HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Զեյնալյանն ասում է՝ օրինագծի գրավոր և բանավոր հիմնավորումները տարբեր են

Ազգային ժողովը շարունակում է քննարկել Սևանա լճից 100 մլն մ³ ավել ջուր բաց թողնելու օրինագիծը։ Օրինագծով առաջարկվում է տարեկան նախկին 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն բաց թողնել մինչև 270 մլն մ³ ջուր։

Այժմ պատգամավորները ելույթ են ունենում՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումներն ու առարկությունները՝ բերված օրինագծի վերաբերյալ։

«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ օրենքին կից ներկայացված հիմնավորումները և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի` ԱԺ-ում ներկայացված հիմնավորումները տարբեր են, մինչդեռ օրենքը պետք է ընդունվի գրավոր հիմնավորումների հիման վրա։

«Օրենքը ոռոգման մասին չէ։ Օրենքում չկա դա, չի երևում, որ ոռոգման մասին է, սակայն բանավոր խոսքում հնչեց, մեջ եմ բերում տառացիորեն. «սոսկ գյուղատնտեսական նպատակ է հետապնդում այս օրենքի ընդունումը»։ Արդյո՞ք օրենքում դա կա։ Չկա։ Օրենքում երևի թե չի էլ կարող լինել, որովհետև դա կհակասի այն օրենքին, որում փոփոխություններ է արվում։ Դրա համար էլ չկա»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Պատգամավորը նաև անդրադարձավ օրենքի նախագծում ներկայացված հիմնավորումներից մեկին՝ «ջրի դիֆիցիտի մեղմանը»։ Զեյնալյանը հարցրեց, թե արդյո՞ք չկա կառավարություն, որը կկարողանա չափել և ներկայացնել, թե ջրի պահաջարկը որքան է։ Ասում է՝ երեկ կայացած հանձնաժողովի նիստին հետարքրքվել է պահանջարկի չափաքանակից և ստացել հակասական պատասխաններ, եզրակացրել, որ հայտնի չէ դրա իրական չափը։

Նրա փոխանցմամբ՝ իր այն հարցին, թե ինչ է ստացվելու այս ոռոգման արդյունքում, հանձնաժողովում պատասխանել են 10 միլիարդ դրամի շահույթ։ Ասում է՝ դարձյալ չգիտեն՝ այն շահույթ է, եկամուտ, թե հավելյալ արդյունք։ «Լավ, այս 10 միլիարդի մասին այս հիմնավորումներում չկա գրված։ Բայց հնչեցվել է»,- նշեց նա։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք այդ 10 միլիարդ դրամի շահույթը ունենալու է սոցիալական ազդեցություն, թե ոչ։ Ընդգծեց որոշման նախագծի հիմնավորումը․ այն ունենալու է չեզոք արդյունք։

Զեյնալյանի համար նաև պարզ չէ ինքնահոս ջրի ինքնարժեքը։ Ասում է՝ ըստ հիմնավորումների՝ եթե պոմպակայանով ջուրը մղվում է, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների մղված ջրի 1 խմ³ արժեքը 22 դրամ է, իսկ գյուղացուց 11 դրամ է գանձվում, մնացածը դոտացիայով է տրվում․ «Եթե ինքնարժեքով ջուրը ավելի էժան է, ապա չի երևում, թե ինչ է լինում այդ դոտացիան։ Չկա այդ հիմնավորումը, համենայն դեպս»։

Զեյնալյանը շեշտեց, որ օրեր առաջ ԱԺ-ն «Իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություն արեց, ըստ որի՝ պետք է օրենքները ավելի ճշգրիտ հիմնավորվեն։ Հարցնում է՝ ինչն էր խանգարում օրենքը այդ չափանիշներով հիմնավորված բերվել ԱԺ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter