HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թափանցիկ այլընտրանքը»՝ տեսակետները բարձրաձայնելու այլընտրանքային հարթակ

Վանաձորի Քիմիագործների անվան զբոսայգում այսօր երեկոյան մի խումբ երիտասարդներ տեղադրում էին ալյումինե կմախքով,  թափանիկ, պոլիէթիլենե պատերով փակ կուբ, որն արտաքինից հիշեցնում է քվեատուփ կամ բողոքի արկղ:

Նման գործ ստեղծելու գաղափարն արվեստագետ-արվեստաբան, Գյումրու գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Գոհար Սմոյանինն է: Հեղինակն իր նախագիծն անվանել է «Թափանցիկ այլընտրանք»:

«Այն ինտերակտիվ բնույթ ունի, այսինքն՝ մարդկանց անմիջական մասնակցությամբ է իրականացվում: Հիմնական նպատակը մարդկանց կողմից սոցիալ-հոգեբանական-քաղաքական իրավիճակից դուրս գալու եղանակներ առաջարկելն ու լուծումներ գտնելն է»,- ասում է Գոհարը:

Հեղինակը նախագծին մասնակցել ցանկացողներին առաջարկում է մուտք գործել կուբ ու թափանցիկ պատերին արտահայտել իր ասելիքը՝ բողոքը, առաջարկությունները, վաղվա տեսլականը:

«Սա ինձ համար կարծես մարդկանց հետ անմիջական շփում ունենալու առիթ է: Ինձ հետաքրքիր են մարդկանց կարծիքները: Սա առիթ է ժողովրդի հետ խորհելու, խոսելու, մտածելու ու հասկանալու՝ ինչպիսի արվեստ եմ ստեղծելու, որպեսզի այն հետաքրքիր լինի մարդկանց  համար: Ուզում եմ, որ իմ նկարչությունը շնչի ժողովրդի հոգսերով ու խնդիրներով, որի մի մասնիկն էլ ես եմ: Նախագիծը ժողովրդի տարբեր շերտերի իրական ցանկություններն ու նպատակները ներկայացնելու հնարավորություն է տալիս»,- նշում է  արվեստագետը:

Մյուս կողմից հեղինակը հույս ունի, որ նախագիծը կարող է դառնալ կապող օղակ ժողովրդի ու իշխանության միջև, որ բնակիչների բարձրաձայնած խնդիրները կլինեն լսելի, ու  ղեկավար այրերը, գոնե որոշ խնդիրների մասով, ավելի հետևողական կլինեն:

Ծնունդով գյումրեցի Գոհար Սմոյանի խոսքով` նման թափանցիկ պատերով կուբ ստեղծելու գաղափարի համար խթան են հանդիսացել նույն կառուցվածքն ունեցող Գյումրու մետաղե տնակները:

«Տնակների ձևը, դրանց քառակուսի կառուցվածքը կարծես բնորոշի մեր կաղապարված լինելը: Ու այդ կաղապարն ասես դաջվել է մեր գիտակցության մեջ: Երբեմն  ինձ թվում է, եթե նույնիսկ մենք ձերբազատվենք էլ այդ տնակներից, այդ կաղապարված մտածելակերպը մեր մեջից դուրս չի գա»,- ասում է Գոհարը:

Տնակի թափանցիկ տարբերակը ստեղծելիս բոլոր կաղապարներն ու կարծրատիպերը ջարդելու նպատակ է նաև ունեցել:

«Տնակների մետաղե կուբը փոխարինեցի պոլիէթիլենային, ավելի դրական, թափանցիկ կուբի հետ, մտածելով, որ մի օր մեր գիտակցութունը կդառնա ավելի ճկուն, ու մենք էլ դուրս կգանք այսօրվա կաղապարված վիճակից»,-նշում է հեղինակը:

Արվեստագետի կարծիքով՝  երկրի ներկա վիճակը պայմանավորված է  նաև մարդկանց կաղապարված մտածելակերպով, ինչի հետևանքով մարդիկ շատ հաճախ չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել կամ  խնդիրների լուծման տարբերակներ գտնել:

«Թափանցիկ այլընտրանք» նախագիծը հեղինակն իրականացնում է  Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում: Նրա խոսքով`   «Թափանցիկ այլընտրանքի» միջոցով արտահայտվելու ու սեփական տեսակետը բարձրաձայնելու առաջարկը մարդկանց կողմից միանշանակ չի ընդունվում:

«Երբ ասում ենք՝ կարող եք գրել, թե վաղվա հետ կապված ի՞նչ տեսլական ունեք, ի՞նչ փոփոխություններ կուզեիք լիներ երկրում, ի՞նչ առաջարկություններ ունեք կամ ի՞նչ խնդիրներ եք նկատում առօրյա կյանքում, շատերը խուսափում են մասնակցել նախագծին: Ոմանք ասում են՝  մտածենք, հետո գրենք, շատերը մտածում են՝ որևէ խնդրի մասին բարձրաձայնելով անթույլատրելի ինչ-որ բան են անում,- պատմում է  Գոհարն ու եզրակացնում,- մարդիկ կոմպլեքսավորված են ու ապրում են տարբեր վախերով, ինչը վկայում է, որ առկա որոշակի ազատությունն ավելի շատ ձևական բնույթ է կրում»:

Այդուհանդերձ, եղել են նաև ակտիվ ու պատրաստակամ մասնակիցներ, որոնց թվում շատ են հատկապես երեխաները:

«Երեխաների ակտիվությունն  ինձ շատ է ոգեշնչում: Նրանք ազատ, անկաշկանդ, առանց բարդույթավորվելու գրում են այն ամենը, ինչը մտածում են: Նրանք ավելի ազատ են, քան մեծերն ու վախեր, որպես այդպիսին, չունեն: Նրանք մեր ապագան են, ու ապագան ավելի առողջ է, քան այսօրվա ներկան»,- նշում է արվեստագետը:

«Թափանցիկ այլընտրանք»  նախագիծը Գոհարը հնարավորություն է ստացել իրականացնել «Արվեստ Հայաստան» հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթում թվով 55 մասնակիցների հետ մրցակցելու ու լավագույն վեցյակում ընդգրկվելու արդյունքում:

Գայանե Սարգսյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter