HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրված մեքենաների քանակն աճում է. ընկերությունների դիրքը շուկայում

Այս տարվա մայիսի վերջի դրությամբ Հայաստանում ապահովագրված է 462 247 ավտոմեքենա։  Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տրամադրած վիճակագրությունից։

Ապրիլի համեմատ` ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) ունեցող մեքենաների թիվն աճել է 4 491-ով կամ 1%-ով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 23 827-ով կամ 5.4%-ով։

«Արմենիա Ինշուրանս»-ի կողմից ապահովագրված մեքենաների քանակը, 2016-ի մայիսի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ, ավելացել է 1 559-ով, «Ինգո Արմենիա»-ի կողմից` 8 118-ով, «Նաիրի Ինշուրանս»-ի կողմից՝ 9 911-ով, «Ռեսո»-ի կողմից՝ 6 626-ով, «Սիլ Ինշուրանս»-ի կողմից՝ 3 253-ով։

Իսկ շուկայում ամենամեծ մասնաբաժինն ունեցող ընկերության՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի կողմից ապահովագրված մեքենաների քանակը նվազել է 5 640-ով։

Այս տարվա հունվար-մայիսին ԱՊՊԱ-ի գծով ընկերությունների հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են 8 մլրդ 148.5 մլն դրամ։ 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ` այն  պակասել է մոտ 18 մլն դրամով։

Վնասաբերության ցուցանիշը ևս աճել է

Ըստ Բյուրոյի տվյալների՝ 2017 թվականի մայիս ամսվա դրությամբ` ԱՊՊԱ համակարգում վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 60%, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` աճել է մոտ 12 տոկոսային կետով։

Վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս հաճախորդներին տրված փոխհատուցումների կշիռը հավաքագրված ապահովագրական վճարների կազմում: Դրա հաշվարկում Ավտոապահովագրողների բյուրոն հաշվի է առնում նաև այլ ցուցանիշներ։ Համակարգի վնասաբերության ցուցանիշը համարվում է թույլատրելի մակարդակում, եթե այն չի գերազանցում 75-78%-ը։ Այսինքն, չնայած գրանցված աճին, այս ցուցանիշը ներկայում թույլատրելի մակարդակում է։ Բացի այդ, առավել կարևորվում է վնասաբերության ցուցանիշը տարեկան կտրվածքով, որ ավելի ամբողջական պատկերացում է տալիս իրավիճակի մասին։ 2016 թվականի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 55.3%, ինչը 2015 թվականի համեմատությամբ աճել է մոտ 2.3 տոկոսային կետով։

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ-ն Հայաստանի ապահովագրության ոլորտում էական դեր ունի։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016 թվականին ապահովագրական ընկերությունների հավաքագրած ապահովագրավճարների 55%-ը գոյացել է ԱՊՊԱ-ից։ Իսկ հաճախորդներին տրված հատուցումների կազմում ԱՊՊԱ-ի մասով գումարները կազմել են ընդհանուր 62%-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter