HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Հույժ գաղտնի. Կաննում՝ ՀՀ պետական դրոշի ներքո

մաս 1-ին

Այս տարի մայիսի 17-28-ը Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կազմակերպված կինոշուկային մասնակցեց նաև ՀՀ պաշտոնական պատվիրակությունը: Առաջին անգամ Հայաստանը տաղավար էր վարձակալել Village International, Pantiero հատվածում, որտեղ աշխարհի տարբեր երկրներ ներկայանում են պետական դրոշի ներքո: Village International-ը կինոշուկայի բանուկ և, հետևաբար, թանկարժեք հատվածում է: Մշակույթի նախարարությունն այդ շռայլությանը գնացել էր իր հիմնավորումներով և հավակնություններով: Որքանո՞վ արդարացան դրանք: Պահվում է հույժ գաղտնի:

Նախարարության ռեվերս տրամաբանությունը

Կաննի կինոշուկայում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ապահովելու համար Մշակույթի նախարարությունը Հայաստանի Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ին հատկացրել է 13 մլն 325 հազար դրամ: Գումարը հատկացվել է Նախարարության ենթակա կառույց Ազգային կինոկենտրոնի գանձանակից` ֆինանսա-տեխնիկական պատճառով: Այս տարի Կաննի կինոշուկայում Հայաստանը ներկայացնող կառույցը Ազգային կինոկենտրոնը չի եղել, ինչպես նախորդ տարիներին էր: Մշակույթի նախարարի անհատական որոշմամբ, հայաստանյան կինոարտադրանքի ներկայացման ու վաճառքի կազմակերպումը հանձնվել է ՍԻՆԵՄԱ կենտրոնին, ավելի ճիշտ՝ կենտրոնի ղեկավար, «Պարալլելս ֆիլմ պրոդաքշն» ընկերության հիմնադիր-տնօրեն, ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Նա «Առավոտ»-ին  տված հարցազրույցում հավաստիացնում է, որ համոզել է նախարարին վարձակալել մեծ, պաշտոնական տաղավար, այնտեղ տանել մրցույթում հաղթած նախագծեր, ֆիլմեր, ինչպես նաև իր անհատական կինոնախագծերը:

Եթե հաշվի առնենք, որ Կաննի կինոշուկան պարզապես շուկա է, որտեղ վաճառքի գործակալներին կարելի է առաջարկել ցանկացած կինոարտադրանք, և եթե հաշվի առնենք, որ մեր երկրի կինոարտադրանքը Կաննում ներկայացնելու և վաճառքը կազմակերպելու տեսական հնարավորություն և իրավունք ուներ ցանկացած կազմակերպություն, ապա Մշակույթի նախարարը գործել է հակառակ տրամաբանությամբ. ըստ էության` պետք է մրցույթ-տենդեր հայտարարվեր Կաննի կինոշուկայում Հայաստանի մասնակցությունը կազմակերպելու համար, և հակառակը՝ մրցույթում հաղթած կազմակերպությունը պետք է շուկա տաներ բոլոր ֆիլմերն ու նախագծերը, որոնց պրոդյուսերները հավակնություն կարող էին ունենալ վաճառել դրանք:

Իսկ ի՞նչ ստացվեց: Նախ՝ հայտարաված մրցույթում հաղթեց ընդամենը երեք կինոնախագիծ, որևէ ֆիլմ չհաղթեց: Մրցույթի պայմանները սահմանափակել էին կինոնախագծերի և ֆիլմերի՝ դիմելու հնարավորությունը օբյեկտիվ պատճառներով: Եվ որ ամենակարևորն է, գործել էր սուբյեկտիվ հանգամանք՝ ֆիլմերի պրոդյուսերները չէին վստահել արտոնություն ստացած մասնավոր կազմակերպությանը կամ դրա ղեկավարին հանձնել իրենց արտադրանքը՝ վստահ չլինելով դաշտում իրենց մրցակից համարվող կինոարտադրողի անաչառության վրա: Մշակույթի նախարարությունը արդյունքում կանգնեց տխուր փաստի առջև: Պաշտոնական պատվիրակությունը (Հովհաննես Գալստյան, Արսեն Բաղդասարյան, Լիլի Վարդանյան) յոթ օրով մեկնեց Կանն՝ ունենալով ընդամենը երեք կինոնախագիծ` «Բարս մեդիա» կինոստուդիայի «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակումը» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը»: 

Գթության քույրը ՀՀ պաշտոնական տաղավարում

Հայկական պատվիրակությունը` պաշտոնական պատվիրակության երեք անդամները և հաղթած նախագծերի երեք հեղինակները Կանն մեկնեցին մայիսի 18-ին: Նախագծերի պրեզենտացիան տեղի ունեցավ մայիսի 21-ին: Բարեբախտաբար նշանակված էր այդ օրը: Նախորդ երկու օրը Հայաստանի տաղավարը, կահույքի և տեխնիկական սարքավորումների բացակայության պատճառով, չի աշխատել: Չի աշխատել նաև վերջին օրը: Տաղավարի յոթնօրյա վարձակալության երեք օրվա ծախսը, փաստորեն, ջուրն է լցվել: Տաղավարի վարձակալության համար Մշակույթի նախարարությունը վճարել էր 5 միլիոն 686 հազար դրամ, իսկ տեխնիկայի վարձակալության և տաղավարի ձևավորման համար՝ 4 մլն 203 հազար դրամ: Ստացվում է, որ տաղավարի եռօրյա պարապուրդի համար բյուջեից վատնվել է 4 մլն 238 հազար դրամ: Իսկ տաղավարի հաջորդ օրերի գործարկման համար մենք բոլորս շնորհակալ պիտի լինենք, բարեբախտաբար, Կաննի աշխատակազմում հայտնված մի հայրենակցուհու, ում ջանքերով տաղավարը վերջապես կահավորվել է, ջուր, առաջնահերթ պարագաներ ու նույնիսկ պետական դրոշ է ձեռք բերվել: 

Hi, Hovhannes

Միջազգային կինոշուկաներին և կինոփառատոններին մասնակցելու համար ՀՀ պետբյուջեով նախատեսված է ընդամենը 19 մլն դրամ` տարվա կտրվածքով: Դրա մեծագույն մասը, փաստորեն, 13 մլն 325 հազար դրամը ծախսվել է Կաննի կինոշուկայում ՀՀ մասնակցության համար: Ակնհայտ է, որ 5 միլիոն 685 հազար դրամով Հայաստանը չի կարող մասնակցել այս տարի սպասվող, ոչ պակաս կարևոր՝ Լոկարնոյի (LF), Վենետիկի (VIFF), Տալլինի (PÖFF), Սալոնիկի (TIFF), Մոնրեալի(MWFF), Բուսանի (BIFF) փառատոններին, կից գործող շուկաներին և առանձին կինոշուկաներին( Asian Film Market, Montreal International Film Market, American Film Market, Film Bazaar, IDFA):

Դա արդարացված կլիներ մեկ դեպքում, երբ Կաննի կինոշուկային Հայաստանի մասնակցությունը բերեր աննախադեպ արդյունք: Սակայն հայկական կինոյի ինչպես հին, այնպես էլ նոր ռազմավարությունը պարտադրում է բավարարվել միայն Կաննի կինոշուկայով:

Հաղթած նախագծերի հեղինակները, որոնք Կաննում իրենք էին կազմակերպել իրենց հանդիպումները պրոդյուսերների ու վաճառքի գործակալների հետ (դա պարտադիր պայման էր մրցույթի հայտում), դժգոհ չեն իրենց մասնակցության արդյունքներից: Ի վերջո, նախագծերի երեք ռեժիսորներն էլ դեբյուտանտներ են, և միայն միջազգային հեղինակավոր կինոշուկային մասնակցելն ու միջավայրին ծանոթանալը լավ փորձ է նրանց համար:

Իր մասնակցությունից դժգոհ չէ նաև Հովհաննես Գալստյանը: Հայկական պատվիրակության համակարգողը կարողացել է, ինչպես պատմում է հարցազրույցում, իրագործել իր նպատակը՝ ներկայացնել արտամրցութային կարգով տարված ՍԻՆԵՄԱ կենտրոնի նախագծերը «Նոր հայկական կինո» խորագրի տակ, «Պարալլելս» պրոդաքշնի երկու նախագծերը՝ «Մետամորֆոզը» և «Տատիկիս վարսերը»: Այդ նախագծերի հետ կապված 45 հանդիպում է ունեցել միջազգային կինոֆոնդերի ներկայացուցիների հետ՝ World Cinema fund, Euroimages, CNC, EAVE և այլն: 

Համակարգողը ուշադրության է արժանացնում նաև երկու հանգամանք՝ Ադրբեջանի տաղավարի աննկատ լինելը և Eurimages-ի գլխավոր տնօրենի հետ իր պատահական հանդիպումը, որտեղ վերջինս նրան տեսնելով ասել է՝ Hi, Hovhannes:

Մեր հակառակորդ երկրի տաղավարի հնարավոր բացակայությունը և Eurimages-ի տնօրենի՝ քաղաքակիրթ եվրոպացուն բնորոշ միամիտ ողջույնը, թերևս, Կաննի կինոշուկայում Հայաստանի մասնակցության ամենածանրակշիռ արդյունքն է: 

Իրական արդյունքները՝  հույժ գաղտնի

Հայկական պատվիրակությունը Կաննից վերադառնալուց հետո մամուլին հաշվետվություն չի ներկայացրել: Սովորական մամլո ասուլիս, ինչպես դա արվում էր նախորդ տարիներին, չի եղել: Արդյունքները, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը, պահվում է հույժ գաղտնի: Կատարված աշխատանքի համար նախարարությունը նույնպես հաշվետվություն չի տվել հանրությանը և մասնավոր ներդրողներին: Վերջապես, այս տարի առաջին անգամ Հայաստանի կինոոլորտի ներկայացման ու զարգացման համար ֆինանսական ներդրում էր կատարել բիզնես սեկտորը՝ «Թի-Էս-Դի» ընկերությունը: Նույն կազմակերպությունն ավելի վաղ խոստացել էր նաև ֆինանսավորել ՍԻՆԵՄԱ դպրոցի շրջանավարտների նախագծերի իրականացումը: Ի դեպ, «Թի-Էս-Դի» ընկերության փոխտնօրենը Լևոն Գալստյանն է՝ Հովհաննես Գալստյանի եղբայրը:

Իր  հարցազրույցում Հովհաննես Գալստյանը փաստում է, որ «Թի-Էս-Դի» ընկերությունը ֆինանսական ներդրում է կատարել Կաննի կինոշուկայում Հայաստանի մասնակցությունը ապահովելու համար: Մինչդեռ Մշակույթի նախարարության՝ մեր հարցմանն ի պատասխան տրված տեղեկանքի մեջ նշվում է, որ հայկական պատվիրակությանն աջակցել են մի շարք մասնավոր կազմակերպություններ՝ տրամադրելով իրենց արտադրանքը: Ֆինանսական աջակցության մասին խոսք չկա: Այդ դեպքում, ո՞ւմ է տրամադրվել մասնավոր ներդրողի ֆինանսական աջակցությունը նախարարության կազմակերպած միջոցառման համար:

Ի՞նչ ռազմավարություն կորդեգրի նախարարությունը հաջորդ անգամ Կաննի կինոշուկա մեկնելու հարցում, պարզ չէ: Այս տարվա պատվիրակության համակարգողը դրա մասին հակասական տեղեկատվություն է տալիս: Կաննից վերադառնալուց հետո գրեթե միաժամանակ երկու տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նա պետությունից մեկ իրավունք է ուզում երեք տարով Կաննում Հայաստանի մասնակցությունը կազմակերպելու մանդատ ստանալ, մեկ՝ հայտնում, որ հրաժարվել է  մշակույթի նախարարությանն առաջարկած իր այդ մտքից, որովհետև տեղի կինոգործիչների կողմից նեգատիվը շատ է, և իրեն մեղադրում են պետական ծրագրով սեփական նախագծերն առաջ տանելու մեջ:

Արդարացրե՞լ է արդյոք իր վստահությունը, թե՞ չարաշահել պատվիրակության համակարգողը, դեռևս կարծիք չի հայտնել ո´չ մշակույթի նախարարը, ո´չ էլ մասնավոր ներդրողը: Ավելին, պարզվում է Կանն մեկնելու վերջին պահին, անհայտ պատճառներով, պետական պատվիրակության ղեկավարի պատասխանատվությունը համակարգողից փոխանցվել է պատվիրակության մյուս անդամ Արսեն Բաղդասարյանին:   

Կինոյի անպաշտոն հանձնակատարի պաշտոնական առաքելությունը

Հայկական պատվիրակության պաշտոնական կազմը մեր երկրի հոյակապ հայելին է: Ով ինչի համար է պատասխանատու, պարզ չէ: Ինչու այս անձը, և ոչ թե մյուսը, հիմնավորված չէ: Մինչդեռ արդյունավետ կառավարումը հենց այդ հարցերի հստակ պատասխանն ունենալն է: Կաննի կինոշուկա մեկնելուց մեկ ամիս առաջ, Մշակույթի նախարարության կայքում զետեղված հայտարարությունների մեջ՝ մրցութային հանձնաժողով կազմելիս, ֆիլմեր և նախագծեր հրավիրելիս, Կաննում Հայաստանի ներկայության նոր մոտեցման մասին հայտարարելիս հայկական պատվիրակության առաջնագծում տաղավարի համակարգող Հովհաննես Գալստյանն էր: Կինոգործիչները նույնիսկ զարմանում էին, որ պետության կողմից հայտարարած մրցույթի հայտերը պետք է ներկայացվեն «Պարալլելս ֆիլմ պրոդաքշն» ընկերության էլեկտրոնային հասցեով:

Պետական պատվիրակության մյուս երկու անդամները Մշակույթի նախարարի կողմից Հայաստան աշխատանքի հրավիրված ամերիկահայ պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանն էր և տաղավարի ներկայացուցիչ` Լիլի Վարդանյանը:

Կանն մեկնելու նախօրեին, երբ պարզ էր, որ պետական պատվիրակության ճամպրուկում կա միայն մրցույթում հաղթած երեք կինոնախագիծ, ոչ մի ֆիլմ, Հայաստանը ներկայացնող տեսահոլովակ և, չգիտես ինչու, արտամրցութային կարգով այնտեղ տեղավորված Հովհաննես Գալստյանի նախագծերը, պատվիրակության ղեկավարության պատասխանատվությունը և տաղավարի ծրագրի կազմակերպումը «գցվեց» Արսեն Բաղդասարյանի վրա: Հարց է առաջանում՝ եթե համակարգողի ֆունկցիան իր նախագծերի համար տարվող աշխատանքն էր, ոչ թե բոլոր նախագծերի աշխատանքների համակարգումը, ապա՝ ինչու Կանն մեկնեց Հովհաննես Գալստյանը, այլ ոչ թե որևէ այլ կինոարտադրող, որը նույնպես ֆիլմեր կամ նախագծեր ուներ վաճառքի համար: Կամ՝ ինչու Հ. Գալստյանը իր նախագծերը Կաննի շուկա տարավ պետական պատվիրակության կազմում և Կանն չմեկնեց իր սեփական միջոցներով, ինչպես դա արել էր մեկ այլ կինոարտադրող Ջիվան Ավետիսյանը:

Կաննի կինոշուկայում Հայաստանի մասնակցության ամբողջ պատասխանատվությունը վերջին պահին ստանձնած Արսեն Բաղդասարյանը չէր կարող հասցնել կազմակերպել պատվիրակության անխափան և արդյունավետ աշխատանքը, դա պետք էր կազմակերպել նախորդ ամիսներին: Դժվար է նույնիսկ ասել՝ կազմակերպելու ռեսուրսներ ունե՞ր Արսեն Բաղդասարյանը:

Դեռ անցած տարի` Մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելուց օրեր հետո, Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ հայ կինոյի ռազմավարությունն ու կինոարտադրության ոլորտը շրջադարձային փոփոխությունների է ենթարկվում: Հայաստանում հիմնվում է Կինոյի հանձնակատարի ինստիտուտ, Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ը փակվում է, և մենք սկսում ենք կինոարդյունաբերությունը զարգացնել որպես տնտեսության մի օղակ, ինչպես զարգացած երկրներում է: Հանձնակատարի պաշտոնը զբաղեցնելու համար ԱՄՆ-ից Հայաստան հրավիրվեց պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանը: Հենց նա էլ Կաննի կինոշուկայում միջազգային լսարանին ներկայացնելու էր Հայաստանը՝ որպես կինոարտադրության համար գրավիչ երկիր, Հայաստանում կինոարտադրության ոլորտի փոփոխությունները և նոր ռազմավարությունը: Որտե՞ղ և ինչպե՞ս էր մշակվել նախարարության ռազմավարությունը, Հայաստանի կինոգործիչները տեղյակ չեն:

Արսեն Բաղդասարյանը մինչ օրս Կինոյի հանձնակատարի պաշտոնում նշանակված չէ: Կաննի կինոշուկայի պաշտոնական տաղավարի ցուցանակը, սակայն, նրան ներկայացրել է որպես Հայաստանի կինոյի հանձնակատար: Հավանաբար, Մշակույթի նախարարության խնդրանքով, արտաքին լսարանի համար աշխատած և հայկական պատվիրակության ղեկավարությունը ստանձնած անպաշտոն հանձնակատարը ներքին լսարանին պատասխանատու լինելու պարտավորություն չունի:

Վերոնշյալ բազմաթիվ անհստակությունները նախարարությունը չի պարզաբանել: Հստակ է մեկ բան՝ Հայաստանի այս տարվա առանձնահատուկ մոտեցումը Կաննի կինոշուկային, դեռևս անհայտ արդյունքով թե՛ պետության, թե՛ մասնավոր ներդրողի համար, եղել է 13 միլիոն 325 հազար դրամ ծախսելը և ծովափնյա Կաննում 7 օրով պաշտոնական տաղավար վարձակալելը, որից 3 օրերի ընթացքում այն մատնված է եղել պարապուրդի:

Կանն մեկնելուց մեկ ամիս առաջ պատվիրակության համակարգող Հովհաննես Գալստյանը մամուլին հայտարարել էր. «Նախորդ տարիներին Կաննում Հայաստանը ներկայացնող Ազգային կինոկենտրոնը և «Հայկ» կինոստուդիան տաղավար վարձակալում էին նկուղային հարկում: Մարդիկ գնացել են, մասնակցել, վերադարձել ու վերջ»: 

Դատելով այս տարվա ծախսատար խառնաշփոթից՝ միգուցե նկուղը գերադասելի՞ էր պաշտոնական բեմահարթակից:

Լուսանկարները՝  kinoashkharh.am-ի, 168.am-ի, aravot.am-ի

Մեկնաբանություններ (1)

Ձեր անունըMarina Dellalyan
Մեր հակառակորդ երկրի տաղավարի հնարավոր բացակայությունը և Eurimages-ի տնօրենի՝ քաղաքակիրթ եվրոպացուն բնորոշ միամիտ ողջույնը, թերևս, Կաննի կինոշուկայում Հայաստանի մասնակցության ամենածանրակշիռ արդյունքն է: Bravo, Bravo, Bravo!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter