HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների աճն արագանում է

Այս տարի արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների աճ է նկատվում։ Զուգահեռաբար շարունակում է ավելանալ նաև գումարների արտահոսքը Հայաստանից։

Ըստ Կենտրոնական բանկից (ՀՀ ԿԲ) ստացված վերջին տվյալների՝ այս տարվա մայիսին բանկերի միջոցով արտերկրից Հայաստան է փոխանցվել մոտ 155 մլն դոլարին համարժեք գումար։ Այս ներհոսքը, նախորդ տարվա մայիսի համեմատ, ավելացել է 45 մլն դոլարով կամ 41%-ով։

Նույն ամսում Հայաստանից փոխանցվել է մոտ 87 մլն դոլար։ Արտահոսքն աճել է 19 մլն դոլարով կամ շուրջ 29%-ով։

Արդյունքում ստացվող ու դեպի արտերկիր փոխանցվող գումարների տարբերությունը՝ զուտ ներհոսքը, կազմել է 68 մլն դոլար։ Ու քանի որ փողի ներհոսքը մայիսին ավելի մեծ ծավալով է աճել, քան արտահոսքը, զուտ ներհոսքը ևս աճել է։ Այն ավելացել է 26 մլն դոլարով կամ 62%-ով։

Սրանք բավականին լավ ցուցանիշներ են դրամական փոխանցումների՝ տրանսֆերտների վիճակագրության մեջ, քանի որ վերջին երկու տարիներին Հայաստան ուղարկվող այդ գումարներն անընդհատ նվազել են։ Պատճառը, ինչպես բազմիցս նշել ենք, Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումն էր ու ռուբլու թուլացումը. ՌԴ-ն դեպի Հայաստան դրամական փոխանցումների գլխավոր աղբյուրն է։ Դրամական փոխանցումների կազմում միշտ էլ մեծ տեղ են զբաղեցրել ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած հայերի ուղարկած գումարները։ Այդ գումարների աճը նշանակում է, որ այն այստեղ ապրող  ընտանիքները, որոնք այդ գումարների հույսին են, որոշակիորեն շահել են դրանից։

Սակայն չշտապենք ենթադրել, որ Ռուսաստանի տնտեսական վիճակը լավացել է, տրանսֆերտներն աճել են, դրանց հույսին ապրող ընտանիքների վիճակն էլ բարելավել։ Տվյալներն այլ բան են ցույց տալիս։ Մինչ այդ մասին խոսելը՝ նախ այս տարվա առաջին հինգ ամսների ընդհանուր պատկերի մասին։

Աճել են  ոչ միայն եկող, այլև՝ գնացող գումարները

Այսպես, այս տարվա առաջին հինգ ամիսներին (հունվար-մայիս) փողի ներհոսքը կազմել է 577 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն ավելացել է մոտ 90 մլն դոլարով կամ 18.5%-ով:

Իսկ արտահոսքը մոտ 357 մլն դոլար է, որն էլ աճել է մոտ 43 մլն դոլարով կամ 14%-ով։ Ընդ որում, նկատելի է, որ փողի արտահոսքն ավելի արագ տեմպով սկսել է աճել մարտից։

Արդյունքում ունենք 220 մլն դոլարի զուտ ներհոսք՝ 47 մլն դոլար կամ 27% աճով։

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների

Ներկայացված է ՀՀ բանկերի միջոցով արտասահմանից ստացված և արտասահման փոխանցված բոլոր միջոցների (անկախ դրանց բնույթից) վերաբերյալ տեղեկատվություն, որոնք իրականացվել են ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) կողմից:

Դեպի Հայաստան դրամական փոխանցումների կեսից ավելին Ռուսաստանից են։ Ինֆոգրաֆիկայում այս տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով նշված ընդհանուր ներհոսքից 313 մլն դոլարը ՌԴ-ից է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն 47 մլն դոլարով կամ մոտ 18%-ով ավելացել է։

Ընդհանուր ներհոսքը, սակայն, միայն  այս երկրից եկող գումարների հաշվին չէ, որ աճել է։ Իսկ թե կոնկրետ որ  երկրներից եկող փոխանցումների հաշվին է աճում, հայտնի չէ, քանի որ Կենտրոնական բանկի տվյալները թույլ չեն տալիս դա հասկանալ։ Դրամական փոխանցումների ընդհանուր վիճակագրությունում ընդհանուրից առանձնացնում է միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը։ ԱՄՆ-ից եկող գումարներն առաջին հինգ ամսում աճել են ընդամենը 3 մլն դոլարով և կազմել 70 մլն դոլար։

Այսինքն՝ տրանսֆերտները միայն մասամբ են աճել Ռուսատանից եկող գումարների հաշվին, մնացածն այլ երկրներից։ ԿԲ-ն նաև ամսական տեղեկագրեր է հրապարակում, որոնցից ևս պարզ չի դառնում, թե որ երկրների հաշվին է աճը գրանցվել, քանի որ ավելացած ցուցանիշի առաջ գրված է «այլ երկրներ» և մանրամասնված չէ։ Իսկ բացի «այլ երկրներից»,  ներկայացված մյուս երկրների մասով էական փոփոխություններ չկան։

Փոխարենը տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանից փողի արտահոսքն աճել է դեպի ԱՄՆ գնացող գումարների հաշվին։

Այսպես, հինգ ամսում Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել մոտ 144 մլն դոլար՝ 2.6 մլն դոլարով կամ մոտ 2%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ընթացքում։

Դինամիկան այլ է ԱՄՆ-ի մասով։ Հայաստանից դեպի նշված երկիր այս տարվա առաջին  հինգ ամսում փոխանցվել է 64 մլն դոլար՝ աճելով մոտ երկու անգամ։ 

Մոտ 13 մլն դոլարով էլ աճել է արտահոսքը դեպի «այլ երկրներ»։

Ստացվում է, որ Ռուսաստանից և մեզ համար «անհայտ» երկրներից Հայաստան եկող գումարների աճին զուգահեռ, ոչ փոքր տեմպով աճում են նաև Հայաստանից արտահոսող գումարները։ Իսկ Կենտրոնական բանկը չի շտապում պարզանել, թե այդ ինչ գումար են «շրջանառվում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter