HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջագայությունների քարտեզը, Ղ. Աղայանի դեմքով ձեռնափայտն ու անձնական իրերը՝ Պերճ Պռոշյանի թանգարանում

Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան

Աշտարակ քաղաքում, բնակելի սեփական տների կողքին գտնվում է արձակագիր Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը։ Այն հիմնադրվել է Պռոշյան համանուն փողոցում, գրողի հայրական տան հիմքի վրա։

 

Թանգարանը բացվել է 1948 թվականին։ Այդ տարիներին թանգարանն ունեցել է մեկ սենյակ, հետագայում` երկուսը։ Հայրական տան հողաշեն լինելու պատճառով տարիների ընթացքում այն քանդվել են։ 1990 թվականին կառուցվել է այժմ գործող տուն-թանգարանը։

Թանգարանում ներկայացված է մոտ 2000 նմուշ՝ հիմնական և օժանդակ։ Հիմնական են այն իրերը, որոնք պատկանել են գրողին, իսկ օժանդակ իրերը թանգարանին հանձնել են այլ թանգարաններ կամ արվեստագետներ։ Դրանք ամբողջացնում են գրողի ապրած ժամանակաշրջանն ու կենցաղը, թանգարանի միջավայրը։

 

Թանգարանը ունի մի քանի սրահ՝ անձնական իրերի ցուցասրահ, թոնրատուն, մառան և գետնուղի։ Սրահներում ներկայացված են գրողի անձնական կյանքին վերաբերող փաստաթղթեր և իրեր, նկարներ, վավերագրական նյութեր։

 

Անձնական իրերի ցուցասրահում ներկայացված են գրողի անձնական իրերը, որոնք թանգարան են հասել Պռոշյանի ժառանգների միջոցով։

 

Սրահում է փակցված Պռոշյանի շրջագայությունների սխեման։ Այն ներկայացնում է, թե գրողը որ երկիր, գյուղ կամ քաղաք է այցելել։ Դրա կողքին աշտարակցի նկարիչ Վահան Խորենյանի կտավներն են և նրա կողմից արված` Պռոշյանի դիմանկարը։ Նկարիչը դրանք թանգարանի համար է նկարել։

Պռոշյանը նաև եղել է լուսանկարիչ։ Նրա արած լուսանկարներ փակցված են թանգարանում։ Այստեղ ցուցադրված են նաև մանկավարժ Պռոշյանի` իր աշակերտներից և ուսանողներից ստացած նվերները։

 

Սրահում նաև նրա հայտնի ստեղծագործություններից՝ «Սոս և Վարդիթեր» վեպից Վարդիթերի տան և «Հացի խնդիրը» վեպից Միկիտան Սաքոյի գինետան հողաշեն պատկերներն են։ 

Թանգարանի անկյունում դրված են գրողի ձեռնափայտերը, որոնցից մեկը Պռոշյանն է պատրաստել, մյուսը գրող Ղազարոս Աղայանի դեմքով է։ Ինչպես ասաց զբոսավարը, թեև երկու գրողները մտերիմ ընկերներ են եղել, սակայն հաճախ են վիճել, և երբ Պռոշյանը քայլել է Աղայանի դիմապատկերով փայտով, կատակել է, թե Աղայանի «բկից բռնած» ման է գալիս։

 

Պռոշյանի թանգարանում ներկայացված անձնական իրերը հիմնականում բերվել են նրա Բաքվի տնից։ Ներկայացված են գրողի օգտագործած արծաթե սպասքի պարագաները, Ղազարոս Աղայանից ստացած շաքարամանը, նրա կրած ժամացույցը։

Թանգարանում է նաև ածուխի արդուկը, որը պատկանել է գրողի դերձակ հորը։ Մի սենյակում հավաքվել է  արձակագրի աշխատասենյակը։ Այնտեղ դրված է նրա զգեստապահարանը, սեղանի շախմատը, զանգը, գրապահարանը, որտեղ նրան պատկանող գրքերն են, իսկ հատակին Պռոշյանի հողաթափերն են։ Պատին նաև փակցված է ծովից ծով Հայաստանի եզակի քարտեզներից մեկը, որը տպագրվել է 1910 թվականին։

 

Թանգարանի տարածքում այժմ չգործող գետնուղին է։ Ինչպես ասաց թանգարանի զբոսավար Անի Տոնոյանը, հնում Աշտարակում կան տներ, որոնք ունեցել է գետնուղի։ Թանգարանի գետնուղին եղել է ելք՝ արտակարգ իրավիճակների ժամանակ տնից դուրս գալու համար, սակայն այն արդեն երկար տարիներ քարերով և հողով փակված է։

 

Մյուս սրահը թոնրատունն է։ Այն կառուցվել է գրողի հայրական տան տեղում։ Մինչ նորոգումը եղել է հողաշեն, որի պատճառով փլվել է և հետագայում  վերականգնվել՝ թանգարանի մի մասը դառնալով։ Թոնրատանը թոնիրն է, մի կտոր փայտից պատրաստված մեծ տաշտը, քյուֆթայի միս ծեծելու քարը, ձավար ծեծելու սանդը, հղի կնոջ տեսքով աղամանը, որն առատության և պտղաբերության խորհրդանիշ է։ 

Թանգարանի բակում գինու 5 կարասներն են։ Դրանցից երեքը բերվել են լեզվաբան-հայագետ Գրիգոր Ղափանցյանի տուն-թանգարանից։ Կարասները պահվել են գետնի տակ. դրանց տարողությունը տարբեր է` մի քանի հարյուր լիտրից մինչև հազար լիտր: Կողքին նաև ցորեն ծեծելու համար նախատեսված սանդն է։ 

Անի Տոնոյանի փոխանցմամբ՝ թանգարան այցելում են հիմնականում ամռան ամիսներին, իսկ այցելուները մեծամասամբ աշակերտներն ու զբոսաշրջիկներն են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter