Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Գեղեցիկ բնության մեջ գեղեցիկ ու խելացի մարդիկ են ծնվում»


«Դպրոց հյուրեր էին եկել, ես տեղում չէի, տեսել էին մեր պայմանները, մաքրությունը, գնալուց ասել էին՝ երեւում է, որ կին է տնօրենը, էստեղ ասել էին՝ չէ, կին չէ, բայց Կապանում հյուրերը դպրոցի մասին պատմելիս նորից ասել էին, թե կնոջ ձեռք կար կպած»,- ժպիտով պատմում է Սյունիքի մարզի Ծավի միջնակարգ դպրոցի տնօրեն Յուրիկ Մարտիրոսյանը:

1975-ին կառուցված շենքը վերջին անգամ նորոգվել է 2000 թ., բայց թե արտաքնապես, թե ներքին տեսքով թարմ է: 43-ամյա Յուրիկ Մարտիրոսյանն այստեղ աշխատում է ավելի քան 20 տարի: Նախկինում ռազմագիտություն է դասավանդել, վերջին 5 տարին դպրոցի տնօրենն է: Ասում է, որ մարդ չպիտի սպասի, թե պետությունը կամ հովանավորը երբ կաջակցի, պիտի ինքը նախաձեռնող ու աշխատող լինի:

Հիշում է, որ ուսուցչական կոլեկտիվով են նորոգել, մաքրել, ներկել պատերը, իր տնօրինության ժամանակ բակում հուշաղբյուր են դրել ծավեցի ազատամարտիկ, ուսուցիչ Մարատ Մարգարյանի հիշատակին, ում անունն էլ կրում է դպրոցը:

Հիմնականում Մարտիրոսյանի միջոցներով վերանորոգվել է դպրոցի նախասրահը, որտեղ տեղադրվել է նաեւ ԽՍՀՄ ծավեցի հերոս Հունան Ավետիսյանի կիսանդրին, նրա անունով նաեւ դասասենյակ է բացվել, որտեղ հերոսի գերեզմանից՝ Կրասնոդարի երկրամասի Վերխնեբականսկի ավանից, հող են բերել:     

Աստիճանների տակ, որտեղ նախկինում աղբ էր կուտակվել, աշակերտները երկու անկյուն են պատրաստել. մեկում նրանց պատկերացրած գյուղն է, մյուսում՝ զբոսայգի:

Քիմիայի ուսուցչուհի Մարգարիտա Գալստյանը, ով տնօրենի կինն է, պատմում է, որ մի քանի տարի առաջ դպրոցի կազմակերպչի նախաձեռնությամբ էկոակումբ են ստեղծել: Ամսագրում կարդացել էին պլաստիկ շշերի օգտագործման մասին, ինչից հետո որոշել էին դրանց համար աղբաման տեղադրել համայնքում, ապա շշերն սկսել էին կիրառել գեղագիտական նպատակներով:

Շշերից նաեւ աթոռակներ են պատրաստել, որոնցից մի քանիսը նվիրել են Ծավի մանկապարտեզին:

Չնայած ներկա շենքը 42 տարվա պատմություն ունի, Ծավում դպրոց գործում է դեռ 1905-ից: Գյուղում հասցրել են նշել իրենց ուսումնական հաստատության 100-ամյակը: Նախկին դպրոցից այսօր ավերակներ են մնացել: Դպրոցի շենք կա նաեւ Ծավ համայնքի մեջ մտնող Շիշկերտ գյուղում, որը, սակայն, չի գործում: Յու. Մարտիրոսյանը պատմում է, որ 1968-ի երկրաշարժից հետո Շիշկերտից հեռացած բնակիչների մի մասը տեղավորվեց Ծավում, սակայն 1980-ականների վերջում Շիշկերտում սկսեցին քոթեջներ կառուցել, որպեսզի մարդիկ վերադառնան: Այդուհանդերձ, Խորհրդային Միության փլուզման ու սկսված պատերազմի արդյունքում գործընթացն անավարտ մնաց: Այսօր Շիշկերտում մշտապես միայն մի քանի ընտանիք է ապրում, իսկ դպրոցական չկա:   

90 տնտեսություն ունեցող Ծավ համայնքի դպրոցն ունի 32 աշակերտ: Այս տարի 3 շրջանավարտ են ունեցել, սեպտեմբերին կհամալրվեն մեկով: Մարգարիտա Գալստյանը, ով դասավանդում է շուրջ 10 տարի, ասում է, որ այդ ընթացքում հիմնականում դպրոցականների քանակի անկում է տեսել, նախկինում ավելի քան 50 աշակերտ ունեին: Պատճառը երիտասարդների արտագաղթն է: «Գյուղատնտեսությամբ ոչ բոլորն են կարողանում ապրել, դրա համար շատերը գնում են ու տանում երեխաներին: Եթե պայմաններ լինեն, գյուղը չեն լքի»,- ասում է ուսուցչուհին:

Տնօրեն Մարտիրոսյանը շեշտում է, որ մասնագետների պակասն իրենց գլխավոր խնդիրն է: Շատերն ուղղակի չեն համաձայնում Կապանից 30-40 կմ անցնել, գալ Ծավ, երբ չկա հանրային տրանսպորտ: Նախընտրում են աշխատել քաղաքում: 1975-ին դպրոցի շենքի հետ կառուցվել է նաեւ ուսուցիչների համար նախատեսված երկհարկանի շենք (լուսանկարում), որտեղ ապրում էին ոչ ծավեցի մանկավարժները:

Այսօր, սակայն, դրսից է միայն ռուսերենի ուսուցչուհին, ով նախկինում աշխատել է Ծավում, ապա տեղափոխվել է Կապան, հիմա կրկին այստեղ է ու փոխարինում է ֆիզարձակուրդում գտնվող դասատուին:   

«Երկու աղջիկ բերել եմ, ամուսնացրել, քավոր եմ կանգնել, հարսանիքի թամադայություն եմ արել, որ մնան էստեղ,- ծիծաղով պատմում է Յուրիկ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ երիտասարդ մանկավարժներին տեղում պահելն իր ռազմավարությունն է,- եւ գյուղը կզարգանա, եւ երեխա կծնվի, եւ ուսուցիչը կմնա տեղում»: Մյուս կողմից՝ տնօրենի թիրախում հիմնականում ծավեցի մանկավարժներն են, որոնք, ըստ նրա, ավելի սրտացավ կլինեն ու կմնան տեղում, այլ ոչ թե մի տարով կգան ու կգնան: Այդուհանդերձ, հավելում է, որ Ծավ եկողները հիմնականում սիրահարվում են գյուղին: Այսօր դպրոցն ունի 27 աշխատող (ներառյալ՝ ֆիզարձակուրդում գտնվողները), որոնցից 15-ը մանկավարժ են: Ֆիզարձակուրդ գնացածների մասին էլ Մարտիրոսյանն ասում է, որ շատ ավելի լավ է՝ նրանք երեխա ունենան, իսկ աշխատանքային բացը կլրացվի:

Ուսուցիչները մինչեւ 40-45 տարեկան են, երկուսն են 50-ն անց, տնօրենի փոխանցմամբ՝ երիտասարդ մասնագետների հետ աշխատանքի արդյունքում ծնվում են նոր գաղափարներ ու ծրագրեր:

Մանկավարժական թիմը նաեւ սպորտի բնագավառում է հաջողության հասել. 2014/15 ուսումնական տարում Կապանի տարածաշրջանի դպրոցների միջեւ անցկացված վոլեյբոլի մրցաշարում գավաթակիր են դարձել:  

Տնօրենի նախաձեռնություններից է դպրոցական ճաշարանի գործարկումը, որը նախկինում, ըստ նրա, փայտանոց էր: Գույքով համալրելուց հետո երկար դասամիջոցներին երեխաներին սկսել են տաք ճաշ տալ: Դպրոցական սննդի ազգային ծրագրի շրջանակներում պետությունը 1-4-րդ դասարանների յուրաքանչյուր երեխայի համար օրական հատկացնում է 140 դրամ, որից 120 դրամն ուղղվում է սնունդ պատրաստելուն, իսկ 20-ը՝ աշխատավարձին ու կազմակերպչական ծախսերին: Ծավի դպրոցում ծնողների հետ քննարկել ու որոշել են ներգրավել նաեւ վերջիններիս: Ծնողների ներդրման շնորհիվ տաք սնունդ է հատկացվում նաեւ 4-րդից բարձր դասարաններում սովորողներին:

Յու. Մարտիրոսյանն, ով երկու աշակերտի ծնող է, ասում է, որ մթերքը հիմնականում իր տնտեսությունից է հատկացնում: Շեշտում է, որ հաջողվել է երեխաներին հեռու պահել «չիպս-սուխարիկներից» ու տարբեր հյութերից, փոխարենն օգտագործում են տաք ճաշ, կոմպոտներ, էկոլոգիապես մաքուր սնունդ:

Չնայած աշակերտների փոքր թվին՝ դասարանների կոմպլեկտավորում չեն անում, 12 դասասենյակ ունեն, բոլորն էլ ջեռուցում են վառարաններով: Մ. Գալստյանն ասում է, որ միայն ֆիզկուլտուրայի դասաժամն են համախմբում, նախկինում, մասնավորապես, փորձել են ինֆորմատիկան նույնպես համատեղ պարապել, սակայն արդյունավետ չի եղել: Մեկ դասարանում ունեն 1-5 աշակերտ: Ուսումնական գծով փոխտնօրեն, դասվար Հերմինե Բաբաջանյանի (լուսանկարում)՝ չորրորդ դասարանում սովորող դուստրը միակն է, ով դասընկեր չունի: Երբ հարցրել են, թե ով է կողքդ նստում, աղջնակն ասել է՝ պայուսակս:

Յու. Մարտիրոսյանն ասում է, որ անցյալ տարի իրենց 6 շրջանավարտներից 4-ը պետական բուհեր են ընդունվել: Առաջադիմությունը պայմանավորում է տեղացիների զարգացվածությամբ եւ ուսուցիչների սրտացավ ու պահանջկոտ լինելով. «Էս գեղեցիկ բնության մեջ գեղեցիկ ու խելացի մարդիկ են ծնվում»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։