HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չէ՛, լավ չեք պարապացրել էս ջահելին»

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սովորաբար ազատությունից զրկված ու բռնության ենթարկված մարդիկ վախենում են խոսել բռնությունների մասին, իսկ ազատության մեջ հայտնվելուց հետո փորձում են մոռանալ, որպեսզի հոգեբանորեն հեշտ լինի ապրել: Այս հանգամանքից օգտվում են բռնություն կիրառողները, ովքեր, որպես կանոն, մնում են անպատիժ: Սակայն միայն բարձրաձայնելով կարելի է ինչ-որ կերպ կանխել նման երևույթները, որոնք այսօր նորից գլուխ են փորձում բարձրացնել:

Այս անգամ ձեզ կպատմեմ իմ նկատմամբ խորհրդային շրջանի ոստիկանական բաժանմունքում կիրառված բռնությունների մասին, ինչի միջոցով փորձում էին ինքնախոստովանական ցուցմունքներ կորզել:

1996թ. հուլիսի 13, այս օրը ապացույցներ հավաքելու փոխարեն, որպեսզի պարզեն ճշմարտությունը, Խորհրդային շրջանի ոստիկաններն, ավելի հավանական է`հրահանգով, վերացնում էին դեպքի վայրի կարևորագույն ապացույցները, իսկ մյուս կողմից`խոշտանգումներ կիրառելով՝ փորձում էին կորզել ցուցմունքներ, որպեսզի իրական հանցագործները պատասխանատվության չենթարկվեն, մենակ, թե ում գլխին հեշտ է՝ ջարդեն գործը ու փակեն:

Փոխանակ դեպքի վայրը ժապավենով առանձնացնեին ու ոչ ոքի չթողնեին ներս մտնել, մինչև ժամանեին փորձագետները և նմուշներ վերցնեին` հողագիտական, ոտնահետքաբանական, մատնահետքաբանական, մանրաթելային փորձաքննություններ անցկացնելու համար, ոստիկանների մի խումբ ոտքի տակ էին առել դեպքի վայրը, ամենուր դիպչում էին`ջնջելով, վերացնելով հանցագործների թողած հետքերը: Ամառվա շոգին պահում էին ակվարիում կոչված մի խցում (կես մետրը մեկ մետրի վրա, առանց օդափոխության`բացարձակ առանց որևէ անցքի): Զուգարան գնալ չէին թույլատրում, ոչ մի կաթիլ ջուր չէին տալիս:

Ես միակը չէի: Իմ տարիքի`20 տարեկան մի անծանոթ երիտասարդի բերեցին ու հրեցին-գցեցին ակվարիումի մեջ, որտեղ ես նստած էի: Տեսա՝ ոտաբոբիկ է՝ ինչու՞ հարցրեցի:

- Ախպե՛ր ջան, աչքիս դու նավիչոկ ես, հլը չես ջոկում՝ ուր ես ընկել: Պետի կաբինետում պառկացրել էին գետնին, կոշիկներս հանել ու դուբինկեքով իրար հետևից մի 10 րոպե, ինչքան ուժ ունեին, խփում էին ոտերիս տակ: Գիտե՞ս ինչ ցավոտ ա: Ըտեղ են խփում, որ հետքեր չմնան:

- Բայց ինչի՞ են ծեծում, - միամիտ-միամիտ հարցրեցի:

- Դու իսկականից ոնց-որ ուրիշ մոլորակից լինես: Շոտչիկ գողանալուց են ինձ բռնել, հիմա ծեծում են, որ Մասիվում ինչքան գողություն էղել ա, վիզ վերցնեմ ու սաղ գործերը փակեն՝ իբր բացահայտել են... շոտչիկների, ավտոզապչաստների գողությունները ասում են վրադ վեկալ:

Շուտով ինձ էլ տարան պետի աշխատասենյակ: Մի 5-7 ոստիկան կար ու մի երիտասարդ` տեսախցիկը ձեռքին:

- Արա՛, էս խի՞ շնուռոկները չեք հանել, - ջղայնանում է պետն իր ենթակաների վրա,- բոլորի մոտից շնուռոկ, գոտի հանեք, կարող ա ծեծին, նագռուզկին չդիմանան, ուզենան կախվեն` պրծնեն:

Մտածում եմ, որ կոշիկներս են ուզում հանել, որ…

Կապիչները հանում են կոշիկներիցս, ասում, որ պատմեմ՝ ինչ է եղել:

- Մարդ են սպանել, - ասում եմ ես շատ կամաց ու վախենալով:

- Անջատի կամեռան, - հրահանգում է պետը օպերատորին ու մոտենում ինձ, - արա՛, քթիդ տակ մի՛ խոսա, ո՞վ ա սպանել, ասում ես`մարդ են սպանել, պարզ ասա`ինչ ա եղել:

- Մարդ են սպանել, - նորից ասում եմ ես շատ կամաց ու աստված եմ կանչում, որ օրինական ձևով հարցաքննություն սկսվի`քննիչ, փաստաբան գա...

- Չէ՛, լավ չեք պարապացրել էս ջահելին, հիմա մի 5 րոպեով դուրս եմ գալիս, հենց գամ`էլ քթի տակ չխոսա, - ասում է պետն և դուրս գալիս:

Ոստիկաններից մեկը ուժեղ հարվածում է ոտքերիս, գցում են գետնին հենց պետի աշխատասենյակում: Ու...

Հաջորդ անգամ կպատմեմ «Նուբարաշեն» բանտի խոշտանգումների մասին: Այստեղ նույնպես խոշտանգում է կիրառվել իմ հանդեպ առաջին փախուստից հետո, երբ դարձյալ փախուստի փորձ էի արել, և այդ փաստը արձանագրվել է թե՛ Մարդու իրավունքների առաջին պաշտպան տիկին Լարիսա Ալավերդյանի աշխատակիցների, թե՛ Դիտորդական խմբի կողմից:

Միայն Եվրոպայի գործոնն է ստիպել ԵԽ-ին անդամակցելուց հետո կամաց-կամաց որոշ չափով զերծ պահել ոստիկաններին և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներին բռնություն կիրառելուց: Սակայն հոգեբանության փոփոխություն է հարկավոր, այլապես շատ արագ կվերադառնանք խորհրդային տարիների ռեպրեսիաներին, երբ յուրաքանչյուր մարդ, ով փոքր-ինչ այլ կերպ էր մտածում, քան պարտադրում էին իշխանությունները, անմիջապես հայտնվում էր բանտում:

Լեռ Կամսարն իր «Բանտիս օրագիրը» գրքում նկարագրում է՝ ինչպես էին իրենից փորձում ինքնախոստովանական ցուցմունքեր կորզել, իսկ Հենրիկ Շաթիրյանն իր «Խարան» վեպում պատմում է Հայաստանի խորհրդային ոստիկանների անմարդկային վերաբերմունքի, ծեծ ու ջարդի մասին`ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելուն ուղղված:

Աստված չանի, որ վերադառնան սովետական, կամ նորանկախ Հայաստանի 90-ականները: Խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքն ու պատիժը բռնապետության ամենավառ ատրիբուտներն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter