Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Բոլորից լքված․ կույրերի երգչախումբը զրկված է անգամ կայուն աշխատավարձից


Ցերեկվա տապին, հուլիսյան արեւից եռացող Իսահակյան փողոցում, չնայած ավտոմեքենաների աղմուկին, մեկ էլ «Հորովել» է հնչում։ «Ե՛լ, ե՛լ, ե՛լ, ե՛լ»․․․ Հասկանալի չէ՝ ձայնագրությու՞ն է, թե համերգ։ Ձայնի ետեւից մտնում եմ մոտակա շենք, հասնում եմ երրորդ հարկ, մտածելով, թե երեւի ակադեմիական կապելլան է փորձ անում, կամ Կամերային երգչախումբը։

Երրորդ հարկի նեղ ու մութ, ճռճռացող փայտե հատակով միջանցքը տանում է դեպի մի լուսավոր ու շոգ դահլիճ։ Բեմում ճերմակ մազերով, բուսակեր մարդուն հատուկ կազմվածքով դիրիժորը չափ է տալիս երգչախմբին, որի արտիստների մեծ մասը կույր է կամ թույլ տեսողություն ունի։

Դահլիճում առավելագույնը 35 հանդիսատես է, մի մասը՝ տեսողական հաշմանդամությամբ։ Հանդիսատեսի թվակազմը կարծես նշանակություն չունի։ Երգչախումբը, չնայած տապին, տալիս է առավելագույնը։ Դիրիժորն էլ փորձում է քամել ավելին։ Մաեստրոն ամեն համարից հետո հուզված, ձեռքերն աղոթող մարդու նման դեպի վերեւ պարզած, բեմում աջ ու ձախ է քայլում։

Հրավիրում է մենակատարներից մեկին՝ սլավոնական արտաքինով Ալեքսանդր Ժույկովին։ Նա Կոմիտասի «Հայաստան»-ը կատարում է հուզմունքով, ասես կրծքավանդակից դուրս մղվող ձայնով՝ դահլիճի պատերը սեղմում են դեպի դուրս։

Բեմում Կույրերի միավորման վարչության երգչախումբն է։ Խորհրդային տարիներին այստեղ հանդես եկող արտիստներն ունեցել են նույն սոցիալական եւ աշխատանքային իրավունքները, ինչ բոլորը։ Շատ վաղուց նրա անունը բացակայում է պետական հովանավորություն ստացող երգչախմբերի ցանկում։

Այստեղ արտիստներն աշխատում են առանց կայուն վարձատրության։ Իսկ հազվադեպ վարձատրությունը կարող է լինել մի քանի ամիսը մեկ անգամ, 10-20 հազար դրամի չափով։

Չնայած հաշմանդամությանը, երաժիշտները ներկայանում են փորձերին, ժամանակ առ ժամանակ համերգներ տալիս։ Հիմնականում՝ հարազատ դահլիճում։

Փիրուզա Փաշյան։ Երգչախմբի հնաբնակներից է։ Այստեղ երգում է շուրջ 35 տարի։

«Երգչախմբում երգելիս ես աշխարհը տեսնում եմ շատ ավելի գեղեցիկ, շատ ավելի բարի ու մաքուր։ Ես մոգական զգացողություններ ունեմ։ Կոմիտասով, Եկմալյանով, Ալան Հովհաննեսով, Բեթհովենով ամբողջ տիեզերքն եմ տեսնում։ Երաժշտությունն իմ հոգին շատ է գեղեցկացրել։

Ձեզ սոցիալապես պաշտպանված զգու՞մ եք։

«Ոչ, ինչպե՞ս կարող եմ պաշտպանված զգալ։ Ես երգչախմբի աշխատանքից ազատվել եմ, որպեսզի նպաստ ստանամ։ Երգչախմբում երգում եմ հասարակական կարգով։ Եթե երգչախմբից աշխատավարձ ստանամ, ապա նպաստ չեմ ստանա։ Իսկ երգչախմբին տալիս են չնչին դրամներ։

Բարձր իշխանությունը չի պատկերացնում, որ չտեսնողն էլ հոգի ունի, որ չտեսնողն էլ կարող է գեղեցիկ երգել։ Նրանք երբեք չեն եկել մեզ լսելու։ Օրինակ նախագահն ամեն տեղ մասնակցում է՝ բասկետբոլի, շախմատի մրցումներին, բայց որեւէ անգամ կույրերի հիմնարկ չի եկել։ Որովհետեւ կույրերին բանի տեղ դնող չկա։

Եթե մեզ ֆինանսավորեն, մենք շատ բարձունքների կհասնենք։ Նախագահի տիկինն ասել է՝ այո, տեղյակ եմ այդ երգչախմբի մասին։ Բայց որեւէ անգամ մեզ չի այցելել»։

 

Արփինե Մարտիրոսյան։ Սովորում է կոնսերվատորիայի մագիստրատուրայում։ Երգչախմբում է յոթ տարի։

«Երգչախումբն ինձ հնարավորություն է տվել ապրելու, երազելու։

Երգերը սովորում եմ լսողությամբ։ Իմ պարտիան առանձին նվագում են, ձայնագրում եմ, տանը յուրացնում։ Բրալյան գրերով նոտաներ տպելու անհրաժեշտություն կա։

Առաջին հերթին հասարակությանն ինտեգրվելու խնդիր ունենք։ Երկու ամիս է՝ փորձում եմ ձեռնափայտով, միայնակ շարժվել, գալ իմ աշխատավայր։ Մարդիկ ձեռնափայտը տեսնելով՝ չեն պատկերացնում, թե դա ինչի համար է։ Կարծում են, թե քայլելու խնդիր ունես։ Փոխանակ ճանապարհ զիջեն, միգուցե օգնություն առաջարկեն, անցնում են ձեռնափայտի վրայով:

Մեծ երազանքներ չունեմ՝ ելնելով երկրի եւ իմ տեսողության վիճակից։ Ցանկությունս միայն երգելն է եւ կատարելագործվելը, ինչպես նաեւ աշխատանք գտնելը՝ նորմալ վարձատրվող աշխատանք։

Աշխատում եմ միայն երգչախմբում։ Աշխատավարձը մշտական չէ, ժամանակ առ ժամանակ չնչին գումար ենք ստանում»։

 

Վահե Քոչինյան։ Ծառայում է եկեղեցում, դպիր է։ Երգչախմբի նորեկներից է։

«Երգել սկսել եմ պատարագներից։ Երգչախմբում երգելիս ասես ներքին ազատություն եմ ստանում։ Հոգեւոր երաժշտությունն ինձ խաղաղություն է տալիս»։

 

Ալեքսանդր Ժույկով։ «Ազգությամբ՝ ռուս, հոգով՝ հայ»,-այսպես է ներկայանում։ Ծնվել է Երեւանում։ Տեսողությունից զրկվել է 16 տարեկանում։ Պրոֆեսիոնալ երաժիշտ է, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական բաժնի ասիստենտ։

«Երգչախմբի վիճակն էսօր վատ է։ Պետությունը շատ քիչ օգնություն է տալիս։ Իսկ կույրերի միավորման ղեկավարությունը խոչընդոտներ է ստեղծում։ Նույնիսկ երբ հայտնվում է մեկը, որ մեզ ցանկանում է օգնել, վարչությունն ամեն ինչ անում է, որ դա չլինի։ Որովհետեւ իրենց պետք է, որ մենք լինենք պասիվ։ Իսկ եթե մենք ակտիվ լինենք, կսկսենք խոսել մեր իրավունքներից։

Տեսողություն չունեցող մարդիկ հիմնականում զբաղվում են երաժշտությամբ։ Ես գիտեմ, որ աշխարհում կույրերի ընդամենը 3-4 երգչախումբ կա։ Մենք ունենք պրոֆեսիոնալ մակարդակ։ Ցանկալի է, որ երիտասարդներ գան, հավատան իրենց ուժերին, հատկապես՝ որ կույր մարդիկ էսօրվա դրությամբ Հայաստանում հնարավորություն ունեն ստանալ անվճար բարձրագույն կրթություն։ Նրանք ուղղակի պետք է դրանից օգտվեն»։

 

Գագիկ Հակոբյան։ Մանկավարժ է։ Աշխատել է որպես օպերային թատրոնի երգչախմբի տնօրեն, երգել է Հայաստանի ամենահայտնի երգչախմբերում։ 2012 թվականին կորցրել է տեսողությունը, միացել Կույրերի միավորման երգչախմբին։

«Ձմեռները չենք աշխատում։ Էստեղ ցուրտ է, նաեւ տեղաշարժման խնդիր կա։ Առաջին կարգի հաշմանդամ՝ ոչինչ չի ավելանում իմ աշխատանքային թոշակին։ Տարբերությունն ընդամենը 2000 դրամ է։ Դա ծիծաղելի է։ Երգչախմբում աշխատավարձ ստանում ենք երեք ամիսը մեկ, չորս ամիսը մեկ։ Որոշ դեպքերում ֆինանսավորում է Մշակույթի նախարարությունը, որոշ դեպքերում՝ հիմնադրամներ։ Բայց դրանք էպիզոդիկ են։ Տոնից տոն փող են տալիս, այսպես ասած, իրենց խղճի համար։

Ամբողջ աշխարհում երգչախմբերը կոմերցիոն կոլեկտիվներ են։ Իսկ Հայաստանում պետությունը բոլորին վճարում է` բացառությամբ հաշմանդամներով ձեւավորված երգչախմբի։ Մյուսները թող գնան, աշխարհում հանդես գան, գումար աշխատեն։ Իրական աջակցություն մեզ է պետք»։

 

Մարիկա Սիրադեղյան։ Աշխատում է «Կոկա-կոլա» ընկերությունում՝ որպես պիտակավորող բանվորուհի։

«Այս պահին կարողացել եմ գտնել ազատ գրաֆիկով աշխատանք, որպեսզի կարողանամ նաեւ երգել երգչախմբում։ Բնականաբար ինձ դժվար է բանվորուհի աշխատել, եւ ցանկալի կլիներ, որ երգչախմբում աշխատանքը վարձատրվեր ավելի արժանիորեն։

Կուզենայի մարդիկ ավելի բարի դառնային, հանուրժող լինեին, ագրեսիվ չլինեին։ Մյուս կողմից՝ իրենց հասկանում եմ, գիտեմ, որ դրա համար պատճառներ ունեն։  

Ինքնուս եմ երգում, նոտա չգիտեմ։ Ես վախկոտ էի, ինձ համար հեռանկար չէի տեսնում։

Ինձ շատ դուր է գալիս մեր դիրիժորի դասավանդման մեթոդիկան։ Նա այնպես է անում, որ սիրես հայոց հողը, մշակույթը, բնությունը։ Կարող եմ ժամերով լսել, թե ինչպես է նա երգը մեկնաբանում»։

 

Կարլեն Ալեքսանյան։ Երգչախմբի հիմնադրման օրվանից գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է։

«Երգչախումբը ստեղծվել է 41 տարի առաջ՝ 1976 թվականին։ Կազմավորման պատճառն այն էր, որ կային բավականաչափ թվով կույր երաժիշտներ։ Նման երգչախումբ առաջինը ստեղծել են բուլղարացիները, հետո ստեղծվեց Լիտվայում, Վրաստանում։ Հաջորդը մենք էինք։ Շատ դժվարություններով անցանք։ Ուզում էինք անել անհնարը։ Ժամերով աշխատում էինք։ Հայաստանում ոչ ոք չի երգել Սվիրիդովի «Պուշկինյան պսակը»։ Իսկ մենք փայլուն կատարել ենք։ Հյուրախաղեր ենք ունեցել ԽՍՀՄ մի քանի երկրներում։

Էսօր երգչախումբն ինքնահոսի է մատնված։ Պետական աջակցություն չկա, ոչ էլ Կույրերի միավորման վարչությունն է աջակցում։ Երբեմն բարերարներ, կոպիտ ասած, ողորմություն են տալիս։ Տարվա մեջ մի երկու անգամ Մշակույթի նախարարությունն է համերգ կազմակերպում, էդ նպատակով գումար փոխանցում։ Ամենավատն այն է, որ ստաբիլ չենք կարողանում աշխատել։ Երբ մարդկանց չես կարողանում վճարել, չես կարող 3-4 օր փորձի կանչել։

Երեւի ոչ մեկը չի պատկերացնում, որ կարող է վաղն ինքն էլ կորցնել տեսողությունը կամ լսողությունը կամ հաշմանդամ դառնալ։ Աշխարհի ամենածանր հաշմանդամությունը չտեսնելն է։ Կույր մարդու հույսը ուրիշ մեկն է, որպեսզի օգնեն։ Կառավարություն ասեմ, ինչ ասեմ․․․ չեն հասկանում, որ էդ մարդկանց օգնել է պետք։

Հիմա ո՞ր նախարարի սիրտն է ցավում, երբ իր կորտեժով անցնելիս աղբամանի մեջ մուրացկանի է տեսնում։

Երբեմն մտածում եմ՝ ի լուր աշխարհի հայերի հայտարարեմ, որ ամեն մեկը 10 դրամ տա, գոնե մի 60 միլիոն դրամ կհավաքենք, մի քանի տարով էս մարդկանց խնդիրները կլուծենք»։


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։