HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վեդիում այգին լուսավորվում է հեծանիվ վարելուց ստացված էներգիայով

Վեդիի մանկական այգիներից մեկը լուսավորվում է հեծանիվ վարելուց ստացված էներգիայով: Երեխաներն ու տարեցները վարում են անշարժ տեղադրված հեծանիվները, դրանց ամրացված մարտկոցներում կուտակվում է վարելուց առաջացած էներգիան, իսկ արդեն երեկոյան կուտակված էներեգիան, լուսադիոտային (LED) լամպերի միջոցով, լուսավորում է այգին։ 

Նման այգին ունենալու գաղափարը էկոլոգ Լևոն Հարությունյանինն է։ Էկոլոգը այս գաղափարն ունեցել է հունվարին։ Դրանից օրեր անց գաղափարի մասին պատմել է ընկերներին, և որոշել են եղանակները բացվելուն պես հեծանիվները տեղադրել այգում։ 

Ապրիլ-մայիսին Լևոնը, մասնագիտությամբ կենդանաբան Մարիա Անտոնոսյանը, հանրային առողջապահության մասնագետ Սամվել Գրիգորյանը, էկոլոգ Արևիկ Ավետիսյանն ու աշխարհագրության ուսուցչուհի Սոնա Մովսեսյանը սկսել են այգում ձևավորման աշխատանքները։ Հունիսի 4-ին այգին արդեն բացվել է։ 

Թիմը այսպիսի այգի ստեղծել է բնապահպանական խնդիրները լուծելու, որոշ չափով ֆիզիկական առողջություն ապահովելու նպատակով։ 

Այգում տեղադրված է երկու մեծ և մեկ փոքր հեծանիվ։ Գումարի սղության պատճառով կազմակերպիչները գնել են օգտագործված հեծանիվներ: Ամրացրել են սովետական արտադրության մեքենաների գեներատորներ։ 

Գաղափարի հեղինակ Լևոնի կարծիքով, Վեդիում բնապահպանական շատ խնդիրներ կան, այդ  իսկ պատճառով նախաձեռնությունը որոշել են սկսել հենց այդ քաղաքից. «Մեր նպատակն էր` պրակտիկ քայլերով մարդկանց ցույց տանք, որ էներգիա հնարավոր է ստանալ բնածին եղանակով,  որ պետք չէ անպայման էներգիա ստանալու համար բնությունը փչացնել»,-ասում է նա։ 

Էներգիա ստանալու այս մեխանիզմը ներդրել են երկու նպատակով, որպեսզի մարդիկ ցուցաբերեն ֆիզիկական ակտիվություն, քանի որ ամենօրյա պասիվության պատճառով շատ առողջական խնդիրներ են ունենում: Երկրորդ՝  ցանկանում էին այլընտրանքային էներգիայի աղբյուր ստանալ։ 

Թիմը, մինչ աշխատանքները սկսելը, ավելի պարզ է պատկերացրել մեխանիզմի ներդրումը, սակայն հետագայում գեներատորների հետ կապված խնդիրներ են առաջացել. «Այն գեներատորները, որոնք մենք մտածում էինք, փաստորեն, մի քիչ թույլ էին, հետո առաջացավ նաև դրանք ճիշտ տեղադրելու խնդիրը։ Իրականում մեր հիմնական նպատակն էր նաև, որ մարդկանց  ցույց տայինք, որ ձեռքի տակ եղած իրերով հնարավոր է ստանալ ավելին, քան հնարավոր է իրենցից սպասել»։ 

Այգում տեղադրվել է 10 սյուն, որոնց մեջ հավաքված են լուսադիոտային լամպեր։ Լևոնի կարծիքով՝ գաղափարը հաջողվեց, տեղադրված սարքերն իրենց նախատեսած գործառույթները կատարեցին։ Մտածում են նաև, հնարավորության դեպքում, այլ համայնքներում ևս նման այգիներ ունենալ, քանի որ, ըստ նրա, այն և՛ զվարճալի, և՛ օգտակար նախաձեռություն է։

Լուսանկարները տրամադրել է Լևոն Հարությունյանը

Մեկնաբանություններ (1)

Vahe
Excellent, just what Armenian towns need Bravo ! Welcome to the future !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter