HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ-ն կքննարկի Սևանա լճից 100 մլն մ3 ավել ջուր բաց թողնելու օրինագիծը

Ազգային ժողովը այսօր արտահերթ նիստում քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը։

Նախագիծը քննարկվում է կառավարության առաջարկով։ Այն գործադիրի հունիսի 23-ի նիստին ներկայացրել էր էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։ Նա նաև այսօր խորհրադարանում կզեկուցի օրինագիծը։

Օրինագծով առաջարկվում է Սևանա լճից տարեկան ավելի շատ ջուր բաց թողնել։ Նախկին 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն առաջարկվում է բաց թողնել մինչև 270 մլն մ³ ջուր։ Որպես գլխավոր հիմնավորում՝ նշվում է այն հանգամանքը, որ ջրամբարներում ջուրը բավարար չէ, արդեն օգտագործվել է նախատեսված 170 մլն մ³-ից 58.5 մլն մ³-ը, իսկ պոմպակայաններով ջրարտադրությունը կգոյացնի 1.2 մլդ դրամ էլեկտրաէներգիայի ծախս։

Սա բնապահպանների և Գեղարքունիքի մարզի բնակիչների մոտ բողոքի ակցիայի առիթ է հանդիսացել։ Գեղարքունիքցիները այսօր բողոքի ակցիա են իրականացնելու մարզում, իսկ բնապահպանները՝ ազգային ժողովի դարպասների դիմաց։

Բնապահապանները պնդում են, որ վերջին տարիներին դժվարությամբ կարողացել են բարձրացնել լճի ջրի մակարդակը, իսկ այս պարագայում, ջրի ծավալը նվազեցնելով, մեծ է ճահճացման վտանգը։

Օրինագծին բացասական եզարակացություն է տվել նաև լճի համար պատասխանատու կառույցը՝ բնապահպանության նախարարությունը։ Նախարարությունը նշել է՝ օրենքի ընդունման  արդյունքում Սևանա լճի վրա կառաջանան բացասական ազդեցություններ, քանի որ այն հնարավորություն է տալու լճից ջրառի ծավալը մեծացնել: Ինչը, ըստ նախարարության, նշանակում է, որ Սևանա լճի համար այսօր ֆիքսված դրական հաշվեկշիռը կախված կլինի պակասող ջրի ծավալից:  

Նախարարությանը նաև շեշտել է, որ  որոշման նախագիծը ներկայացված տարբերակով ընդունման դեպքում այն կհակասի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին և պահանջներին։

Մինչդեռ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը հավաստիացրել է, որ լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ լճում կա ջրի բավարար քանակի առկայություն։ Որպես հիմնավորում նշել է, որ այս օրենքի ընդունումից հետո՝ 2001թ.-ից մինչև այս տարվա հունիսի 19-ը, լճի մակարդակը բարձրացել է 4.59 մ-ով, իսկ ջրի ծավալը աճել է  6.0 մլրդ մ-ով ։

«Լրացուցիչ 100 մլն մ³ ջրբացթողումը ըստ հաշվարկների կարող է բերել Սևանա լճի ջրի մակարդակի մինչև 8 սմ անկման, ինչի դեպքում նույնպես անցած տարվա նույն օրվա նկատմամբ կապահովվի Սևանա լճի ջրի մակարդակի դրական աճ»,- ասված է որոշման նախագծում, բայց թե ինչ դրական աճի մասին է խոսքը, այդպես էլ չի մանրամասնվում։

Նախարարությունը կառավարության նիստին ներկայացրել է տնտեսական, էկոլոգիական և մուլտիպլիկատիվ էֆեկտի հիմնավորումներ։ Մասնավորապես՝ հավատիացրել է, որ լրացուցիչ մինչև 100 մլն մ³ ծավալով ջրբացթողման ավելացումը կբերի մեխանիկական ջրարտադրությունն ինքնահոսով փոխարինման։ Արդյունքում, ըստ նախարարության, կտնտեսվի էլեկտրաէներգիայի 1.2 մլրդ դրամ ծախս։

Բացի այդ, հավելել են՝ լրացուցիչ ծավալով ջրբացթողնման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։

Նախարարությունը նախագծում նշել է նաև հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմման և ոռոգումը իրականացնող կազմակերպությունների մոտ մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով և էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձևավորում հանգամանքը։

Նախարարությունը նաև անդրադարձել է լճից բաց թողնվող ջրի ընթացիկ վիճակին։ Հայտնել, որ եղել են տարիներ, երբ լճից 170 մլն մ³ ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև խորքային հորերի պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, ինչն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար բերել է բյուջեով չնախատեսված նոր ֆինանսական պարտավորությունների:

Նախագծում հղում է  արվել նաև արտակարգ  իրավիճակների նախարարությանը։ Նշվել է,որ ըստ այդ նախարարության հիդրոմետ ծառայության տված տեղեկատվության՝ 2016 թվականի համեմատ 2017 թվականին գրանցվել է գետերի շուրջ 20 % սակավ ջրատվություն։ 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝  անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն մ3, չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա նկատմամբ այս տարի ջրամբարներից այդ օրվա դրությամբ 35 մլն մ3-ով պակաս ջրօգտագործում է իրականացվել:  ԱԻՆ-ի փոխանցած վերջին տվյալներով՝ որ հունիսի 20-ի. դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58.5 մլն մ3 անցած տարվա 14.3 մլն մ3-ի փոխարեն։ 

Քննարկվող որոշման նախագիծը նաև ներկայացվել է Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությանն ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովներին։ Երկու հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել օրինագծին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter