HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզում գրեթե չեն զբաղվում օրգանական գյուղմթերքի արտադրությամբ

Ավանդական գյուղատնտեսությունից օրգանականին անցնելու համար, ըստ մասնագետների, ՀՀ տարածքոում գուցե ամենամեծ ու բնական պոտենցիալն ունի Շիրակի մարզը (չկան քիմիական գործարաններ, հանքարդյունաբերություն, բնությունն ու օդը մաքուր են՝ համեմատած այլ մարզերի հետ), սակայն չգիտես ինչու տեղի ֆերմերները չեն զբաղվում կամ քիչ են զբաղվում օրգանական գյուղատնտեսությամբ: Մեկ ձեռքի մատներն երեւի բավարար լինի հաշվելու, թե տարածաշրջանում քանի բնակավայրերում են ներկայում զբաղվում օրգանական գյուղատնտեսությամբ, որտեղ են նոր տեխնոլոգիաներ կիրառում եւ ավանդական մշակաբույսերի բարձրարժեք տեսակների մշակությամբ զբաղվում:

Գյումրի Լոֆտում օրերս շիրակցի ֆերմերների հետ կազմակերպված հանդիպում-աշխատաժողովի ժամանակ, որ կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրի» շրջանակում, օրգանական գյուղատնտեսության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց փորձը՝ հորդորելով ներկաներին քայլեր ձեռնարկել ավանդական գյուղատնտեսությունից օրգանականի անցնելու՝ խոստանալով աջակցել ցանկացողներին իրենց նախաձեռնություններում:

«Կանաչ արահետ» ՀԿ-ի ղեկավար Նունե Սարուխանյանի կարծիքով շիրակցիների պասիվության հարցում դերակատարում ունի պահպանողականությունը: Տարիներ շարունակ մարզում զբաղվելով հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի եւ կաղամբի մշակությամբ` մարդիկ պարզապես ալարում են փոխել ընդունված աշխատելաոճը, որոշ դեպքերում էլ ռիսկի գնալու(ասենք հացահատիկին զուգահեռ զբաղվել ելակի մշակությամբ) գործոնն է մարդկանց հետ պահում:

«Դուք ունեք Արփա լճի նման էկոլոգիապես մաքուր տարածք, որը չեք օգտագործում,-նկատեց Նունե Սարուխանյանը,-ալպիական գոտիների պակաս էլ չկա, բայց արի ու տես, որ հենց այդ հատվածներում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներ չկան: Այնինչ աշխարհն հիմա անցում է կատարում ավանդական գյուղատնտեսությունից օրգանականի, որը շատ բարձր է գնահատվում: Ասենք ինչու չզբաղվել հատապտուղներ աճեցնելով հացահատիկին զուգահեռ կամ զարկ տալ նույն կաղամբի առավել բարձրարժեք տեսակների մշակմանը»:

Բանախոսի փոխանցմամբ` օրգանական գյուղատնտեսության ճյուղն այսօր բավական զարգացած է Տավուշի, Լոռու, Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, որտեղ մեծ է հողի աղտոտվածությունը, տիրապետող է հանքարդյունաբերությունը: Շիրակի մարզում օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագրեր են իրականացվել Ողջի, Բյուրակն, Արեգնադեմ համայնքներում, սակայն թիվը կարելի է ավելացնել, եթե ցանկացողներ լինեն:

«Մենք Արեգնադեմում օգնել ենք կաթի վերամշակման փոքրիկ ձեռնարկություն ստեղծել, Բյուրակնում էլ օրգանական տնկիներ են տրամադրել եւ օգնելու ենք ոռոգման համակարգն անցկացնել: Ի վերջո պետք է հասկանանք, թե որքան օգտակար է օրգանական մթերքի արտադրությունն, ինչպես նաեւ շահութաբերությունը: Երբ մարդն ավանդականից անցնում է օրգանական մթերքի արտադրության՝ չեն կիրառվում տոքսիկ նյութեր, թունաքիմիկատներ, շրջակա միջավայրը չի աղտոտվում»,-նկատեց Նունե Սարուխանյանը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը եւ «ՕՌՎԱԿՕ» ընկերության տնօրեն Լուսինե Նալբանդյանը: Վերջինս շիրակցի ֆերմերներին ներկայացրեց իրենց արտադրած օրգանական պարարտանյութերի տեսականին, դրանց կիրառման ձեւերն ըստ անհրաժեշտության՝ նշելով, որ իրենց նպատակն է փակել բնապահպանական շղթան եւ նպաստել անթափոն արտադրությանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter