HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Իրանը կրթության և գիտության ոլորտում հուշագիր են ստորագրել

Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադը ստորագրել են «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

ԿԳՆ-ն տեղեկացնում է, որ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերը կխթանեն գիտական կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդեն երկու պետությունների գիտական համայնքների միջև կապերը: Մասնավորապես, կողմերը կհամակարգեն համատեղ հետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ոլորտներում` ֆիզիկա, բնագիտություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, ջրային գիտություններ և ճարտարագիտություն, բնապահպանական գիտություններ, երկրագիտություններ, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ, ճարտարագիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն, իրանագիտություն և հայագիտություն (լեզու և մշակույթ) և այլ ոլորտներ:

«Կողմերը կխրախուսեն հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը՝ փոխանակելով կրթական համակարգերի և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, կնպաստեն ակադեմիական և ղեկավար կազմի, դասախոսների, ֆակուլտետների անդամների և փորձագետների փոխանակմանը,  կփոխանակեն գիտատեխնոպարկերի և ինկուբատորների ստեղծման, կառավարման գիտելիքի և փորձի վերաբերյալ տեղեկատվությունը, կաջակցեն երկու երկրներում գիտատեխնոպարկերում գիտելիքահեն կազմակերպությունների ստեղծմանը, փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ մյուս կողմին և այլն: Կողմերը կստեղծեն գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների համատեղ կոմիտե, որի հանդիպումները կանցկացվեն 2 տարին մեկ կամ մյուս կողմի հայտով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում»,- գրված է նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ:

Լևոն Մկրտչյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությանը՝ Հայաստան այցելելու համար: Նա նշել է, որ ստորագրված հուշագիրը երկարատև աշխատանքի արդյունք է, որն ընդգրկում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտները: «Նման ներկայացուցչական և ընդգրկուն պատվիրակության այցը իսկապես կնպաստի երկու երկրների կրթության և գիտության ոլորտների համագործակցության զարգացմանը: Տպավորիչ է այն արդյունքերը, որ Իրանը ունի հատկապես գիտության բնագավառում. մի շարք արդիական ուղղություններով այն համաշխարհային առաջատարների խմբում է՝ հատկապես նանոտեխնոլոգիաների, կենսաքիմիայի և կենսաբանության: Հուշագրի ստորագրումից հետո կձևավորվի աշխատանքային խումբ, որը կմշակի հետագա գործողությունների քարտեզը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ Իրանը հայկական կողմին կտրամադրի 5 դասախոսի և 15 ուսանողի կրթաթոշակ՝ բնական գիտությունների ուղղությամբ՝ ԻԻՀ-ում աշխատելու և սովորելու համար: Մեր դռները և հնավորությունները նույնպես բաց են, և մենք սիրով պատրաստ ենք մեծացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը»,- նշել է Մկրտչյանը:

Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին նշել է, որ ուրախ է` իր հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում գտնվելու համար: «Ոչ միայն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամքն է, այլ նաև առկա են բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը: Հայաստանում սովորող իրանցի ուսանողները կարող են կամուրջ լինել երկու երկրների միջև: Հուշագիրը գիտության, կրթական, տեխնոլոգիաների և հետազոտությունների ոլորտի զարգացմանն է վերաբերում, որի միջոցով ավելի կամրացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը։ Բացի դասախոսների ու ուսանողների փոխանակումից, կիրականացնենք նաև փորձի փոխանակում։ Կրթաթոշակներ կհատկացնենք կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում։ Բուհերից բացի կհամագործակցեն նաև գիտատեխնոպարկերը»,- ընդգծել է Մոհամմադ Ֆարհադին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter