Շաբաթ, 18 նոյեմբերի

Անձնական տվյալներ մշակելու սահմանափակումներ լրագրողների համար. օրենսդրական փոփոխության հիմնավորումը համոզիչ չէ



Այս տարվա հունիսի 2-ին «Հետք»-ը նամակ ստացավ փաստաբան Հրանտ Անանյանից, որտեղ նա խնդրում էր 2015թ. հրապարակված մի նյութ կամ հեռացնել կայքից, քանի որ այն «արդեն իսկ ժամանակավրեպ է», կամ «խմբագրել այն՝ փոխելով կամ կրճատելով անձնական տվյալները»: Հրապարակումը մի օտարերկրացու մասին էր, որը ՀՀ իրավապահների կողմից որպես միջազգային հետախուզվող հայտնաբերվել և ձերբակալվել էր: Փաստաբանը տեղեկացնում էր, որ Հայաստանը հրապարակման մեջ հիշատակված անձին արտահանձնել էր, վերջինիս դատական գործընթացն ավարտվել է, սակայն համացանցում նրա անունն ու ազգանունը որոնելուն պես անմիջապես գտնվում է «Հետք»-ի հրապարակումը, որտեղ նշված են նրա բոլոր անհատական տվյալները՝ անունը, ազգանունը, ծննդյան թիվը, ազգությունը, ինչպես նաև` մեղսագրվող հանցագործության մասին տեղեկատվությունը: «Նշվածը էական խնդիրներ է առաջացնում կենցաղում պաշտպանյալիս համար»,- գրել էր փաստաբան Անանյանը: 

Իր խնդրանք-պահանջը հիմնավորելու համար նա հղում էր արել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» (այսուհետ` ԱՏՊ) օրենքին եւ նշել, որ մեր հրապարակմամբ որոշակի խնդիրներ են առաջանում այդ օրենքի իմաստով: Լրատվամիջոցներին նման պահանջ ներկայացնելու հնարավորություն տրվել է 2016թ. դեկտեմբերի 16-ին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ, որով օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչվեց: Այդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում էր, որ «... անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չեն տարածվում բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա»: Դրույթն ուժը կորցրած ճանաչելով` անձնական տվյալներ մշակելու, հետեւաբար նաեւ տարածելու սահմանափակումները օրենսդիրը տարածել է նաեւ լրագրության վրա: 

Իր գործունեության այս սահմանափակման մասին լրագրողական հանրությունն իմացավ, երբ այս տարվա մարտին «Էլոֆանտ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, գործընկեր, փաստաբան Գեւորգ Հակոբյանը լրագրողներին ուղղված զգուշացնող հրապարակմամբ հանդես եկավ: Նա էլ պատահաբար էր հայտնաբերել ուժը կորցրած դրույթը. «2016-ին, երբ Բարքեմփում զեկույց էի ներկայացնում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ, լրագրողները հարց տվեցին, ասացի` ձեզ վրա չի տարածվում, հետո, որոշ ժամանակ անց (2017-ին), երբ փնտրում էի և չէի գտնում այդ դրույթը, փոփոխությունների մեջ նայեցի եւ տեսա, որ այդ դրույթը հանվել է, եւ 2017-ի հունվարից օրենքն ուժի մեջ է մտել»,- ասում է Գ. Հակոբյանը: Կառավարությունը փոփոխությունը կատարել է «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի շրջանակներում հետեւյալ հիմնավորմամբ (նպատակով). «(...) զանգվածային լրատվության միջոցներին վերաբերող կարգավորումներն արդեն իսկ նախատեսված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ուստի հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված զանգվածային լրատվության վերաբերյալ դրույթները»: «Ի՞նչ տարընթերցում է դա, ե՞րբ է եղել, չի պարզաբանվում: Շատ կարեւոր է պարզել, թե ինչ տարընթերցում ենք մենք շտկել, որպեսզի համեմատենք եւ տեսնենք, թե ինչ ենք ստանում»,- տարակուսանք է հայտնում Գեւորգ Հակոբյանը: 

Նախկինում ԶԼՄ-ներին առնչվող բոլոր օրենսդրական նախաձեռնությունները լայն քննարկման առարկա են դարձել, թե´ ԱԺ-ն, թե´ կառավարությունը լսել են լրագրողական հանրության տեսակետը, անգամ հրաժարվել իրենց նախաձեռնություններից, երբ չեն ստացել նրա հավանությունը: Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու է այս փոփոխությունը ԶԼՄ-ի համար աննկատ կերպով արվել: Կասկածներ է հարուցում նաեւ այն հանգամանքը, որ ԱԺ ուղարկված փոփոխության նախագծին կցված չի եղել լիազոր մարմնի` Անձնական տվյալների պաշտպանության գործակալության եզրակացությունը, եւ վերջինս հարցի կապակցությամբ դիրքորոշում չի հայտնել ո´չ նախագիծը մինչեւ ԱԺ ուղարկելը, ո´չ էլ դրանից հետո: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որն այս օրենսդրական փոփոխության ժամանակ Արդարադատության նախարարն էր, հետեւյալ պարզաբանումն է ներկայացնում. «‹‹Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը չի սահմանում դրույթներ, որոնց  համաձայն, եթե խոսքը անձնական տվյալների մասին է, ապա պետք է ստանալ լիազոր մարմնի կարծիքը: Սա հստակ երևում է նույն օրենքի 24-րդ հոդվածի կարգավորումներից, որտեղ թվարկված են լիազոր մարմնի գործառույթները: Բացի դրանից, պետք է նշել, որ օրենքն ընդունվել է որպես մի շարք նախագծերի փաթեթի մեջ ընդգրկվող նախագիծ, որում լրացումները կատարվել են առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմով, ընդ որում` ՀՀ  Ազգային ժողովի որոշման համաձայն՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անց է կացվել  առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Այն դեպքերում, երբ  օրենսդիրը սահմանում է նախագծի քննարկման 24-ժամյա ռեժիմ, որոշակիորեն  փոխվում են նախագծի քննարկման և դրա վերաբերյալ կարծիքների ներկայացման ընթացակարգերը, ինչի հետևանքով էլ, կարծում եմ, նախագիծը չի անցել ձեր կողմից մատնանշված փուլերով»:

«Հետք»-ին տված պարզաբանման մեջ Գործակալությունը փորձում է փարատել օրենսդրական փոփոխության առնչությամբ լրագրողների ունեցած մտավախությունները` նշելով, որ լրագրողի կողմից անձնական տվյալների մշակման հիմքեր են պարունակում ինչպես «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները, այնպես էլ միջազգային իրավական ակտերով սահմանված դեպքերը, դրանց դոկտրինալ մեկնաբանությունները, ՀՀ դատարանների, ՍԴ (ՍԴՈ-997 որոշում) եւ ՄԻԵԴ դատական գործերը: Փաստաբան Գևորգ Հակոբյանը մտահոգվում է. ««Զանգվածային Լրատվության մասին» օրենքը որոշակի ազատություն է տալիս լրագրողներին, բայց միեւնույն ժամանակ կա սահմանափակում` լրագրողն ազատ է, եթե դա պայմանավորված է հանրային շահով: Իսկ ե՞րբ է պայմանավորված հանրային շահով` մեկնաբանման եւ իրավակիրառության խնդիր է, որը կատարելու է վարչական մարմինը` Արդարադատության նախարարությունը` ի դեմս Գործակալության, եւ դատարանը, երբ գործը հասնի այնտեղ: Իսկ թե ինչպես կկիրառի եւ կմեկնաբանի դատարաը` այսօր հստակ չէ»:

 Հակոբյանի խոսքով` օրենսդրական փոփոխությունը լրագրողների համար ռիսկեր է պարունակում, որովհետեւ «ԱՏՊ մասին» օրենքի պարտականությունները եւ դրանց հետեւանքներն ամբողջությամբ տարածվում են նրանց վրա: Անձնական տվյալը  անձին նույնականացնելու հնարավորություն ընձեռող ցանկացած տեղեկություն է: Որպեսզի այն մշակվի, օրենքով սահմանված է մի քանի ռեժիմ: «Առաջին ռեժիմը, որը ես պայմանական անվանում եմ սովորական ռեժիմ, անձի համաձայնությունը ստանալն է` բանավոր կամ գրավոր եղանակով: Երկրորդ` հանրամատչելի աղբյուրից անձնական տվյալների մշակումն է: Հանրամատչելի է այն, ինչ օրենքով նշված է որպես հանրամատչելի եւ անձն ինքը դարձնում է հանրամատչելի, օրինակ` սոցցանցերում Public ռեժիմով հրապարակվածը: Վերջապես կենսաչափական եւ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, որոնց մշակման համար պետք է ոչ միայն անձի համաձայնությունը, այլ մինչ մշակելը պետք է ծանուցել Գործակալությանը: Եթե ուշադիր նայենք, նաեւ կա ԱՏ ուրիշ երկիր փոխանցելու հարցը, որի դեպքում կա անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող երկրների ցանկ, ուր ԱՏ փոխանցելը թույլատրված է, իսկ եթե ԱՏ փոխանցվում է ցուցակում չընդգրկված երկիր, ապա պետք է տրամադրվեն երաշխիքներ, որ անձնական տվյալների մշակման անվտանգությունն այնտեղ կապահովվի և ստանալ Գործակալության թույլտվությունը: Այսպիսով, օրինակ, եթե լրագրողը առանց տվյալների սուբյեկտի համաձայնության հրապարակի սովորական անձնական տվյալ, ապա նրան սպառնում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված է 200-500 հազար դրամ տուգանք. բացի դրանից` պետությունը կարող է պահանջել ԱՏ մշակումը դադարեցնել կամ նույնիսկ արգելել դա օգտագործել»,- ներկայացնում է Գեւորգ Հակոբյանը: Նրան  շատ է մտահոգում նաեւ քրեական պատասխանատվության գործիքը. Քրեական օրենսգրքում առկա է անձի անձնական եւ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի մշակելու վերաբերյալ 144-րդ հոդվածը, որը եւս 200-500 հազար դրամ տուգանք է նախատեսում եւ կալանք` մինչեւ երկու ամիս: «Եթե համեմատում ենք, տեսնում ենք, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հոդվածը իմաստային առումով գրեթե նույն բովանդակությունն ունի, ընդամենը գրված է` եթե արարքը չի պարունակում քրեական արարքի հատկանիշներ...: Իսկ եթե նորմերի բովանդակությունը հստակ չէ, շատ հեշտ է վարչական պատասխանատվության փոխարեն քրեական պատասխանատվություն կիրառել: Բայց ամենամեծ ռիսկը հետեւյալն է` երբ Ձեր գործունեությունը խիստ կախված է անձնական տվյալների մշակումից և Ձեզ արգելում են անձնական տվյալները մշակել եւ օգտագործել, դա կարող է հանգեցնել ամբողջ գործունեության կասեցմանը»,- ասում է պրն Հակոբյանը: Գործակալությունը այս հարցը մեկնաբանում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի հղմամբ` իր առաքելության շրջանակներում լրագրողի կողմից առանց անձի համաձայնության անձնական տվյալներ հրապարակելը/տարածելը որեւէ պատասխանատվություն չի առաջացնում, քանի որ անձի անձնական տվյալների մշակման հիմք է ոչ միայն համաձայնությունը, այլ նաեւ օրենքով նախատեսված լինելը (տվյալ դեպքում՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով): 

«Հետքի» հրապարակած նյութում առկա տեղեկատվությունը, ըստ Գործակալության, հանրամատչելի տվյալ է (տես «ԱՏՊ մասին» օրենքի հոդված 11-ը), քանի որ վերցված է ոստիկանության հաղորդագրությունից, որն օրենքով սահմանված կարգով է մշակել այն, ուստի լրագրողը որեւէ պատասխանատվություն չի կրում: «Եթե լրագրողը մշակում է հանրամատչելի ռեժիմի անձնական տվյալ, ապա հանրամատչելի անձնական տվյալների ռեժիմի իրավունքներն ու պարտականություններն են գործում: Եթե մշակողը, այդ թվում՝ լրագրողը հանրամատչելի անձնական տվյալներ մշակելիս խնդիր ունենա, պետք է ապացուցի, որ դա եղել է հանրամատչելի: Եթե 3-րդ հոդվածի դրույթն ուժը կորցրած չճանաչվեր, լրագրողի վրա չէր տարածվի ապացուցման բեռը, անձնական տվյալ մշակելիս սուբյեկտի համաձայնության պարտավորությունը, կենսաչափական ու հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ հրապարակելուց առաջ Գործակալությանը ծանուցելու պարտականությունը եւ այլ պարտավորություններ»,- ասում է Գեւորգ Հակոբյանը:

Ո՞վ պետք է պահպանի անձնական տվյալների գաղտնիությունը

Փաստաբան Հրանտ Անանյանը «Հետք»-ին դիմելուց առաջ պետք է դիմեր ոստիկանություն, քանի որ «Հետք»-ը տարածել էր ոստիկանության հաղորդագրությունը: Մամուլի բոլոր նման հրապարակումների հիմքում քննչական մարմինների հաղորդագրություններն են: «Արդյոք այդ մարմինները չէ, որ կրում են անձնական տվյալների պաշտպանության պարտավորություն». մեր հարցին փաստաբան Անանյանը պատասխանում է. «Անշուշտ, նախաքննության մարմինն է տրամադրում այդ տվյալները լրատվամիջոցներին»:

Հայտնի նորմ է, որ նախաքննության ընթացքում շատ տվյալներ գաղտնի են մնում: Նախաքննության ընթացքում անձի վերաբերյալ կալանավորումը որպես խափանման միջոց հարցի քննարկումը իրականացվում է դռնփակ դատական նիստում: Դրա խորհուրդը, էությունն այն է, որ տվյալ դեպքում, քանի որ անմեղության կանխավարկածն է դեռեւս գործում, այն փուլում, երբ անձի ազատությունն է սահմանափակվում, ձերբակալվում է կամ կալանավորվում, էականորեն խախտվում են նրա օրինական շահերը եւ իրավունքները: «Կալանավորման միջնորդության քննարկման գաղտնիությունը ներդրված է մեր Քրեական դատավարության օրենսգրքում առաջին հերթին մեղադրյալի օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանության տեսակետից: Բայց հաճախ մոռանում են այդ նորմի գոյությունը կամ ձեւական պահպանում են, դռնփակ դատական նիստ են անում` զուգահեռաբար ԶԼՄ-ներին տրամադրելով այն միջնորդության բովանդակությունն իր ողջ ծավալով, որը քննարկվել է դռնփակ դատական նիստում կալանավորման միջնորդության ժամանակ: Եվ այստեղ ունենում ենք իրավիճակային կազուս. ձեւական առումով փակ դատական նիստ ենք անցկացնում, բայց մյուս կողմից` փակ նիստում քննարկված ողջ նյութը հասարակությանն ենք ներկայացնում ԶԼՄ-ների միջոցով»,- խնդիրը նկարագրում է Հրանտ Անանյանը:

Ըստ նրա` Հատուկ քննչական ծառայությունը դեպքերի 90 տոկոսում պահում է անձի անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը` նշելով մարդկանց անվան, ազգանվան առաջին տառերը: Բայց երբեմն, հասարակական կարծիքի անհրաժեշտությամբ պայմանավորված, անձնական տվյալները հրապարակում է: «Ուզում եմ ասել, որ դա պատահական չէ: Բավական է լսել անձի վերաբերյալ, որ նա կաշառք վերցնելու համար ձերբակալվել է, եւ դա կարծիք  է ձեւավորում նրա մասին` իբրեւ հանցագործի: Կարող է 7 օր հետո այդ անձի նկատմամբ արդարացնող հիմքով գործը կարճվի կամ նրան ազատեն կալանքից, բայց հասարակական ընկալումը մնում է»,- մասնավորեցնում է փաստաբան Անանյանը: Որպես օրինակ` նա հիշեցնում է դատավորների` կաշառք վերցնելու մասին տեղեկությունների հրապարակումը` դա համարելով թե´ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտում, թե´ անմեղության կանխավարկածի:

Արդյոք անձի ինքնությունը բացահայտող տվյալներ չի կարելի հրապարակել, եթե խոսքը պետական կամ հանրային գործչի մասին է: Փաստաբան Անանյանի պատասխանը միանշանակ չէ. «Իմ կարծիքով` ե´ւ այո, ե´ւ ոչ, այստեղ մասնավոր եւ հանրային շահերի բախում է»: Դիտարկելով պաշտոնյաների կամ նրանց ընտանիքների անդամների մասնակցությամբ տեղի ունեցող տարատեսակ միջադեպերի վերաբերյալ հրապարակումները, որոնցում նշվում են նրանց անհատականացնող տվյալները, փաստաբան Անանյանն ասում է. «Օրինակ` գրվում է քաղաքապետի որդի այսինչ այսինչյանը վրաերթի է ենթարկել... Վրաերթի ենթարկելը դեռեւս հանցագործություն չի, բացի այդ` քաղաքապետի որդի ձեւակերպման մեջ կարելի է եւ նրա տվյալները չնշել, կամ գրել առաջին տառերը, բայց կենսագրական տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, հաշվառման հասցե, ազգություն, քաղաքացիություն` իր ամբողջության մեջ շատ խոցելի է դարձնում մարդուն: Իմ կարծիքով` անձնական տվյալները պետք է սահմանափակ ձեւով օգտագործել, բայց, իհարկե, լրատվամիջոցների դերն էլ չպիտի նվազեցվի»,- ամփոփում է նա:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության դիրքորոշումն այս հարցի առնչությամբ հետեւյալն է. «Թեեւ ներպետական օրենսդրությամբ (ինչպես «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով) լրագրողի կողմից պաշտոնյայի եւ այլ անձանց անձնական տվյալների օգտագործման տարբերակում չի դրվում, սակայն ՄԻԵԴ որոշումներով եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1998թ. ընդունած «Անձնական կյանքի իրավունքի մասին» 1165 բանաձեւով որոշակիացվում է, որ պետական-հանրային գործիչների անձնական կյանքի սահմանները շատ ավելի լայն են, քան այլ մարդկանցը, եւ որ հասարակության մեջ պետական-հանրային գործիչների գրաված հատուկ դիրքով պայմանավորված՝ նրանց անձնական կյանքի հանդեպ ունեցած ճնշումն ավելի մեծ է: Վերոնշյալն արտացոլված է նաեւ ներպետական դատական պրակտիկայում»: 

Որպեսզի Գործակալությունը եւ Արդարադատության նախարարությունը «փափուկ բարձ» չդնեն լրագրողների գլխի տակ, փաստաբան Գևորգ Հակոբյանը լրագրողական համայնքին կոչ է անում նախարարությունից պաշտոնական պարզաբանում ստանալ «ԱՏՊ մասին» օրենքի 3-րդ դրույթն ուժը կորցրած ճանաչելու և դրա հետևանքների վերաբերյալ այն ընթացակարգով, որը նախատեսված է «Իրավական ակտերի մասին» օրենքով: Միայն այդ դեպքում այն իրավական տեսանկյունից արժեք ու հետեւանք կունենա: Նրա խոսքով` նման պաշտոնական պարզաբանումը անձնական տվյալ մշակողին կազատի պատասխանատվությունից: «Միգուցե կա նաեւ սահմանադրականության խնդիր, եւ այդ դրույթը պետք է քննարկի ՍԴ-ն: Ինձ նաև անհանգստացնում է Քրեական օրենսգրքում մնացած հին հոդվածը, որը «ԱՏՊ մասին» օրենքի ընդունումից հետո ստացել է մեկնաբանման նոր բովանդակություն, որովհետեւ շատ հավանական է` վարույթն իրականացնող մարմինները այդ հոդվածը մեկնաբանեն «ԱՏՊ մասին» օրենքի լույսի ներքո, որը ոչ միայն 200-500 հազար դրամ տուգանքի ռիսկ է պարունակում, այլեւ` մինչեւ 2 ամիս կալանքի ռիսկ ու դատվածություն»,-եզրափակում է փաստաբան Հակոբյանը: 

Միջանկյալ լուծում` հավասարակշռելու խոսքի ազատության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքը

Եվրամիության թիվ 31995L0046 դիրեկտիվը պահանջում է ազգային օրենսդրությամբ սահմանափակել լրագրողական եւ գրական նպատակների վրա անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքների կիրառումը: Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին հարցրինք, թե ինչու՞ հաշվի չի առնվել ԵՄ այս դիրեկտիվի պահանջը:

«ԵՄ դիրեկտիվի կարգավորումներն այդքան էլ ուժեղ փաստարկ չեն: Որքան էլ ԵՄ դիրեկտիվներում տեղ գտած կարգավորումները ունեն կարևոր և կողմնորոշիչ նշանակություն, և շատ դեպքերում մենք օրենսդրական փոփոխություններ կատարելիս հաշվի ենք առնում դրանցում տեղ գտած լուծումները, այնուամենայնիվ, դրանք ՀՀ իրավական համակարգի մաս չեն կազմում և պարտադիր չեն մեզ համար»,- պատասխանեց Ա. Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ` նույնիսկ ԵՄ-ում լրագրության համար սահմանափակումները չեն կրում բացարձակ բնույթ: Յուրաքանչյուր անգամ մեդիան պետք է որոշի, թե որքան տվյալ է հարկավոր հրապարակել, որ ներկայացվող նյութը չմիջամտի անձնական կյանքի գաղտնիությանը և անձին հնարավոր վնաս չպատճառի: «Եթե մեծ է վնասը, որ նման նյութի հրապարակումը հնարավոր է անձին պատճառի մեծ վնաս, ապա դրա հրապարակումը  այդքան էլ իրավաչափ չի դիտարկվի: Հենց սա է պատճառը, որ այս բացառությունը երբևէ չի դիտարկվում որպես բացարձակ, այլ կան որոշակի պայմաններ, որոնք պետք է պարտադիր պահպանվեն, օրինակ՝ տեղեկատվությունը պետք է հավաքվի բացառապես լրագրության նպատակներով, այն պարտադիր հրապարակելու մտայնությամբ, ողջամիտ հավատով, որ նյութի հրապարակումը ունենալու է հանրային հետաքրքրություն և այլն»,-ասում է Արփինե Հովհաննիսյանը:

Նա ընդգծում է, որ համաձայն ԵՄ դիրեկտիվի` եթե նույնիսկ կա հանրային շահ, դա չի նշանակում, որ պետք է անտեսվի անձնական տվյալների պաշտպանությունը. «Այս ամենը վկայություն է, որ  ԵՄ դիրեկտիվը չի սահմանում մեդիայի համար բացառություն անխտիր բոլոր դեպքերի համար, այլ կիրառելի է այն դեպքերում, երբ պետք է ապահովել հավասարակշռված մոտեցում խոսքի ազատության և անձնական տվյալների պաշտպանության համար: Այս առումով պետք է նշել, որ ‹‹Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները չէին առաջարկում այդ հավասարակշռված մոտեցումը»:

Նախկին նախարարի կարծիքով` մեր օրենքում առկա ձևակերպումը հաշվի չէր առնում անձնական տվյալների պաշտպանության համար ամբողջական երաշխիքների նախատեսումը: Եվ դա պայմանավորված է հետեւյալ հանգամանքով` եթե եվրոպական երկրների օրենսդրությունը և պրակտիկան մեծամասամբ հստակ են այն հարցում, թե որն է լրագրողական գործունեությունը, այսինքն՝ կան չափանիշներ, թե ով է լրագրողը, արդյոք նրա կողմից անձնական տվյալներ հավաքելը կարող է դիտարկվել իրավաչափ, թե ոչ, ապա մեր երկրում մեդիա ճանաչելու, անձի գործունեությունը որպես լրագրողական գործունեություն ճանաչելու հստակ ընթացակարգեր չկան: «Հենց այս պատճառով է, որ շատ էին բարձրաձայնվում այն չարաշահումների մասին, որ ‹‹լրագրողական›› գործունեության անվան ներքո հավաքում էին անձնական տվյալներ՝ խախտելով անձի իրավունքները: Այդ չարաշահումները կանխելու նպատակով էլ օրենսդրական փոփոխություննների անհրաժեշտություն էր առաջացել: Ցանկանում եմ նշել, որ  անկախ օրենքի կարգավորումներից, ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է   տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը, և յուրաքանչյուր լրագրող ազատ է իրավաչափ նպատակով փնտրել և ստանալ տեղեկատվություն»,- ասում է Ա. Հովհաննիսյանը: Օրենսդրական այս փոփոխությունը նա համարում է միջանկյալ լուծում. «Քանի դեռ մեր օրենսդրությունը և պրակտիկան չեն պատասխանում այն հարցին, թե որ դեպքում  են անձնական տվյալները հավաքվում լրագրության նպատակով, և ընդհանարապես որն է լրագրողական գործունեությունը, շատ մեծ է լինելու վտանգը, որ խախտվելու են անձանց իրավունքները, ուստի անհրաժեշտ է միչև բացառություններ սահմանելը ապահովել այն ամբողջական և համակարգային օրենսդրական հենքը, որը թույլ կտա հավասարակշռել խոսքի ազատության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքը»: 

Գլխավոր լուսանկարը` www.anonews.co կայքից, փաստաբանների լուսանկարները` www.advocates.am կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ