HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԱԾ-ն Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով ցանկացած տեղեկություն նախաքննական գաղտնիք է համարում

Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) դեմ նախապատրաստվող սպանության գործով կողմերը նախազգուշացվել են նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, ըստ որում՝ վարույթն իրականացնող մարմինը չի սահմանել նախաքննական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը:

«Հետք»-ի հետ զրույցում մեղադրյալներից Արտակ Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ գործով քննիչը նախաքննական գաղտնիք է համարում անգամ իր պաշտպանյալի տված նախաքննական ցուցմունքը: Մեղադրյալներից Արկադի Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ իրեն ներկայացված արձանագրության մեջ իր պաշտպանյալի ցուցմունքները չհրապարակելու վերաբերյալ կոնկրետ նշում չի եղել, սակայն քննիչի մեկնաբանությամբ` նախաքննական գաղտնիք է այս գործով ցանկացած տեղեկություն. ըստ քննիչի` եթե նախաքննությունը չլիներ, ապա կողմերը տեղեկացված չէին լինի այս գործով որևէ հանգամանքի մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկից ձերբակալվել է 3 անձ, որոնք, ըստ ոստիկանության ունեցած օպերատիվ հետախուզական տեղեկությունների՝ նախապատրաստելիս են եղել սպանություն, և այդ նպատակով Էջմիածնում վարձել այն բնակարանը, որտեղից, ըստ ոստիկանության, իրենք հայտաբերվել են: Թեև դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, պաշտոնապես չհայտնեց, թե ըստ գործի՝ ում դեմ էր նախապատրաստվում սպանությունը՝ որոշ լրատվամիջոցներ լուր տարածեցին, որ խոսքը քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության մասին է:

Երեք անձինք, ովքեր այս գործով ձերբակալվեցին, Արտակ Այվազյանը, Արկադի Քոչինյանն ու Վազգեն Ղազախեցյանն են: Օրեր անց ձերբակալվեց նաև մեկ այլ անձ՝ Զոհրաբ Ղումայանն, ով, գտնվում էր հետախուզման մեջ, և, ըստ գործի նյութերի, օժանդակել է հանցագործության նախապատրաստմանը:

Նշված 4 անձանց նկատմամբ այժմ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ քրեական գործի վարույթը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը, որն էլ, փաստորեն, ձեռնամուխ է եղել կանխելու դեպքի հետ առնչվող որևէ տեղեկության հրապարակումը:

Նշենք, որ այս գործով որպես մեղադրյալ անցնող անձանցից ոմանք դեռևս մինչև գործի՝ ԱԱԾ վարույթ փոխանցվելը, հայտնում են այն մասին, որ մինչև ձերբակալվելը երեք օր պահվել են անհայտ անձանց մոտ, որոնք իրենց ծեծի են ենթարկել, պնդել, թե իրենք սպանություն են նախապատրաստել, ապա մինչև ատամները զինված` իրենց բերել ու հանձնել ոստիկաններին: Այս հանգամանքը, փաստորեն, հակասում է ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությանը, համաձայն որի՝ մայիսի 24-ին ձերբակալված երեք անձինք հայտնաբերվել են Էջմիածնում գտնվող ինչ-որ բնակարանից: Հատկանշական է, որ մեղադրյալներից մեկի` մեզ հայտնի դարձած ցուցմունքի համաձայն` ոստիկանները որևէ քայլ չեն ձեռնարկել` պարզելու համար, թե մինչև ատամները զինված այդ անձինք որտեղից են իրենց բերում, ինչու են զինված և ինչ իրավունքով:

Մեղադրյալների պաշտպանները համաձայն չեն վարույթն իրականացնող մարմնի՝ նախաքննության որևէ տվյալ չհրապարակելու պահանջի հետ:

Արտակ Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջնորդել է հայտնել, թե գործի որ նյութերն են պարունակում նախաքննական գաղտնիք, որպեսզի ինքը կարողանա  մնացած նյութերի վերաբերյալ տեղեկություններն ազատորեն հրապարակել:

«Մենք հիմա քննիչի հետ իրավական այս հարցի շուրջ բավականին լուրջ հակասություն ունենք, և ես միջնորդել եմ տրամադրել այն նյութերի ցանկը, որոնք, իրենց կարծիքով, նախաքննական գաղտնիք են պարունակում, որպեսզի եթե ես համաձայն չլինեմ դրա հետ, բողոքարկեմ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Արկադի Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ արձանագրության մեջ դիտողություն է գրել՝ նշելով, որ այդ սահմանափակման պատճառների մասին արձանագրության մեջ առհասարակ առկա չէ որևէ  նշում:

«Ստացվում է, որ, օրինակ, պաշտպանյալիս պահման պայմանների մասին տեղեկությունը կամ այնպիսիք, որոնք պաշտպանյալս է ինձ հայտնել, իրենք նույնպես դիտարկում են նախաքննական գաղտնիքի տիրույթում, ըստ որում՝ հայտնում են, որ այս հարցի շուրջ մեր անհամաձայնությունը կապ չունի. քննիչը  համարում է, որ նախազգուշացվել եք»,- ասաց Արմինե Ֆանյանը:

Այս գործով մյուս մեղադրյալի՝ Վազգեն Ղազախեցյանի պաշտպանն առհասարակ հրաժարվում է խոսել: Մեր տեղեկություններով՝ վերջինս ցուցմունք է տվել և ընդունել իրենց առնչությունը նախապատրատվող սպանությանը, ապա քննիչին բանավոր կերպով հայտնել, որ ցանկանում է նոր ցուցմունք տալ ու հրաժարվել նախկինում տված իր ցուցմունքից: Դա տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, սակայն առ այսօր քննիչը Ղազախեցյանին նորից չի հարցաքննել: Ղազախեցյանի պաշտպանից չկարողացանք ճշտել՝ իրենց կողմից Ղազախեցյանին նորից հարցաքննելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացվել է, թե ոչ, քանի որ, ինչպես նշեցինք, վերջինս առհասարակ հրաժարվում է հարցերի պատասխանել:

Նշենք, որ թեև Արտակ Այվազյանի և Արկադի Քոչինյանի ցուցմունքները հակասել են Վազգեն Ղազախեցյանի տված ցուցմունքին՝ առաջին երկու անձինք նախաքննության համապատասխան փուլում հրաժարվել են նրա հետ առերես հարցաքննությունից՝ պաշտպանական մարտավարությունից ելնելով:

Այս գործով որպես օժանդակող անցնող չորրորդ անձի՝ Զոհրաբ Ղումաշյանի հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանը ևս նախազգուշացվել է նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ ու ևս պատրաստվում է քննություն իրականանցնող մարմնից պահանջել հստակեցնել, թե որ տեղեկություններն են համարվում գաղտնի:

Խչեյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ նախաքննության այն փուլում, երբ գործով անցնող երեք անձանց անունները չէին հրապարակվում, իր պաշտպանյալի անունը հրապարակվել է, և այս առնչությամբ դիմել է Քննչական կոմիտե, Ոստիկանություն և Դատախազություն՝ պարզելու համար, թե լրատվամիջոցին, որը հրապարակել է իր պաշտպանյալի անունը, որտեղից և ինչ միջոցով է հասանելի դարձել այնպիսի տեղեկություններ, որոնք միայն քննություն իրականացնող մարմնին են հասանելի եղել:

Սյուզաննա Խչեյանը բողոքարկել է նաև իր պաշտպանյալ Ղումաշյանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու որոշումը, վերաքննիչ դատարանը սակայն մերժել է բողոքը: Բողոքարկվել է նաև Ղումաշյանի բնակարանը խուզարկելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի թույլտվությունը:

Նշենք, որ Արմինե Ֆանյանը ևս բողոքարկել է իր պաշտպանյալն կալանավորելու որոշումը: Ասում է՝ վերջին անգամ այսպիսի որոշում երևի 2000 թվականին է եղել. առաջին ատյանի դատարանն, ըստ պաշտպանի, բացարձակապես որևէ կերպ չի պատճառաբանել իր որոշումն ու բավարարվել է միայն օրենսդրորեն կալանավորման համար նախատեսված բոլոր հիմքերը նշելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter