Կիրակի, 23 սեպտեմբերի

Խոշորացում հայկական ձեւով. Սյունիքի քաղաքները դառնում են մեգագյուղեր (քարտեզ)


Հայաստանի համայնքների խոշորացումն ընթանում է լայն թափով: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց 2011-ի նոյեմբերին, երբ կառավարությունը հավանություն տվեց «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին»:

Կառավարությունը ծրագիրը հիմնավորեց հետեւյալ կերպ. վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային եւ այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից:

Չնայած խոշորացվող համայնքների բնակչության շրջանում չնվազող դժգոհությանը՝ կառավարության առաջարկով Ազգային ժողովը 2015-ի նոյեմբերին հավանություն տվեց Լոռու Թումանյան (6 գյուղական համայնք միավորվել է Թումանյան քաղաքին), Տավուշի Դիլիջան (6 գյուղական համայնք միացել է Դիլիջան քաղաքին) եւ Սյունիքի Տաթեւ (8 գյուղական համայնք միավորվել է Տաթեւ անվան տակ՝ Շինուհայր կենտրոնով) խոշորացված փնջերի ձեւավորմանը: ԱԺ կատարած փոփոխությունն ուժի մեջ մտավ 2016-ի հունվարին:     

2016-ի հունիսին ԱԺ-ն եւս մեկ փոփոխություն կատարեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, որով ձեւավորվեցին նոր խոշորացված համայնքներ՝ Ուրցաձոր (Արարատ), Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ (Շիրակ), Գորիս, Մեղրի, Գորայք, Տեղ (Սյունիք), Ջերմուկ, Վայք, Զառիթափ (Վայոց ձոր), Այրում, Նոյեմբերյան, Կողբ (Տավուշ): Որոշումն ուժի մեջ մտավ հուլիսին:

Այսպիսով՝ վերը նշված 18 համայնքները ձեւավորվել են մինչեւ 2017 թ.՝ «կուլ տալով» նախկին 140 համայնք:

Այս տարվա հունիսին ԱԺ-ն կատարեց հերթական օրենսդրական փոփոխությունը, որն իր ծավալներով գերազանցում է նախորդներին: Օրինագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել էր, որ «վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում խոշորացված համայնքներում նախատեսվում է իրականացնել (որոշ համայնքներում արդեն իրականացվում են) ներդրումային ծրագրեր՝ ԱՄՆ ՄԶԳ (8,6 մլն ԱՄՆ դոլար) եւ Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության (2,3 մլն ԱՄՆ դոլար) ֆինանսավորմամբ»: Առաջարկվում էր նախկին 328 համայնքները դարձնել 34: ԱԺ փոփոխությունն ուժի մեջ է մտնելու հուլիսի 10-ին:

Արդյունքում ձեւավորված նոր 34 փնջերն են՝ Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ (Արագածոտն), Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ (Գեղարքունիք), Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող (Լոռի), Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ (Կոտայք), Անի, Ախուրյան, Մարմաշեն (Շիրակ), Կապան, Սիսիան, Քաջարան (Սյունիք), Արենի, Գլաձոր, Եղեգիս (Վայոց ձոր), Բերդ (Տավուշ):

Համայնքների խոշորացման ժամանակ ամենամեծ փոփոխությունները եղել են Սյունիքի մարզում, որն իր տարածքով (4506 քկմ) երկրորդ խոշորագույնն է Գեղարքունիքից հետո: Սյունիքում խոշարացումն արդեն ավարտվել է. ամբողջ մարզում նախկին 109-ից մնացել է ընդամենը 8 համայնք՝ Գորայք (միավորում է նախկին 4 համայնք), Սիսիան (30), Տաթեւ (8), Գորիս (10), Տեղ (7), Կապան (32), Քաջարան (5), Մեղրի (13):

Սիսիանի տարածաշրջանում լինելու են Գորայքն ու Սիսիանը, Գորիսի հատվածում՝ Տաթեւը, Գորիսը, Տեղը, Կապանում՝ Կապանն ու Քաջարանը, իսկ Մեղրիի ամբողջ տարածաշրջանը այսուհետ մեկ համայնք է:  

Քարտեզով ներկայացնում ենք Սյունիքի մարզի խոշորացված համայնքները (առանձին գույներով) եւ դրանց կենտրոնները:

Ստացվում է, որ Սյունիքում լինելու է 3 գյուղական (Գորայք, Տաթեւ, Տեղ) եւ 5 քաղաքային (Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի) համայնք: Սակայն քաղաքային համայնք ասվածն իրականում հարաբերական է, երբ, օրինակ, Սիսիանի մեջ լինելու է նախկին 28 գյուղական համայնք (բացի Սիսիանից՝ քաղաքի կարգավիճակ ունի նաեւ միավորվող Դաստակերտը), իսկ Կապանի կազմում՝ 31:

Ընդհանրապես, խոշորացող համայնքների քանակով Կապանը ռեկորդակիր է հանրապետությունում: Եթե դիտարկենք ոչ թե խոշորացող համայնքների, այլ բնակավայրերի թվով, ապա 32-ը կդառնա 38, եւ այդ 38-ից միայն Կապանն է, որ քաղաք է: Ընդ որում՝ կիրճերի մեջ գտնվող Կապանն այսօր էլ մասամբ գյուղական թաղամասերից է կազմված՝ Շահումյան, Բարաբաթում, Բաղաբուրջ, Կավարտ, Վերին Վաչագան, Բեխ, Շղարշիկ, Համլետավան:   

Ավելի խոսուն փաստ է խոշորացված համայնքների նոր թաղամասերի հեռավորությունը միմյանցից եւ համայնքային կենտրոնից: Եթե Աղվանի գյուղը դիտարկենք իբրեւ Կապանի ամենահյուսիսային թաղամաս, դրա հեռավորությունը քաղաքից 34 կմ է, իսկ քաղաքից մինչեւ հարավարեւելյան ծայրամաս Շիշկերտ՝ 47 կմ: Փաստորեն, Կապան համայնքի ձգվածությունը հյուսիս-հարավ ուղղությամբ 81 կմ է, իսկ, օրինակ, Մեղրիի Տաշտուն բնակավայրից մինչեւ Նռնաձոր 50 կմ է: Համեմատության համար ասենք, որ Երեւանի Հյուսիսային ավտոկայանից մինչեւ Նուբարաշեն 22 կմ է (տես ստորեւ):

Վերը նշված փաստերի համադրությամբ ավելի ճիշտ կլինի ասել, որ Սյունիքի քաղաքները դառնում են մեգագյուղեր:

Բնակավայրերի հեռավորությունը կենտրոնից ու շատ դեպքերում հանրային տրանսպորտի բացակայությունը լրացուցիչ խոչընդոտ են դառնալու տարբեր հարցեր լուծելու համար ստիպված քաղաքի (համայնքի կենտրոնի) ճամփան բռնել պատրաստվող գյուղացիների համար: Իսկ մեկ համայնքապետի կողմից տասնյակ բնակավայրերի խնդիրների լուծումը (թեկուզ տեղում լիազոր ներկայացուցիչներ նշանակելու միջոցով) շատ մեծ մարտահրավեր է լինելու, որին դիմագրավելը կասկածելի է թվում այս պահին:  

Գլխավոր լուսանկարում՝ Կապան քաղաքը


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (5)
1. լոռեցի11:47 - 6 հուլիսի, 2017
Ասենք մի թղթի հմար ավտո բռնեցի, 40 կմ քանդած ճամփա գնացի ու տեսա որ պետն ու փեչատը, քարտուղարուհին կամ հաշվետարը հանդն են գնացել, կամ խաշ ուտելու, կնունքի կամ թաղման տեղն են, որը շատ ա պատահում: Ինչ պտի անես, գլուխդ որ պատին տաս: Մի բան կարամ ասեմ ըստեղ - թող գելն ուտի էտ չարահոգի օրենք շինողներին, արդար աստվածն էլ իրանց գլխին թող տհենց խաղեր դնի:
2. Վարազ Սյունի 14:28 - 6 հուլիսի, 2017
Համայքների մեծացման նպատակն այն էր,որ մեկ (ավելի մեծ) բյուջե ունենան,որպեսզի համայնքները կարողանան զարգացնել:Բայց՝ համայնքների նմա՛ն մեծացումը,իմ կարծիքով, տանելու է նաև գյուղերի օլիգարխացմանը. այսինքն՝ փոքր հողատեր գյուղացիները դուրս են մղվելու գյուղերից ու գյուղերն ավելի են դատարկվելու: Թուրքերը հայկական հարցը «լուծեցին» հային թանգարանային նմուշ դարձնել փորձելով: ՀՀ իշխանությունները դատարկվող գյուղերի հարցը «լուծում» են գյուղացուն թանգարանային նմուշ դարձնել փորձելով (գյուղերում փոքր ու միջին ֆերմերային կոոպերացիաներ ստեղծելու փոխարեն):Շուտով Հայաստանում «գյուղացի» բառը միայն բառարաններում կհանդիպեք: Մոտ 40-45 հազար բնակչություն ունեցող Կապան քաղաքի տրամագիծը դարձնել 81 կմ պարզապես կատարյալ աբսու՛րդ է ու անկառավարելի մի բան (նկատի ունենալով համայնքի աղքատիկ բյուջեն):
3. Վարազ Սյունի 14:29 - 6 հուլիսի, 2017
Կապան քաղաքը չի՛ զարգանում:Ես սա հաճույքով չեմ ասում,բայց սա է փաստը:Կապանում դեռ կոմունիստական բարքեր են: Երկարաշունչ ճառերով, հնազանդ ծափահարություններով, ցուցադրական հայրենասիրությամբ և աջ ու ձախ մեդալ-պատվոգիր բաժանելով բան ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ: Առ այսօր՝ Կապանի ո՛չ մի քաղաքապետ,փոխքաղաքապետ կամ ավագանի քաղաքի համար ԷԱԿԱՆ ոչ մի բան չի արել. միայն «փող չկա» են շարունակ ասում:
4. Վարազ Սյունի 14:30 - 6 հուլիսի, 2017
Կապանում էլ պրոբլեմների ԽՈՐՔԱՅԻՆ պատճառն այն է,որ պետությունը համարյա ամեն ինչ հանձնել է մասնավորին: Իսկ ի՞նչու: Կապանցիները պիտի ՊԱՀԱՆՋԵՆ,որ քաղաքապետն ու ավագանին ՊԵՏԱԿԱՆ ծառայություններ ու ձեռնարկություններ ստեղծեն, որի սեփականատեր կլինի համա՛յնքը: «Փող չլինելը» դա քաղաքացու պրոբլեմը չէ: Եթե փող չեն կարողանում գտնել քաղաքի համար,թող ՀԵՌԱՆԱՆ իրենց աթոռներից: ՔԱՅԼ 1. Կապանցիները Կապանի քաղաքապետից և՛ ավագանուց պիտի ՊԱՀԱՆՋԵՆ,որ այդ հանքերի գոնե մի մասի սեփականատեր դառնա Կապանի քաղաքապետարանը. այսինքն՝ համայնքը: Կապանի (և Քաջարանի) քաղաքապետարանը պիտի՛ դառնա ԶՊՄԿ-ի գոնե մի մասի սեփականատեր, Կամ՝ ԶՊՄԿ-ը իր եկամուտի առնվազն 5-10%-ը ՊԱՐՏԱԴԻՐ պիտի վճարի համայնքներին՝ ինչպես քաղաքակիրթ երկրներում է: Սյունիքի հանդեպ այս հանքային տեռորիզմը ՊԻՏԻ դադարի: Սյունեցի՛ն պիտի հարստանա այդ հանքերից: Կապանի և Քաջարանի քաղաքապետներն իրենց այնպես են պահում,կարծես ԶՊՄԿ-ի աշխատակիցներ լինեն:
5. Ռոմա15:50 - 6 հուլիսի, 2017
Այս ծրագրով գյուղերը վերջնականապես կվերանան, ինչպես դա եղավ 60-ականներին Կապանի մի շարք գյուղերի հետ:Որոնց խոշորացումից հետո մնացին միայն անունները:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։