HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լենա Նազարյան. «Ջրօգտագործման ընկերությունները հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում»

Սևանա լճից լրացուցիչ 100 մլն մ³ ջուր բաց թողնելու օրինագծի քննարկմանն անդրադարձավ նաև «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

Պատգամավորը նշեց, որ օրինագծում գյուղատնտեսության և բնապահպանության խնդիրները շաղկապված են։ Ասում է՝ մի կողմից կա Սևանա լճի էկոհամակարգի պահպանման խնդիր, մյուս կողմից՝ ցանքատարածքների ոռոգման անհրաժեշտություն։

Պատգամավորը նշեց, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ելույթում ասել է, որ խողովակների մաշվածության պատճառով տեղի են ունենում ջրի կորուստներ։ Նազարյանը հիշեցրեց՝ որպեսզի կորուստների ցուցանիշը նվազի, դրանք վերանորոգվեն, կառավարությունը տարեցտարի հատկացրել է գումարներ։ Որպես օրինակ՝ մեջբերեց 2013 թվականի տվյալ, երբ տրամադրվել է 697 միլիոն դրամ, 2014-ին՝ 998 միլիոն, 2015-ին՝ 907 միլիոն դրամ. «Չնայած այս հատկացումներին՝ վերահսկիչ պալատի 2015 թվականի ոլորտին վերաբերող ընթացիկ հաշվետվության համաձայն՝ ջրի կորուստների ցուցանիշը ոչ միայն չի նվազել, այլ նաև աճել է»։

Պատգամավորը այս անգամ էլ ջրի կորուստների տվյալներ մեջբերեց։ Ասաց՝ 2013-ին ջրի կորուստը կազմել է 44,8 %, 2014-ին՝ 45,5 %։

Ընդգծեց՝ Արսեն Հարությունն էլ չի թաքցրել, որ ոռոգման ջրի կորուստները հասնում են 54-55 %-ի։ Նազարյանն ասաց՝ եթե դա իրոք այդպես է, ապա մեղավոր անձիք պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ ոռոգման համակարգերի վերանորոգման համար նախատեսված ծախսված գումարը վատնելու համար։

«Հիմա եթե հաշվարկենք Սևանա լճի 270  մլն մ³ ջրառի կորուստը, ապա ինչ` 121-148 մլն մ³ ջուր կորելու է։ Իրականում դժվար է պատկերացնել, որ այդ քանակությամբ ջուր կարող է կորել կամ ընդհանրապես գոլորշիանալ։ Եվ մենք կարծում ենք, որ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր։ Ջրօգտագործման ընկերությունները հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում»։

Ընդգծեց, որ օրինագծում գրված է, թե այն կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում։

Նազարյանը նաև անդրադարձավ օրինագիծը հարակից զեկուցող, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությանյանի  Շորժայից դեպի Արտանիշի արգելոց տանող ճանապարհին գտնվող առանձնատանը։ Նազարյանի փոխանցմամբ՝ 2009 թվականից կառուցված առանձնատունը, գյուղացիների վկայությամբ, պատկանում է հենց Արամ Հարությունյանին։

«Առանձնատունը գտնվում է 1900 մետր բացարձակ նիշի վրա։ Մինչդեռ 1903 մետրը այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է ազատ լինի ջրի տակ անցնելու համար։ Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտում էր։ Իսկ հիմա պարզ է, որ Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ներկայացրած ցանկացած տվյալ, հավատ չի ներշնչում»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter