HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարության ծախսած գումարներն ու չերևացող հետազոտությունների գինը

Արդեն 9 տարի է` կառավարությունը պայմանագրեր է կնքում «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ: 2009-2017 թվականների ընթացքում կնքվել է մոտ 893 մլն դրամի պայմանագիր: Առհասարակ, կառավարությունը, պետական մյուս օղակները «բարի» աչքերով են նայում նշված ընկերությանը:

«ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. հոկտեմբերի 20-ին Գրիգոր Հովհաննիսյանի կողմից, և կառավարությունն արդեն 2009թ. 14 մլն 450 հազար դրամ ընդհանուր արժեքով ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել նոր գրանցված ընկերության հետ:

Օրեր առաջ էլ պաշտպանության նախարարության և «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի միջև բանակից զորացրված երիտասարդների հետ սոցիոլոգիական ելքային հարցումների «Դիտակետ» ծրագրի իրականացման վերաբերյալ հուշագիր է կնքվել, իսկ հանրապետության նախագահը մասնակցել է ընկերության նորակառույց գրասենյակի բացման արարողությանը:

Այդ հետազոտությունն իրականացվելու է տարեկան 2 անգամ և պատասխանատուների խոսքերով՝ հնարավորություն է ընձեռելու վերհանել ծառայության ընթացքում զինծառայողի կողմից արձանագրված հիմնական բացթողումները, գնահատել զորամասերի գույքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի և բուժօգնության որակը, բացահայտել քաղաքացիականից զինվորական կյանքի անցնելու փուլի խնդիրները և դրանց հնարավոր նոր լուծումները։ 

Ավելի վաղ՝ 2013թ. դեկտեմբերի 13-ին, կառավարությունը թույլատրել է պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոց 23/6 հասցեում գտնվող շենքի 477.2 քառ. մետր մակերեսով N 7 տարածքը և շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից տարածքի բաժնային մաս համարվող հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ին: 

Կառավարության որոշման համաձայն՝ 2013թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 41,105,243 դրամ, որն օտարվել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ին գույքի գնահատված արժեքի 75%-ի չափով՝ 30,828,933 դրամ:

Կառավարության կողմից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն` ՍՊԸ-ն իրականացնում է կառավարության գործունեության գնահատականների ինդեքսի հետազոտություն: Հետազոտությունն իրականացվում է հատուկ մշակված մեթոդաբանությամբ (հեղինակային իրավունքները գրանցված են) Հայաստանում եռամսյակը մեկ՝ ընդգրկելով 1600 քաղաքացիների կարծիք: Հարցումներն իրականացվում են դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ հարցվողի տանը:

Մյուսը Հայաստանի համայնքների (մարզերի) կարիքների գնահատման հետազոտությունն է: Այն թիրախավորում է ուսումնասիրվող համայնքի (մարզի) տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, քաղաքական, հոգեբանական, մշակութային առկա հնարավորությունները և քարտեզագրում համայնքի ընդհանուր ռազմավարական ներուժը: Հետազոտությունը կրում է պարբերական բնույթ` երեք ամիսը մեկ՝ մարտ, հունիս, սեպտեմբեր ամիսներին տարբեր մարզերում, բայց յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան եռամսյա հաճախականությամբ: Հարցումներն իրականացվում են մարզի 900 բնակիչների շրջանում՝ դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ հարցվողի տանը:

Հաջորդը կյանքի որակի ընկալումների ինդեքսի հետազոտությունն է: Այն նպատակ ունի հասարակության ներկայացուցչական ընդգրկման միջոցով կատարել բնակչության տարբեր խմբերի կյանքի որակի համապարփակ հետազոտություն` հաշվարկելով մինչև 10 ասպեկտներով սոցիալական զգացողության և հասարակական կյանքում ընդգրկվածության մակարդակը: Հարցումներն իրականացվում են Հայաստանի 2000 բնակիչների շրջանում՝ դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ հարցվողի տանը:

Ըստ կառավարության՝ «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ»   ՍՊԸ-ի կողմից ներկայացված հետազոտությունները հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության աշխատակազմի բարեփոխումների ռազմավարության մշակման համար, տալիս են ոլորտների զարգացման մասին օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն:

Թեև կառավարությունը պնդում է, որ հետազոտության արդյունքները պրեզենտացիայի տեսքով եռամսյակային կտրվածքով «տպագրվում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում հետևյալ հասցեով՝ http://www.gov.am/am/announcements/», սակայն իրականում այդ պարբերականությամբ հրապարակումներ չկան:

Մի քանի հրապարակումներ, այնուամենայնիվ, գտանք կառավարության կայքէջում, որոնք ավելի վաղ են հրապարակվել:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Մեծ առաջնորդն ասել է՝ սովորել, սովորել, սովորել! Հայ առաջնորդները որոշակի բան դեռ չեն ասել, բայց միշտ խելոք են կողմնորոշվել՝ ծամել, ծամել, ծամել ամեն ինչ, հերեւելի եւ աներեւույթ եղանակներով!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter