Երկուշաբթի, 25 սեպտեմբերի

Նոր Նորքի ձորը հավակնում է դառնալ երկրորդ «Նուբարաշեն»


Նորքի 7-8-9 զանգվածների ձորը տարիներ շարունակ լցվել է շինարարական ու կենցաղային աղբով, եւ այսպես շարունակվելու դեպքում՝ կարող է դառնալ երկրորդ «նուբարաշեն»։ Մի տարբերությամբ՝ այստեղ գերակշռում է շինարարական աղբը, այստեղ աղբը չեն այրում, բայց փոխարենը կուլտիվացնում են՝ ծածկում հողով։

Ձորի երկու կողմերում աղբի տարբեր օջախներ են ձեւավորվել։ Դրանք շատ մոտ են բնակելի շենքերին, սակայն ամենաշատը խնդիր են ստեղծում ձորի այգիների համար։

Ձորում, քարերի մեջ, բնակիչները տասնյակ տարիներով այգիներ են հիմնել, ծառեր տնկել։ 

Այն մասին, թե ովքեր են Նոր Նորքի ձորն աղբավայր դարձրել՝ քչերն են համարձակվում խոսել։ Ըստ բնակիչների պնդումների՝ ինչ-որ մարդիկ 7-րդ եւ 9-րդ զանգվածներում մտածված շինարարական աղբ են լցնել տալիս, որպեսզի կուտակվելու արդյունքում ձորի պռնկին նոր մակերեսներ ձեւավորվեն, որն էլ հետագայում կարող է դառնալ սեփականաշնորհման ենթակա տարածք։ 

Նորքի 9-րդ զանգվածում, թիվ 73 երթուղայինի դիսպետչերանոցի հարեւանությամբ տարիներ շարունակ աղբ լցնելու արդյունքում ձորը լցվել ու դարձել է փողոցի մակարդակին հավասար տարածք։

Որպես Լյով ներկայացած մի երիտասարդ մեզ հետ զրույցում ասաց, որ տարածքին իրենք «տիրություն են անում» արդեն ավելի քան 15 տարի։ Հարցին՝ ի՞նչ է նշանակում «տիրություն անել», մասնավորեցրե՞լ են, պատասխանեց. «Չէ, ուղղակի նայում ենք, որ աղբ չլցնեն»։

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ձորը, աղբով լցվելով, դարձել փողոցի մի մաս, Լյովը պատասխանեց, որ տեղյակ չէ աղբ լցնողներն ովքեր են, բայց և անկեղծացավ, որ ցանկանում է արհեստականորեն ստեղծված տարածքի վրա ծառեր տնկել, մի նպատակի ծառայեցնել։

Իսկ դիսպետչերանոցի մոտ հավաքված եւս երկու տղամարդ փորձում էին համոզել, թե իբր ձորը շինարարական աղբով լցնելը դեռեւս 90-ականներից եկած կարեւոր առաքելություն է եղել։ Նրանց խոսքով՝ 90-ականներին դա անհրաժեշտ էր, որպեսզի տրանսպորտի գումար չունեցողները կարողանային աղբից առաջացած կամրջի վրայով 7-րդ զանգվածից անցնել 9-րդ զանգված եւ հակառակը։

«Հետք»-ը փորձեց զրուցել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետ։ Վերջինս լրացուցիչ երեք աշխատանքային օր ուշացումով, պարզաբանում ներկայացնել արտոնեց վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության բաժնի պետ Էմիլ Իվանյանին, ով պաշտոնավարում է ընդամենը 4 օր։

Արմեն Ուլիխանյանը վերջին 12 տարիներին անմիջական պատասխանատվություն է կրում, Նոր Նորքում` մասնավորապես եւ մայրաքաղաքում` ընդհանրապես, կառավարման եւ սանիտարահիգիենիկ վիճակի համար։

Մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Ուլիխանյանը 2005-2007 թվականներին եղել է Նոր Նորք համայնքի ղեկավարի խորհրդականը, 2008-2009 թվականներին՝ Նոր Նորք համայնքի ղեկավարի տեղակալը, դրանից հետո՝ քաղաքապետարանաի առողջապահության վարչության պետ, իսկ ահա 2012 թվականից մինչ օրս համայնքի ղեկավարն է։

Նա պետք է որ շատ ասելիք ունենար Նորքի 7-8-9 զանգվածները աղբավայրի վերածվելու թեմայով։

Իսկ ահա Էմիլ Իվանյանը պարզապես հերթապահ ու ընդունված, հուսադրող բաներ ասաց՝ «կհետեւենք, որ աղբ չթափեն», «հերթապահություն ենք սահմանել», «խնդիրը կլուծվի»։ Մանրամասն զրույցից, սակայն, պարզվեց, որ ոչինչ այդքան պարզ ու հեշտ չէ։ Վարչական շրջանի ապարատում հստակ պատկերացում չկա, թե ինչպես է հնարավոր ձորն ազատել աղբից:

«Չորս օր է, որ աշխատում եմ, բայց գնացել, տարածքը նայել եմ, համատիրության հետ էլ խոսել ենք, էնտեղ հերթապահություն կլինի, քանի որ վարչական տույժ է սահմանված, աղտոտողները կենթարկվեն տույժի»,-ասաց Էմիլ Իվանյանը, ով մինչեւ վերջերս եղել է Նորքի համատիրություններից մեկի նախագահը։

Ըստ Իվանյանի, բնակիչները ոչ միայն դժգոհ չեն համայնքային իշխանություններից, այլեւ օրհնում են, որ աղբը տեղ-տեղ կուլտիվացրել են։

Պաշտոնյան ասաց, որ լցված աղբը ձորից հանել հնարավոր չէ, պետք է այլ լուծում գտնել։ Իվանյանն առաջարկում է հսկայական աղբակույտերն ամբողջովին ծածկել հողով։ Ավելին, ընդամենը 4 օր պաշտոնավարող կումունալ տնտեսության բաժնի պետը հույս ունի, որ մեկ շաբաթվա ընթացքում այդ հարցը կլուծվի։

Նա բացառեց, որ աղբով ձեւավորված հսկայական մակերեսները կարող են սեփականաշնորհվել։ «Դրանց մոտակայքում բարձր լարման էլեկտրասյուն կա, այդ պատճառով տարածքում որեւէ աշխատանք իրականացնելու իրավունք չկա»,-ասաց Իվանյանը։

Եթե հնարավոր լիներ կշռել ձորում կուտակված աղբը կամ վերածել բեռնատարների, ապա՝ մի քանի հարյուր տոննա քաշ կարձանագրվեր կամ մի քանի հարյուր բեռնատար։

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. Հայկ16:56 - 5 հուլիսի, 2017
ԽՈԶ մի եղեք ու հետո մի բողոքեք: Մեղավոր եք միայն ԴՈՒՔ!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։