HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

«Fleetwood Mac». Թռիչք վայրէջքի պահին

Ավագ սերնդի երաժշտասերները, ովքեր առավել մոտ են 1960-1970-ականների երաժշտական կյանքին, կվկայեն, որ «Fleetwood Mac» խումբն իր ստեղծագործական և կոմերցիոն թռիչքներին զուգահեռ՝ հաճախ էր ունենում անկումային վայրէջքներ: Բրիտանաամերիկյան ծագմամբ այս խումբը ժամանակ առ ժամանակ կերպարանափոխվում էր՝ այդ անկումները հաղթահարելով ժանրային, ոճային, ստեղծագործական և երաժշտական կազմի որոշակի փոփոխությամբ: Այդպես լինում է գրեթե բոլոր ընտանիքներում՝ լավ ու վատ օրեր, որոնք ընդունվում կամ ճանապարհվում են տան անդամների լուռ համաձայնությամբ, իսկ երբեմն՝ ներքին ընդվզման ձայնով: Իսկ սա այն խմբերից է, որին կարելի է ոչ միայն երաժշտական թելերով կապված ընտանիք համարել. այլև ուղղակի՝ իր ստացված ու ձախողված միություններով:

«Fleetwood Mac»-ի նմանատիպ տրամադրությունները երբեմն բխում էին ներքին կոնֆլիկտներից: Դրանք կարող էին լինել ոչ միայն ստեղծագործական ճգնաժամի, այլև զուտ անձնական հարաբերությունների հետևանք: Եվ դա առավել տեսանելի դարձավ 70-ականների կեսերից, երբ  Փիթեր Գրինի դարաշրջանն անցել էր և «Fleetwood Mac»-ի կազմում հանդես էին գալիս Լինդսի Բաքինգհեմ- Սթիվի Նիքս զույգը,  Ջոն և Քրիստի ՄաքՎիները (բաս, ստեղնաշարային): Հիմնադիր կազմից Ջոնի հետ մնում էր, իհարկե, նաև հարվածորդ, թմբկահար Միք Ֆլիթվուդը:

«Go Your Own Way». սա խմբի ամենահայտնի ու սիրված երգերից մեկն է: Նրա ծնունդով սկիզբ դրվեց ոչ միայն մեծագույն երաժշտական հաջողությունների, այլև խմբի կյանքում նոր, ու թերևս ներքին ավելի առողջ հարաբերությունների: Կարևոր հանգամանք, որը ստեղծագործական առաջընթացի լավագույն պայմաններից մեկն է: Երգը գրվեց 1976թ., հեղինակը խմբի կիթառահար, վոկալիստ Լինդսի Բաքինգհեմն էր: Նրա և երգչուհի Սթիվի Նիքսի ռոմանտիկ, համատեղ կյանքն արդեն ութամյա պատմություն ուներ: Արևմուտքում անձնական հարաբերությունների համար կարծես թե բավականին մեծ ժամկետ ենթադրող այս կապն արդեն այդքան էլ ամուր չէր: Նրանց սիրո և ռոմանտիկ կյանքի հիմքերը խարխլվում էին՝ հիմնականում առանց այդ մասին միմյանց ասելու: Հակառակը՝ այն ուղեկցվում էր լուռ, ներքին պայքարով ու անորոշ սպասումով:

Գրեթե նույն հարաբերություններն ունեին ՄաքՎիները: Այս տրամադրությունն ու հոգեվիճակը, ինչ խոսք, ազդում էր նաև նրանց ստեղծագործական կյանքի վրա, ուստի՝ խարխլվում էր խմբի «առողջությունը»: Երաժիշտները սկսել էին նաև իրարից հոգնել ու իրար երբեմն չհասկանալ:

Եվ ահա մի օր, Բաքինգհեմը տրամադրվեց. նա իսկապես համարձակություն հավաքեց ու կարողացավ ասել՝ գնա՛ քո ճանապարհով՝ Go Your Own Way:

Լինդսի Բաքինգհեմն այս երգը գրեց արձակուրդային մի հանգստի ընթացքում: Խումբը տուն էր վարձակալել Ֆլորիդայում՝ օվկիանոսի ափին շատ մոտ: Երաժիշտներն այս հանգստի միջոցով փորձում էին հարթել նաև խմբի անդամների միջև առկա լարվածությունը: «Մի քիչ դժվար է դա արձակուրդ անվանել,- հիշում է Միք Ֆլիթվուդը («Fleetwood Mac»-ի հարվածորդը) հարցազրույցներից մեկում,- բացի ակնհայտ տիրող սթրեսային վիճակից (որի մասին ոչ ոք չէր խոսում), ես հիշում եմ, որ տանը խիստ լարված մթնոլորտ կար: Ու կարծես դրանով հստակ երևում էր ամեն ինչ՝ այս իրավիճակը ոչնչով և ոչ մի կերպ այլևս հնարավոր չէր շտկել… Ահա նման մթնոլորտում էլ Լինդսին մեզ ներկայացրեց իր նոր գործերից մի քանիսը, որոնք գրել էր պատրաստվող ալբոմի համար: Այս մեկն, իհարկե, դեռևս սևագիր տարբերակում էր, սակայն իրոք՝ հիանալի էր…»:

Երգը թողարկվեց 1977թ. «Rumours» ալբոմի կազմում: Այն ալբոմի առաջին սինգլն էր և դարձավ խմբի ամենամեծ հիթը ԱՄՆ-ում: Ամբողջ ալբոմը, որտեղ հիմնականում Բաքինգհեմի և Նիքսի հեղինակած երգերն էին (բացառությամբ մի քանիսի) հատուկ հաղորդագրության էր նման՝ խոսելու այն բաների մասին, որոնք առայժմ զույգերի ներսում չէին բարձրաձայնվում: 1976թ., երկարատև ու անդադար համերգաշարերից հետո ՄաքՎիները որոշեցին ամուսնալուծվել: Զույգը նույնիսկ հասարակ շփման ցանկություն չուներ, և հաղորդակցության միակ տարբերակը նրանց կյանքում դարձավ երաժշտական տարածքը: Անձնական կյանքում լուրջ խնդիրներ ուներ նաև Ֆլիթվուդը: Դա ակնհայտորեն իր ազդեցությունն էր թողել խմբի անփոխարինելի հարվածորդի վրա, քանի որ այս շրջանում նրա կատարողական ձիրքն էլ էր մարել: Ֆլիթվուդը երբեմն ուղղակի չէր կարողանում լավ նվագել: Դե իսկ Բաքինգհեմ-Նիքս զույգի կյանքն այսպես ասած՝ «on-off» կարգավիճակում էր: Նրանց վեճի ձայները չէին լսվում միայն ստեղծագործելու պահերին: Այս ամենին գումարվում էին հասարակական բամբասանքներն ու դեղին մամուլի արձագանքները՝ ողողված նրանց անձնական կյանքի, խմբի նախկին՝ հիմնադիր անդամների վերադարձի ու թմրադեղերի մասին կեղծ ու հորինած պատմություններով: Եվ նոր թողարկված «Rumours»-ը (Խոսակցություններ) այս ամենի արձագանքն էր:

Չնայած երաժիշտների անկումային տրամադրությանը՝ «Rumours»-ը խմբի ամենաբարձր թռիչքներից մեկը դարձավ՝ ամենահաջողվածը, ամենավաճառվածը և 70-ականների երաժշտության լավագույներից մեկը: Իսկ առաջ մղող ուժերից մեկն էլ «Go Your Own Way» երգն էր:

Երգի տեքստից ակնհայտ էր, որ Լինդսին այստեղ հնչող խոսքերն ուղղել էր Սթիվիին: Նա ակնհայտորեն նրան նկատի ուներ, սակայն հաշվի առնելով երաժիշտներից յուրաքանչյուրի պատմությունը՝ սեփական ճանապարհով գնալու կոչը կարող էր որպես ընդհանուր ակնարկ դիտարկվել: Ի վերջո այդպես էլ արեցին, իսկ այդ բոլոր ճանապարհների տարբերությունից հարթվեց խմբի սեփական ուղին:

Սթիվի Նիքսը, անդրադառնալով երգում հնչող «Packing up, shacking up is all you want to do» տողին, որից շատ էր վիրավորվել ինքը, ասել է, որ այն ժամանակ նա խնդրել էր Լինդսիին դրանք հանել տեքստից: Բայց մերժվել էր: «Նա գիտեր, որ դա ճիշտ չէ, և որ ես այդպիսին չեմ եղել,- պատմել է երգչուհին «Ռոլինգ Սթոուն» ամսագրին,- դա պարզապես զայրույթի պահին դուրս թռած խոսք էր: Եվ ամեն անգամ,  երբ դրանք հնչում էին բեմում, ես ուզում էի ուղղակի սպանել նրան: Նա դա շատ լավ զգում էր և իրականում հմտորեն խաղում էր ինձ հետ: Ուզում էր ասել. «Քեզ տանջելու եմ ինձնից հեռանալու համար»: Ու ես, իսկապես, տանջվում էի դրանից»:

Զույգը վերջնականապես բաժանվեց «Rumours»-ի ստուդիական աշխատանքների ժամանակ: Նման հարաբերությունները (նկատի ունենալով նաև արդեն ամուսնալուծված ՄաքՎիներին) ենթադրում էին, որ համատեղ աշխատանք կամ լավ արդյունք անհնար էր սպասել: Սակայն ապացուցվեց ճիշտ հակառակը: Կյանքի անձնական անհաջողությունները ուժ էին տվել նրանց՝ մեկը մյուսին իր հնարավոր լավագույնը ցույց տալու: Դա նկատելի էր նաև երաժշտական մասում, հատկապես եթե նկատենք կիթառի սոլոներով առանձնապես աչքի չընկնող խմբին՝ այստեղ հնչող սոլոյի միջով: Իսկ նրանց այդ ձգտումն, ինչպես հետո պարզվեց, ամբողջովին երաժշտասերների օգտին էր:

Ալբոմի թողարկումը նախատեսված էր 1977թ. փետրվարին, սակայն երաժիշտների պնդմամբ՝ «Go Your Own Way»-ը որպես սինգլ նախապես թողարկվեց, 1976թ. դեկտեմբերին: Միգուցե դա նրանց Ծննդյան տոների նվերն էր ունկնդիրներին, բայց իրականում սինգլը լավագույն նվեր էր ալբոմի համար: Իր ունեցած հաջողություններով «Go Your Own Way»-ը ճանապարհ հարթեց «Rumours»-ի համար մինչ նրա ի հայտ գալը:

Ի դեպ, չնայած երաժշտական մասում միմյանց միջև որոշ դժգոհությունների և փոխադարձ քննադատությունների, Միք Ֆլիթվուդն ասում է, որ այս երգը իր ամենասիրելի գործերից մեկն է եղել:

Գլխավոր լուսանկարը՝ Ռիչարդ Աարոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter