HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արտավանյան «Ֆորտ Բոյար». էկոտուրիզմի փառատոն՝ գանձերի որոնմամբ

Լեռնային գոգավորության մեջ թաքնված արտավանյան մարգարտի՝ «Հայելի» կոչվող լճի գեղեցկությամբ հիանալու համար պետք է գոնե մեկ օր «տառապել» գանձ որոնողի մոլուցքով: «Կարողանալ ճիշտ կողմնորոշվել, գլուխ հանել քարտեզագրումից, լուծել գլուխկոտրուկ-խնդիրներ»,- ժպտալով հավելում է Վազգեն Գալստյանը՝ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահը եւ Արտավանում էկոտուրիզմի երկօրյա փառատոնի անցկացման գաղափարի հեղինակներից մեկը:

Վայոց ձորի Արտավան բնակավայր այցելել էի փետրվարին, երբ ձյան հաստ շերտ կար նստած, ու ճանապարհի անհարթություններն այդքան էլ չէին զգացվում: Օրերը տաքացել էին, ու ձյան հալվելուն զուգընթաց երեւան էին եկել գյուղական ճանապարհի բոլոր թերությունները: «Սա խնդիր չէ, ճանապարհը հարթելու են, այնպես որ գյուղ այցելողներն անհարմարություններ չեն ունենա»,- հավատացնում է Վազգենը:

Նույն խաղաղությունն է Արտավանում, ինչ ձմռանը, պարզապես օդում ավելացել է մեղուների բզզոցն ու համատարած սպիտակին փոխարինել աչք շոյող կանաչը: Գյուղամեջն էլ՝ ձմռան համեմատ, առավել մարդաշատ է: Երեկոյացող Արտավանում տղամարդիկ հավաքված քննարկում են առաջիկա փառատոնի օրերի իրենց անելիքը: Արտավանի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանն առավել շահագրգռված անձանցից է փառատոնի կայացման հարցում, ասում է՝ խոշորացումից հետո լավ հնարավորություն է որպես «ինքնուրույն միավոր» ներկայանալու:

Ատոմ Վարդանյանը

«Շատ ոգեւորված ենք, որովհետեւ նման բաներ վերջին տարիներին մեր մոտ չի եղել ու սա միանշանակ առաջընթաց է՝ Արտավանը Հայաստանում ճանաչելի դարձնելու եւս մեկ միջոց, ինչու չէ՝ նաեւ առկա խնդիրները բարձրաձայնելու,-ասում է Ատոմ Վարդանյանը,- էս պահին կազմակերպչական աշխատանքներով ենք զբաղված, գյուղ բերող հիմնական ճանապարհին պիտի փոսալցումներ կատարենք, հիմա էլ հավաքվել ենք, քննարկում ենք, թե արտավանցին ինչ կարող է առաջարկել տուրիստին»:

Վազգենը հավաքված արտավանցիներին հորդորում է մտածել սեփական բրենդն ունենալու ուղղությամբ: «Բերեք ազատքեղ բույսն էլ սարքենք Արտավանի բրենդը,- առաջարկում է Վազգենը,- Արտավանում, որքան գիտեմ էդ բույսի թթուն շատ սիրված է, ուրիշ տեղեր չեմ հանդիպել: Թող դա էլ լինի ձեր առանձնահատկությունը, հը՞, ինչ կասե՞ք»: Արտավանցիները դեմ չեն, ասում են՝ փորձենք:

Հուլիսի 8-9-ը Արտավանում անցկացվելիք էկոտուրիզմի փառատոնը բավականին հագեցած ու հետաքրքիր միջոցառումներով լի է լինելու, նաեւ՝ արկածներով: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» եւ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ները համատեղ անցած տարի նույնանման փառատոն կազմակերպել էին հարեւան Գոմք գյուղում:

Վազգեն Գալստյանը

«Զառիթափ խոշորացված համայնքի մեջ մտնող Մարտիրոս, Արտավան եւ Գոմք բնակավայրերը շատ մեծ պոտենցիալ ունեն թե´ պատմամշակութային հուշարձանների, թե´ բնության հուշարձանների առումով,- պարզաբանում է Վազգենը,-տուրիստական գործակալությունները, արշավախմբերը եւ ընդհանրապես, այլ մարզերում ապրող մարդիկ քիչ են տեղեկացված էդ պոտենցիալին: Նմանատիպ փառատոնները գյուղական ոչ այնքան հայտնի բնակավայրերը դարձնում են ճանաչելի՝ մեր երկու կազմակերպության նպատակը սա է, մյուս կողմից էլ տեղացին տուրիստի հետ շփման փորձառություն ու մշակույթ է ձեռք բերում»:

Փառատոնի շրջանակում նախատեսվում է թռչնադիտարկում, թիթեռադիտարկում, բուսաբանական արշավ, հեծանվային մրցույթ, մակույկավարություն եւ իհարկե գլխավոր խաղը՝ «Գանձերի որոնում»: Արտավանի փառատոնը տարբերվելու է Գոմքի էկոտուրիզմի փառատոնից: Գոմքի փառատոնային ծրագրում ներառված է եղել ժայռամագլցում, որը Արտավանում փոխարինվել է մակույկավարությամբ՝ հաշվի առնելով բնական պայմանները: Մեծ խաղը, որին հայտ ներկայացածները մասնակցելու են խմբերով, նույնպես նորություն է եւ Գոմքի փառատոնի ժամանակ բացակայել է:

«Գոմքում անցած տարի նախատեսել էինք, որ կունենանք 500 այցելու, ունեցանք 450-ը: Արտավանում այս տարի հույս ունենք, որ կգան 600 զբոսաշրջիկ: Մենք շատ մեծ աշխատանքներ չենք իրականացնում առավելագույն թվով զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Մեր հիմնական խնդիրը փառատոն կազմակերպելն է եւ նրա միջոցով գյուղը ճանաչելի դարձնելը: Սա փորձնական, մոդելային փառատոն է, կարելի է ասել, որի միջոցով փորձում ենք գյուղացուն ծանոթացնել տուրիզմի, զբոսաշրջիկի հետ շփվելու նրբություններին»,- նկատում է զրուցակիցս:

Հաշվի առնելով Գոմքի փառատոնի «դասերը»` այս տարի կազմակերպիչները որոշել են, խորհրդակցելով արտավանցիների հետ, միասնական գնացուցակ սահմանել վաճառվող բնամթերքի համար: Անցած տարի տաղավարներում վաճառվող մթերքի գները թողնվել էր Գոմքի բնակիչների հայեցողությանը եւ, օրինակ, մեկ լիտր մածունը գյուղացիները փորձել էին վաճառել 500 դրամով: Որպեսզի խնդիրներ չծագեն, գյուղացին կարողանա իր ունեցած արտադրանքը վաճառել, տուրիստն էլ չնեղվի, այս անգամ որոշվել է սահմանել խելամիտ ու շուկայականից ցածր գին: Անելու են այնպես, որ արտավանյան փառատոնի առաջին օրը կազմակերպված տոնավաճառի ժամանակ զբոսաշրջիկը ոչ միայն համտեսելու ցանկություն ունենա, այլեւ մեծ քանակությամբ մթերք գնելու եւ հետը տանելու:

Թերեւս ամենահետաքրքիր ու արկածային օրը փառատոնի երկրորդ օրն է լինելու՝ հուլիսի 9-ը: «Գանձերի որոնում» խաղին մասնակցելու համար համացանցով մեկ ամիս առաջ հայտարարություն էր տարածվել խմբերի ձեւավորման ու գրանցման առաջարկով: Վազգենի փոխանցմամբ` արդեն իսկ խաղին մասնակցելու համար ունեն 10 խումբ, սակայն ակնկալվում է եւս 20 խմբի ձեւավորում տեղում:

«Գեոդեզիական խաղ է դա: Մասնակիցները գեոլոկացիոն կոորդինատներով պիտի գտնեն տարբեր վայրերում թաքցրած ցուցումները, անցնեն սարեր-ձորերով ու հասնեն նշանակետ լիճը: Այն թիմը, որն առաջինը կհասնի նշանակետին, որպես մրցանակ կստանա Ծաղկաձորում Զիփլայնի անվճար տոմսեր, ինչպես նաեւ Արտավան համայնքի տներից մեկում գիշերակացի անվճար հնարավորություն մեկ տարվա ընթացքում` մեկ օրով, ով երբ ցանկանա: Կլինեն նաեւ խրախուսական մրցանակներ, մյուս մասնակիցները կստանան գլխավոր մրցանակի զեղչված տարբերակները»:

Հրաժեշտից առաջ արտավանցի Տիգրանը ցույց է տալիս ազատքեղ բույսը, որին տեղացիներն իրենց բարբառով կոչում են սոյ, բադրղան (չգիտես ինչու արտավանցիները համոզված են, որ բադրղանը բույսի գրական անունն է): Տղան մեկ անգամ եւս զգուշացնում է բույսի քաղելու պարտադիր կանոնները՝ անպայման ձեռնոցով՝ այլապես հյութը կայրի մաշկը:

Գլխավոր լուսանկարը` Վաչագան Մաթեւոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter