Կիրակի, 23 սեպտեմբերի

Գառնիի զբոսաշրջային երթուղուց դուրս է մղվել Հայաստանի ոսկե միջնադարը



«Պատմական հուշարձաններ վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան», մշակույթի նախարարության պատվերով, 2014 թ.-ին ուսումնասիրեց 13-15-րդ դարերում գրչության կենտրոն Հավուց թառ վանական համալիրը վերականգնելու հնարավորությունը: «Հուշարձանի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն ենք իրականացրել` պատերի սեյսմակայունությունն է ստուգվել, որոշ հատվածներում երկրաբանական հետազոտություն ենք իրականացրել եւ այլն»,- ներկայացնում է ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը:

Ճարտարապետներից առաջ վանական համալիրում աշխատել են հնագետները: Պեղումների արդյունքում եզակի տապանաքարեր եւ սրբատաշ քարեր են բացվել, նաեւ` մի բացառիկ մատուռ: Պատմաբաններն ասում են, որ նոր հայտնաբերված Եղիա վարդապետի տապանաքարը հետազոտողներին հնարավորություն կտա ճշգրտել եկեղեցու ճիշտ անվանումը եւ կառուցման տարեթիվը:

Մեկ տարի անց, մշակույթի նախարարությունը Հավուց թառ վանական համալիրի Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման նախագիծ է պատվիրել:

«Համալիրի տարածքից հայտնաբերված եւ չափագրված դետալների քանակությունն ու տեսակը հնարավորություն են ընձեռում եկեղեցին վերականգնել մինչեւ թմբուկատակ օղագոտին (լուծելով նաեւ պաշտպանության խնդիրը), իսկ մատուռներն` ամբողջական»,- ասում է պրն Նալբանդյանը: Ասոցիացիայի պատրաստած վերականգնման նախագիծը քննարկվել է մշակույթի նախարարության գիտահետազոտական խորհրդի նիստում, հավանության է արժանացել, եւ սպասում են գումարի:

Մշակույթի նախարարությունը հաստատել է 2017թ·-ին պետբյուջեով ամրակայման, նորոգման եւ վերականգնման ենթակա հուշարձանների ցանկը, որում Ամենափրկիչ եկեղեցին դարձյալ տեղ չի գտել: «Հուշարձանը գտնվում է մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում եւ առաջիկա միջնաժամկետ ծախսային ծրագրում համապատասխան պետական միջոցների առկայության կամ հնարավոր մասնավոր ներդրումների դեպքում կքննարկվի նշյալ վանական համալիրի ամրակայման, նորոգման եւ վերականգնման հարցը»,- մեր հարցմանն ի պատասխան` հայտնել է մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Հավուց թառ վանական համալիրը գտնվում է Խոսրովի արգելոցի տարածքում: Գառնի եւ Գողթ գյուղերի միջեւ, Ազատ գետի ձախափնյա բլուրների վրա ընկած վանական համալիրը բաղկացած է երկու հիմնական եւ հարակից հուշարձանախմբերից։ Մատենադարանի արվեստի պատմության եւ գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժնի վարիչ, «Հավուց թառի վանքը» մենագրության հեղինակ Կարեն Մաթեւոսյանն ասում է, որ Հավուց թառում մեկ եկեղեցի է հնարավոր վերականգնել` Ամենափրկիչը:

Հավուց թառը եղել է միջնադարյան Հայաստանի գրավոր մշակույթի եւ գրչության նշանավոր կենտրոններից մեկը։ Այստեղ գրվել ու նաեւ պահվել են բազմաթիվ արժեքավոր մատյաններ։ Հայերեն հնագույն ամբողջական ավետարաններից մեկը՝ նշանավոր «Վեհամոր ավետարանը», որը ենթադրաբար 7-րդ դարի մատյան է, մինչեւ 1294 թ.-ը պահվել է Հավուց թառում։ Այժմ այդ Ավետարանի վրա են երդվում ՀՀ նախագահները։

Պատմաբանը կարծում է, որ պետք է պեղել նաեւ այս տարածքի ամենահին եկեղեցին` Կաթողիկեն: Ձեռագիր մատյաններում Կաթողիկեն նշվում է որպես վանքի հնագույն կառույց։ Պատմաբանը հավանական է համարում, որ այն նույնպես հիմնովին ավերվել է 1679 թ. երկրաշարժի ժամանակ։ «Մաքրման աշխատանքների ու մասնակի պեղումների միջոցով առաջիկայում հնարավոր կլինի հողի տակից դուրս բերել 1002 թ·-ին կառուցված Հավուց թառի 9 խորանով Կաթողիկե եկեղեցու հիմնապատերը, հավանորեն նաեւ հնագույն վիմագրեր»,- նշվում է աշխատության մեջ:

Խոսրովի արգելոցում պատմաճարտարապետական հուշարձանների թիվը հասնում է 300-ի: Միջնադարյան Հայաստանի տարբեր փուլերը ներկայացնող այս հուշարձաններն ավերված են, բայց կիսաքանդ վիճակում անգամ դրանք մեծ հետաքրքրություն են ներկայացնում ինքնատիպ զարդաքանդակների, պատկերաքանդակների, եզակի խաչքարերի եւ ճարտարապետական բացառիկ լուծումների շնորհիվ:

Սակայն, Խոսրովի արգելոցի տարածքում գտնվելով, որոշակիորեն սահմանափակվել է այդ վայրեր այցելությունները: Արգելոցը գործում է իր կանոններով՝ երթուղիներ են առանձնացված էկոճանաչողական տուրիզմի համար, գնացուցակ է սահմանված, որն անընդունելի է ուխտավորների համար: Իսկ էկոտուրիզմը խթանողների համար անընդունելի են այն սահմանափակումները, որոնք մտցրել է արգելոցը, եւ որի հետեւանքով այցելուների թիվը խիստ կրճատվել է:

«Մարդիկ ուզում են տեսնել Կաքավաբերդը, Հավուց թառը, Աղջոց վանքը: Նախկինում ես 50-60 հոգանոց խմբեր էի տանում այդ ուղղությամբ, հիմա արշավախմբեր չեմ տանում, քանի որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը հենց բնապահպան ակտիվիստների մուտքն արգելելու համար անիմաստ սահմանափակումներ մտցրեց, որպեսզի չկարողանանք մտնել Խոսրովի արգելոց»,- ասում է «Բնատաճար» արշավային եւ զբոսաշրջային ակումբի հիմնադիր Ապրես Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ նախկինում վճարում էին 1000-1500 դրամ եւ արգելոցի աշխատակիցների ուղեկցությամբ շրջում էին տարածքում, բայց հետո որոշել են, որ այցելուների ցուցակը 5 օր առաջ պետք է ներկայացնել նրանց հաստատմանը: «Մենք մի օր առաջ ենք խմբերը համալրում, նախապես մեզ համար պարզ չէ, թե այդ օրը քանի հոգի կլինի, եւ այդ ուղղությունը շատ տուժեց»,- ասաց Ա. Զոհրաբյանը:

Հիմա պաշտոնական մակարդակով խոսվում է Գառնիից-Հավուց Թառ ճոպանուղի կառուցելու, մեկ այլ խոսակցության համաձայն` ճոճվող կամուրջ կառուցելու մասին, եթե հաջողվի գումար հայթայթել: Նպատակն այն է, որ Գառնի այցելող զբոսաշրջիկը, Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարից բացի, հաղորդակից լինի նաեւ Հայաստանի միջնադարը ներկայացնող ճարտարապետական այն հիասքանչ կոթողներին, որոնք իր ներսում ամբարել է Խոսրովի արգելոցը:

Սակայն, որքանո՞վ են արգելոցի կանոնները նպաստում էկոտուրիզմի զարգացմանը, ճոպանուղի կամ ճոճվող կամուրջ գործարկելու դեպքում Գառնի ժամանած զբոսաշրջիկը հանպատրաստից կարող է օգտվել նաեւ այդ երթուղուց: Այդ դեպքում, արդյոք, օտարերկրացի այցելուներին պե՞տք է պարտադրվի դրանք տեսնելու համար մի քանի օր առաջ թղթարարությամբ զբաղվել, այդ պայմաններում արդարացված կլինի՞ ճոպանուղու գործարկումը: Նկատի ունենանք նաեւ, որ ներկայումս մեծ թիվ են կազմում այն զբոսաշրջիկները, որոնք անձամբ են ընտրում իրենց տուրերը՝ միմիայն ապավինելով Google համակարգին:

Չնայած տարածքը հարուստ է տարբեր դարաշրջանները ներկայացնող հուշարձաններով, սակայն կես դարից ավել զբոսաշրջիկներին ներկայացվում է միայն հեթանոսական տաճարը: Անգամ Ազատի կիրճում գտնվող Քարերի սիմֆոնիան պաշտոնապես նոր է համալրելու Գառնիի զբոսաշրջային երթուղին: Համաշխարհային բանկի տրամադրած վարկային ծրագրով նախատեսվում է գյուղից ճանապարհ կառուցել դեպի Քարերի սիմֆոնիա, լուսավորություն տեղադրել: Կկառուցվի նաեւ Ազատի կիրճից դեպի Խոսրովի արգելոցի անցակետ հասնող ճանապարհը:

«Ինչպես աշխարհի փորձն է ցույց տալիս, զբոսաշրջային ոլորտը ռազմավարական մանրակրկիտ պլանավորման ու համեմատաբար համեստ պետական ներդրումների միջոցով կարող է դառնալ համայնքային օղակում տնտեսության զարգացման ու զբաղվածության մեծացման կարեւորագույն աղբյուր»,- հայտնել էր ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին վարկային ծրագրի նպատակները լրագրողներին ներկայացնելիս:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ներկայումս «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի համար կառավարման նոր պլան է մշակում (2018-2028 թթ.), որը կներառի միջազգային լավագույն փորձն ու ստանդարտները : Նոր պլանը, արդյոք, հանրությանը մատչելի կդարձնի՞ արգելոցի տարածքում գտնվող պատմամշակութային արժեքները, կկարողանա՞ համատեղել էկոտուրիզմն ու մշակույթը արգելոցի կանոնների հետ:

Լուսանկարները՝ Ստեփան Նալբանդյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ