HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում տրվեց Թուրքիա-Հայաստան երկխոսության՝ «Սահմաններից վեր» համատեղ ծրագրի մեկնարկը

Այսօր Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն եւ Հրանտ Դինք հիմնադրամը հայտարարեցին «Սահմաններից վեր՝ 2017-2019» (Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրեր, ճանապարհորդական դրամաշնորհ եւ փորձի փոխանակման նախագիծ) ծրագրի պաշտոնական մեկնարկի մասին: Ծրագիրը ֆինանսավորում է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության» հիմնադրամը:

Հրանտ Դինք հիմնադրամը՝ համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ, շարունակում է խրախուսել փակ սահմաններից այն կողմ երկու հարեւան երկրների մարդկանց եւ հաստատությունների միջեւ կապերն ու ոլորտային գիտելիքների փոխանակումը։  Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի» աջակցության շնորհիվ՝ 2017-2019 թթ․ «Սահմաններից վեր» ծրագրի շրջանակներում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի հստակ ծրագրերով 150 անհատի միջսահմանային այցերը հարևան երկիր՝ հոգալով նրանց ճանապարհածախսը։

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծից կօգտվի Հայաստանից եւ Թուրքիայից 10 մասնագետ: Նրանց հնարավորություն կտրվի ապրել եւ գործունեություն ծավալել հարեւան երկրի հյուրընկալող կազմակերպությունում՝ 4-ից 8 ամիսների ընթացքում։ Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերը հնարավորություն կտան մեկ շաբաթյա՝ անհատական մոտեցմամբ, փոխանակման ծրագրեր եւ ուսումնական այցելություններ կազմակերպել մասնագետների համար, ովքեր համագործակցություն կհաստատեն տարբեր թեմատիկ ոլորտներում՝ ներառյալ կրթություն, մեդիա, առողջապահություն, տեխնոլոգիաներ, երիտասարդություն, մշակույթ, արվեստ եւ քաղաքացիական հասարակություն։
 
Բազմամյա ծրագիրը, որի նախապատրաստական փուլը մեկնարկել է 2017թ․ տարեսկզբին, գործելու է մինչև 2019թ․ մարտ ամիսը։ Ծրագիրն արդեն իսկ աջակցել է 2 երկխոսության ծրագրի իրականացմանը մեդիայի եւ կրթության ոլորտում: 2017թ-ի մայիսի 25-29 Թուրքիայի հիմնական լրատվամիջոցների 7 լրագրողից բաղկացած խումբը այցելել էր Հայաստան «Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա գտնվելու նպատակով: Մայիսի 30-ից հունիսի 2-ը Թուրքիայից Հայաստան էին ժամանել 5 օսմանագետ եւ թուրքագետ: Վերջիններս հանդիպումներ էին ունեցել համալսարանների եւ գիտական հաստատությունների անձնակազմերի հետ, քննարկել փոխադարձ կարիքները եւ ինստիտուցիոնալ համագործակցության հնարավոր ոլորտները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter