HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կինոթատրոն անիվների վրա. Ջերմուկում գտել են ժամանցի հետաքրքիր տարբերակ

Ջերմուկի բնակիչ, 18-ամյա Խաչատուր Բաբաջանյանին «քայլող» կինոթատրոնի գաղափարը հանգիստ չէր տալիս շուրջ երեք տարի: «Կրեատիվ մի բան էի ուզում անել մեր քաղաքի համար, որտեղ ժամանցի վայրերի պակաս կա,- պարզաբանում է Խաչատուրը,- երեք տարի էս գաղափարի շուրջ մտածում էի, բայց միայն այս տարի հնարավոր եղավ իրականացնել»:

2016թ-ի դեկտեմբերին «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանի խորհրդով գաղափարը մշակել ու ծրագրով դիմել է Awesome Foundation Yerevan կազմակերպության հայտարարած մրցույթին: Հունվարի 19-ին ստացել է բաղձալի լուրը՝ եզրափակիչ անցած երեք ծրագրերից ընտրվել է իրենը:

Խաչատուր Բաբաջանյանը

1000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում է ստացել Խաչատուրը գաղափարն իրականացնելու համար: Սկզբում մտածում էր, որ «քայլող» կինոթատրոնը տեղավորելու է անիվներով քարշակի վրա եւ ընդամենը մեկ ամիս առաջ է ավտոբուսի գաղափարը կյանքի կոչել: «Մտքումս անընդհատ քարշակի տարբերակն էր, հետո հասկացա, որ բավականին դժվարություններ կունենամ ու սովետական «Լազ» մակնիշի ավտոբուսն ամենահարմար տեղ է` որպես կինոսրահ կահավորելու համար,- պատմում է Խաչատուրը,- դիմեցի մեր մարզի պատգամավորին՝ պարոն Արսենյանին, աջակցության համար: էս ավտոբուսը նվեր եմ ստացել»:

«Սինեմա-ավտոբուսի» ձեւափոխման աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ: Խաչատուրին օգնում են մտերիմ ընկերները՝ Հարություն Սարգսյանը եւ Մարինա Արզումանովան, ով իրականացրել է ավտոբուսի արտաքին նկարազարդումները: Աշխատում են առավոտից մինչեւ արեւի մայր մտնելը:

Պատուհանները հերմետիկ փակել են, վարորդի խցիկն անջատել պատով՝ էկրանի էֆեկտ ստանալու նպատակով, ավտոբուսի նստարանների մաշված ու շարքից դուրս եկած կաշվե նստատեղերն ու թիկնակները նախկին սեւ պաստառի փոխարեն վառ, կարմիր գունավորում են ստացել: «Մուտքի» մոտ, առանձնացված հատվածում, տեղադրել են վաճառասեղանը, որը միաժամանակ ծառայելու է որպես բար (հանդիսատեսին վաճառելու են հյութ ու պոպկորն):

Տոմսի արժեքը չի գերազանցելու 500 դրամը: Միաժամանակ կինոդիտման հնարավորություն կունենա 14 հանդիսատես: Ավտոբուսում տեղադրվելու է օդափոխման համակարգ՝ հերմետիկ փակված տարածքում զով միջավայր ապահովելու համար: Ֆիլմերի ընտրությունը կկատարեն «Ֆեյսբուք» եւ «Ինստագրամ» սոցիալական ցանցերում բաց առաջարկ-քննարկումներից հետո: Կլինեն նաեւ ուսուցողական, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաեւ մուլտֆիլմեր փոքրիկների համար:

Խաչատուրին աջակցում են նաեւ ծնողները: Մայրը՝ Քրիստինե Գեւորգյանը, հիշում է, որ Ջերմուկի` ներկայումս արդեն չգործող կինոթատրոնի շենքում 22 տարի առաջ 10-րդ դասարանցիներով ֆիլմ են դիտել: Դրանից հետո չի հիշում, որ շենքն իր նպատակին ծառայած լինի: Բավականին գեղեցիկ եւ ճարտարապետական նշանակություն ունեցող շինություն է Ջերմուկի կինոթատրոնի շենքը, որը անկախացումից հետո մասնավորեցվել է, երկու սեփականատեր փոխել ու մինչեւ օրս մատնված է պարապուրդի:

Ջերմուկի կինոթատրոնի չգործող շենքը

«Ես ցավ եմ ապրում, որ ջերմուկցիների ներկայիս սերունդը զրկված է կինոթատրոն հաճախելու հաճույքից,- ասում է Քրիստինեն,- ինչպես ճանապարհորդությունները, համատեղ այլ միջոցառումները՝ միասին կինոդիտումների հաճախելն էլ է մտերմացնում մարդկանց: Հասկանալի է, որ հիմա կարելի է ինտերնետով ցանկացած բան նայել, բայց կարծում եմ կողք կողքի նստած խմբով մեկ ֆիլմ դիտելը, հետո քննարկելն այլ էֆեկտ է»:

Քրիստինե Գեւորգյանը

Պատմում է, որ ուսանող տղայի գաղափարի մասին իմացել է այն ժամանակ, երբ Խաչատուրի առաջարկած ծրագիրն անցել է եզրափակիչ փուլ: Խաչատուրը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատացման բաժնում: «Տղաս Երեւանում է սովորում ու հունվարի արձակուրդներին եկել էր տուն: Էդ ժամանակ ենք իմացել: Ասում էր` մամ, չէի ուզում նախօրոք ասել, բա որ չանցնեի: Դե հետո, երբ ամեն ինչ հաստատվեց, ես էլ, ամուսինս էլ ուժերի ներածին չափով փորձեցինք օգնել, որովհետեւ սա իր առաջին լուրջ գաղափարն է, որ իրականություն է դարձել, ու կարծում եմ՝ հետագայում զարգացման տեղ ունի»:

«Քայլող» կինոթատրոնը միայն Ջերմուկում չի կայանելու: Խաչատուրը մտադիր է շրջել նաեւ տարածաշրջանի գյուղերում: Անիվների վրա կինոթատրոնի վարորդը 60-ամյա Դավիթ Մկրտչյանն է, ով նախկինում էլ է վարել նույն ավտոբուսը: «Գյուղերում կինոդիտումներն անվճար ենք կազմակերպելու բնակիչների համար: Աջակցության համար դիմելու ենք համայնքապետարաններին»,- փոխանցում է Խաչատուրը:

«Քայլող» կինոթատրոնի «բենեֆիսը» նախատեսված է հուլիսի 2-ին: Այդ օրը ջերմուկցիներն ու քաղաք այցելած զբոսաշրջիկներն իրենց օրը կարող են ավելի հետաքրքիր կազմակերպել:

Մեկնաբանություններ (5)

scandinavian comment
Absolutely Great Idea!! But if you expect tourists to find this, they should have exact information about times and places. There should be up-to-date prochures in the hotels of Jermuk. Armenia is full of great things but they are very difficult to find.
Vahe
Very good of you mate, this is the best idea in the world ! Hope you show nature documentaries too !
Հովհաննես
Շատ ողջունելի է,եթե մի մասը ձեզ պես մտածեր ապա երիտասարդության մեծ մասն կմնար Հայաս տանում։Ձեզ ավելի մեծ գործեր, հաջողություն նոր։
Հովհաննես
Շատ լավ զգացի կարդալով,եթե Հայաստանի 30%ը ձեզ պես մտածեցին կարծում եմ հիանալի կլիներ,և երիտասարդության մեծ մասն կմնար Հայաս տանում։Քեզ բարի երթ, ավելի մեծ գործեր կատարես։
Անահիտ Սարիբեկյան
Կեցցե՛ս, անու՛շ տղա: Շատ ճիշտ գաղափար է: Թող շարունակական լինի. արտագաղթելու փոխարեն այսպիսի նախագծեր մշակեք և մեր մյուս երիտասարդներին էլ ոգևորեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter