Երեքշաբթի, 25 հուլիսի

Էկոկենտրոն. եվրոպական գիտության չեմպիոնների լիգայում մրցող հայկական ինստիտուտը


Երևանի Աբովյան 68 հասցեում է գտնվում Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը: Աշխատակիցներն այն կարճ անվանում են Էկոկենտրոն:

Ինստիտուտի սև տուֆից շենքը Երևանի արժեքավոր շինություններից մեկն է: Կառուցվել է 1895 թ.: Կենտրոնի տնօրենը երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանն է: Հիշում է, որ երբ 1993-ին գիտական հաստատությունը տեղափոխեցին այստեղ, շենքը գտնվում էր վատ պայմաններում, նկուղներում ջուր էր (հարևանությամբ անցնող Գետառի հունը բարձրացրել էին, բայց շենքի հիդրոիզոլացիա չէին կատարել), տանիքը կիսաքանդված էր, շենքի արտաքին քարերը թափվել էին: Ինստիտուտի, ընկերների և բարեգործների միջոցով շենքը կամաց-կամաց բարեկարգեցին, նկուղում նույնիսկ հանգստի սենյակ կա:

«Մարդ չէինք գտնում, որ վերականգներ շենքը: Հետո մի վարպետ գտանք, որ եկեղեցիներ էր վերականգնում, ասաց՝ եթե այդքան ջանք եք թափել, գտեք շենքի քարը՝ սև տուֆը, դրանով վերականգնենք: Արխիվներ մտանք, պարզեցինք, որ քարը բերել էին Ջրվեժի մոտ գտնվող մի փոքր քարհանքից: 90-ականների վատ տարիներին, երբ ոչ լույս կար, ոչ բենզին, «Վիլիսով» գնացել ենք քարհանք, լոմերով այս սեղանի չափ բեկորներ ենք ջարդել, բերել, վարպետը ձեռքով մշակել ու տեղադրել է»,- պատմում է տնօրենը:

Էկոկենտրոնը միջառարկայական հետազոտությունների կազմակերպություն է. այստեղ աշխատում են քիմիկոսներ, կենսաբաններ, երկրաբաններ, աշխարհագետներ: Ա. Սաղաթելյանի ասելով՝ «միքս», խառնուրդ է:

Էկոկենտրոնը գործում է 1989-ից, ներկայում ունի 70 աշխատակից, որոնցից 52-ը գիտաշխատող են, մյուսները՝ տեխնիկական կազմի անդամներ: 52 գիտաշխատողներից 23-ը գիտությունների թեկնածուներ են, 4-ը՝ դոկտորներ:

Արմեն Սաղաթելյանն ասում է, որ կենտրոնում ամենամեծ տեղը տալիս է մարդակային կապիտալին: Բոլոր գիտաշխատողները, նրա փոխանցմամբ, արտակարգ կրթություն ունեն: Գերադասում է մի սարք պակաս գնել, մի քանի գործուղում պակաս գնալ, բայց այնպես անել, որ աշխատակիցներն արտասահմանում կարողանան կրթություն ստանալ, վերապատրաստվել: Հիմա էլ աշխատակիցներից 3-ն Իտալիայում են: Ըստ տնօրենի՝ աշխատակիցների արտահոսք չի եղել: Նրանց շուրջ 70 տոկոսը, այդ թվում՝ բաժինների ղեկավարների մեծ մասը, երիտասարդներ են: Աշխատակիցների միջին տարիքը 36 է:

Երբ պետությունը գիտությանը նայում է մատների արանքով

Ա. Սաղաթելյանն ասում է, որ բացի պետությունից ստացվող բազային ֆինանսավորումից (պետբյուջեում այն նշվում է որպես ենթակառուցվածքի պահպանում և զարգացում)՝ դրա 60-100 տոկոսի չափով էլ գումար են ստանում պայմանագրերից ու դրամաշնորհներից: Աշխատավարձերն այստեղ, ըստ մեր զրուցակցի, ԳԱԱ-ի մասշտաբով համեմատաբար բարձր են՝ նվազագույնն առանց հարկերի 55 հազար դրամ է (հարկերով՝ 79.321 դրամ), որը ստանում են տեխնիկական կազմի 18 աշխատողները:

Իսկ ամենաբարձր աշխատավարձը հավելավճարներով 547.040 դրամն է (հարկերով՝ 740 հազար): Ամենաշատը վարձատրվում են տնօրենը, գիտական գծով փոխտնօրենը, բաժինների ղեկավարները, առաջատար գիտաշխատողները՝ սկսած 250 հազար դրամից: Հավելավճարները գոյանում են ոչ միայն դրամաշնորհներից, այլև կենտրոնի հետ կնքված տեղական ու միջազգային պայմանագրերից, որոնցով հետազոտություններ են իրականացնում հանքարյունաբերող, էներգետիկ ձեռնարկությունների համար, սննդի անվտանգության, գյուղատնտեսության ոլորտում:

Էկոկենտրոն
Create bar charts

«Եթե տվյալ ինստիտուտը տնտեսական գործունեություն չփորձի ծավալել, չստանա դրամաշնորհներ, դատապարտված է»,- նշում է պրոֆեսոր Սաղաթելյանը: Մեր երկրում գիտությունը ֆինանսավորվում է ՀՆԱ-ի 0,25 տոկոսով, որը, ըստ գիտնականի, նույնիսկ պահպանման ծախսերը չի հոգում. դա համարում է «դեգրադացիոն տոկոս»: «Եթե դու տալիս ես գիտության ոլորտին 0,25 տոկոս ֆինանսավորում, ու տարեկան ժողովներին գալիս է կաթողիկոսը, պարզ չէ՝ ինքը գալիս է օրհնելո՞ւ, թե՞ քելեխը երգելու: Որպես ի՞նչ է գալիս»,- նկատում է Սաղաթելյանը:

2014-2016 թթ. Էկոկենտրոնը տնտեսական պայմանագրերից ստացել է հետևյալ գումարները.

Էկոկենտրոնի տնտեսական պայմանագրերը՝ 2014-2016 թթ.
Create your own infographics

«Եթե երկիրն ուզում է ունենալ ապագա, ապա գումարները պետք է ներդնի կրթության և մշակույթի մեջ, գիտությունը մշակույթի մի մաս է, անկապ ոլորտ չէ: Մենք այսօր, ըստ էության, դեգրադացվող հասարակություն ենք»,- ասում է պրոֆեսորը: Լուծումն, ըստ նրա, այն է, որ քաղաքական կամք ձևավորվի, կոռուպցիա չլինի, գումարները խելամիտ օգտագործվեն, իրականացվի երկրի անկախության գլխավոր սկզբունքը՝ ռեսուրսները պետք է դառնան ժողովրդի սեփականությունն ու ծառայեն ազգի բարգավաճմանը, այլ ոչ թե անհատների:  

Էկոկենտրոնի դրամաշնորհները 2014-2016 թթ.
Create pie charts

Էկոկենտրոնը ստացած տեղական ու միջազգային դրամաշնորհների հիմնական աղբյուրներն են.

Եվրամիության 7-րդ շրջանակային ծրագիր (EU FP7)
Գիտության պետական կոմիտե
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր
Cost action  FP 1204
INCONET EaP FP-7
COST Action ES1104
Digital Globe աջակցության ծրագիր
Գ. Գյուլբենկյան հիմնադրամ՝ գիտաժողովների մասնակցության համար
Տիմիրյազևի անվան Մոսկվայի գյուղ. ակադեմիա

Կառավարությունը չի արձագանքում գիտնականների ծրագրերին

Ա. Սաղաթելյանն ասում է, որ մեր երկրում ամենաբարձր ատյանից մինչև գիտնականներ հաճախ թյուրըմբռնում կա ինովացիայի մասին: Շեշտում է, որ ինովացիան ոչ թե հայտնագործություն է, երբ գիտնականները հնարում են ինչ-որ սարք կամ գերզենք, որը դառնում է փրկություն, այլ գիտելիքի պատասխանն է շուկայի պահանջին:

«Այսինքն՝ ես չպիտի հորինեմ, դա իմ ունակությունն է, իմ գիտելիքի պաշարն է, բայց այստեղ երկրորդ հարցն այն է, թե այսօրվա մեր կառավարման մարմինները ի վիճակի՞ են օգտագործել այդ հնարավորությունները: Մեր ինստիտուտի օրինակով ասեմ, որ ի վիճակի չեն, իրենց կրթական մակարդակը թույլ չի տալիս հասկանալ, թե գիտությունն այսօր ինչքան հարցեր կարող է լուծել իրենց համար»,- նկատում է դոկտորն ու շարունակում է, որ երբ նոր կառավարությունը ձևավորվեց, վարչապետը գնացել էր ակադեմիա ու ասել, թե գիտության հնարավորությունները կառավարման համակարգում ակտիվ օգտագործելու լուրջ միտում ունեն: Վարչապետը նաև նշել էր, որ եթե գիտնականներն առաջարկներ ունեն, կարող են հանդիպել նախարարների հետ, փորձել աշխատել նրանց հետ: Սաղաթելյանն ասում է՝ հանդիպել են սննդի անվտանգության ծառայության պետին, գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարներին, առաջարկներ, ծրագրեր են ներկայացրել, սակայն մինչ օրս արձագանք չեն ստացել: Նաև նշում է, որ մեր երկրի կառավարման մարմինները գերադասում են խորհրդատվության համար պայմանագրեր կնքել օտարերկրյա ինստիտուտների, կազմակերպությունների հետ, բայց եթե գնահատենք դրա արդյունավետությունը, ապա զրո է:

Հույսը կոլեկտիվն է

«Մենք բարձր կարգի ինստիտուտ ենք, տպագրվում ենք ամենահեղինակավոր ամսագրերում, գործընկերներ ունենք միջազգային հեղինակավոր հարթակներում»,- ասում է Արմեն Սաղաթելյանը՝ հավելելով, որ ոչ մեկի վրա հույս չի դնում՝ բացի իր կոլեկտիվից:

Էկոկենտրոնի շենքը մինչ օրս գազիֆիկացված չէ, թեև գազի խողովակը 90-ականներին հասցրել են բակ: Տնօրենի փոխանցմամբ՝ բացի իրենց կենտրոնից, մյուս բոլոր ինստիտուտները գազիֆիկացրել են, ու իրենցը միակն էր, որին գումար չհատկացրեցին: Այդուհանդերձ, չի դժգոհում. էլեկտրաէներգիայով տաքացնում են շենքը, իսկ ամռանը հովացնում օդորակիչներով:

15 տարի առաջ սկսել են շենքի վերանորոգումը, հիմա հասել են հատակին: Տանիքն էլ են վերանորոգել, բայց ժամանակ առ ժամանակ ջուր է թափվում: Տնօրենը ցույց է տալիս իր սենյակի առաստաղը, որի մի մասը խոնավացել է թափվող ջրերից: «Մենք մեր խնդիրներն ինքնուրույն լուծում ենք»,- ասում է նա: Այդուհանդերձ, մեր զրուցակիցը մտահոգություն է հայտնում «Գնումների մասին» օրենքի վերաբերյալ, որն, ըստ նրա, խնդիրներ է հարուցում գիտնականների առաջ:

Տենդերները վնասում են գիտությանը

Արմեն Սաղաթելյանն ասում է, որ արդեն չորրորդ տարին ինքը բարձրացնում է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Ակադեմիայի ժողովներին էլ են բարձրացրել, վարչապետին են հայտնել, բայց սայլը տեղից չի շարժվում:

«Մենք ահռելի տուժում ենք: Օրինակ՝ նախագիծ ենք ստեղծում մեր գործընկերների հետ և հիմնավորում ենք, որ այսինչ ընկերության սարքը պիտի առնենք, չնայած թանկ է, մեզ ասում են՝ չէ, դուք տենդեր հայտարարեք և տենդերով առեք սարքավորումը: Բայց Հայաստանում սարքավորում արտադրող ընկերություն չունենք, վերավաճառողներից պիտի գնենք, որոնք բերում են ամենախլամն ու ծախում մեզ վրա, ու մենք պարտավոր ենք գնել դա: Մի տենդերով ստիպված էինք գնել մի քանի տասնյակ համակարգիչներ, որոնք ամենաէժանն էին, կես տարի անց շարքից դուրս եկան, զանգեցի էդ ընկերություն, ասացի՝ խիղճ ունե՞ք, էդքան համակարգիչ եմ առել, շարքից դուրս են եկել, ասացին՝ բա դուք էդ գնով ի՞նչ եք ուզում: Այդ օրենքը գիտության մեջ կիրառելը ճիշտ չէ, այն կարելի է կիրառել ճանապարհաշինության, շինարարության մեջ, այսինքն՝ պետական խոշոր գնումների ժամանակ: Բայց գիտության համակարգը, որը շատ բարդ համակարգ է, մտցնել այդ օրենքի տակ, նշանակում է ահռելի բարդացնել աշխատանքը, մյուս կողմից փոշիացնել գումարները»,- մանրամասնում է Էկոկենտրոնի տնօրենը: Ասում է, որ ներկրվող սարքավորումների հարկերից չի դժգոհում,  պատրաստ է վճարել, սակայն գիտական ինստիտուտին տենդեր հայտարարելու ու ամենաէժան սարքավորումը գնելու պարտադրանքը վնասում է գիտությանը:

Գիտական ինստիտուտը՝ չեմպիոնների լիգայում

Շուշանիկ Ասմարյանն աշխարհագրական գիտությունների թեկնածու է և ղեկավարում է Էկոկենտրոնի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման տեխնոլոգիաների բաժինը: Ինստիտուտում աշխատում է մոտ 20 տարի: Մայիսին նրա ներկայացրած նախագիծը հավանության է արժանացել Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրում: Ինչպես կենտրոնի աշխատակիցներն են ասում, դա նույնն է, թե հայտնվես չեմպիոնների լիգայում: Ըստ Շ. Ասմարյանի՝ սա հայկական առաջին գիտական նախագիծն է «Հորիզոն 2020»-ում:

Նախագիծն իրականացվելու է 5 տարվա ընթացքում: Այն ուղղված է քաղաքային տարածքների կայուն զարգացմանն ու կառավարման ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմանը: Նպատակն է գտնել էկոլոգիական լուծումներ, որոնք կուղղվեն քաղաքային տարածքների կայուն զարգացմանը: Երևանը ներգրավվել է 15 եվրոպական երկրների քաղաքների ցանկում: Ուսումնասիրելու են հող-ջուր-բույս համակարգը, թե որ բուսատեսակը որքան է կայուն աղտոտման նկատմամբ, դրանց փոշեկլանիչ գործառույթները: Նպատակ կա բույսերի մետաղակլանիչ հատկության շնորհիվ ինչ-որ չափով նվազեցնել հողի աղտոտման ծավալները: Գիտնականն ասում է, որ փորձ ունեն, Երևանի քաղաքապետարանի համար իրականացրել են նման ծրագիր, ու երբ եվրոպացիներն իմացել են այդ մասին, զարմացել են:

«Դրանով չենք սահմանափակվում, ունենք ևս մի մշակված նախագիծ, որը սպասում է որոշմանը: Այն վերաբերում է Սևանա լճին. եթե հաջողվի, Սևանը դասվելու է ջրային օբյեկտների ցանկին, որտեղ շատ հետաքրքիր ինֆրաստրուկտուրա է ստեղծվելու էկոլոգիական իրավիճակի մոնիտորինգի համար: Առաջ չանցնենք, հուլիսին կստանանք պատասխանը, վեց ամիս է՝ սպասում ենք: Սևանի համար կարելի կլինի օգտակար գործ անել»,- ասում է Շուշանիկը:

Ըստ նրա՝ դրսում գիտության համար նախատեսված գումարները շատ են, պարզապես պետք է բերել Հայաստան, ինչի համար կարևոր գործոններից է թիմային աշխատանքը. «Անհնար ոչինչ չկա, ընդամենը մեծ ցանկություն է պետք և նվիրում»:

Մրցակցություն՝ անհավասար պայմաններում

Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն էլ նշում է, որ գիտության ոլորտը չի սահմանափակվում ՀՀ տարածքով, ապա հավելում, որ այս առումով Էկոկենտրոնի վիճակն ամենալավն է մեր երկրում, ի դեմս դրա՝ այսօր ՀՀ-ն բազմաթիվ գիտական նախագծերի մասնակից է:

«Մի կողմից՝ ՀՀ-ին թույլ են տվել մասնակցել որպես լիարժեք անդամ, բայց մյուս կողմից՝ դու մրցակցում ես չեմպիոնների լիգայում, որտեղ գործ ունես երկրների հետ, որոնց գիտնականները պետությունից ահռելի ֆինանսավորում են ստանում տպագրությունների, գիտական հետազոտությունների համար, իսկ քո ռեսուրսները սահմանափակ են: Կարծում եմ, որ մրցակցությունը փոքր-ինչ անհավասար է: Մենք մրցակցում ենք Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հոլանդիայի հետ»,- նշում է Դավիթը:

Ըստ նրա՝ մեկ այլ խնդիր կա օտարերկրյա նախագծերում. գիտնականին վճարում են այնքան, որքան նա գնահատվում է իր երկրում: «Վերցնենք, օրինակ, «Հորիզոն 2020»-ը: Այստեղ խիստ պահանջ կա՝ վարձատրությունը հիմնվում է տվյալ երկրի գիտնականի բազային աշխատավարձի վրա: Եթե ապրում ենք ՀՀ-ում ու մեր աշխատանքը Եվրամիությանը պիտի վաճառենք, ասենք, 200 դոլարով, ֆրանսիացին դա կանի 4000 դոլարով, գերմանացին՝ ավելի թանկ, չնայած նույն աշխատանքն ենք անելու: Բազմիցս քննարկումներ ենք արել, կարծում եմ՝ բավական անարդար է, բայց Եվրամիությունը հետևյալ մոտեցումն ունի՝ եթե քո երկրում քեզ այդքան են գնահատում, ուրեմն ես քո կյանքի ռիթմին համապատասխան եմ  վարձատրում»,- ասում է Դ. Պիպոյանը:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Գիտական ինստիտուտներ» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։