման լծակ, իսկ ներքին դժգոհությունը կարելի է վերածել ներքին ռեֆորմի խթանման նախընթացի և այս ամենը` ելնելով հայակենտրոն նպատակների իրականացման պահանջից:

Ելնելով Ֆրանսիայում Հայ Առաքելական Եկեղեցու ժողովրդականության փաստից` վստահորեն կարելի է նշել, որ այն կարող է մեծ ազդեցություն ունենալ համայնքի առողջացման և ակտիվացման գործում, սակայն ի բացառություն եզակի անհատների և օրինակների  այն  հիմնականում համահունչ է  սփյուռքի լճացած իրականությանը:

Այս ամենի անտեսման հետևանքը կլինի հայկական սփյուռքի մանիպուլացման ռիսկի աճը և ներհամայնքային ամբոխավարության խորացումը, սփյուռքի և հայաստանյան հասարակության միջև կխորանա արդեն իսկ առկա վտանգավոր խորշը, կշարունակի նվազել հայաստանյան իշխանությունների հանդեպ շարքային ֆրանսիահայի վստահությունը, կաճի անտարբերությունը հայաստանյան իրադարձությունների հանդեպ որն, ի վերջո, ռիսկային է երկու կողմերի և հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter