HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Քաղաքային լեգենդ՝ երգի պատմությամբ

«Killing Me Softly with His Song». սա  հեռավոր 70-ականներից մեզ հասած երգ է, որը մինչ օրս մնում է աշխարհում ամենահայտնի ու սիրված երբեմնի հիթերից մեկը: Երգ, որը չնայած երաժշտության աշխարհում առկա և գնալով խորացող մերօրյա տարօրինակ չափանիշներին, շարունակում է համառորեն տեղ զբաղեցնել նաև որոշ երգիչների նոր երգացանկերում: Ես վստահ եմ՝ նրանց, ովքեր առավել լավ են գիտակցում մեղեդու և խոսքի նեդաշնակության, իրական իմաստի ու առաքելության նշանակությունը:

70-ականների սկզբին սա համաշխարհային հիթ էր, սակայն հաջորդ տասնամյակներում ևս այս երգին վիճակված էր նոր կյանք ստանալ, վերածնվել ու ներկայանալ նոր հարթակներում: Եվ որքան մեծանում էր երգի հաջողությունը, որքան ընդլայնվում էր նրա լսարանը, այնքան ավելի հետաքրքիր էին դառնում նրա ստեղծման պատմությունն ու վերջինիս շուրջ պտտվող միմյանցից տարբեր մեկնաբանությունները: Ու չնայած հակասող, բայց գոնե ոչ սկանդալային տեղեկություններին՝ «Killing Me Softly with His Song»-ը շարունակում էր մնալ ամենահայտնի, սիրված և քննադատների կողմից մեծ ուշադրության արժանացած երգերից մեկը:

Այս երգը գրվել է 1971 թվականին: Հեղինակներն են Նորման Գիմբելը (խոսք) և Չարլզ Ֆոքսը (երաժշտություն): Այն գրվել էր հատուկ Լորի Լիբերման անունով ամերիկացի մի երգչուհու համար, ում երաժշտական կարիերան, թերևս բացառությամբ 70-ականների, առանձնապես փայլուն  հաջողություններ չունեցավ: Նշենք, որ թեև Լորին «Killing Me Softly with His Song»-ի առաջին կատարողն էր, սակայն ոչ հաջողության ձայնը: Երգի փառքի դափնին մեկ այլ երգչուհու մոտ պիտի գտնվեր:

Հարցազրույցներից մեկում, անդրադառնալով երգի ստեղծման գաղափարին, Լորի Լիբերմանը պատմում է, որ այն գրվել է իր մի փոքրիկ ոտանավորի հիման վրա: Համաձայն նրա մեկնաբանության՝ «մեղավորը» ամերիկացի երգիչ և երգահան Դոն Մըքլինն էր՝ իր «Empty Chairs» երգով: Համերգի ժամանակ Լորին այնքան է տպավորվել և հուզվել, որ անձեռոցիկի մի կտորի վրա գրել է փոքրիկ բանաստեղծություն: Գրել է անմիջապես, այդ երգի ազդեցությունից ներշնչված: Հետո, ինչպես պատմում է, դա ցույց է տվել Գիմբելին, Գիմբելն էլ՝ Ֆոքսին:

Այդ ժամանակահատվածում նրանք երեքն էլ միասին աշխատում էին Լորիի համար նախապատրաստվող ալբոմի վրա: Գիմբելն ու Ֆոքսը, ոգևորված երգչուհու հորինած բանաստեղծությամբ, որոշում են այն երգ դարձնել: Սկսում են ավելի հետաքրքրվել այս պատմությամբ և մանրամասն հարցնել նրա՝ այդ օրվա համերգից ստացած տպավորությունից, զգացողություններից, որպեսզի ավելի հստակ կարողանան ուրվագծել երաժշտության թողած էմոցիոնալ ազդեցությունը մեկ այլ երաժշտության մեջ: Եվ այս  «հետաքննության» արդյունքում, նաև Լորիի գրած բանաստեղծության հիման վրա ստեղծվում է մեզ հ«Killing Me Softly»-ին: Երգի մասին այս պատմությունը հետագայում սկսեց հաճախակի հնչել նաև Դոն Մըքլինի համերգների ժամանակ: Ամեն անգամ, «Empty Chairs»-ը կատարելիս, նա հիշեցնում էր, որ այս երգի ազդեցությամբ է ծնվել «Killing Me Softly with His Song»-ը, ողջունում էր Լիբերմանին, շնորհակալություն հայտնում ու անցնում երգին: Ավելի ուշ, այս երգի պատմությանն անդրադարձող հոդվածներից մեկը տեղադրվեց Մըքլինի պաշտոնական կայքում: Այստեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացվում է նաև մյուս հեղինակների մասնակցությունը, բայց մեզ սպասող մյուս մեկնաբանությունների հետ մեծ տարբերությամբ:

Լորի Լիբերմանի նկարագրությունը մասամբ համընկնում է նաև Նորման Գիմբելի մեկնաբանության հետ: Բայց՝ մասամբ: Ըստ «Daily News»-ի անդրադարձի, որն էլ տեղադրված է Մըքլինի կայքում, Գիմբելը ասել է. «Լորին մեզ պատմեց, թե ինչ ուժեղ տպավորությամբ էր համակվել Մըքլինին լսելիս… Ես մտածեցի, որ այս ամենից լավ երգ կարող է ստացվել, ու երեքով սկսեցինք քննարկել այդ միտքը: Մենք մի քանի անգամ միասին անդրադարձել ենք այդ երգին: Այդպես էինք աշխատում նաև այդ ալբոմի համար գրված մյուս երգերի դեպքում: Այնքան, մինչև զգացինք, որ այդ գաղափարը կյանքի կոչելն իրոք խոստումնալից է»: 

Թվում է, թե քննարկելու ոչինչ չկա. ամեն ինչ ասված է, համոզիչ է ու շատ գեղեցիկ, նաև շատ ներդաշնակ հենց այս երգի համար: Բայց նույն Գիմբելին առնչվող այլ տեղեկություններում ներկայացվում է այս պատմության հետ կապ ունեցող մի կարևոր նրբություն՝ վերնագիրը, որն ամենևին էլ մըքլինյան համերգի տպավորությունից չէ ծնված: Այն ավելի վաղ պատմություն ունի և նույնքան համոզիչ է, որքան նախորդը: Դեռ 60-ականներին Գիմբելը համագործակցության առաջարկ է ստանում արգենտինացի կոմպոզիտոր Լալո Շիֆրինից: Բրոդվեյյան նոր մյուզիքլի բեմադրություն, որի հիմքում Խուլիո Կորտասարի վեպերից մեկն էր: Նրա հերոսը վեպի պատումներից մեկում նստած է բարում, խմում է և ունկնդրում դաշնակահարին, ով « քնքշորեն սպանում էր նրան իր բլյուզով»… Գիմբելին շատ է դուր գալիս այս արտահայտությունը, որը նա իսկույն արտագրում է իր նոթատետրում:

 

Նորման Գիմբելի նոթատետրը մեր պատմության մեջ մեկ անգամ ևս պիտի հիշատակվի, քանի որ այն չի վրիպել մեր մյուս հերոսի՝ Չարլզ Ֆոքսի աչքից և հենց նրան վկայակոչելով էլ երգահանը պիտի ներկայացներ «Killing Me Softly with His Song»-ի այլ պատմություն: Ֆոքսն ասում էր, որ Լորի Լիբերմանը մինչ երգի ծնունդը ամենևին էլ կապ չի ունեցել այդ ամենի հետ:

Նա Լիբերմանի տարածված մեկնաբանությունն անվանում է քաղաքային լեգենդ, որը քամու արագությամբ դեսուդեն է սլացել, մինչդեռ ամենևին էլ այդպես չի եղել: Ֆոքսի վկայությամբ՝ Գիմբելը մշտապես իր մոտ պահում էր մի նոթատետր, որտեղ որոշ արտահայտություններ էր գրառում, նոր մտքեր, նոր երգի հնարավոր վերնագրեր և այլն: Այն, ինչ պահի տակ գալիս էր մտքին: Եվ մի անգամ էլ, երբ նորից թերթելիս է եղել այդ բազմաբովանդակ տետր-հանրագիտարանը, նա կանգ է առել գրառած մի արտահայտության վրա՝ «Killing Me Softly with His Blues»: «Ի՞նչ ես կարծում, սա երգի համար լավ վերնագիր չէ՞»,- հարցրել է Գիմբելը Ֆոքսին: Վերջինս շատ է հավանել, բայց նաև առաջարկել է մտածել բլյուզ բառը փոխելու մասին: Հանրամատչելի երգ-երաժշտության շրջապտույտում Ֆոքսի համար  բլյուզը մի քիչ հնաոճ է հնչել: Արդյունքում այս բառը  փոխարինվում է, բլյուզը դառնում է երգ, հետո գրվում է արդեն տեքստը: « Մենք քննարկում էինք թեման՝ պարզ էր, թե ինչի մասին էր: Պատկերացնում էինք, թե վերնագրից բխող տեքստն ինպես պետք է թափանցեր ու հուզեր ունկնդրի հոգին… »,- պատմել է Ֆոքսը՝ կարծես ցանկանալով ավելի հաստատել երգի ու իր երկու հեղինակի վերջնական կապը: Ֆոքսի երաժշտության հետ համադրումից և Գիմբելի կողմից տեքստը վերջնական տեսքի բերելուց հետո նրանք երգը ներկայացնում են երիտասարդ երգչուհուն՝ Լորի Լիբերմանին:  Լսելուց հետո Լորին ասում է, որ շատ է հավանել և այն իրեն հիշեցրել է Դոն Մըքլինի համերգից ստացած տպավորությունը: Ֆոքսը համոզված է, որ Լիբերմանը դրա մասին խոսել է մեկ այլ տեղ էլ, միգուցե այլ ձևակերպմամբ, որը հետո դարձել է երգի պատմություն, տարածվել ու ամրագրվել ոչ միայն Լիբերմանի, այլև Մըքլինի անվան կողքին:

Թե որ պատմությունն է ճիշտ, դժվար է ասել: Բայց բոլորն էլ իրենց բովանդակությամբ հետաքրքիր են ու կարող են հանգիստ, ճշգրիտ չափերով կարված շապիկի նման կրվել երգի ոչ ֆիզիկական մարմնին: Լիբերմանի պատմությունը հուզել է Մըքլինին, և նա որոշել է նեցուկ լինել նրան: Նախ՝ համերգներում հիշեցնելով իր ազդեցությամբ ծնված գեղեցիկ երգի մասին: Իսկ երբ հնչել են հատկապես Ֆոքսի հակադարձ մեկնաբանությունները, նա նաև իր պաշտոնական կայքում տեղադրել է «Daily News»-ի 1973թ. տպագրված հոդվածի պատճենը:

«Դոն Մըքլինը ո՛չ ինձ, ո՛չ էլ Նորմանին չի ներշնչել գրել այդ երգը,- ասում է Ֆոքսը,- բայց նույնիսկ ինքը՝ Մըքլինն է հավատացած, որ նա է ներշնչանքի աղբյուրը»:

Այս ամենի մեջ, սակայն, կա մի շատ կարևոր հանգամանք, որը ոչ բոլորն են հիշատակում «Killing Me Softly with His Song»-ի ստեղծմանն անդրադառնալիս: Մինչդեռ այն պետք է հաշվի առնել անպայման և, նույնիսկ, առաջին հերթին: Առանց դրա հերթական նոր ալբոմի համար գրված այս երգը թերևս այսպես չէր քննարկվի՝  նման մանրամասնությամբ ու հակասական մեկնաբանություններով: Ու հավանաբար ոչ ոք՝ ոչ լրագրողներն ու քննադատները, ոչ Մըքլինը, ոչ Լիբերմանը, միգուցե անգամ նաև երգի հեղինակները այդքան ուշադրություն չդարձներին այս երգի ստեղծման մանրամասներին, եթե չլիներ մեր այս պատմության չորրորդ ու ամենակարևոր կերպարը՝ ամերիկացի ջազ, ֆոկլ, սոուլ և ռիթմընդբլյուզ երգչուհի Ռոբերտա Ֆլեքը:

Երգի առաջին ձայնագրությունը, Լորի Լիբերմանի կատարմամբ, թողարկվեց 1972թ.: Սակայն «Killing Me Softly»-ի բնօրինակն այդպես էլ լուրջ հաջողություն չունեցավ: Մեկ տարի անց Ռոբերտա Ֆլեքը պայթեցրեց երաժշտական հորիզոնականներն ու ներխուժեց լսարաններ: Առաջին անգամ երբ նա լսեց երգը, Ֆլեքն ինքնաթիռի մեջ էր: Տեղում որոշեց, որ պիտի երգի այն: Նա այնպես էր տարվել մեղեդով, որ տեղ հասնելուն պես խնդրեց պրոդյուսեր Քուինսի Ջոնսին անմիջապես բանակցել Գիմբելի և Ֆոքսի հետ: Մի քանի օր անց, թույտվությունը հաստատված էր:

1972թ. հոկտեմբերին Ֆլեքը մասնակցում էր Մարվին Գեյի համերգներից մեկին: Նախատեսված ծրագրից դուրս՝ Մ. Գեյը առաջարկեց երգչուհուն ևս մեկ կատարում ընդգրկել: Ֆլեքը հետագայում հիշում է, որ դա հենց այն ժամանակահատվածն էր, երբ ինքն ինտենսիվ աշխատում էր «Killing Me Softly»-ի ուղղությամբ, ուստի որոշումն առանց որևէ երկմտանքի տեղում ընդունված էր: Ֆլեքի այս կատարումն իսկապես ալեկոծել էր հանդիսատեսին, և ոչ միայն նրանց. Ծափահարությունների ու աղմուկի մեջ թևատարած նրան է մոտենում սոուլի և ռիթմընդբլյուզի լեգենդը, գրկում ու գաղտուկ շշնջում. «Թռչնա՛կս, այլևս երբեք այս երգը բեմից չկատարես, քանի դեռ չես ձայնագրել»: 

Ռոբերտա Ֆլեքի «Killing Me Softly»-ն թողարկվեց 1973թ. և երկու անգամ գրավեց բիլբըրդյան հարյուրյակի առաջին հորիզոնականը: Նույն տարում այն նաև միանգամից երկու «Գրեմմի» մրցանակ բերեց. «Տարվա երգ»՝ հեղինակներին և «Տարվա լավագույն փոփ վոկալ կատարում»՝ երգչուհու համար: 1996թ. Ֆլեքի այս կատարումն ընդգրկվեց «Գրեմմի»-ի փառքի սրահում:

«Killing Me Softly»-ն կատարվել է բազմաթիվ անգամ, շարունակում է մեկնաբանվել նաև մեր օրերում: Բոլոր տեսակի հին ու նոր այս քավըրներում Ֆլեքից հետո ամենահաջողվածը համարվում է «Fugees» խմբի մեկնաբանությունը: Հիփ-հոփի լեզվով հնչող այս «Killing Me Softly»-ին ևս վիճակված էր «Գրեմմի»-ի մրցանակակիր դառնալ. այս անգամ արդեն գրեթե երկուս ու կես  տասնամյակ անց՝ 1997թվականին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter