HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաննի կինոշուկա 2017. Գաղտնազերծում

Հովհաննես Գալստյան, Կինոռեժիսոր, պրոդյուսեր
Պարալլելս Ֆիլմպրոդաքշն

***
Ս.թ հուլիսի 3-ին Hetq.am կայքում հրապարակված «Հույժ գաղտնի. Կաննում՝ ՀՀ պետական դրոշի ներքո» հոդվածը եկավ շարունակելու երբևէ կինոյի մասին չգրած հեղինակների, Կաննի կինոշուկային Հայաստանի պետական պատվիրակության մասնակցության մասին հոդվածների շարքը։ Սրանք խեղաթյուրումներով ու ապատեղեկատվությամբ լցված նյութեր են, որոնց նպատակը Հայաստանի պատվիրակության կատարած աշխատաքները բացասական լույսի տակ ներկայացնելն է։ Այս անգամ նյութը ուղղված է իմ և «Պարալլելս Ֆիլմ պրոդաքշն» կինոընկերության դեմ: Պատվիրակության մասնակցության  ընդարձակ հաշվետվությունը ես ներկայացրել եմ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և Կաննի կինոշուկայում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր «Թեքնոլոջի էնդ Սայնզ Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանին: Փաստաթուղթը ներառում է մինչև Կանն, Կաննում և Կաննից հետո գործողությունները, ընդգրկում է իմ բոլոր 47 հանդիպումների նկարագրությունը, ստորագրած համաձայնագրերը, Հայաստանի մասնակցության գնահատականը, խոչընդոտները և ամփոփումը: Այսքանով ես կհամարեի իմ առաքելությունն ավարտված, եթե Հետքի հոդվածը անսպասելի զարգացումներ չունենար:

Հուլիս 5-ին, ստանում եմ ԱԴԱՄԻ մեդիա մրցանակաբաշխության տարածաշրջանային համակարգողի նամակը, որով նա ինձ է վերահասցեավորում Հայաստանից՝ Մագդա Գելֆանդ-Մինասյան (MAGDA GELFAND-MINASYAN) անվան տակ, որպես հետաքննող լրագրող և հեռուստառեժիսոր ներկայացող մեկի ուղղերձը ԱԴԱՄԻ մրցանակաբաշխության ղեկավարությանը: Հղում անելով Հետք.ամ-ի հրապարակմանը, հետաքննող-լրագրող «Մագդան»՛ դասական դանոս-ի ոգով տեղեկացնում է, որ ես հետաքննվում եմ «հետաքննող լրագրողներ» կազմակերպության կողմից՝ որպես Կաննի կինոշուկայում դրամական կամայականություններ թույլ տված անձ, խնդրում է հաստատել «արդյո՞ք հենց Հովհաննես Գալստյանն է այն մարդը, ում ղեկավարած ՍԻՆԵՄԱ կենտրոնը հանդիսանում է ԱԴԱՄԻ մրցանակաբաշխության Հայաստանյան համակարգողը»:

Մեկ օր անց, Հետքի.ամ-ի խմբագիր պր-ն Էդիկ Բաղդասարյանը, ի պատասխան իմ նամակի և «հետաքննող լրագրող» Մագդա Գելֆանդ-Մինասյանի մասին հարցմանը, գրում է՝ «կարծում եմ նման անուն-ազգանունով լրագրող չկա Հայաստանում, մեզ էլ է նամակ գրել առաջարկելով՝ զբաղվել ԱԴԱՄԻ մեդիա մրցանակաբաշխությամբ։ Մեզ գրած նամակում նա լրագրող չի ներկայացել։ Պարզեցինք, որ Հայաստանում նման անուն-ազգանունով մարդ չկա»: 

Փաստորեն Հետք․ամ-ում ակնհայտ խեղաթյուրումներով հրապարակված հոդվածը, որը մենք անարձագանք էինք թողել, դրդել էր ինչ որ մեկին բացահայտ հանցանքի՝ զրպարտության, որի նպատակը՝ իմ անձին, արժանապատվությանը և իմ ղեկավարած ընկերության գործարար վարկին կանխամտածված վնաս հասցնելն է: Ու՞մ է պետք լրագրողական հետաքննությունը, եթե արդյունքում, իրականությունը խեղաթյուրվում է այնքան, որ հոգեկան անհավասրակշիռ անձանց դրդում է քրեորեն դատապարտելի արարքի՝ զրպարտության։

Ստորև ներկայացնում եմ կեղծիքները, որ հեղինակը թույլ է տվել հոդվածում։ Անում եմ դա, ոչ ամենևին նրան պատասխանելու ցանկությունից ելնելով, այլ ուրիշ մոլագարների երևակայությունը սանձելու համար։

Կեղծիք 1. «Պահվում է հույժ գաղտնի»:

Այս տարի առաջին անգամ Կաննի կինոշուկային Հայաստանի կողմից ներկայացվող պատվիրակության կազմը, պետության աջակցությամբ Կանն մեկնող ֆիլմարտադրողների ընտրության եղանակը և ընթացքը անցել է բացառիկ թափանցիկության պայմաններում: Կինոշուկային Հայաստանի մասնակցության իննամյա պատմության մեջ առաջին անգամ ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարվել է «Կաննի կինոշուկային Հայաստանից ներկայացվելիք կինոնախագծերի և ֆիլմերի բաց մրցույթ»: Մրցույթի մասին հայտարարությունը, մասնակցության հայտերի, ընդունման կարգի մասին տեղեկատվությունը հրապարակել է Մշակույթի նախարարության կայքում, ֆեյսբուքյան էջում: Կաննի նախապատրաստման, ընթացքի և արդյունքների մասին իմ բովանդակային հաշվետվությունը ժամանակացույցի համաձայն ներկայացվել է մշակույթի նախարարին: Իմ մասով, ես հաշվետվությունը տեղադրում եմ նաև ֆեյսբուքյան իմ էջում: Ավելի բաց աշխատաոճ ես չեմ պատկերացնում ու պնդումը, թե արդյունքները գաղտնի են պահվում ԲԱՑԱՀԱՅՏ ՍՈՒՏ Է:

 Կեղծիք 2. «Կինոգործիչները նույնիսկ զարմանում էին, որ պետության կողմից հայտարարած մրցույթի հայտերը պետք է ներկայացվեն «Պարալլելս ֆիլմ պրոդաքշն» ընկերության էլեկտրոնային հասցեով»: «...գործել էր սուբյեկտիվ հանգամանք՝ ֆիլմերի պրոդյուսերները չէին վստահել արտոնություն ստացած մասնավոր կազմակերպությանը կամ դրա ղեկավարին հանձնել իրենց արտադրանքը՝ վստահ չլինելով դաշտում իրենց մրցակից համարվող կինոարտադրողի անաչառության վրա»:

Պետության կողմից հայտարարած մրցույթի հայտերը ներկայացնելու համար, որպես առաջնային հասցե նշված է եղել աշխատանքային խմբի անդամ, մշակույթի նախարարության աշխատակից Գուժ Թադևոսյանի էլեկտրոնային հասցեն: Նախարարության աշխատակիցն է ստացել, համակարգել և ժյուրիին ներկայացրել մասնակցության հայտերը: Մրցույթին ուղարկվել է 12 լիամետրաժ, խաղարկային, փաստագրական, անիմացիոն, արտադրության տարբեր փուլերում գտնվող, ինչպես նաև՝ արդեն ավարտված ֆիլմերի փաթեթներ: Մշակույթի նախարարության կողմից հաստատվել է ընտրող հանձախմբի՝ ժյուրիի կազմը: Մշակույթի նախարարության շենքում՝ մեկ տպագիր և մեկ էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայությամբ, ընտրող հանձնաժողովը՝ թվով 6 անձ և ժյուրիի նախագահ, մասնակցությամբ՝ Արսեն Բաղդասարյան՝ կինոարտադրության փորձագետ, ժյուրիի նախագահ, Վարդան Աբովյան՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն, Գուժ Թադևոսյան՝ ՀՀ մշակույթի նախարարություն, Նարինե Մկրտչյան՝ անկախ ֆիլմարտադրող, խաղարկային ֆիլմերի փորձագետ, Արման Երիցյան՝ անկախ ֆիլմարտադրող, ոչ խաղարկային ֆիլմերի փորձագետ, Հովհաննես Գալստյան՝ անկախ ֆիլմարտադրող, համատեղ արտադրության փորձագետ, Արսեն Ազատյան՝ առանց քվեարկության իրավունքի դիտորդ, բաց քվեարկությամբ, բալային գնահատման համակարգով ընտրել են երեք հաղթած կինոնախագծերը: Ժյուրիի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվել են ժյուրիի կազմում ընդգրկվելու հրավեր ստացած Եվրիմաժի Հայաստանյան ներկայացուցիչներ Վրեժ Քասունին (քաղաքից բացակայելու պատճառով) և Սուսաննա Հարությունյանը (այլ մրցույթի մասնակցելու կապակցությամբ ծանրաբեռնվածության պատճառով):

Իմ սուբյեկտիվ կարծիքով, Արթուր Սուքիասյանի փոխարեն կինոշուկայում ներկայանալու իրավունք պետք է ստանար Շուշանիկ Միրզախանյանը՝ իր երեք հայտերով, իսկ Սերգո Ուստյանի փոխարեն՝ Ջիվան Ավետիսյանը: Բայց Շուշանիկի Հայտերը ձայներով զիջում էին, իսկ Ջիվանը այս տարվա մեջ մեկ անգամ արդեն ստացել էր պետական աջակցություն՝ Բեռլինալեին մասնակցելու համար: Այսպիսով, սուբյեկտիվիզմի մեջ մեղադրանքները ՀԵՐՅՈՒՐԱՆՔ ԵՆ:

 Կեղծիք 3.

«Նախագծերի պրեզենտացիան տեղի ունեցավ մայիսի 21-ին․․․ Նախորդ երկու օրը Հայաստանի տաղավարը, կահույքի և տեխնիկական սարքավորումների բացակայության պատճառով, չի աշխատել: Չի աշխատել նաև վերջին օրը: Տաղավարի յոթնօրյա վարձակալության երեք օրվա ծախսը, փաստորեն, ջուրն է լցվել: Իսկ տաղավարի հաջորդ օրերի գործարկման համար մենք բոլորս շնորհակալ պիտի լինենք, բարեբախտաբար, Կաննի աշխատակազմում հայտնված մի հայրենակցուհու, ում ջանքերով տաղավարը վերջապես կահավորվել է, ջուր, առաջնահերթ պարագաներ ու նույնիսկ պետական դրոշ է ձեռք բերվել»:

Միայն Կաննից անտեղյակ մարդը կարող է նույնականացնել Կաննի կինոփառատոնի և կինոշուկայի ժամկետները: Փառատոնը սկսում է բացման ֆիլմով, ավարտվում է մրցանակաբաշխությամբ, դրանց նախորդում և հաջորդում են ցուցադրումներ մամուլի համար: Շուկայի համար փառատոնի 12 օրերից ամենաէականը մեջտեղի 5-6 օրերն են: Ցանկացած շուկայի մասնակից գիտի, բացմանը հաջորդող և փակմանը նախորդող օրերին անիմաստ է հանդիպումներ նշանակել, որովհետև ինդուստրիայի մասնագետների հիմնական մասը գալիս է Կանն առավելագույնը մեկ շաբաթով: Եթե Հայաստանից մեկնած կինոլրագրողների համար տրամաբանական է մնալ Կաննում երկու շաբաթ, կինոինդուստրիայի մասնագետներին, այդ թվում և տաղավարի պատասխանատուներին, ծախսերը օպտիմալացնելու նպատակով ցանկալի է տեղավորվել մեկ շաբաթվա մեջ: 

Հայաստանի պատվիրակությունը հասել է Կանն մայիս 18-ի երկրորդ կեսին: Փառատոնի գլխավոր սրահ հասնելու, պատվիրակության գրանցումն ստանալու աշխատանքները ավարտվել են երեկոյան 17:30:  Հայկական տաղավարը բացվել է մայիս 18-ի երեկոյան՝ իմ կողմից: Աշխատել է մինչև մայիսի 24-ի ուշ երեկո, որովհետև հաջորդ օրը առաջին կեսին պատվիրակությունը պետք է մեկներ Նիցց՝ Երևան վերադառնալու համար: Մայիսի 25-ի առավոտյան ես հանդիպել եմ ֆրանսահայ պրոդյուսեր Ժյուլի Փարատյանի և տարածաշրջանային կոմիսիոներ Էնջելբերտ Գրեկի հետ, եղել եմ Պանտիերո հատվածում: Այդ օրը Հայաստանի տաղավարի և աջ և ձախ կողմի տաղավարներն արդեն փակ էին:

Այդուհանդերձ, Հայաստանի դրոշը ծածանվում էր և ծածանվել է փառատոնի ողջ ընթացքում: Դրոշը չլինելու, ինչպես և յոթ օրից երեքը չաշխատելու մասին պնդումը ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է:

Կեղծիք 4. Հայկական պատվիրակության պաշտոնական կազմը մեր երկրի հոյակապ հայելին է: Ով ինչի համար է պատասխանատու, պարզ չէ:

Ես պատասխանատու եմ եղել.

Աշխատանքային խմբի ձևավորման առաջարկ ներկայացնելու, «Պետական աջակցությամբ Կաննի կինոշուկային Հայաստանից ներկայացվելիք կինոնախագծերի և ֆիլմերի համար հայտարարված բաց մրցույթի» կազմակերպման, ՀՀ տաղավարի վարձակալման շուրջ կինոշուկայի հետ բանակցելու, Պաշտոնական պատվիրակության ակրեդիտացիան նախապատրաստելու, Հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածելու, Հայկական կինոնախագծերը միջազգային կինոֆոնդերի և կինոյին աջակցող այլ կառույցների կողմից ֆինանսավորելու հեռանկարները քննարկելու, Հայկական ֆիլմերի միջազգային տարածման հեռանկարները քննարկելու, Հայաստանում նոր ռեժիսորների, դեբյուտային ֆիլմերի համար բարենպաստ միջավայր ստեղծելու աշխատանքները ներկայացնելու համար:

Ֆինանսական ծախսերի, տաղավարի դիզայնի, տեխնիկական ապահովվածության հետ կապված որևէ պատասխանատվություն իմ, կամ իմ ղեկավարած կառույցի վրա չի դրվել: Մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ինձ՝ «Կաննի կինոշուկային մասնակցության ծախսեր» կետով առձեռն, կամ փոխանցման տեսքով որևէ գումար չի տրամադրվել: Պնդումը թե պատվիրակության մասնակիցների միջև պատասխանատվության և իրավասությունների հստակ դերաբաշխում չի եղել՝ ՍՈՒՏ Է:

Կեղծիք 5.

Կանն մեկնելու նախօրեին, երբ պարզ էր, որ պետական պատվիրակության ճամպրուկում կա միայն մրցույթում հաղթած երեք կինոնախագիծ, ոչ մի ֆիլմ, Հայաստանը ներկայացնող տեսահոլովակ և, չգիտես ինչու, արտամրցութային կարգով այնտեղ տեղավորված Հովհաննես Գալստյանի նախագծերը, պատվիրակության ղեկավարության պատասխանատվությունը և տաղավարի ծրագրի կազմակերպումը «գցվեց» Արսեն Բաղդասարյանի վրա:

Կանն մեկնելուց դեռ երկու ամիս առաջ հայտարարվել է, որ այս տարի մշակույթի նախարարությունը աջակցելու է միայն  երեք կինոգործիչի: Միևնույն ժամանակ, մշակույթի նախարարության կայքէջում, ֆեյսբուքյան էջում, առանձին հայտարարությամբ բազմիցս նշվել է, որ կինոշուկայում կներկայացվեն հայկական բոլոր այն նախագծերը, որոնց հեղինակները իրենց արտադրանքը կամ փաթեթները կփոխանցեն Կանն մեկնող պատվիրակության անդամներին: Կինոինդուստրիայի կանոններին քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդ գիտի, որ նախագիծը կամ ֆիլմը,  համաֆինասավորման կամ վաճառքի բանակցություններում, իրավասու է ներկայացնել բացառապես ԻՐԱՎԱՏԵՐԸ, կամ իրավատիրոջ կողմից ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԸ: 

Տրամաբանական հարց՝ իրենց նախագծերը Կաննում, Հայկական տաղավարում ներկայացնել ցանկացողները ինչպե՞ս էին պատկերացնում այդ գործընթացը: Ո՞վ պետք է փոխանցեր ֆիլմի փաթեթը, տպագրական նյութերը, նկարահանված նյութերը, որևէ այլ նյութ պատվիրակությանը, եթե ոչ իրենք: Մի՞թե նրանց թվում է, թե պատվիրակությունը պետք է խնդրեր նրանց անել դա: Պատվիրակությունը ֆիլմերի հեղինակների կամ իրավատերերի կողմից լիազորություն չի ստացել որևէ նախագիծ կամ ֆիլմ ներկայացնելու, չնայած նախապես հայտարարել է իր պատրաստակամության մասին: Իսկ եթե նախապես հայտարարվել է, որ պատվիրակությունը կներկայացնի ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ, ինչ արտամրցութային կարգի մասին է գրվում հոդվածում: Պարալլելս ֆիլմ պրոդաքշնի երկու ֆիլմերի և ՍԻՆԵՄԱ կենտրոնի կարճ ֆիլմերի փաթեթը արտամրցութային կարգով Կինոշուկայում ներկայացնելու պնդումը ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է:

Կեղծիք 6.

«․․․ Eurimages-ի տնօրենի՝ քաղաքակիրթ եվրոպացուն բնորոշ միամիտ ողջույնը, թերևս, Կաննի կինոշուկայում Հայաստանի մասնակցության ամենածանրակշիռ արդյունքն է»։

Իմ հանդիպումների, պայմանավորվածությունների, կնքված դիստրիբուցիոն և համատեղ արտադրության պայմանագրերի մասին սպառիչ տեղեկատվությունը դեռ հունիսի կեսերին ուղարկվել է Մշակույթի նախարարություն և Տաղավարի պաշտոնական գործընկեր «Թեքնոլոջի էնդ Սայնզ Դայնամիքս» ընկերություն: Հիմա այդ ամենը ներկայացվում է նաև իմ ֆեյսբույան էջում: Նշեմ մի քանի էական ձեռքբերումներ:

  1. SALES HOUSE — Արևելյան համագործակցության երկրների կինեմատոգրաֆիստների ֆիլմերը մեկ կատալոգում ընդգրկող, ֆիլմերի վաճառքի միջազգային ընկերություն ստեղծելու մտադրությունների հուշագրի քննարկում: Վավերացման փուլում է:
  2. Զուրաբ Մագալաշվիլի / Վրաստան – Հայաստանի և Վրաստանի միջև Համատեղ Արտադրության պայմանագրի նախաձեռնման պայմանավորվածություն:
  3. Լանգեդոկ Ֆիլմ կոմիսիա – փորձագիտական աջակցություն՝ Ֆրանսիայի հարավում նկարահանումներ իրականացնելու համար:
  4. UNI France տաղավար - Համատեղ Արտադրության Եռակողմ Պայմանագրի կնքում՝ Հայաստանը, Ֆրանսիան և Բուլղարիան ներկայացնող ընկերությունների միջև:
  5. Էրիկ Լունդմարկ / Լեոմարկ ֆիլմզ դիստրիբյուշն – ԱՄՆ-ում Պարալլելս պրոդաքշն կինոընկերության երկու ֆիլմերի դիստրիբուցիայի պայմանագրի կնքում:
  6. Էստոնական ֆիլմ ինստիտուտ – աջակցություն EAVE կառույցի կողմից՝ ՍԻՆԵՄԱ կենտրոնում երկշաբաթյա դասընթացի կազմակերպման ծրագրի հաստատման հարցում։
  7. Տալլինի կինոփառատոն – Ա կարգի Տալլինի կինոփառատոնի գործարար հարթակում «Հայկական նոր կինո» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ցուցադրման համաձայնություն:
  8. Կիսաքես կինոփառատոն – Թուրքական Քիսակես կարճամետրաժ ֆիլմեր փառատոնում «Հայկական նոր կինո» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ցուցադրման համաձայնություն։
  9. MMP 2017 /- Մանհեյմում անցկացվող ֆորումում «Մետամորֆոզ» ֆիլմի ներկայացում:
  10. ԺելՖիլմ — Բուլղարական ԺելՖիլմ ընկերության հետ համաձայնագիր «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ֆինանսավորման վերաբերյալ:
  11. Լոկառնո /  «Բաց դռներ» ծրագրում «Հայկական Նոր Կինո» կարճ ֆիլմերի ցուցադրում:
  12. Մարսին Լուչշաժ  / New Europa Films – հայկական նոր ֆիլմերը վաճառքի կատալոգում ընդգրկելու պայմանավորվածություն:

Արդյունքների բացակայության վերաբերյալ «Սրամիտ» եզրահանգումը, մեղմ ասած, ԻՆՔՆԱԲԱՎԱՐԱՐՄԱՆ դրսևորում է։

Հետգրություն.

Հայաստանը Կաննի կինոշուկային մասնակցում է 2009թ-ից: Cinando.com կայքից տեղեկանում ենք, որ այդ ընթացքում Կաննի կինոշուկայում հավատարմագրվել է 83 (ութսուներեք) մասնագետ: Ու՞ր են այդ տարիներին գրանցած Հայկական ամենատարբեր պատվիրակությունների արդյունքները: Ինչու՞ մինչ օրս Կաննի պաշտոնական ծրագրերում որևէ հայկական նոր ֆիլմ չի ընդգրկվել: Ինչու՞ մինչ օրս Կաննի կինոշուկայում հայկական նոր ֆիլմի վաճառք չի իրականացվել: Ո՞ր տրամաբանությամբ մասնակցության վեց օրերի ընթացքում Հայկական պետական պատվիրակության երեք անդամները պետք է անեին այն, ինչ չեն արել նախորդ իննը տարիների ութսուներեք մասնակիցները: Ինչո՞ւ այս հարցը չի հուզում հոդվածագրին։ Պատվեր չե՞ն իջեցրել։

Այս տարվա մասնակցությունը Կաննի կինոշուկային Հայաստանի ներսում աննախադեպ հետաքրքրության ալիք բարձրացրեց: Առաջին անգամ.

  1. Ամրագրվեց Հայաստանի Հանրապետության ներկայությունը Կաննում՝ առանձին տաղավարով, երկրների համար նախատեսված Village International տարածքում։
  2. Մշակույթի նախարարության կողմից հայտարարվեց կինոշուկայում ներկայացվող կինոնախագծերի աջակցության մրցույթ, ժյուրիի կազմում ներգրավվեցին հայկական կինոարտադրության մեջ էական դերակատարում ունեցող հիմնական կառույցների ներկայացուցիչները:
  3. Հայաստանի տաղավարը ունեցավ բիզնես գործընկերներ․ հայկական տաղավարի գլխավոր աջակցի դերում հանդես եկավ ՛՛Թեքնոլոջի էնդ Սայնզ Դայնամիքս՛՛ ընկերությունը, որը տաղավարին տրամադրեց իր արտադրանքը և ֆինանսական աջակցություն:
  4. Հայաստանի տաղավարը ունեցավ պաշտոնական լրատվական աջակցություն․ տաղավարի պաշտոնական գործընկեր՝ Հանրային Հեռուստատեսությունը լուսաբանեց կինոփառատոնի, կինոշուկայի և Հայկական տաղավարի աշխատանքները:
  5. Հայաստանի տաղավարի աշխատանքներին անդրադարձան 168 Ժամ պարբերականը, ԿինոՎերսուս, Կինոաշխարհ մասնագիտացված կայքէջերը:
  6. Հայաստանի Հանրապետության տաղավարին առանձին հարցազրույցով անդրադարձավ Կաննի կինոշուկայի պաշտոնական օրաթերթը։

Այս տարվա Կաննի կինոշուկան լակմուսի ազդեցություն ունեցավ հայկական կինոարտադրության և կինեմատոգրաֆիական համայնքի խնդիրների բացահայտման համար: Որակյալ ազգային կինոարտադրանքի, միջազգային ասպարեզում հայկական նոր ֆիլմերի խրոնիկ բացակայության պայմաններում, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է աններելի շռայլությամբ գումարներ ծախսել ներքին փառատոնային միջոցառումների վրա, որևէ հստակություն չկա պետական աղբյուրներից սնվող ֆիլմերի ֆինանսավորման չափորոշիչների գործում, ավանդական կինոկրթության չափազանց ցածր որակը չի ապահովում դաշտը որակյալ մասնագետներով: Դրան հակառակ՝ ներքին գզվռտոցների, միմյանց վարկաբեկելու, անընդհատ մեղավոր փնտրելու ու որևէ դրական տեղաշարժի անհնարինության մասին պնդումները մուլուցքի ուժ են ստացել:

Ինձ ակնհայտ են նոր կառավարության և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ դաշտը վերակառուցելու, աշխատեցնելու մղումները: Որպես կինոռեժիսոր, պրոդյուսեր, ՍԻՆԵՄԱ կենտրոնի տնօրեն, ես անվերապահորեն կողմ եմ և հավատում եմ դրական փոփոխություններին: Ես շնորհակալ եմ Հայաստանի ազգային կինոկենտրոնին՝ Գևորգ Գևորգյանին, Վարդան Աբովյանին, այս տարի Կաննի կինոշուկային ներկայանալու հարցում աջակցություն ցուցաբերելու հարցում: 

Շնորհակալ եմ Հայաստանի Հանրային հեռուստատեսության իմ գործընկերներին, Էրիկ Անթառանյանին իր թիմի հետ, տաղավարի աշխատանքները լուսաբանելու համար:  Հայկական պատվիրակությանը մինչև Կանն մեկնելը և հենց կինոշուկայում մեծ աջակցություն է ցուցաբերել Անահիտ Օրդյանը, հոյակապ պրոֆեսիոնալ և շատ սրտացավ հայուհի: Անահիտի աջակցությունը շատ կարևոր էր, որովհետև առաջին անգամն էր, երբ Հայաստանը ներկայանում էր Կաննում առանձին տաղավարով ու շատ բան միանգամայն նոր էր:

Ինձ ոգևորում է «Թեքնոլոջի էնդ Սայնզ Դայնամիքս» ընկերության ներկայությունը մեր թիկունքում: Այդ կառույցը միակն է հայկական կինոարտադրության ռեալ հատվածին աջակցելու իր գործում: ՍԻՆԵՄԱ կենտրոնի բացման օրը մենք պարտավորվել ենք ըներության տնօրեն Վահան Շաքարյանին ներկայացնել կենտրոնում զարգացված վեց կարճ ֆիլմերի նախագծեր, որոնք ընտրվելու են ֆինանսավորման համար Հրապարակային Ներկայացման՝ փիթչինգի միջոցով, ինչը հեղափոխական փոփոխություն է հայկական կինոիրականության մեջ: Մենք պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու ենք ոչ թե վեց, այլ տասը կարճ կինոնախագիծ, որոնցով արդեն հետաքրքրված են միջազգային տարածողները: Ու, չնայած մենք ժամանակի սղության պատճառով քիչ ենք շփվում ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանի հետ, իսկ շփվելուց էլ խոսում ենք արվեստի, այլ ոչ բիզնեսի մասին, ես իհարկե հպարտ եմ, որ նա իմ ազգականն է:

Այս և այլ մարդկանց շնորհիվ է, որ այս տարի Հայաստանը էական քայլ առաջ կատարեց Կաննում, ներկայանալով որպես առանձին երկիր, այլ ոչ որպես կազմակերպություն: Փաստը միանշանակ դրական ընկալվեց թե՛ Կաննի կինոշուկայի ադմինաիստացիայի, թե՛ կինոինդուստրիայում որոշիչ դերակատարում ունեցող կառույցների ներկայացուցիչների կողմից: Իրատեսական գնահատական տալու դեպքում պետք է համարել այս տարվա մասնակցությունը ՛՛դրական՛՛ և շտկել բացթողումները՝ մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Հայաստանը չի կարող մաս կազմել միջազգային կինոինդուստրիային՝ առանց խոշոր կինոշուկաներին մասնակցելու: Մեզ անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել կինոշուկաների ենթակառուցվածքներն ու առանձնահատկությունները՝ մեր նախագծերի համար  համաֆինանսավորում գտնելու, մեծ կինոհանրույթի մաս դառնալու, մեր կինոն մեծ ասպարեզ հանելու համար: Փոքր շուկա ունեցող երկրների համար սա կինոարտադրությունը զարգացնելու միակ հնարավոր ճանապարհն է:

 Լուսանկարը՝ Նվարդ Մանվելյանի

 

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Երբ հայ կկինոյի գործերը լավ չեն, ոնց է լինում, որ գիրանում եք....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter