HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շավարշ Քոչարյան. «Սա Բաքվի՝ սեփական ժողովրդի արյան վրա հիմնված ժառանգական ռեժիմի հերթական հանցագործությունն է»

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը գնահատել է վերջին օրերին շփման գծում Ադրբեջանի կողմից իրադրության սրմանն ուղղված վերջին գործողությունները: Բաքվի գործողությունները նա բնորոշել է որպես հանցագործության հերթական դրսևորում. «Սա Բաքվի` հարևան ժողովրդի հանդեպ ատելության և սեփական ժողովրդի արյան վրա հիմնված ժառանգական ռեժիմի հերթական հանցագործությունն է:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի` հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը:

Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95 թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, համաձայնագրերով իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնությունների կատարումից և շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Արցախի և Հայաստանի դեմ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների արդյունքում բոլոր զոհերի համար պատասխանատվությունը` անկախ նրանց ազգային պատկանելությունից»,- Քոչարյանի խոսքերն է փոխանցում ԱԳՆ պաշտոնական կայքը:

Խոսելով Թուրքիայի կողմից իրադրությանը տված գնահատականի մասին` փոխնախարարը նշեց, որ հարևան երկրի «դատապարտելը կամ ցավակցելը պայմանավորված է միայն ազգային պատկանելությամբ, ինչը որևէ քաղաքակիրթ մեկնաբանությունից դուրս է»:

«Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայի ժամանակ Թուրքիան ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը, այդ թվում՝ երեխաների սպանությունը, տարեց մարդկանց բարբարոսաբար անդամահատումը, գերի ընկած հայ զինվորների` ԴԱԵՇ-ի ոճով գլխատումը, այլ, ըստ էության, խրախուսել է այդ ռազմական հանցագործությունները:

Մյուս կողմից` Թուրքիան հայտարարում է, որ դատապարտում է հենց Ադրբեջանի կողմից նախաձեռնված սադրանքի արդյունքում ադրբեջանական խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը` չնշելով, որ դրա հիմնական պատճառը պաշտոնական Բաքվի` իր խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու քաղաքականությունն է»,- նշել է Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է TR-107 տիպի համազարկային հրթիռային համակարգ: ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան հարված են հասցրել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին, ինչի արդյունքում զոհվել էր երկու խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2-ամյա աղջիկ:

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter