HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորը «Սասնա Ծռեր»-ի 18 անդամների նկատմամբ սանկցիա կիրառեց և հեռացրեց նիստերի դահլիճից

Ամալյա Մարգարյան

Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» 18 անդամների գործով նիստն այսօր կայացավ երեք ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Թաթուլ Թամրազյանի ներկայությամբ: Մյուս 15 ամբաստանյալների նկատմամբ դատարանը նախորդ նիստին վեց ժամով սանկցիա էր կիրառել: Նիստին չէին ներկայացել նաև այն փաստաբանները, որոնցից մի քանիսի նկատմամբ նախորդ նիստին ևս սանկցիա էր կիրառվել:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նիստը սկսելուց հետո դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ նախագահողը խախտում է փաստաբանների և ամբաստանյալների իրավունքները: «Դուք իրավունք չունեք նման գործը քննել, Ձեր նախագահության ընթացքում փաստաբանին ուղղված ամբաստանյալի նամակը կարող են խլել և ոչ միայն կարդալ, այլ հրապարակել։ Դուք դատավոր եք, որի օրոք բռնություն էին կիրառել դատարանում, իսկ ձայներն այնքան բարձր էին, որ պաշպանները ՄԻՊ-ից են մարդ կանչել: Իսկ Դուք չեք լսում»,-հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նույնպես միացավ ինքնաբացարկի միջնորդությանը և ասաց, որ դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար որպես ֆիզիկական անձ է դիմել Փաստաբանների պալատ, քանի որ սանկցիայի վերաբերյալ խորհրդակցական սենյակում որոշում չի կայացրել։ Փաստաբան Արա Ղարագյոզյանը  նշեց, որ դատավորը հանդես է գալիս որպես դատավարության կողմ. «Դատախազությունը համագործակցում է ձեզ հետ։ Մեղադրողները ներս ու դուրս են անում Ձեզ համար հատկացված դռնով»: Փաստաբան Գրիշա Բալասանյանը, անդրադառնալով նույն հարցին, նշեց. «Դուք արդեն դատավարության կողմ եք, ոչ արդարադատություն իրականացնող, որովհետև եթե դատախազներն ազատ ելք ու մուտք ունեն ձեր աշխատասենյակ, հետևաբար չեք կարող պահպանել հավասարություն, անաչառություն»: Նրա խոսքով` սա պետք է նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի համար վերջին նիստը լինի: Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ նիստին ներկայացել են, որպեսզի ինքնաբացարկ ներկայացնեն դատավորին, դա եղել է իրենց պաշտպանյալների ցանկությունը: «Եթե մերժեք միջնորդությունը, մենք ներկա չենք գտնվի նիստին, մինչև մեր պաշտպանյալները ներկա չգտնվեն»,- հավելեց փաստաբանը, որից հետո լքեց նիստերի դահլիճը: Փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս լքեց նիստերի դահլիճը, իսկ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու որոշում կայացնելու նպատակով ընդմիջեց նիստը:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը, անդրադառնալով ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը, ասաց, որ դատավորն ունի կանխակալ կարծիք և ինքնաբացարկի միջնորդությունը մերժվելու է. «Դատավորը թույլ է տալիս խախտումներ՝ թույլ չտալով, որպեսզի պաշտպաններն անկաշկանդ մտնեն դատարանի դահլիճ, թույլ է տալիս, որպեսզի պահանջ ներկայացվի խուզարկելու պաշտպաններին՝ խախտելով պաշտպանական իրավունքը: Այս բոլոր գործողություններն անում են, որպեսզի թույլ չտան նորմալ դատական նիստերի կայացմանը»:

Փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու որոշումը հրապարակելուց հետո դատավորն անցավ դահլիճում ներկա գտնվող երեք ամբաստանյալների ինքնությունը պարզելու գործընթացին: Արամ Մանուկյանը հայտարարությամբ հանդես եկավ և նշեց, որ իրենք նիստին ներկա կգտնվեն միայն իրենց ընկերների հետ միասին և փորձեց դուրս գալ նիստերի դահլիճից: Նրա նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելով՝ դատավորը հեռացրեց նիստերի դահլիճից: Ապակիներից այն կողմ գտնվող ամբաստանյալների աջակիցներն ամբաստանյալ Մանուկյանին «Արա˜մ, Արա˜մ» վանկարկումներով ճանապարհեցին:

Հովհաննես Հարությունյանը ևս նշեց, որ ցանկանում է նիստին ներկա գտնվել միայն իր ընկերների հետ: «Ձեր հետևում կախված գերբի համար մենք ապստամբություն ենք արել, տղերքը արյուն են թափել, իսկ Դուք մեզ վերաբերվում եք որպես հանցագործների, մեզ ասում եք` ոտքի կանգնեք: Սա դատավարություն չէ, չգիտեմ՝ ինչ է: Դուք պետք է անեք այն, ինչ ձեզ ասել են: Մեր ընկերներն էս շոգին պադվալում կանգնած են, ասեք` ինչու՞»,- այս խոսքերից հետո դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար դատավորը Հովհաննեսին ևս հեռացրեց նիստերի դահլիճից, որին հետևեցին Թաթուլ Թամրազյանի հայտարարությունը և դատարանի կողմից իրականացված կարգապահական սանկցիան:

Նիստն ընդմիջվեց, իսկ վերադառնալուց հետո դահլիճում գտնվում էին միայն փաստաբանները: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, դիմելով դատավորին, հարց ուղղեց՝ ինչո՞ւ է դատարանում գտնվում փոխգնդապետ Ղազարյանը, որն իրենց պաշտպանյալների նկատմամբ բռնություն է գործադրել: «Մի անձ, ով հանցագործություն է կատարել, ինչու է գտնվում դատարանում: Նա հանցագործ է, ով խոշտանգել է ամբաստանյալներին»,-հավելեց Ինեսսա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ փաստաբաններն ահազանգել էին «Սասնա Ծռերի» 14 անդամների գործով նիստի ընթացքում ամբաստանյալների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ:

Ամբաստանյալներից երեքի ինքնությունը պարզելուց և նրանց փաստաբաններին ներգրավելուց հետո դատավորը նիստը հետաձգեց, քանի որ ամբաստանյալները հանձնարարել էին պաշտպաններին առանց իրենց ներկայության չմասնակցել դատական գործողության: Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 13-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter